Միացյալ Նահանգները և Իրանը համաձայնության են եկել երկշաբաթյա հրադադարի շուրջ


Քաղաքականություն


Իրանի  Ազգային անվտանգության գերագույն խորհուրդը դրական է արձագանքել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից հրադադարի մասին հայտարարությանը՝ ընդգծելով, որ ԱՄՆ-ն ընդունել է Թեհրանի 10֊ կետանոց առաջարկը։ ԱՄՆ-ն, ըստ Իրանի Անվտանգության խորհրդի, համաձայնել է Հորմուզի նեղուցի վերահսկողությունը թողնել Թեհրանին, վճարել փոխհատուցում, վերացնել պատժամիջոցները, թույլատրել ուրանի հարստացումը շարունակել և դուրս բերել զորքերը Մերձավոր Արևելքից։

 

ԱՄՆ-ի հետ բանակցությունները կսկսվեն ուրբաթ՝ ապրիլի 10-ին, Պակիստանի մայրաքաղաք Իսլամաբադում: Թեհրանը երկու շաբաթ է հատկացրել բանակցային ողջ գործընթացի համար, որի ընթացքում կհաստատվի հրադադար: Անվտանգության խորհուրդն ընդգծել է, որ ԱՄՆ-ի հետ բանակցությունները չեն նշանակում ԱՄՆ-ի հետ պատերազմի ավարտ: 

 

Կառույցը նաև սպառնացել է արձագանքել ամբողջ ուժով, եթե ԱՄՆ-ն հրադադարի ընթացքում թույլ տա «ամենափոքր սխալը»։ «Մի ամբողջ քաղաքակրթություն կոչնչանա այսօր գիշեր, և  երբեք չի վերականգնվի։ Ես չեմ ուզում, որ դա տեղի ունենա, բայց հավանաբար տեղի կունենա», – ավելի վաղ գրել էր Թրամփը Truth Social-ում։ Թեհրանն իր հերթին հայտարարել էր, որ վճռականորեն կպատասխանի, եթե Վաշինգտոնը կատարի իր սպառնալիքները։

 

Միացյալ Նահանգները և Իրանը համաձայնության են եկել երկշաբաթյա հրադադարի շուրջ։ Այդ մասին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է Truth Social սոցիալական ցանցում։

 

ԱՄՆ վերջնագրից հետո Հռոմի պապ Լևոն XIV-ն անընդունելի էր համարել Իրանի ամբողջ ժողովրդին ուղղված սպառնալիքները։

 

Պակիստանի վարչապետ Շեհբազ Շարիֆը դիմել է Միացյալ Նահանգներին և Իրանին՝ հակամարտության դիվանագիտական ​​կարգավորման հույսով։

 

Նա ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին խնդրել էր  երկու շաբաթով երկարաձգել Իրանին տրված վերջնագիրը։



Աննա Վարդապետյանը Շանհայում հանդիպել է Դատախազների միջազգային ասոցիացիայի գլխավոր քարտուղար Ռոյլ Դոնայի հետ


Աշխարհ


Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Շանհայ քաղաքում այսօր հանդիպել է Դատախազների միջազգային ասոցիացիայի գլխավոր քարտուղար Ռոյլ Դոնային: Այս մասին հայտնում է Դատախազությունը։

 

Հիշեցնենք, որ Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը Շանհայում մասնակցում է Դատախազների միջազգային ասոցիացիայի (ԴՄԱ) Գործադիր կոմիտեի 61-րդ նիստին՝ որպես ԴՄԱ գործադիր կոմիտեի անդամ:

 

Հանդիպման ընթացքում քննարկվել են երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցեր, որոնք հիմնականում վերաբերել են Ասոցիացիայի շրջանակում համագործակցության հեռանկարներին:



Սիսիան-Երևան ճանապարհին ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, ընկել ձորը․ կան տուժածներ


Ավտո


Ապրիլի 12-ին՝ ժամը 23:28-ին, Սյունիքի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սիսիան-Երևան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Այս մասին հայտնում է ՆԳՆ փրկարար ծառայությունը։

