«Նավասարդը»՝ 5 տարեկան․ Սիսիանում հայ-իրանական փառատոնը կանցկացվի երկօրյա ձևաչափով


Օգոստոսի 10-ին և 11-ին Սիսիանում կանցկացվի «Նավասարդ» հայ-իրանական մշակութային և խոհարարական փառատոնը։ Հինգերորդ տարում միջոցառումը կանցկացվի երկօրյա ձևաչափով, իսկ ծրագրում նախատեսված են միջազգային խոհարարական մրցույթ, համերգային ու մշակութային միջոցառումներ և Սիսիանի ու Իրանի Լահիջան քաղաքի քույր քաղաքներ դառնալու պաշտոնական արարողությունը։

Փառատոնի այս տարվա ծրագրի մանրամասները ներկայացվել են ասուլիսի ընթացքում, որին մասնակցել են Հայաստանում Իրանի փոխդեսպան Բահրամ Թահերին, Հայ խոհարարական ավանդույթների զարգացման և պահպանման հասարակական կազմակերպության նախագահ Սեդրակ Մամուլյանը և Տուրիզմի հայկական ֆեդերացիայի նախագահ Մեխակ Ապրեսյանը։

Մեխակ Ապրեսյանի խոսքով՝ «Նավասարդի» հինգերորդ տարում հիմնական նորությունը փառատոնի երկօրյա ձևաչափն է։ Միջոցառման պաշտոնական մեկնարկը կտրվի օգոստոսի 10-ին՝ ժամը 16։00-ին։

Օգոստոսի 11-ի առավոտյան, ավանդույթի համաձայն, մասնակիցները կայցելեն Քարահունջ, որից հետո կվերադառնան Սիսիան և կշարունակեն փառատոնային ծրագիրը։ Տաղավարները կգործեն նաև երկրորդ օրը, իսկ երեկոյան նախատեսված են մշակութային միջոցառումներ։

Փառատոնի բացումից հետո Սիսիան քաղաքն ու Իրանի Գիլան նահանգի Լահիջան քաղաքը պաշտոնապես կդառնան քույր քաղաքներ։ Բահրամ Թահերիի խոսքով՝ Սիսիանի և Լահիջանի ընտրությունը պատահական չէ։ Երկու քաղաքների վերաբերյալ իրականացված ուսումնասիրությունները ցույց են տվել մի շարք ընդհանրություններ՝ պատմական անցյալից և ճարտարապետությունից մինչև գյուղատնտեսություն, խոհարարական ավանդույթներ և քաղաքաշինական առանձնահատկություններ։

Իրանի փոխդեսպանի գնահատմամբ՝ համագործակցության փաստաթղթի ստորագրումը նոր հնարավորություններ կստեղծի մշակութային փոխանակումների և համատեղ ծրագրերի իրականացման համար։ Նա նշել է նաև, որ նպատակ կա Հայաստանում և Իրանում փոխադարձ միջոցառումներ կազմակերպել՝ մեկ ամսվա ընթացքում երկու երկրներում էլ նմանատիպ նախաձեռնություն անցկացնելու սկզբունքով։

«Նավասարդի» շրջանակում այս տարի անցկացվելու է նաև «Խաղաղության գավաթ» միջազգային խոհարարական մրցույթը։ Սեդրակ Մամուլյանի խոսքով՝ մրցույթը հնարավորություն կտա տարբեր երկրներից ժամանած խոհարարներին մրցելու, մասնագիտական փորձ փոխանակելու և Սիսիանը միջազգային խոհարարական հարթակում ներկայացնելու։

Մամուլյանի խոսքով՝ միայն Իրանից այս տարի փառատոնին կմասնակցի 43 տաղավար։ Նրա գնահատմամբ՝ ցուցանիշը վկայում է միջոցառման ընդլայնվող միջազգային ընդգրկման մասին։

