Հետազոտող Սաման Սոբհանին The Conversation պարբերականում հրապարակված իր հոդվածում առաջարկում է վերանայել քաղաքաշինության մոտեցումները՝ հաշվի առնելով մարդու կողքին ապրող կենդանիների, բույսերի և էկոհամակարգերի շահերը։
Աշխարհի բնակչության ավելի քան կեսն ապրում է քաղաքներում, որոնք շարունակում են ընդլայնվել բնական տարածքների հաշվին։ Միևնույն ժամանակ, քաղաքային միջավայրը տուն է դառնում բազմաթիվ տեսակների համար։ Օրինակ՝ Մեծ Բրիտանիայում 1995 թվականից ի վեր մանգաղաթևների թվաքանակը նվազել է շուրջ 60%-ով։ Այս թռչունները բույն են դնում տանիքների և քիվերի արանքներում, որոնք անհետանում են շենքերի վերանորոգման և ջերմամեկուսացման հետևանքով։
Հոդվածագրի կարծիքով՝ ժամանակակից քաղաքաշինությունը բնությունը հաճախ դիտարկում է սոսկ որպես մարդկանց կյանքը բարելավելու գործիք։ Ծառերը տնկում են փողոցները հովացնելու, ճահճոտ տարածքները պահպանում են հեղեղումներից պաշտպանվելու, իսկ զբոսայգիները՝ քաղաքացիների առողջության համար։
Հետազոտողն առաջարկում է ելնել «բազմակողմ արդարության» սկզբունքից․ կենդանիները, բույսերն ու էկոհամակարգերը պետք է ընկալվեն նաև որպես քաղաքի ինքնուրույն բնակիչներ, այլ ոչ միայն մարդուն օգուտ տվող աղբյուր։
Սա ենթադրում է բոլորովին գործնական փոփոխություններ․ ճանապարհաշինության ընթացքում կարելի է նախապես հաշվի առնել փորսուղների ու չղջիկների տեղաշարժման երթուղիները, իսկ գետերի վերականգնման ժամանակ՝ պայմաններ ստեղծել ձկների և գորտերի համար։ Որոշ աշխատանքներ էլ կարելի է սահմանափակել կենդանիների բազմացման շրջանում։
Նման մոտեցումներն արդեն իսկ կիրառվում են տարբեր երկրներում։ Նոր Զելանդիայում Ուանգանուի գետը 2017 թվականին ստացել է իրավաբանական անձի կարգավիճակ, իսկ Կոլումբիայում Ատրատո գետը ճանաչվել է որպես իրավունքի սուբյեկտ։ Բարսելոնայում ստեղծվում են «կանաչ միջանցքներ», որոնք թույլ են տալիս կենդանիներին ազատ տեղաշարժվել բնական տարածքների միջև։
Իսկ Շոտլանդիայում օրենքով պահանջվում է նոր շենքերի կառուցման ժամանակ տեղադրել մանգաղաթևների համար նախատեսված հատուկ «դատարկամեջ աղյուսներ», որոնք կարող են ծառայել որպես բնատեղի։
Այս մոտեցման հեղինակները ընդունում են, որ տարբեր տեսակների շահերը կարող են բախվել ինչպես միմյանց, այնպես էլ մարդկանց կարիքների հետ։ Այնուամենայնիվ, նրանք համոզված են, որ քաղաքներն արդեն իսկ ընդհանուր տարածք են բազմաթիվ տեսակների համար, և քաղաքաշինությունը պետք է սա դիտարկի ոչ թե որպես բնությանը մատուցվող հավելյալ ծառայություն, այլ որպես մարդու սեփական պատասխանատվություն։