 

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Սիսիան-Երևան ավտոճանապարհի 30-րդ կմ-ին «BYD» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվել հարակից ձորում։

 

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և երկու տուժածի մոտեցրել շտապօգնության մեքենային․ վերջիններս, և ևս երկու տուժած հոսպիտալացվել են։



Ինչ է երեխաների կրթավճարների կուտակային ներդրումային համակարգը


Տեսանյութեր


ԱՍՀ նախարար Արսեն Թորոսյանը սոցցանցի իր էջում տեսանյութ է հրապարակել՝ խոսելով ՔՊ նախընտրական ծրագրի ևս մեկ նախաձեռնության մասին։ Խոսքը վերաբերում է երեխաների կրթավճարների կուտակային ներդրումային համակարգին։

«Պետությունները, որոնք վստահ են իրենց հարատևության  վրա, և քաղաքացիները, որոնք վստահ են իրենց պետության հարատևության վրա, ունենում են նման համակարգեր։ Դու կարող ես գումար կուտակել ապագայում կարևոր ծախսերի համար, խոսքն այս դեպքում երեխայի կրթության կրթավճարներին է վերաբերում»,- մանրամասնել է Թորոսյանը։



Հունգարիայի խորհրդարանի ընտրությունում հաղթել է ընդդիմությունը․ Օրբանը շնորհավորել է «Տիսա»-ին


Քաղաքականություն


Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը շնորհավորել է ընդդիմադիր «Տիսա» կուսակցության առաջնորդ Պետեր Մադյարին խորհրդարանի ընտրությունում տարած հաղթանակի կապակցությամբ՝ նախքան ձայների հաշվարկի ավարտը։

«Վարչապետ Վիկտոր Օրբանը հեռախոսով շնորհավորեց մեզ մեր հաղթանակի կապակցությամբ», – գրել է Մադյարը Ֆեյսբուքում։

Հունգարիայի Ազգային ընտրական բյուրոյի վերջին տվյալների համաձայն՝ հաշվարկված քվեների 53.45% արդյունքով «Տիսա»-ն հաղթել է խորհրդարանի ընտրությունում՝ ստանալով 138 մանդատ և սահմանադրական մեծամասնություն:

Օրբանի գլխավորած իշխող «Ֆիդես» կուսակցությունը ստացել է 54, իսկ «Մեր երկիրը» կուսակցությունը՝ 7 մանդատ։

«Տիսա» կուսակցությանը շնորհավորել են նաև Ֆրանսիայի և Գերմանիայի նախագահները, Եվրահանձնաժողովի ղեկավարը:



Մենք տեսնում ենք ձեզ, տեսնում ենք ձեր գործունեությունը մեր մալուխների և խողովակաշարերի շուրջ


Քաղաքականություն


Մեծ Բրիտանիայի կառավարությունը Ռուսաստանին մեղադրել է բրիտանական ստորջրյա մալուխների և խողովակաշարերի դեմ «գաղտնի գործողություն» իրականացնելու փորձի համար։ Այդ մասին հայտարարել է պաշտպանության նախարար Ջոն Հիլին՝ Լոնդոնում կայացած մամուլի ասուլիսում։

Ռուսաստանը, «Մերձավոր Արևելքում տեղի ունեցող իրադարձությունների քողի տակ», Մեծ Բրիտանիայի ափ և հարակից ջրեր է ուղարկել երեք սուզանավ՝ «չարամիտ գործունեություն» իրականացնելու նպատակով, հաղորդում է DW-ն։

Պարբերականը տեղեկացնում է, որ Մեծ Բրիտանիան ՆԱՏՕ-ի դաշնակիցների, այդ թվում՝ Նորվեգիայի հետ, Հյուսիսային Ատլանտյան օվկիանոսի միջազգային ջրերում հայտնաբերել է ռուսական երեք սուզանավ և դրանց նկատմամբ իրականացրել 24-ժամյա հսկողություն: Հասկանալով, որ հսկողության տակ են և իրենց «չարամիտ գործունեությունն» այլևս գաղտնիք չէ, ռուսական սուզանավերը հեռացել են տարածքից:

Դիմելով Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին՝ Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարը հայտարարել է. «Մենք տեսնում ենք ձեզ, տեսնում ենք ձեր գործունեությունը մեր մալուխների և խողովակաշարերի շուրջ։ Դուք պետք է իմանաք, որ վնաս հասցնելու ցանկացած փորձ անպատիժ չի մնա և կհանգեցնի լուրջ հետևանքների»։

Ռուսաստանը հերքել է ռուսական սուզանավերի սպառնալիքի մասին Մեծ Բրիտանիայի մեղադրանքները: ՌԴ դեսպանատունը հայտարարել է, որ Մոսկվան «չի սպառնում Թագավորության ստորջրյա ենթակառուցվածքին» և «այդ հարցում ագրեսիվ հռետորաբանություն չի օգտագործում»,- հաղորդում Է ՏԱՍՍ գործակալությունը:



Շենգավիթի համայնքային ոստիկանները բացահայտել են «հուշանվեր» թղթադրամներով խարդախության դեպքեր


Հայաստան


Ապրիլի 6-ին՝ ժամը 23․23-ին, առաքիչ աշխատող օտարերկրյա մի քաղաքացի Համայնքային ոստիկանության Շենգավիթի բաժնում տվեց հաղորդում, որ նույն օրը պատվեր ստանալով՝ սուպերմարկետից 33 578 դրամի ծխախոտ և տարբեր տեսակի սննդամթերք է առաքել Եղբարության փողոց, որտեղ մոտեցել են երկու տղաներ։ Նրանցից մեկը վերցրել է պատվերը և տվել 20 հազար դրամանոց ու հեռացել։ Առաքիչը նկատել է, որ դրամի վրա առկա է «հուշանվեր» գրառումը և այն վերադարձրել է մյուս տղային, որը, սակայն, առանց պատվերի գումարը վճարելու նույնպես հեռացել է։

Եվս մի օտարերկրացի էլ հայտնել էր, որ ապրիլի 7-ին՝ գիշերվա ժամը 2․37-ին, պատվեր ստանալով՝ 33․295 դրամի քաղցրավենիք է առաքել Թադևոսյան փողոց, որտեղ մոտեցել է մի անձ և պատվերի համար տվել երկու հատ 20 հազարանոց՝ կրկին «հուշանվեր» գրառմամբ։
Ապրիլի 7-ին՝ ժամը 17-ին, Շենգավիթի բաժնում ստացվել է հաղորդում, որ ժամը 16․34-ի սահմաններում ժամացույցի առաքման պատվերով օտարերկրյա առաքիչը մոտեցել է Եղիշե Թադևոսյան փողոց, որտեղ ապրանքի դիմաց անծանոթ տղամարդն իրեն վճարել է «հուշանվեր» գրառմամբ երկու հատ քսանհազարանոց։ Այս դեպքում առաքիչն ուշ էր նկատել կեղծիքը, վերադարձրել էր յոթ հազար դրամ մանրը և հեռացել։
Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում իրականացվեցին օպերատիվ-հետախուզական միջոցառումներ։

Շենգավիթի համայնքային ոստիկանների վարկածն այն էր, որ երեք դեպքում էլ «հուշանվեր» թղթադրամներով խարդախությունները կատարել է նույն անձը, և վարկածը հաստատվեց։
Պարզվեց, որ խարդախություններն իրականացրել է Մանթաշյան փողոցի բնակիչ 37-ամյա մի տղամարդ։

Ապրիլի 8-ի առավոտյան ժամը 8-ին Մանթաշյան փողոցում նա ձերբակալվեց ու տեղափոխվեց բաժին, որտեղ խոստովանեց արարքները։
Նրա խուզարկությամբ, ի թիվս այլ թղթադրամների, հայտնաբերվեց նաև «հուշանվեր» գրառմամբ երկու քսանհազարանոց։