Մամուլյանը նաև ընդգծել է, որ «Նավասարդն» արդեն դուրս է եկել սովորական միջոցառման շրջանակներից։ Նրա խոսքով՝ փառատոնը միավորում է սննդի մշակույթը, արվեստը, խաղերն ու ծիսական ավանդույթները, իսկ դրա հիմքում հայկական ժողովրդական և եկեղեցական տոների մշակութային ժառանգությունն է։

Իրանի փոխդեսպան Թահերիի գնահատմամբ՝ «Նավասարդը» կարող է դառնալ մշակութային դիվանագիտության կարևոր հարթակ՝ հնարավորություն տալով ներկայացնել երկու ժողովուրդների մշակութային և խոհարարական ժառանգությունը և ամրապնդել նրանց միջև կապերը։

Կազմակերպիչների խոսքով՝ փառատոնի կարևոր նպատակներից մեկն էլ խաղաղության գաղափարի տարածումն է։ Մեխակ Ապրեսյանի գնահատմամբ՝ հայերն ու իրանցիները մշակույթի և խոհանոցի միջոցով աշխարհին կարող են փոխանցել խաղաղության ուղերձ։

Այսպիսով, «Նավասարդի» հինգերորդ տարում Սիսիանում նախատեսվում է ոչ միայն մշակութային և խոհարարական երկօրյա ծրագիր, այլև երկու քաղաքների միջև համագործակցության նոր փուլ և միջազգային խոհարարական մրցույթի մեկնարկ։

Top news.am

 


Իսրայելն արձագանքել է Թուրքիայի մեղադրանքներին


Աշխարհ


Իսրայելի ԱԳ նախարար Գեդեոն Սաարը հերքել է Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանի քննադատությունը, որը հայտարարել է Սիրիայի նկատմամբ Թել Ավիվի քաղաքականության ապակայունացնող ազդեցության մասին:

Ի պատասխան՝ Սաարը Թուրքիային մեղադրել է Սիրիայի ինքնիշխանությունը խախտելու և երկրի տարածքն օկուպացնելու  համար։

«Նրանք նույն թուրք առաջնորդներն են, որոնք տասնամյակներ շարունակ խախտել են Սիրիայի ինքնիշխանությունը՝ ցինիկաբար ուրիշներին խրատելով միջազգային իրավունքի հարցերում»,- նշել է նախարարը:

Նրա խոսքով՝ «Թուրքիան օկուպացնում է Սիրիայի տարածքի 5%-ը և մտադիր Է ռազմական բազաներ ստեղծել Սիրիայի ներսում, որպեսզի խաթարի Իսրայելի անվտանգությունը»:

Ըստ Սաարի՝ փոխարենն Իսրայելը վերահսկում է բուֆերային գոտին, որը կազմում է Սիրիայի տարածքի ընդամենը մեկ տասներորդը, որպեսզի պաշտպանի իրեն ահաբեկչական խմբավորումներից, որոնք ձգտում են հարձակվել Իսրայելի վրա Սիրիայի հարավից։



Գարեգին Բ-ի և վեց եպիսկոպոսների գործը քննող դատավորն ինքնաբացարկ հայտնեց. նոր դատավոր է նշանակվելու


Հայաստան


Գարեգին Բ-ի գործը քննող դատավոր Հակոբ Մանուկյանն ինքնաբացարկ է հայտնել, հրաժարվել է գործը քննելուց: Այդ մասին դատական նիստից հետո՝ լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ, հայտարարեց փաստաբան Արա Զոհրաբյանը:

«Դատավորը եղել է նաև փաստաբան, և իր՝ ուսումնառության ու արտոնագիր տալու ժամանակ արտոնագիրը ես եմ հանձնել: Իմ անձնական կարծիքով՝ դա բացարկի հիմք չէր, բայց դատավորը, հաշվի առնելով, որ դա կարող է կասկած առաջացնել, ինքնաբացարկ հայտնեց»,-ասաց նա:

Փաստաբանը նաև հայտնեց, որ նոր դատավոր է նշանակվելու:



