Հայտարարվել է նախաորակավորման մրցույթ Արտաշատում սոցիալական բնակելի շենքի վերակառուցման համար

Հայտարարվել է Արարատի մարզի Արտաշատ համայնքում գտնվող ոչ առևտրային սոցիալական բնակելի շենքի վերակառուցման աշխատանքների համար նախաորակավորման հայտերի ներկայացման հրավեր՝ ընկերությունների ընտրության նպատակով։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից։

 

Աշխատանքներն իրականացվում են Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության, «Հայկական Կարիտաս» ԲՀԿ և «Կաթոլիկ օգնության ծառայությունների» (CRS) կողմից՝ Հայաստանում ոչ առևտրային սոցիալական բնակարանային ապահովման ծրագրի շրջանակում․ այն նպատակ ունի նպաստել տեղահանված անձանց, փախստականների, ինչպես նաև տեղաբնակների համար կայուն և մատչելի բնակարաններում բնակվելու հնարավորության ապահովմանը։

Դիվանագիտությունն է խնդիրների լուծման լավագույն ուղին. Փեզեշքիան


Քաղաքականություն


Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ հեռախոսազրույցի ընթացքում կոչ է արել Եվրոպային ավելի ակտիվ դերակատարում ստանձնել՝ Միացյալ Նահանգներին համաձայնության մղելու հարցում։ 

Փեզեշքիանը շեշտել է, որ Թեհրանը պատրաստ է շարունակել բանակցությունները միջազգային կանոնների շրջանակում, սակայն գործընթացին խոչընդոտում են ամերիկյան բարձրաստիճան պաշտոնյաների «չափազանցված պահանջներն ու քաղաքական կամքի բացակայությունը»։

Իրանի առաջնորդի համոզմամբ՝ սպառնալիքների, ճնշումների և ռազմական գործողությունների վրա հիմնված մոտեցումներն անարդյունավետ են և միայն ավելի են բարդացնում առկա խնդիրները։ Նա վերահաստատել է, որ դիվանագիտությունը մնում է նախընտրելի ուղին, և Իրանը պատրաստ է երկխոսության՝ սեփական ազգային շահերի պաշտպանության պայմանով։

Անդրադառնալով տարածաշրջանային անվտանգությանը՝ Փեզեշքիանը նշել է, որ Իրանը մշտապես ձգտել է ապահովել անվտանգ նավագնացությունը Հորմուզի նեղուցում։ Նա միևնույն ժամանակ զգուշացրել է, որ այդ ջրային ուղու նկատմամբ ցանկացած սպառնալիք կարող է աղետալի հետևանքներ ունենալ համաշխարհային առևտրի համար։



«Ռոսատոմի» գրեթե բոլոր աշխատակիցները լքել են Բուշերի ատոմակայանը


Քաղաքականություն


Իրանի դեմ ԱՄՆ-Իսրայելական շարունակվող պատերազմի ֆոնին, «Ռոսատոմը» Ռուսաստանի պաշտպանության նախարարության հետ համատեղ անցկացնում է Իրանի Բուշերի ատոմակայանի աշխատակիցների «վերջնական ռոտացիա»։ Այս մասին լրագրողներին հայտնել է Ռուսաստանի պետական ​​կորպորացիայի ղեկավար Ալեքսեյ Լիխաչովը։ Նրա խոսքով՝ «Ռոսատոմի» 108 աշխատակից լքում է ատոմակայանը՝ ուղևորվելով Սպահան։ Տեղում մնում է քսան ռուս մասնագետ, որոնք պատասխանատու են սարքավորումների անվտանգության համար։