Տղամարդը ներկայացվել է նախաքննական մարմին։ Հանգամանքները պարզվում են։

Ծանուցում. Հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։



ԵՄ-ն ավելացնում է ռուսական հեղուկացված բնական գազի ներմուծումը Իրանի պատերազմի ֆոնին. FT


Աշխարհ


Եվրամիությունը Մերձավոր Արևելքում էներգետիկ ճգնաժամի ֆոնին ավելացրել է ռուսական հեղուկացված բնական գազի (ՀԲԳ) ներմուծումը: Այս մասին հայտնում է Financial Times-ը: Նրա տվյալներով՝ 2026 թվականի առաջին եռամսյակում ռուսական «Յամալ ՀԲԳ» նախագծից ԵՄ երկրներ մատակարարումներն աճել են 17 տոկոսով՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ և հասել 5 մլն տոննայի, որից 1,8 մլն տոննան ներկրվել է մարտին։

Ռուսաստանից գազի ներկրման աճը գրանցվել է Կատարից հեղուկացված բնական գազի մատակարարումների կրճատման ֆոնին՝ տեղական էներգետիկ ենթակառուցվածքներին Իրանի հարվածներից և Հորմուզի նեղուցի փակումից հետո, գրում է Financial Times-ը:

Պարբերականը, սակայն, նշում է, որ չնայած ստեղծված իրավիճակին, Բրյուսելը ​​մտադրություն չունի վերանայել Ռուսաստանից հեղուկացված բնական գազի մատակարարման համար նախատեսված արգելքը, որը կսկսի գործել 2027 թվականի հունվարից։



ԵՄ-ն ավելացնում է ռուսական հեղուկացված բնական գազի ներմուծումը Իրանի պատերազմի ֆոնին. FT


Աշխարհ


Եվրամիությունը Մերձավոր Արևելքում էներգետիկ ճգնաժամի ֆոնին ավելացրել է ռուսական հեղուկացված բնական գազի (ՀԲԳ) ներմուծումը: Այս մասին հայտնում է Financial Times-ը: Նրա տվյալներով՝ 2026 թվականի առաջին եռամսյակում ռուսական «Յամալ ՀԲԳ» նախագծից ԵՄ երկրներ մատակարարումներն աճել են 17 տոկոսով՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ և հասել 5 մլն տոննայի, որից 1,8 մլն տոննան ներկրվել է մարտին։

Ռուսաստանից գազի ներկրման աճը գրանցվել է Կատարից հեղուկացված բնական գազի մատակարարումների կրճատման ֆոնին՝ տեղական էներգետիկ ենթակառուցվածքներին Իրանի հարվածներից և Հորմուզի նեղուցի փակումից հետո, գրում է Financial Times-ը:

Պարբերականը, սակայն, նշում է, որ չնայած ստեղծված իրավիճակին, Բրյուսելը ​​մտադրություն չունի վերանայել Ռուսաստանից հեղուկացված բնական գազի մատակարարման համար նախատեսված արգելքը, որը կսկսի գործել 2027 թվականի հունվարից։



Գաբալայում մեկնարկել է «Խաղաղության կամուրջ» նախաձեռնության հայ-ադրբեջանական կլոր սեղան-քննարկումը

Գաբալայում մեկնարկել է «Խաղաղության կամուրջ» նախաձեռնության հերթական հայ-ադրբեջանական կլոր սեղան-քննարկումը։ Այս մասին տեղեկացնում է «Հայկական խորհրդի» նախագահ Արեգ Քոչինյանը:

 

Քննարկման առանցքում են խաղաղության գործընթացի ներկա վիճակը, «Խաղաղության կամուրջ» նախաձեռնության մասնակիցների կողմից իրենց երկրներում իրականացված գործողությունները և դրանց արդյունքները, ինչպես նաև տարածաշրջանում տիրող իրավիճակը։

 

Քննարկումները կշարունակվեն մինչև ապրիլի 12-ը։