2025 թվականին Հայաստանը ԵԱՏՄ–ին ավելի շատ վճարել է, քան ստացել միությունից


Հանրաքվե կլինի, բայց միայն այն ժամանակ, երբ ՀՀ–ն պաշտոնապես կդիմի ԵՄ–ին անդամակցության հարցով։ Եվրասիական միջկառավարական խորհրդի ընդլայնված կազմով նիստի ժամանակ և դրանից հետո ռուսական լրատվամիջոցների հետ ճեպազրույցում այսպիսի հայտարարություն է արել Հայաստանի վարչապետը։ Նիկոլ Փաշինյանը հիշեցրել է հայկական ապրանքների նկատմամբ ռուսական սահմանափակումների մասին։ Նա ընդգծել է, որ ՀՀ նպատակը այլընտրանքներ ստեղծելն է: Հայաստանի վարչապետը կարծում է, որ սա ցանկացած երկրի օրինական իրավունքն է: Նա հայտարարել է, որ ԵԱՏՄ–ի լավագույն դիրքորոշումը կլինի ոչ թե  այս գործընթացը տորպեդահարելը, այլ միության մրցունակության և գրավչության բարձրացման ուղղությամբ աշխատելը:

2024 թվականին Ռուսաստանի և Հայաստանի միջև առևտրաշրջանառությունը հասել է ռեկորդային մակարդակի՝ մոտ 12 միլիարդ դոլարի, 2025–ին՝ մոտ 5 մլրդ դոլարով պակաս է եղել՝ 8 միլիարդ դոլար։ Այս տարի ևս առևտրաշրջանառությունը կտրուկ նվազել է, և ակնհայտորեն կշարունակի նվազել՝ արձանագրում են ռուս պաշտոնյաները։ ՌԴ փոխվարչապետն ու ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցչի տեղակալն են նման հայտարարություններ անում։

ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկ․«Վերջին երեք– չորս տարիներին մենք մեր հայ գործընկերներին ասում ենք, որ նման ռիսկեր գոյություն ունեն, մասնավորապես՝ առևտրաշրջանառության անկման ռիսկը։ Այս տարի առևտրաշրջանառության շատ կտրուկ անկում է գրանցվել։ Առևտրաշրջանառությունն արդեն իսկ նվազել է 230 միլիոն դոլարով՝ համեմատած 2025 թվականի հետ, և իրավիճակն այնպիսին է, որ այն ակնհայտորեն կշարունակի նվազել»։

Հայաստան– Ռուսաստան առևտրաշրջանառության ծավալը սկսեց կտրուկ նվազել, երբ տարբեր ապրանքների նկատմամբ սահմանափակումներ կիրառվեցին ռուսական կողմից։

Ռուսաստանը հունիսի սկզբից արգելեց հայկական ապրանքների գերակշիռ մասի ներմուծումը ԵԱՏՄ շուկա՝ ծաղիկներից ու բանջարեղենից մինչև հանքային ջուր ու կոնյակ, գյուղմթերք ու ձկնամթերք։ Այս երևույթին Հայաստանի վարչապետն անդրադարձավ Եվրասիական միջկառավարական խորհրդի ընդլայնված կազմով նիստից հետո ռուսական ԶԼՄ–ների հետ հանդիպման ժամանակ։ Բացի այդ նա հատուկ ընդգծեց , որ յուրաքանչյուր երկրի համար կարևոր է մրցունակության բարձրացումը․

 «Եվ, ի դեպ, իմ ելույթում հռչակած հիմնական գաղափարը այս գործընթացը բացասական կերպով չներկայացնելն է, այլ՝ սա շատ լավ հնարավորություն է Եվրասիական տնտեսական միության համար՝ համատեղ աշխատելու  մրցունակությունը բարձրացնելու համար։ Առանց հիմնարար սկզբունքների իրականացման ԵԱՏՄ–ում ճգնաժամ կլինի։ Այն ինչ կատարվում է հայկական ապրանքների շուրջ, իհարկե, խնդիր է ՀՀ–ի համար։ Բայց դա նաև մեծ խնդիր է ԵԱՏՄ–ի համար, քանի որ ստացվում է , որ ԵԱՏՄ–ն չի աշխատում, քանի որ չեն աշխատում սկզբունքները»։