Ավելի վաղ՝ ապրիլի 4-ին, Իրանի իշխանությունները և պետական ​​լրատվամիջոցները հայտնել էին, որ արկը հարվածել է Բուշերի ատոմակայանի հարակից տարածքին, հարվածի հետևանքով զոհվել է անվտանգության աշխատակից Իրանի քաղաքացի։ Բացի դրանից՝ բեկորները և պայթյունի ալիքը վնասել են ատոմակայանի տարածքում գտնվող շենքերից մեկը, սակայն էլեկտրակայանի հիմնական մասերը չեն վնասվել՝ հաղորդում է Իրանի պետական ​​լրատվական IRNA գործակալությունը։

Իր հերթին, Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը (ԱԷՄԳ) հայտնել է, որ միջադեպի մասին ծանուցում է ստացել Իրանի իշխանություններից։ Կասկածելի հարձակումից հետո ճառագայթման մակարդակի աճ չի գրանցվել։



Պարսից ծոցի երկրները շտապ կարգով ՀՕՊ համակարգեր են խնդրում Հարավային Կորեայից. WSJ


Քաղաքականություն


Սաուդյան Արաբիան, ԱՄԷ-ն և Կատարը շտապ կարգով հակաօդային պաշտպանության համակարգեր են խնդրում Հարավային Կորեայից՝ ամերիկյան արտադրության զենիթային հրթիռների պաշարների սպառման պատճառով: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին գրում է The Wall Street Journal թերթը։

Վերջին շաբաթներին Պարսից ծոցի նշված երկրների զենիթահրթիռային համակարգերի պաշարները զգալիորեն նվազել են իրանական հրթիռների և անօդաչու թռչող սարքերի ալիքները հետ մղելու պատճառով։

Իրանական անօդաչու թռչող սարքերը խոցելու ունակ զենիթահրթիռային համակարգերի քանակը սահմանափակ է, գրում է թերթն՝ ընդգծելով, որ Իրանն օգտագործում է զանգվածային արտադրության ոչ թանկարժեք անօդաչուներ:

Արդյունքում Պարսից ծոցի երկրները, շրջանցելով ԱՄՆ-ն, ձգտում են գտնել մատակարարներ ավելի լայն շրջանակի համակարգերի համար, որոնք կարելի է ավելի արագ և ավելի շահավետ գործարկել։ Այս ֆոնին երկրների հատուկ ուշադրությունն է գրավել հարավկորեական միջին հեռահարության «Չոնգուն-II» ՀՕՊ հրթիռային համակարգը, նշում է հրատարակությունը։



Ֆրանսիայի՝ ԱԳՆ եվրոպական հարցերով լիազոր նախարարը Ծիծեռնակաբերդում հարգել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը


Քաղաքականություն


Ֆրանսիայի՝ Եվրոպայի և արտաքին գործերի նախարարության եվրոպական հարցերով լիազոր նախարար Բենժամեն Հադադն ապրիլի 14-ին այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր և թանգարան: Ինչպես տեղեկացրին Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտից, նախարարին ուղեկցել են ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյին և այլ պաշտոնատար անձինք: Հյուրերին դիմավորել և այցի ընթացքում ուղեկցել է ՀՑԹԻ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Հրաչյա Թաշչյանը:

Բենժամեն Հադադը ծաղկեպսակ է դրել հուշահամալիրի պատին, ապա պատվիրակության անդամները ծաղիկներ են դրել անմար կրակի մոտ, մեկ րոպե լռությամբ հարգել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը:

Պատվիրակությունը շրջել է հուշահամալիրի տարածքում, դեսպան Օլիվիե Դըկոտինյինի առաջարկով մոտեցել Հուշապատին, որի հետնամասում հատուկ խորշերի մեջ ամփոփված են 19-րդ դարավերջին և 20-րդ դարասկզբին թուրքական կառավարության իրագործած հայերի զանգվածային կոտորածների և ցեղասպանության դեմ իրենց բողոքի ձայնը բարձրացրած օտարազգի մի շարք հասարակական, քաղաքական գործիչների, մտավորականների և միսիոներների գերեզմաններից վերցված հողով լի փոքր սափորները: Հյուրերը կանգ են առել Անատոլ Ֆրանսի և Լուի Դարթիժ դյու Ֆուռնեի հուշաքարերի մոտ:

