Ղրղզստանի Չոլպոն-Ատա քաղաքում օգոստոսի 6-7-ին կայացած Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստը և դրան ֆոնին տեղի ունեցած մի քանի ուշագրավ դրսևորումներ վերահաստատեցին, որ Երևանի և Մոսկվայի հարաբերություններում զարգացող տակտիկական դիրքային պատերազմը որակական նոր փուլ է տեղափոխվում։
Տնտեսական ճնշումները՝ ԵԱՏՄ-ի ճգնաժամ
Վերջին ամիսներին Ռուսաստանի կողմից հայկական ապրանքների արտահանման նկատմամբ կիրառվող արհեստական սահմանափակումներին Փաշինյանը Չոլպոն-Ատայում տվեց հայեցակարգային պատասխան։ Նա խնդիրը երկկողմ հարցերից տեղափոխեց ինստիտուցիոնալ տիրույթ՝ ընդգծելով, որ ապրանքների, ծառայությունների, կապիտալի և աշխատուժի ազատ տեղաշարժի խախտումները հարվածում են ոչ թե լոկ Հայաստանին, այլ հենց ԵԱՏՄ-ի գոյության իմաստին։ Այս մասին Փաշինյանը խոսում էր Երևանում։ Հիմա խոսում է արդեն նաև հենց ԵԱՏՄ հարթակում։ Մինչ Ղրղզստան մեկնելը ՌԴ կողմից Հայաստանի նկատմամբ կիրառվող առևտրային պատժամիջոցները Փաշինյանը որակել էր որպես «ԵԱՏՄ-ի վերջի սկիզբը»՝ դրանք չվերացվելու դեպքում։ Բայց Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստում նա իր ելույթում հասկանալի դարձրեց, որ դա սպառնալիք չէ կառույցից դուրս գալու։ Պարզապես կիրառվեց նման քաղաքականության հնարավոր հետևանքների պատասխանատվությունը Մոսկվայի վրա դնելու հստակ տակտիկա․ Երևանը դե յուրե չի լքի միությունը, բայց Ռուսաստանին կանգնեցնում է ընտրության առջև՝ կա՛մ հարգել ընդհանուր կանոնները, կա՛մ սեփական ձեռքերով քանդել սեփական տնտեսական նախագիծը։
Ընդ որում ռուսական պաշտոնական թեզին, թե առևտրաշրջանառության անկումը Երևանի արևմտամետ քաղաքականության հետևանքն է (ինչպես տողատակում ակնարկում էր ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը՝ հենց Փաշինյանի՝ Ղրղզստանում գտնվելու ընթացքում), Փաշինյանը հակադրեց չոր թվերն ու փաստերը։ Հայաստանը ԵԱՏՄ մաքսատուրքերի ընդհանուր բյուջե է փոխանցել 319 միլիոն դոլար՝ ստանալով ընդամենը 175 միլիոն, իսկ ներմուծումը Միության երկրներից կազմել է 5 միլիարդ դոլար՝ արտահանված 3,2 միլիարդի դիմաց։ Սա ապացուցում է, որ Հայաստանը կառույցի համար թե՛ դոնոր է և թե սպառման խոշոր շուկա,ասել է թե՝ իր առջև դրված խոչընդոտները բացառապես քաղաքական դրդապատճառներ ունեն և էությամբ հենց պատժամիջոցներ են։
Այլընտրանքի լեգիտիմացումը՝ ԵԱՏՄ-ի զենքը հենց իր դեմ
Չոլպոն-Ատայի նիստը ամրագրեց մի շատ կարևոր հանգամանք։ Փաշինյանը նոր մակարդակի բարձրացրեց Հայաստանի՝ այլընտրանքներ ունենալու իրավունքի հարցը՝ ընդ որում՝ ոչ միայն որպես զուտ Հայաստանի, այլև առհասարակ ԵԱՏՄ ցանկացած անդամ-պետության համար։ Սա ևս քաղաքական-տակտիկական հաշվարկ է։ Դեռ Երևանում էր նա հայտարարել, որ այդ իրավունքի մասին ինքը ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին՝ կայացած վերջին հեռախոսազրույցի ժամանակ։ Հիմա այդ մասին Երևանը պնդում է հենց ԵԱՏՄ-ի հարթակից, ըդ որում՝ հիմա ավելի համարձակ։ Վարչապետը ՌԴ-ի կողմից