ԵԱՏՄ–ն չպետք է դիտարկվի որպես սահմանափակումների տարածք՝ միջկառավարական խորհրդի ընդլայնված կազմով նիստում հայտարարել է Հայաստանի վարչապետը ։ ԵԱՏՄ հիմնարար սկզբունքներից է ապրանքների, ծառայությունների, կապիտալի և աշխատուժի ազատ տեղաշարժի երաշխավորումը՝ հիշեցնում է Նիկոլ Փաշինյանը։ Նա վիճակագրություն է ներկայացնում, ըստ որի՝ 2025–ին ՀՀ–ն ԵԱՏՄ բյուջե ավելի շատ գումար է վճարել, քան կառույցից ստացել է։

«2025 թվականին Հայաստանը ԵԱՏՄ ընդհանուր բյուջե է վճարել ավելի քան 319 միլիոն ԱՄՆ դոլար ներմուծման մաքսատուրքերի տեսքով, մինչդեռ Հայաստանին հատկացված միջոցները կազմել են մոտ 175 միլիոն ԱՄՆ դոլար։ Այսպիսով, Հայաստանը Միության ընդհանուր բյուջե է մուծել զգալիորեն ավելի շատ միջոցներ, քան ստացել է, ինչը մեր պատասխանատու դիրքորոշման և ԵՄ շրջանակներում մեր պարտավորությունների բարեխիղճ կատարման ուղղակի ապացույցն է»։

2025 թվականին ԵԱՏՄ անդամ երկրներից Հայաստան ներմուծման ծավալը կազմել է շուրջ 5 մլրդ դոլար, իսկ հայկական արտադրանքի արտահանումը դեպի միության շուկաներ՝ մոտ 3,2 մլրդ դոլար է եղել։

Հայաստանի վարչապետն ընդգծում է, որ առանձին սահմանափակումներն ու վարչական մեթոդները խոչընդոտում են ընդհանուր շուկայի լիարժեք գործունեությանը՝ նվազեցնելով բիզնեսի կանխատեսելիությունը: ՀՀ-ն մշտապես երաշխավորում է ԵԱՏՄ անդամ բոլոր պետությունների տնտեսվարողների համար ոչ խտրական, բարենպաստ պայմաններ: Հայաստանը ակնկալում է, որ նման մոտեցում կգործի ԵԱՏՄ ամբողջ տարածքում: Նրա խոսքով՝ ՀՀ-ն ի գիտություն է ընդունել ԵԱՏՄ չորս երկիրների ղեկավարների՝ 2026-ի մայիսի 29-ի հայտարարությունը, որով աջակցություն են հայտնում Հայաստանում Եվրամիությանն անդամակցելու հարցով հանրաքվե անցկացնելու գաղափարին: Նիկոլ Փաշինյանը ԵԱՏՄ գործընկերներին հիշեցրել է, որ  2025-ին ՀՀ-ն ընդունել է օրենք, որով մեկնարկել է Եվրամիությանն անդամակցելու գործընթացը: Այդ օրենքի ընդունման ռազմավարական նպատակը Հայաստանի համար այլընտրանքային զարգացման ուղղություն ստեղծելն է:

«Մենք հասկանում ենք, որ միաժամանակ հնարավոր չէ լինել Եվրասիական տնտեսական միության և Եվրոպական միության անդամ, սակայն օրենքի ընդունումը դեռ չի նշանակում, որ ՀՀ-ն այսօր իրական հնարավորություն ունի դառնալու ԵՄ անդամ: Դրա համար անհրաժեշտ կլինեն նաև ԵՄ անդամ պետությունների համաձայնությունը և ՀՀ քաղաքացիների որոշումը: Նույնիսկ դրանից հետո անհրաժեշտ կլինի պաշտոնապես դիմել ԵՄ-ին՝ անդամակցելու հայտով, այնուհետ ՀՀ-ն պետք է ստանա ԵՄ անդամակցության թեկնածու երկրի կարգավիճակ»:

