Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օրը կանցկացվեն մի շարք միջոցառումներ


Մշակույթ


Ապրիլի 18-ը Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օրն է: Օրվա շրջանակում ԿԳՄՍ նախարարության համակարգմամբ տարբեր մարզերում և Երևան քաղաքում կանցկացվեն տարաբնույթ միջոցառումներ՝ տեղեկատվական արշավներ, էքսկուրսիաներ, քայլարշավներ, ճանաչողական այցեր դեպի հուշարձաններ, տեղեկատվական նյութերի ցուցադրում, դպրոցականների համար կրթական ծրագրեր՝ բաց դաս ձևաչափով, խաղ-վիկտորինաներ, դասախոսություններ, հուշարձանների և տարածքների մաքրման աշխատանքներ: Այս մասին տեղեկացնում են ԿԳՄՍՆ-ից:

Ծրագիրը միտված է հուշարձանների հանրահռչակմանն ու հասարակության լայն շերտերի իրազեկմանը: Նպատակն է՝ բարձրացնել հանրության տեղեկացվածության մակարդակը մշակութային ժառանգության, դրա խոցելիության մասին և անհրաժեշտ ջանքեր գործադրել այդ ժառանգության պաշտպանության և պահպանման նպատակով: Հատուկ կարևորություն է տրվում նախատեսված միջոցառումներին դպրոցականների ակտիվ մասնակցությանը՝ հուշարձանների պահպանությունն ու հանրահռչակումը դիտարկելով որպես ուսուցման գործընթացի հավելյալ բաղադրիչ:

Հուշարձանների և տարածքների մաքրման աշխատանքները մարզային ծառայությունների և հուշարձանների պահապանների միջոցով համակարգում է «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ը:

ՅՈՒՆԵՍԿՕ-ն ապրիլի 18-ը նշում է որպես Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օր 1983 թվականից՝ Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային խորհրդի (ԻԿՕՄՕՍ) առաջարկությամբ: Յուրաքանչյուր տարի ապրիլի 18-ին բազմաթիվ երկրներ տարաբնույթ միջոցառումների միջոցով բարձրացնում են հասարակության տեղեկացվածության մակարդակը համաշխարհային ժառանգության բազմազանության, դրա պաշտպանության ու պահպանության վերաբերյալ:



Մադյարը Հունգարիայի վարչապետի նստավայրը Բուդայից տեղափոխելու է Պեշտ


Քաղաքականություն


Հունգարիայի վարչապետի նստավայրը Բուդապեշտում նոր կառավարության օրոք, որը կձևավորի «Տիսա» կուսակցության առաջնորդ Պետեր Մադյարը, կտեղափոխվի երկրի խորհրդարանի հարևանությամբ գտնվող կառավարական շենքերից մեկը, Դանուբի մի ափից մյուսը՝ Բուդայից Պեշտ:

«Կառավարությունը լքում է ամրոցներն ու պալատները։ «Տիսայի» կառավարության օրոք վարչապետի գրասենյակը կգտնվի ոչ թե Կարմելիտի պալատում, այլ խորհրդարանի մոտ գտնվող նախարարության շենքում»,- գրել է Մադյարը  Ֆեյսբուքում։

Կարմելիտի վանքը կառուցվել է XVIII դարում Ամրոցի թաղամասում, 2019 թվականից այն Հունգարիայի վարչապետ Օրբանի պաշտոնական նստավայրն է։ Օրբանի հակառակորդների համար այն ինքնասիրահարված, փառասեր իշխանության խորհրդանիշ է:



Ալեն Սիմոնյանը Միջխորհրդարանական միության վեհաժողովի շրջանակներում հանդիպել է Թուրքիայի խորհրդարանի նախագահի հետ


Քաղաքականություն


ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը Միջխորհրդարանական միության 152-րդ վեհաժողովի շրջանակներում հանդիպում է ունեցել նաև Թուրքիայի խորհրդարանի՝ Ազգային մեծ ժողովի նախագահ Նուման Քուրթուլմուշի հետ։ Այդ մասին տեղեկանում ենք ԱԺ նախագահի Ֆեյսբուքի էջից:




2021-2025-ին ռազմական տեխնիկայի և սպառազինության ծախսերը 5,4 անգամ ավելի են եղել, քան 1998-2018-ին


Առաջարկում եմ 2018-2025 թվականների ցուցանիշները համեմատել 2010-2017 թվականների ցուցանիշների հետ՝ որպես նույն տևողության երկու տարբեր կառավարությունների՝ նախկինների և ներկաների կառավարման ժամանակահատված: Ըստ այդմ՝ հետևություն անել՝ ինչ ընտրության առջև ենք կանգնած լինելու գալիք խորհրդարանական ընտրություններին:

Այդ մասին Ազգային ժողովի՝ ապրիլի 17-ի նիստին՝ Կառավարության՝ 2025 թվականի ծրագրի կատարման ընթացքի և արդյունքների մասին տարեկան զեկույցի ժամանակ, ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Էդուարդ Աղաջանյանը՝ ընդգծելով, որ պետք է հաշվի առնել նաև իշխող ուժի կառավարման տարիներին բաժին ընկած երկու ճգնաժամերը՝ համավարակը և պատերազմը:

Ըստ այդմ՝ 2018-2025-ին ՀՀ ՀՆԱ-ի միջին աճը կազմել է 5,8 տոկոս: 2010-2017 թվականներին միջին ՀՆԱ-ի աճը կազմել է 3,9 տոկոս՝ գրեթե 1,5 անգամ պակաս:

2010-2017-ին նոր աշխատատեղերի գրանցման թիվը կազմում է 100 հազար, միջին տարեկան աճը՝ 12,500: 2018-2025 թվականներին այս թիվը կազմել է 280 հազար, միջին տարեկան աճը՝ 35,000:

2010-2017 թվականներին ՀՀ-ում կառուցվել է 1800 կմ ճանապարհ: 2018-2025 թվականներին ՀՀ-ում կառուցվել է 4735 կմ ճանապարհ՝ 2,6 անգամ ավելի:

2010-2017 թվականներին ՀՀ-ում զրոյից կառուցվել է ընդամենը 18 դպրոց, վերանորոգվել կամ հիմնանորոգվել են 170-ը: 2018-2025 թվականներին նոր կառուցված դպրոցների թիվն անցնելու է 300-ը:

2010-2017 թվականներին առողջապահության բյուջեն 53 միլիարդից դարձել է 85 միլիարդ, աճը՝ 60 տոկոս: 2018-2025 թվականների առողջապահության բյուջեն 81,3 միլիարդից դարձել է 206 մլրդ, աճը՝ 154 տոկոս, միջին տարեկան աճը երկու ժամանակահատվածների դեպքում՝ 4 մլրդ և 14 մլրդ:

2010-2017 թվականներին նվազագույն կենսաթոշակը 13,200-ից դարձել է 16,000, ընդհանուր՝ 21 տոկոս աճ, իսկ միջին տարեկան աճը՝ 350 դրամ: 2018-2025 թվականներին նվազագույն կենսաթոշակը 16 հազարից դարձել է 46 հազար դրամ՝ 187 տոկոս աճ, իսկ միջին տարեկան աճը՝ 3750 դրամ, այն է՝ 10 և ավելի անգամ շատ:

2010-2017 թվականներին միջին իրական աշխատավարձն աճել է 15 տոկոսով, իսկ 2018-2025-ին միջին իրական աշխատավարձն աճել է 50 տոկոսով՝ 3 և ավելի անգամ:

«2021-2025 թվականներին ռազմական տեխնիկայի և սպառազինության ծախսերը 5,4 անգամ ավելի են եղել, քան 1998-2018 թվականների սպառազինության և ռազմական տեխնիկայի ձեռքբերման ծախսերը, այսինքն՝ [2021-2025 թվականի ծախսը] 20 տարվա հետ համեմատական է: Սա նշանակում է, որ միջին տարեկան բյուջեն այս պահի դրությամբ ավելի է 22 անգամ:

Սա, իհարկե, նոմինալ արտահայտմամբ, իսկ իրական արտահայտմամբ կլինի 12 անգամ, ինչը պակաս տպավորիչ չէ»,- ասաց նա:


Իրական հաշտեցման հասնելու համար Ադրբեջանում պահվող 19 հայերը պետք է ազատ արձակվեն. ԱԺ նախագահի ելույթը

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը ելույթ է ունեցել Միջխորհրդարանական միության 152-րդ վեհաժողովի ընդհանուր քննարկումներում։

«Տիկի՛ն նախագահող,

Ձե՛րդ գերազանցություններ,

Հարգելի՛ գործընկերներ,

Տիկնա՛յք և պարոնա՛յք,  

Ինձ համար մեծ պատիվ է ընդունել Թուրքիայի հրավերը և Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի անունից հանդես գալ Միջխորհրդարանական միության 152-րդ վեհաժողովում: Կցանկանայի նշել, որ քննարկվող՝ «Հույսի սերմանում, խաղաղության ապահովում և արդարության երաշխավորում ապագա սերունդների համար» թեմայի կարևորությունը դժվար է գերագնահատել: Թույլ տվեք ասել մի ակնհայտ ճշմարտություն. ծաղկող ներկան և ապագան կառուցվում են հույսի, խաղաղության և արդարության հիմքերի վրա:  

Հայաստանի դեպքում հենց այս գաղափարն է ձևավորում մեր քաղաքականությունը և ուղղորդում մեր գործողությունները: Մենք ձգտում ենք այնպիսի ապագայի, որտեղ բոլորը կունենան սոցիալական և տնտեսական բարեկեցության հավասար հնարավորություններ:

Բայց ո՞վ է պարզապես երազում ավելի լավ ապագայի մասին և ո՞վ է իրականում այն կերտում: Ապագա սերունդները չեն կարող կառուցել այն աշխարհը, որը ժառանգելու են: Լավագույն դեպքում նրանք կարող են միայն վստահել մեզ, որ մենք խոհեմորեն գործենք իրենց անունից:

Հույսը պահպանում է արդարության հանդեպ մեր ձգտումը և վստահելու կարողությունը: Մեր այսօրվա գործողությունները պետք է ծառայեն այդ վստահության կառուցմանը: Գալիք սերունդները պետք է հավատան, որ խաղաղությունը, որը մենք այսօր կառուցում ենք, տևական է: 
  
Չսխալվեք. մեր աշխարհի ճեղքերը խոր ու լուրջ են: Մենք խորապես մտահոգված ենք Իրանում ստեղծված իրավիճակով, և իմ աղոթքներն ուղղված են Իրանի ժողովրդին: Լիբանանի ճգնաժամը եւս չի կարելի անտեսել: Անշուշտ, մեր առջև ծառացած փորձությունը ծանր է: Սակայն ո՞վ, եթե ոչ մենք, ունենք ուժ և բարոյական պարտավորություն՝ բուժելու մեր աշխարհը:
  
Հայաստանը լիովին ընդունում է իր այդ պատասխանատվությունը:
  
2025 թվականին Հայաստանի, Ադրբեջանի և ԱՄՆ-ի առաջնորդների կողմից ստորագրված համաձայնագրից հետո մեր տարածաշրջանում խաղաղություն է տիրում: Սա, իրապես, մեծագույն նվաճում է: Սակայն մեր տեսլականն ավելի լայն է: Մենք հրավիրում ենք Թուրքիային դառնալու գործընկեր և միանալու մեզ խաղաղության կտավը հյուսելու գործում: Այս նպատակով մենք պատրաստ ենք խորացնել մեր հարաբերությունները Թուրքիայի հետ: 

Տասնամյակների անվստահությունից ու թշնամանքից հետո Հայաստանի և Ադրբեջանի միջև վստահության ձևավորման նոր դարաշրջան է սկսվել: Այս առաջընթացն ամրապնդելու ջանքերն այժմ ուղղված են հաղորդակցությունների ամրապնդմանը և տեղում խաղաղությունն արդյունավետորեն իրականության վերածելու ապահովմանը:

«Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» (ԹՐԻՓՓ) նախագծի իրականացումը եւս մեկ կարևոր հանգրվան է: Այս նախաձեռնությունը նպատակ ունի միաժամանակ զարգացնելու տարածաշրջանային կապերը և ընդլայնելու միջազգային առևտրային ուղիները: 

Հիմնված լինելով ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և իրավասության սկզբունքների վրա՝ ԹՐԻՓՓ-ն ունի Հարավային Կովկասում և դրա սահմաններից դուրս կայունությունը, տնտեսական համագործակցությունը և բարգավաճումը խթանելու ներուժ: 

Կարգավորման հուսադրող նշաններն անհերքելի են: Տարիների ընթացքում առաջին անգամ Հայաստանի և Ադրբեջանի միջև առևտուրը սկսել է ձևավորվել: Ադրբեջանական ապրանքների ներմուծումը Հայաստան խորհրդանշական և գործնական քայլ է տնտեսական կապերի վերականգնման տեսանկյունից: Սրանք խաղաղության արդյունքներն են՝ շոշափելի բարելավումներ, որոնք անմիջականորեն օգուտ են բերում մեր ժողովրդին:

Միևնույն ժամանակ, դեռևս առկա են լուրջ մարդասիրական խնդիրներ, որոնք պետք է լուծվեն: Վստահության ամրապնդումը շարունակելու և իրական հաշտեցման հասնելու համար Ադրբեջանում պահվող 19 հայերը պետք է ազատ արձակվեն և վերամիավորվեն իրենց ընտանիքների հետ, իսկ անհետ կորած մյուս անձանց ճակատագրերը պետք է պարզվեն: 
  
Հարգելի՛ գործընկերներ, 
  
Հիմա առաջնահերթությունները սահմանելու ժամանակն է, և ապագա սերունդների բարօրության համար մենք դրանք պետք է ընտրենք իմաստուն կերպով: Եվ ովքե՞ր են հաջորդ սերունդները: Նրանք մեր երեխաներն ու թոռներն են: Մեր սուրբ պարտականությունն է արժանի լինել նրանց՝ թողնելով ոչ թե պատերազմի, այլ խաղաղության ժառանգություն:

Շնորհակալություն»,- ասել է Սիմոնյանը:

Հայաստանը Կիպրոսում ճանաչվել է 2026 թվականի զբոսաշրջային ուղղություն


Հարեվաններ


Կիպրոսի ճամփորդական գրողների և լրագրողների միությունը Հայաստանին է շնորհել «2026 թվականի զբոսաշրջային ուղղություն» մրցանակը։ Այս մասին հայտնում է Կիպրոսում Հայաստանի դեսպանատունը։ Մրցանակի շնորհման միջոցառմանը մասնակցել են պաշտոնատար անձինք, դիվանագիտական կորպուսի անդամներ, զբոսաշրջային գործակալությունների և ճամփորդական կազմակերպությունների ներկայացուցիչներ, լրագրողներ, բլոգերներ, ինֆլուենսերներ և այլք։

Տեսա և տեղեկատվական նյութերի միջոցով հյուրերին համապարփակ ներկայացվել են Հայաստանի հարուստ մշակութային ժառանգությունը, պատմամշակութային հուշարձանները, զբոսաշրջային ներուժը, հայկական ավանդական խոհանոցը։ Կազմակերպվել է հայկական գինիների և այլ խմիչքների համտես, որի ընթացքում հյուրերը հնարավորություն են ունեցել ծանոթանալու դրանց յուրահատուկ համային առանձնահատկություններին։

Դեսպան Իննա Թորգոմյանը կարևորելով մրցանակի շնորհումը՝ շնորհակալություն հայտնել բարձր գնահատականի համար։ Նա նշել է, որ սա կարևոր հնարավորություն է Հայաստանի զբոսաշրջային գրավչությունն ու մրցունակությունը ներկայացնելու համար։



Փարիզում կանցկացվի Հորմուզի նեղուցին նվիրված գագաթնաժողով


Քաղաքականություն


Փարիզում այսօր աշխատանքն է սկսում Ֆրանսիայի և Մեծ Բրիտանիայի կազմակերպած տեսակոնֆերանսը, որին հեռավար մասնակցելու են 40 երկրի ներկայացուցիչներ: Քննարկվող հիմնական թեման է լինելու Հորմուզի նեղուցում նավարկության ազատության վերականգնումը։

Ֆրանսիայի նախագահի գրասենյակի հայտարարության համաձայն՝ համաժողովը կմիավորի «ոչ պատերազմող երկրներին, որոնք պատրաստ են ներդրում ունենալ» «բազմակողմ և զուտ պաշտպանական առաքելության հարցում՝ ուղղված Հորմուզի նեղուցում նավարկության ազատության վերականգնմանը, երբ անվտանգության պայմանները դա թույլ տան»։

«Մենք պետք է աջակցենք առևտրային նավագնացության ու ականազերծման գործողություններին՝ համաշխարհային կայունության և անվտանգության վերադարձն ապահովելու համար», – գրասենյակը մեջբերում է Սթարմերի նախատեսված ելույթը։

Մակրոնի և Սթարմերի համանախագահության կազմակերպված տեսակոնֆերանսը ողջունել է եվրոպական դիվանագիտության ղեկավար Կայա Կալասը:



Բելգիայի Ներկայացուցիչների պալատը միաձայն աջակցել է Հայաստանի խաղաղության օրակարգին և Հայաստան-ԵՄ մերձեցմանը

Բելգիայի Ներկայացուցիչների պալատը միաձայն ընդունել է բանաձև, որով հստակ աջակցություն է հայտնում Հայաստանի խաղաղության օրակարգին և Հայաստան-Եվրոպական միություն հարաբերությունների հետագա խորացմանը։ Բանաձևի հեղինակը պատգամավոր Միշել դը Մաեգդն է, իսկ դրա ընդունումը կարևոր քաղաքական նշանակություն ունի՝ հատկապես 2026 թվականին Երևանում նախատեսվող Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի և ԵՄ–Հայաստան գագաթնաժողովի նախաշեմին։ Բանաձևին կողմ է քվեարկել 134 կողմ, դեմ և ձեռնպահ քվեարկողներ չեն եղել։

Ընդունված փաստաթուղթը հերթական անգամ վերահաստատում է, որ Բելգիայի բոլոր խորհրդարանական քաղաքական ուժերը միասնական դիրքորոշում ունեն Հայաստանի հետ գործընկերության զարգացման և երկրի խաղաղությանն ուղղված նախաձեռնություններին աջակցելու հարցում։ Բանաձևի միաձայն ընդունումը վկայում է, որ Բելգիայում առկա է լայն քաղաքական համաձայնություն՝ Հայաստանի հետ երկկողմ հարաբերությունները որակապես նոր մակարդակի բարձրացնելու շուրջ։

Այս որոշումը կարևոր ուղերձ է ոչ միայն Հայաստան-Բելգիա հարաբերությունների զարգացման տեսանկյունից, այլև ավելի լայն՝ Հայաստան-Եվրոպական միություն մերձեցման համատեքստում։ Այն ընդգծում է, որ եվրոպական քաղաքական շրջանակներում շարունակվում է Հայաստանի նկատմամբ աջակցության ամրապնդումը՝ որպես խաղաղության, կայունության և տարածաշրջանային համագործակցության խթանման կարևոր նախապայման։

ՀՀ ՊՊԾ-ում անցկացվում են բարեվարքության թեմայով դասընթացներ


Հայաստան


Հայաստանի Հանրապետության պետական պահպանության ծառայությունում անցկացվում են բարեվարքության թեմայով դասընթացներ՝ ուղղված ծառայողների շրջանում բարեվարքության նորմերի պահպանմանն ու համապատասխան ինստիտուտի զարգացմանը։

Դասընթացներն իրականացվում են ՀՀ կառավարության համապատասխան որոշմամբ նախատեսված «Կատարելագործել բարեվարքության հարցերով կազմակերպիչների ինստիտուտը» թեմայի շրջանակում։

ՀՀ ՊՊԾ կառուցվածքային ստորաբաժանումներում պարբերաբար անցկացվող դասընթացների ընթացքում ներկայացվում են բարեվարքության համակարգի հիմնական տարրերը, դրանց կիրառման առանձնահատկությունները, ինչպես նաև ծառայության ընթացքում բարեվարքության նորմերի պահպանման կարևորությունը։

ՀՀ ՊՊԾ ծառայողներին մանրամասն ներկայացվում և մեկնաբանվում են նաև բարեվարքության նորմերի կիրառման հետ կապված հարցերն ու հնարավոր խնդիրները՝ նպաստելով դրանց արդյունավետ իրականացմանը ծառայողական գործունեության ընթացքում։

Ծրագրի նպատակն է բարձրացնել ծառայողների պատասխանատվության մակարդակը, ամրապնդել բարեվարքության մշակույթը և ապահովել այդ ինստիտուտի լիարժեք կայացումը ծառայության համակարգում։