կիրառված զենքը հենց նրա դեմ շրջեց։ ՌԴ-ն Հայաստանին ծնկի բերելու և խնդիրը զուտ իր միակողմանի պահանջների տիրույթից հանելու համար ներգրավեց ԵԱՏՄ անդամ երկրներին՝ Միության վերջին գագաթաժողովին ընդունել տալով համատեղ հայտարարություն՝ ԵԱՏՄ-ի և ԵՄ-ի միջև ընտրություն կատարելու համար հանրաքվե անցկացնելու վերաբերյալ։ Այդ հայտարարությունը հիմա Երևանի ձեռքին կարծես թե դառնում է խաղաքարտ։ Հղում անելով այդ փաստաթղթին, որտեղ փաստացի աջակցություն էր հայտնվել Հայաստանում հանրաքվե անցկացնելու գաղափարին, Փաշինյանն ըստ էության արձանագրում է․ ԵԱՏՄ-ն ինքն է պաշտոնապես ճանաչել և լեգիտիմացրել Երևանի՝ այլընտրանքային ուղի ընտրելու հնարավորությունը։
Սա բումերանգի էֆեկտով հարվածում է Կրեմլի տրամաբանությանը․ Մոսկվան այլևս չի կարող Հայաստանի վարած քաղաքականությունը որակել որպես «դավաճանություն» կամ «միակողմանի շեղում», քանի որ անդամ երկրների մակարդակով արդեն իսկ ընդունվել է ընտրության այդ իրավունքը։ Երևանն այսպիսով սեփական ինքնիշխան քայլերը ներկայացնում է ոչ թե որպես կառույցի դեմ ուղղված դեմարշ, այլ որպես ԵԱՏՄ գործընկերների կողմից ճանաչված, լեգիտիմ իրավունքի իրացում, ինչը ԵԱՏՄ-ում մնալու կամ դուրս գալու նախաձեռնողի պատասխանատվությունը դարձյալ տեղափոխում է Մոսկվայի դաշտ։
«Հանրաքվեի» թակարդի չեզոքացումը
Մոսկվան փորձում էր Երևանին մղել արագացված, անժամանակ հանրաքվեի՝ «ԵՄ թե՞ ԵԱՏՄ» ձևաչափով՝ հաշվարկելով, որ տնտեսական ցնցումների վախից հասարակությունը կարող է «ոչ» ասել Եվրոպային, ինչը նրանց կարճ հաշվարկով Փաշինյանին կանգնեցնելու է ճգնաժամի առջև՝ ապացուցելով, թե ժողովորդը չի աջակցում նրա արևմտամետ քաղաքականությունը։ Սա թակարդ էր և Երևանը հիմա ցույց է տալիս, որ դրա մեջ ոտքը չի դնելու։ Փաշինյանը՝ ղրղզստանում, ԱԺ նորընտիր նախագահ Ռուբեն Ռուբինյանը՝ ՌԴ դաշնային խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի հետ հեռախոսազրույցում հստակեցրին․ առանց ԵՄ-ին անդամակցության պաշտոնական հայտ ներկայացնելու և թեկնածուի կարգավիճակ ստանալու՝ հանրաքվեն բովանդակազուրկ է, քանի որ քաղաքացիներին կառաջարկվի ընտրություն գոյություն չունեցող այլընտրանքի միջև։
Զսպվածություն, վստահություն և սպասողականություն
Ազգային ժողովի հունիսյան ընտրություններից հետո Հայաստանի իշխանությունը սեփական այլընտրանքների մասին սկսել է խոսել նկատելիորեն ավելի վստահ և ճակատային։ Չնայած Մոսկվայի պաշտոնական շնորհավորանքի բացակայությանը, Մատվիենկոյի սպառնալից ակնարկներին (այդ թվում՝ զբոսաշրջային հնարավոր էմբարգոյի մասին) և տնտեսական չնվազող ճնշումներին՝ Փաշինյանը չի գնում հարաբերությունների արհեստական սրման։ Սա սպասողական, մարտավարություն է։ Երևանը շահում է ժամանակ, չի ստանձնում կամուրջներն այրողի այն դերը, որը Մոսկվան համառորեն փորձում է նրան վերագրել, սակայն քայլ առ քայլ ամրապնդում է այլընտրանքներ ձևավորելու և սուբյեկտայնությունն ուժեղացնելու իր լեգիտիմ իրավունքը։
Գոռ Աբրահամյան
radar armenia