Առնվազն այս փուլերը չանցնելով հանրաքվեն բովանդակային իմաստ չի ունենա: Դա կնշանակի, որ կառավարությունն իր քաղաքացիներից ակնկալում ենք պատասխանել մի հարցի, որն այս պահին դեռ գոյություն չունի՝ ասում է Փաշինյանը։ Նա համոզված է, որ ԵԱՏՄ անդամ երկրների գործակցությունը երրորդ պետությունների հետ չպետք է ընկալվի որպես զրոյական գումարով խաղ։


Ինչպե՞ս է հայկական քարթինգը հաղթահարում դժվարությունները


Օրերս Երևանում ավարտվեց «Համահայկական քարթինգի մրցարշավ 2026»-ը։ Երեք օր շարունակ աշխարհի տարբեր անկյուններից հավաքված 48 արշավորդներ պայքարում էին լավագույնի տիտղոսի համար, սակայն եզրափակիչի ուղեգիր հաջողվեց նվաճել միայն 12-ին։ Այս մրցաշարը ոչ միայն ի հայտ բերեց ուժեղագույններին, այլև դարձավ հայկական ավտոսպորտի խնդիրների, նոր նվաճումների ու հեռանկարների քննարկման գլխավոր հարթակը։

Օգոստոսի 2-ին կայացած եզրափակիչում չեմպիոնի տիտղոսը նվաճեց Արա Եգանյանը, երկրորդ տեղը զբաղեցրեց Ալեքսեյ Լիսյուտենկոն, իսկ լավագույն եռյակը եզրափակեց Արմենակ Հայրապետյանը։ Հենց այս մարզիկներն էլ կձևավորեն Հայաստանի ազգային թիմը, որն ընթացիկ տարվա սեպտեմբերին հայկական դրոշի ներքո կմեկնի Սալոնիկ (Հունաստան)՝ մասնակցելու 8-ժամյա միջազգային դիմացկունության մրցարշավին։

Չնայած գրանցված հաջողություններին՝ մարզիկներն ու ոլորտի ներկայացուցիչները փաստում են, որ Հայաստանում կա պրոֆեսիոնալ, բացօթյա և մեծ չափերի մրցուղիների ու մասնագիտացված ենթակառուցվածքների սուր կարիք։

«Համապատասխան վայր չկա վարելու, դրա համար ստիպված մեր թիմով մի քանի անգամ գնում ենք Վրաստան կամ Ռուսաստան՝ մասնակցելու այնտեղի առաջնություններին,- նշում է ավտոարշավորդ Աշոտ Առուշանյանը,- բայց հույս ունենք, որ այս տեմպերով Հայաստանում ավելի ու ավելի կսիրեն ավտոսպորտը»։

Ավտոարշավորդ Շահեն Սողոմոնյանն էլ ընդգծում է, որ Հայաստանում սպորտաձևի նկատմամբ պահանջարկ կա, սակայն զարգացման համար պետական մոտեցում է անհրաժեշտ. «Այո՛, Հայաստանում սպորտաձևը հետաքրքրություն ու պահանջարկ ունի։ Պոտենցիալը մեր երկրում շատ ավելի մեծ է. մինչև 20-30 հոգի հանգիստ կարող ենք ունենալ, եթե համապատասխան տեղ ունենանք։ Ցավոք, այս պահի դրությամբ պետական մակարդակով այդ հարցը լուծել հնարավոր չէ, քանի որ ավտոսպորտը դեռ պաշտոնապես որպես սպորտաձև գրանցված չէ Հայաստանի Հանրապետությունում։ Մինչդեռ, դրա միջոցով կարելի է էապես բարձրացնել Հայաստանի ճանաչելիությունը»։