Այնուհետև պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության թանգարան, էքսկուրսավար Հասմիկ Մարտիրոսյանի ուղեկցությամբ ծանոթացել մշտական և ժամանակավոր ցուցադրություններին: Բենժամեն Հադադը գրառում է կատարել պատվավոր հյուրերի հուշամատյանում, հետո շրջել նաև թանգարանի վերջին սրահում՝ բացօթյա ներքին բակում, որի կիսաշրջանաձև, տասներկու հավասար հատվածների բաժանված բազալտե պատի վրա փորագրված են ակնառու պետական գործիչների, դիվանագետների, գիտնականների, գրողների` Հայոց ցեղասպանությունը դատապարտող խոսքերը:

Վերջում ՀՑԹԻ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Հրաչյա Թաշչյանը պարոն Հադադին է նվիրել ՀՑԹԻ ֆրանսերեն պատկերագիրք և Ռայմոնդ Գևորգյանի «Հայոց ցեղասպանությունը և դրա հետևանքները» գրքույկը:



«Տելեգրամով» թմրամիջոց ձեռք բերելու, գովազդելու, իրացնելու և գործընթացում անչափահասի ներգրավելու համար պատիժները կխստացվեն. նախագիծ


Հայաստան


Առաջարկվում է խստացնել թմրամիջոցների ապօրինի շրջանառության հետ կապված մի շարք հանցագործությունների պատժաչափերը: Այդ մասին օրենսդրական նախաձեռնությունն Ազգային ժողովի՝ ապրիլի 14-ի նիստին ներկայացրեց ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը:

Ըստ այդմ՝ իրացնելու նպատակով թմրամիջոց արտադրելը, պատրաստելը, վերամշակելը, ձեռք բերելը, պահելը, տեղափոխելը, առաքելը, տարածելը, գովազդելը և իրացնելը, եթե դա տեղի է ունենում ՏՏ-ի միջոցով, օրինակ՝ «Տելեգրամ» ալիքով, ապա պատիժն առաջարկվում է խստացնել՝ 3-6 տարվա փոխարեն նախատեսելով 4-8 տարվա պատիժ:

«Համանման պատժի խստացում եմ առաջարկում իրականացնել նաև արարքն անօգնական վիճակում գտնվող անձի նկատմամբ կատարելու դեպքում: Իսկ նույն հանցագործությունն անչափահասի ներգրավմամբ կամ անչափահասի նկատմամբ կատարելու դեպքում, այսինքն՝ անչափահասին թմրամիջոց վաճառելու կամ վաճառքի մեջ անչափահասի ներգրավելու դեպքում առաջարկում եմ առավել խիստ պատիժ սահմանել, և 3-6 տարի ազատազրկման փոխարեն նախատեսել 6-12 տարվա պատիժ»,- ասաց նա:

Պատգամավորը ներկայացրեց նաև թեմայի վերաբերյալ միջազգային փորձը: Ըստ այդմ՝ բազմաթիվ երկրներում թմրամիջոցների ապօրինի շրջանառության համար խիստ պատիժներ են սահմանվում: Մի շարք երկրներում նախատեսվում է անգամ մահապատիժ: Այդ երկրներն են Չինաստանը, Իրանը, Սաուդյան Արաբիան, Ինդոնեզիան, Սինգապուրը, Թաիլանդը, Վիետնամը, Միացյալ Արաբական Էմիրությունները:

Բազմաթիվ զարգացած երկրներում էլ նախատեսվում է մինչև ցմահ ազատազրկում: Այդպիսի երկրներ են Հնդկաստանը, Պակիստանը, Եգիպտոսը, Քուվեյթը, Օմանը, Հարավային Կորեան, Ճապոնիան, Ավստրալիան, Նոր Զելանդիան, ԱՄՆ-ը, Կանադան, Ֆրանսիան և Գերմանիան:



Սամվել Կարապետյանի գործի նախաքննության ընթացքում ՔԿ կոմիտեի նախագահի որևէ տեղակալ հրաժարական չի ներկայացրել. պարզաբանում


Քաղաքականություն


Պաշտպան Արամ Վարդևանյանը լրագրողների հետ զրույցում պնդում է կատարել, որ Սամվել Կարապետյանի վերաբերյալ վարույթի քննության որոշակի փուլում Քննչական կոմիտեի նախագահի տեղակալը, որին մակագրված է եղել նշված վարույթը, հրաժարական է տվել:

Այդ կապակությամբ ՔԿ խոսնակ Կիմա Ավդալյանը պարզաբանում է, որ քրեական վարույթի նախաքննության ընթացքում Քննչական կոմիտեի նախագահի որևէ տեղակալ հրաժարական չի ներկայացրել:

«Պաշտպանը հարցազրույցի ընթացքում պնդել է նաև, որ իրենք վարույթի քննության 4-րդ ամսում միջնորդել են մաս անջատել և ուղարկել դատարան, սակայն Քննչական կոմիտեն պարզաբանել է, որ նման գործիքակազմ չկա:

Ասվածի կապակցությամբ հարկ է նշել, որ վարույթի սկզբնական փուլում վերջիններս միջնորդել են քրեական վարույթից անջատել «կոչի» դրվագը և այն ուղարկել դատարան, սակայն նման իրավական հնարավորություն Քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված չէ՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ Սամվել Կարապետյանի նկատմամբ քրեական հետապնդում է իրականացվել ոչ միայն այդ, այլ նաև փողերի լվացման, խարդախության, հարկեր վճարելուց խուսափելը կազմակերպելու դրվագներով: Այսինքն՝ առկա չէ իրավական ընթացակարգ, որը թույլ կտար միևնույն անձի նկատմամբ իրականացվող քրեական հետապնդումը տրոհել մասերի և մի մասով շարունակել նախաքննությունը, իսկ մյուս մասով ուղարկել դատարան:

Պաշտպանի մյուս հայտարարության հետ կապված, թե ի վերջո վարույթից մաս է անջատվել, պետք է նշել, որ այս դեպքում խոսքը Սամվել Կարապետյանի նկատմամբ իրականացվող քրեական հետապնդման ամբողջ ծավալով նոր վարույթ անջատելու, այլ ոչ թե մեղադրանքը տրոհելու մասին է:

Հետևաբար՝ պաշտպանի հայտարարությունները հիմնազուրկ են և չփաստարկված»,- գրել է նա: 



ՀՀ ԱԺ ընտրություններին մասնակցել ցանկացող կուսակցությունները և դաշինքները հյուրընկալվել են ԿԸՀ-ում


Քաղաքականություն


ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովն այսօր՝ ապրիլի 14-ին, հյուրընկալել է ԱԺ ընտրություններին մասնակցելու համար օգտահաշիվ ստանալու հայտ ներկայացրած և նման մտադրություն ունեցող բոլոր կուսակցություններին/դաշինքներին։

ԿԳՀ-ից հայտնում են, որ մասնակիցներին ողջունել է ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանը և հայտնել, որ նման նախաձեռնության նպատակը ընտրություններին մասնակցել ցանկացող կուսակցություններին/դաշինքներին ԿԸՀ ներդրած թվային նոր գործիքակազմերը ներկայացնելն է։

Ընտրություններին մասնակցել ցանկացող կուսակցությունները, դաշինքները մինչ ապրիլի 23-ը պետք է էլեկտրոնային եղանակով դիմեն հանձնաժողովին, որպեսզի ստանան օգտահաշիվ։ Այն հնարավորություն է ընձեռում քաղաքական ուժին իր անհատական օգտահաշվում ներբեռնել ընտրողների ցուցակները, նախընտրական ծրագիրը, կուսակցության և թեկնածուների գույքի և եկամուտների հայտարարագրերը և այլ տեղեկատվություն։

ԿԸՀ Տեղեկատվական տեխնոլոգիաների և տեղեկատվության վերլուծության վարչության պետ Ելենա Այվազյանը ներկայացրել է օգտահաշվի տեխնիկական հնարավորությունները։ ԿԸՀ Վերահսկիչ վերստուգիչ ծառայության ղեկավար Տիգրան Բաբիկյանը իրազեկել է հրավիրյալներին, որ կուսակցության/դաշինքի, ինչպես նաև թեկնածուների գույքի և եկամուտների հայտարարագիր չներկայացնելու պարագայում, օրենսդրական փոփոխությունների հետևանքով, սահմանվել է վարչական պատասխանատվություն։

ԿԸՀ քարտուղար Արմեն Սմբատյանը տեղեկացրել է, որ ԿԸՀ-ն մտադիր է ընտրությունների մասնակից քաղաքական ուժերի վստահված անձանց դասընթացավարների համար դասընթաց իրականացնել։

Հանդիպմանը մասնակցել է նաև ԿԸՀ նախագահի տեղակալ Նունե Հովհաննիսյանը, ով պատասխանել է ներկաների՝ օրենսդրությանն առնչվող հարցերին։



Ռեալը հրաժեշտ կտա թիմի չորրորդ ռմբարկուին


Սպորտ


Մադրիդի «Ռեալի» իսպանացի հարձակվող Գոնսալո Գարսիան մոտ է ակումբը լքելուն: Այս մասին հայտնում է The Athletic-ը։ Սպասվում է, որ 22-ամյա ֆուտբոլիստը կվաճառվի արդեն առաջիկա ամռանը, քանի որ այլևս չի մտնում մադրիդյան թիմի ղեկավարության ծրագրերի մեջ:

«Արքայական» ակումբում վստահ են, որ իրենց սանը կզրկվի կանոնավոր խաղային պրակտիկայից բրազիլացի հարձակվող Էնդրիկի վերադարձից հետո, որն այժմ վարձավճարով հանդես է գալիս ֆրանսիական «Լիոնում»: Մրցակցության մեծացման ֆոնին ակումբը նպատակահարմար է գտնում վաճառել երիտասարդ ֆուտբոլիստի տրանսֆերը:

Չնայած սպասվող հեռացմանը՝ Գարսիան ընթացիկ մրցաշրջանում դրական արդյունքներ է գրանցել: Անցկացրած 33 հանդիպումներում նա դարձել է 6 գոլի և 2 արդյունավետ փոխանցման հեղինակ:

Այս ցուցանիշով երիտասարդ հարձակվողը Մադրիդի «Ռեալի» չորրորդ լավագույն ռմբարկուն է ընթացիկ մրցաշրջանում՝ զիջելով միայն ակումբի գլխավոր աստղերին.

  1. Կիլիան Մբապե (39 գոլ)
  2. Վինիսիուս Ժունիոր (17 գոլ)
  3. Ֆեդերիկո Վալվերդե (9 գոլ)

Ներկայումս ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը գնահատվում է մոտ 30 միլիոն եվրո: Ավելի վաղ Գարսիայի ծառայություններով ակտիվորեն հետաքրքրվում էին Անգլիայի Պրեմիեր լիգան և Գերմանիայի Բունդեսլիգան ներկայացնող ակումբները, ինչը հուշում է, որ իսպանացին ամռանը նոր թիմ գտնելու խնդիր չի ունենա:




Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում ապրիլի 13-ից 14-ը

Բացահայտվել է 134 հանցագործություն, որոնցից 3-ը՝ նախկինում կատարված:
Մասնավորապես՝56 դեպք՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող ան