Քարթինգի հեղինակավոր SH Racing ակումբի համահիմնադիր Սիրական Համբարձումյանի խոսքով՝ ավտոմրցուղու կառուցումը ոչ միայն պարապելու հնարավորություն կտա, այլև լուրջ տնտեսական ազդեցություն կունենա։ «Բոլոր այն մրցաշարերը, որոնք անցկացվում են արտասահմանում և որոնց հիմա մեր երեխաները մասնակցում են, մեծ քանակությամբ մարդկանց են ներգրավում։ Այսպիսի մրցարշավները զբոսաշրջության զարգացման մեծ խթան են։ Սպորտաձևում մեծ գումարներ են ներդրվում, և եթե այն զարգանա, այդ ներդրումները Գերմանիա գնալու փոխարեն կարող են գալ Հայաստան»,- նշում է նա։

Միջոցառման գլխավոր նորություններից մեկը հայկական արտադրության սպորտային նոր մեքենայի՝ քրոսքարի (Crosscar) շնորհանդեսն էր։ Հայաստանի ավտոմոբիլային սպորտի ֆեդերացիայի (FAA) տեխնիկական գծով տնօրեն Տիգրան Մկրտչյանի խոսքով՝ սա բարդ, բայց շրջադարձային ճանապարհի արդյունք է։

«Մեկուկես տարի առաջ Միջազգային ավտոմոբիլային ֆեդերացիան (FIA) նախագիծ ստեղծեց, որպեսզի ավտոսպորտը զարգացնող պետություններն ունենան մատչելի սպորտային տեխնիկա։ Որոշեցինք նմանատիպ տեխնիկա ստանալ նաև մեզ մոտ»,- պատմում է Տիգրան Մկրտչյանը։

Ֆեդերացիայի տեխնիկական տնօրենը նշում է, որ այժմ նպատակ կա անցնելու արդյունաբերական արտադրության մակարդակի. «Մոտակա վեց ամսվա ընթացքում կունենանք ևս 6-7 նմանատիպ մեքենա, ինչով էլ կտրվի Հայաստանում քրոսքարերի առաջնության մեկնարկը։ Պատրաստելուց հետո Հայաստան են եկել FIA-ի փորձագետները, որոնք և՛ գծագրել են, և՛ հանդիսանում են տեխնիկական փորձագետներ։ Նրանցից մեկը երկու անգամ աշխարհի չեմպիոն է եղել, չորս անգամ՝ Եվրոպայի։ Մեքենան լիարժեք հավանություն է ստացել։ Աշխարհում կա ընդամենը 40 արտադրող, որոնցից միայն 10-ն է հոմոլոգացված՝ պաշտոնապես ճանաչված որպես սպորտային տեխնիկայի արտադրող։ Տասնմեկերորդը Հայաստանն է։ Հաջորդ տարի արդեն կունենանք քրոսքարի հայկական, հուսանք նաև՝ եվրոպական առաջնություններ»։

Այս նախաձեռնություններն ունեն նաև կարևոր սոցիալական ուղերձ. նպաստել ճանապարհային անվտանգության մշակույթի ձևավորմանը։ Նպատակն է երիտասարդության շրջանում արագության և ադրենալինի ձգտումը քաղաքային վտանգավոր փողոցներից տեղափոխել դեպի վերահսկելի ու անվտանգ պրոֆեսիոնալ մրցուղի։ Ավտոսպորտը փողոցում արագ վարելը չէ, այլ առաջին հերթին կարգապահությունը, տեխնիկան և անվտանգությունը։

Իզուր չէ, որ քարթինգը համարվում է պրոֆեսիոնալ ավտոսպորտի ամենակարևոր դպրոցը, որտեղից իրենց կարիերան են սկսել Ֆորմուլա 1-ի չեմպիոնների 99%-ը՝ ներառյալ Միխայել Շումախերը, Լուիս Հեմիլթոնն ու Մաքս Ֆերսթապենը



ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորագրել


Ղրղզստանում Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստի օրակարգում ընդգրկված 15 հարցերի քննարկումներից հետո առանցքային երեք փաստաթուղթ է ստորագրվել։ ՌԴ վարչապետ Միխայել Միշուստինը վստահեցրել է, որ ԵԱՏՄ-ում էլեկտրոնային առևտրի վերաբերյալ հաստատվող համաձայնագիրը նախատեսված է պաշտպանելու ինչպես վաճառողների, այնպես էլ գնորդների շահերը։ Կարևորվել է ԵԱՏՄ երկրների համատեղ աշխատանքը՝ եվրասիական ինտեգրացիան ամրապնդելու ուղղությամբ։ Նիստին մասնակցել են Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի և Ռուսաստանի կառավարությունների ղեկավարները, ինչպես նաև դիտորդ երկրների ներկայացուցիչներ։

Ղրղզստանի Չոլպոն-Ատա քաղաքում ԵԱՏՄ անդամ երկրները երեք առանցքային փաստաթուղթ են ստորագրել՝ էլեկտրոնային առևտրի, բրոքերներին ու դիլերներին միմյանց աճուրդներին մասնակցելու թույլտվություն տալու, ինչպես նաև միության անդամ երկրներում գիտական կոչումների փոխադարձ ճանաչման մասին:

Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստում ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը ԵԱՏՄ ընդլայնման մասին է խոսել․

«Արտաքին համագործակցության ընդլայնումը մեր միության առաջնահերթություններից մեկն է։ Ինչպես ավելի վաղ ընդգծել էր ՌԴ նախագահ Պուտինը, շատ  պետություններ և խոշոր տարածաշրջանային կառույցներ հետաքրքրություն են ցուցաբերում հնգյակի հետ կապերի զարգացման նկատմամբ։ Մենք ակնկալում ենք, որ Եվրասիական տնտեսական միության արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կաճի։ Միասին մենք աշխատում ենք ինտեգրման յուրաքանչյուր մասնակցի ներուժը լիարժեքորեն իրացնելու ուղղությամբ՝ մեր քաղաքացիների կյանքի որակը բարելավելու համար։ Վստահ եմ, որ միության ինքնաբավությունը և մեր տնտեսությունների փոխլրացումը դա հնարավոր կդարձնեն»։

Միշուստինը նշել է, որ եվրասիական սերտ ինտեգրացիան իրական օգուտներ է բերում, ինչպես նաև նպաստում է բիզնեսի եկամուտների աճին, կյանքի որակի և միության անդամ երկրների ժողովուրդների բարեկեցությանը։ Բիզնեսների համար կգործեն միասնական և հստակ կանոններ, քաղաքացիների համար էլ հասանելի կլինի ապրանքների ավելի լայն տեսականի։ ՌԴ վարչապետը գործընկերներին խնդրել է թարմացնել ԵԱՏՄ պահանջներին ապրանքների համապատասխանության գնահատման տվյալները։

Միշուստինը վստահեցրել է, որ ԵԱՏՄ–ում առցանց առևտրի հարթակների համար աշխատանքի միասնական կանոններ կգործեն։ Անցումը էլեկտրոնային փաստաթղթաշրջանառությանը կարագացնի վարչարարական ընթացակարգերը և կհեշտացնի լոգիստիկան։

ՌԴ վարչապետը արձանագրել է, որ ԵԱՏՄ երկրներում մակրոտնտեսական ցուցանիշների դրական դինամիկա կա գլոբալ մարտահրավերների պայմաններում։ Ըստ նրա՝ անդամ պետությունների միջև փոխադարձ առևտուրն աճում է։

Ղազախստանի վարչապետ Օլժաս Բեկտենովը շեշտել է, որ ԵԱՏՄ երկրների միջև այս տարի ապրանքաշրջանառությունը աճել է և հնարավոր է 2026-ին հասնի միչև 102 մլրդ դոլարի։  2025 թ ապրանքաշրջանառտությունը երկրների միջև նվազել էր 3.5%-ով։

«Ապրանքների ազատ տեղաշարժը եվրասիական ինտեգրման հիմնարար սկզբունքներից մեկն է։ Փոխադարձ առևտուրը շարունակում է կարևոր գործոն մնալ անդամ պետությունների տնտեսական աճի համար: Անցյալ տարի ԵԱՏՄ-ում առևտրի շրջանառությունը կազմել էր 95 միլիարդ դոլար, ինչը 3.5%-ով պակաս է: Այս տարի կանխատեսվում է 7.3% աճ՝ մինչև 102 միլիարդ դոլար»։

Համաձայնագրի իրականացումը թույլ կտա ընդլայնելու բիզնեսի հնարավորությունները և կհեշտացնի առևտրի մասնակիցների հասանելիությունը գործընկեր երկրների շուկաներին։

Ղրղզստանի նախարարների կաբինետի նախագահ Ադիլբեկ Կասիմալիևը խոսել է միության ինքնաբավ լինելու կարևորության մասին․

«Նպատակը անփոփոխ է՝ ԵԱՏՄ-ն պետք է դառնա ինքնաբավ, ներդաշնակորեն զարգացած՝ բազմաբևեռ աշխարհի մաս, որը հիմնված է էներգետիկայի, պարենային անվտանգության և տրանսպորտային կապերի վրա։ Սա պահանջում է ավելի քիչ հռչակագրեր և ավելի շատ իրական նախագծեր, ավելի քիչ խոչընդոտներ և ավելի շատ փոխադարձ վստահություն։ Միայն պրագմատիկ և համակարգված գործողություններով կկարողանանք Եվրասիական տնտեսական ուղին դարձնել արժանի բովանդակությամբ»։

Եվրասիական միջկառավարական խորհրդի հաջորդ նիստը նախատեսված է հոկտեմբերի 1-2-ը Մինսկում: Ռուսաստանի վարչապետ Միշուստինը հայտարարել է, որ խորհուրդը առնվազն տարին երկու անգամ պետք է հավաքվի: Չոլպոն-Ատայում կազմակերպված նիստը երկրորդն է այս տարվա ընթացքում։


Հրդեհ է բռնկվել Սիլիկյան թաղամասի հարևանությամբ գտնվող աղբավայրում․ ՆԳՆ


Օգոստոսի 6-ին՝ ժամը 20։54-ին, ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Սիլիկյան թաղամասում գտնվող աղբավայրում։
 
Փրկարար ծառայությունից հայտնում են՝ դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ։
 
Ըստ նախնական տվյալների՝ այրվում է շինարարական աղբ։



Կառավարությունը հաստատել է 2026/2027 ուսումնական տարվա կլինիկական օրդինատուրայի անվճար տեղերը


Գիտություն


Կառավարությունը հաստատել է ՀՀ-ում 2026/2027 ուսումնական տարվա` պետության կողմից ուսանողական նպաստների ձևով ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ, առկա ուսուցմամբ կլինիկական ռեզիդենտուրայի (կլինիկական օրդինատուրայի) ընդունելության տեղերն ըստ մասնագիտությունների։ Արդյունքում՝ կապահովվի պաշտպանության և առողջապահության ոլորտների համար բարձր որակավորմամբ անհրաժեշտ բժշկական կադրերի համալրումը։
 
Ըստ հիմնավորման՝ կլինիկական օրդինատուրայի կրթական ծրագրով պետության կողմից ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ տեղերի հատկացումը նպատակ ունի կանոնակարգել ուսումնական հաստատություններում առկա ուսուցմամբ կլինիկական օրդինատուրայի ընդունելությունը, ինչպես նաև նպաստել բժշկական կադրային ներուժի պատրաստմանն ու ՀՀ զինված ուժերում բժիշկ-սպաների և մարզային առողջապահության կադրային պահանջարկի համալրմանը:
 
Կլինիկական օրդինատուրայում տեղերի հատկացումը հնարավորություն է ընձեռում ապահովել շարունակական կրթությունը, ինչպես նաև առողջապահության համակարգում առանցքային մասնագիտություններով բժիշկ-մասնագետների փոխարինելիությունն ու բժշկական օգնության և սպասարկման մատուցման կայունությունը: Հետավարտական մեկամյա ուսումնառության տեղերի հատկացումը նախատեսում է կարգավորել ՀՀ զինված ուժերում առկա բժշկական կազմի թերհամալրվածության խնդիրը: