Հանդիպում Բելգիայի առևտրի պալատի գործարարների հետ


Բիզնես


Հոկտեմբերի 7-ին ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարի տեղակալ Վահան Կոստանյանն ընդունել է Հայաստան-Բելգիա առևտրի պալատի գործարարների խմբին։ 

Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստան-Բելգիա առևտրատնտեսական համագործակցության զարգացման, գործարար կապերի ակտիվացման հեռանկարները։ Անդրադարձ է կատարվել ՏՏ, առողջապահության, ենթակառուցվածքների և մի շարք այլ ոլորտներում համագործակցության ընդլայնմանը:

Վահան Կոստանյանը ներկայացրել է Հայաստանի տնտեսության զարգացման արդի միտումները և արտահանման շուկաների դիվերսիֆիկացման ուղղությամբ իրականացվող քայլերը։ Անդրադարձ է կատարել նաև Հայաստանի ներդրումային միջավայրին և տարածաշրջանում հաստատված խաղաղության պայմաններում կապակցվածության ընդլայնմամբ ստեղծված նոր տնտեսական հնարավորություններին։



Հայաստանը կարևորում է Վրաստանի մասնակցությունը Ֆրանկոֆոնիայի խաղերին


Հարեվաններ


ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը Թբիլիսիում հանդիպել է Վրաստանի սպորտի նախարար Շալվա Գոգոլաձեի հետ։

Կողմերը քննարկել են սպորտի ոլորտում Հայաստանի և Վրաստանի միջև համագործակցության շարունակականությունն ու փոխգործակցության ընդլայնման հնարավորությունները՝ մասնավորապես համատեղ մարզական հավաքների, ինչպես նաև տարածաշրջանային և միջազգային խոշոր մարզական միջոցառումների կազմակերպման ուղղությամբ։

Շալվա Գոգոլաձեն նշել է, որ Հայաստանից հրավեր է ստացել մասնակցելու 2027 թ. կայանալիք Ֆրանկոֆոնիայի 10-րդ միջազգային մարզամշակութային խաղերին և պատրաստակամություն է հայտնել քննարկելու Վրաստանի մասնակցության հետ կապված հարցերը։ 

Ժաննա Անդրեասյանն ընդգծել է, որ Հայաստանը կարևորում է Վրաստանի մասնակցությունը Ֆրանկոֆոնիայի խաղերին՝ նշելով, որ նմանօրինակ միջոցառումները կարևոր հարթակ են ինչպես մարզական համագործակցության զարգացման, այնպես էլ երկու երկրների երիտասարդների միջև կապերի ամրապնդման և բարեկամական հարաբերությունների ընդլայնման համար։

Կողմերը կարևորել են նաև Ֆուտբոլի մինչև 20 տարեկանների 2029 թվականի աշխարհի առաջնության համատեղ հյուրընկալումը՝ ընդգծելով, որ այն Հայաստանի և Վրաստանի համար ոչ միայն խոշոր մարզական իրադարձություն է, այլև համագործակցության խթանման, փորձի փոխանակման և տարածաշրջանային գործընկերության ամրապնդման կարևոր հնարավորություն։

Հանդիպման ավարտին նախարարները հանդես են եկել համատեղ մամուլի ասուլիսով:



ՌԴ Իրկուտսկի մարզից ՀՀ ժանտախտի ներբերման և տարածման կանխարգելման միջոցառումների համաձայնեցման հանձնաժողով կստեղծվի


ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել Ռուսաստանի Դաշնության Իրկուտսկի մարզից Հայաստանի Հանրապետություն ժանտախտի ներբերման և տարածման կանխարգելման միջոցառումների միջգերատեսչական համաձայնեցման հանձնաժողով ստեղծելու, դրա կազմը և գործունեության կարգը հաստատելու մասին։

«Ղեկավարվելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ և 16-րդ մասերով՝

1. Ռուսաստանի Դաշնության Իրկուտսկի մարզից Հայաստանի Հանրապետություն ժանտախտի ներբերման և տարածման կանխարգելման միջոցառումների միջգերատեսչական համաձայնեցման նպատակով ստեղծել հանձնաժողով (այսուհետ՝ հանձնաժողով)՝ որպես խորհրդակցական մարմին։

2. Հաստատել՝

1) հանձնաժողովի կազմը՝ համաձայն N 1 հավելվածի.

2) հանձնաժողովի գործունեության կարգը՝ համաձայն N 2 հավելվածի։

3. Հանձնաժողովի նախագահին՝ ապահովել հանձնաժողովի աշխատանքների կազմակերպումը, իսկ միջգերատեսչական համաձայնեցում պահանջող հարցերի վերաբերյալ անհրաժեշտ առաջարկություններն անհապաղ ներկայացնել Հայաստանի Հանրապետության վարչապետին։

4. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարին՝

1) ապահովել հանձնաժողովի կազմակերպատեխնիկական սպասարկումը՝ «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության մասնակցությամբ, և սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո հինգ աշխատանքային օրվա ընթացքում նշանակել հանձնաժողովի քարտուղարին.

2) իր իրավասությունների և նշված կազմակերպության կանոնադրությամբ նախատեսված գործառույթների շրջանակում ապահովել հանձնաժողովին մասնագիտական տեղեկատվության, ռիսկի գնահատումների և արձագանքման առաջարկությունների ներկայացումը։

5. Հանձնաժողովում ներկայացված մարմինների և կազմակերպության ղեկավարներին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո հինգ աշխատանքային օրվա ընթացքում Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարին ներկայացնել հանձնաժողովում իրենց մարմինը ներկայացնող պաշտոնատար անձի, օպերատիվ տեղեկատվության փոխանակման պատասխանատու անձի և նրան փոխարինող անձի տվյալները, պաշտոնական կապի միջոցները, իսկ դրանց փոփոխության դեպքում՝ անհապաղ թարմացնել այդ տեղեկատվությունը։

6. Հանձնաժողովի նախագահին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո տասը աշխատանքային օրվա ընթացքում գումարել հանձնաժողովի առաջին նիստը՝ Ռուսաստանի Դաշնության Իրկուտսկի մարզից Հայաստանի Հանրապետություն ժանտախտի ներբերման և տարածման ռիսկի գնահատման, կանխարգելման միջոցառումների համաձայնեցման և առկա պատրաստվածության վիճակի քննարկման նպատակով։

Մինչ այդ N 2 հավելվածով նախատեսված հրատապ արձագանքման հիմքեր առաջանալու դեպքում գործել այդ հավելվածով սահմանված կարգով։

7. Հանձնաժողովի առաջարկությունների իրականացման համար անհրաժեշտ իրավական ակտերն ընդունվում, իսկ միջոցառումներն իրականացվում են իրավասու մարմինների կողմից՝ օրենքով նախատեսված հիմքերով և կարգով»,- նշված է որոշման մեջ։


Առաջարկվում է տարկետում ստացած քաղաքացիների համար սահմանել զորակոչի ենթակա լինելու 32 տարեկան շեմը


Հայաստան


Կառավարությունը հավանություն է տվել ««Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծին։

Նախագծերի ընդունմամբ օրենքի 22-րդ հոդվածի 8-րդ մասի հիման վրա պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում ստացած քաղաքացիների համար կսահմանվի զորակոչի ենթակա լինելու 32 տարեկան շեմը, որը հնարավորություն կտա տարկետման իրավունք ունեցող քաղաքացիներին անխոչընդոտ կազմակերպել իրենց ուսումնառությունը, և օգտվել «ուսումն ավարտելուց հետո առնվազն երեք տարի Կառավարության սահմանած ոլորտում ՀՀ-ում աշխատելու համար» տարկետման հիմքից:

Նախագծով առաջարկվում է զորակոչի ենթակա լինելու տարիքային շեմ սահմանել 32 տարեկանը, նկատի ունենալով այն հանգամանքը, որ ասպիրանտական կրթական ծրագրով քաղաքացիները ուսումնառությունը ավարտում են հիմնականում 27 կամ 28 տարեկանում և Կառավարության համապատասխան որոշմամբ սահմանված տարկետման հիմքից օգտվելու համար անհրաժեշտ է, որպեսի քաղաքացին զորակոչի ենթակա լինի նվազագույնը ևս երեք տարի:



Շրջայց Թումո լաբերում | Top-News.am


Գիտություն


ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Քրիստինա Թաթարյանն այցելել է «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի Թումո լաբեր՝ ծանոթանալու գործունեությանն ու իրականացվող ծրագրերին:

Թումո լաբերի ղեկավար Բելլա Վասիլյանի ուղեկցությամբ նախարարի տեղակալը շրջայց է կատարել շենքում. ծանոթացել գործող ծրագրերի պատմությանն ու ընթացքին։ Մասնավորապես՝ անդրադարձ է եղել կրթության էկոհամակարգում Թումո լաբերի դերին, ուսումն ավարտող ուսանողների հաջողություններին աշխատաշուկայում ու  ուսուցման ոլորտում։

Ներկայացվել են Թումո լաբերում գործող բոլոր ծրագրերն ու նախագծերը՝ ընդգծելով, որ 2020 թվականից հետո կենտրոնն ունեցել է ավելի քան 14000 դիմորդ։

Իրականացվել է ավելի քան 50 նախագիծ տեղական և միջազգային ընկերությունների հետ՝ ձևավորելով գիտելիքի փոխանցման և տեխնոլոգիական արտադրանքի զարգացման գործուն միջավայր։




Մանչեսթեր Սիթին կազմի ընդհանուր արժեքով հավասարվել է Մադրիդի Ռեալին


Սպորտ


Transfermarkt հեղինակավոր պորտալը թարմացրել է Անգլիայի Պրեմիեր լիգայում հանդես եկող մի շարք ֆուտբոլիստների տրանսֆերային արժեքները, ինչից հետո Մանչեսթեր Սիթին կազմի ընդհանուր արժեքով հավասարվել է Մադրիդի Ռեալին:

Այժմ թե՛ «քաղաքայինների», թե՛ «սերուցքայինների» կազմերը գնահատվում են հավասար՝ 1,5 միլիարդ եվրո, և այս ակումբները կիսում են ցանկի առաջին հորիզոնականը:


Երրորդ տեղը զբաղեցնում է Լոնդոնի «Արսենալը», որի կազմը գնահատվում է 1,38 միլիարդ եվրո: Ամենաթանկարժեք ակումբների լավագույն հնգյակում տեղ են գտել նաև ՊՍԺ-ն (1,36 միլիարդ եվրո) և կատալոնական «Բարսելոնան» (1,3 միլիարդ եվրո):


Աշխարհի լավագույն տասնյակում ընդգրկվել են նաև Լոնդոնի «Չելսին» (1,15 միլիարդ եվրո), «Լիվերպուլը» (1,09 միլիարդ եվրո), Մյունխենի «Բավարիան» (1,04 միլիարդ եվրո), ինչպես նաև «Մանչեսթեր Յունայթեդը» (928,8 միլիոն եվրո) և Լոնդոնի «Տոտենհեմը» (836 միլիոն եվրո):

armsport.am




ԱՀԿ-ն չի հաստատել ՌԴ-ում ժանտախտի նոր դեպքերի առկայությունը


Հարեվաններ


Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) չի հաստատում ՌԴ Իրկուտսկի մարզում թոքային ժանտախտով հիվանդացության նոր դեպքերի վերաբերյալ տեղեկատվության առկայությունը, հայտնել են Ռոսպոտրեբնադզորում:

Գերատեսչությունում ավելացրել են, որ Իրկուտսկի մարզում բոլոր կոնտակտավորների նկատմամբ բժշկական հսկողությունն ավարտված է, ինֆեկցիոն պաթոլոգիայի հետ կապված առողջական խանգարումներ չկան:

Ռոսպոտրեբնադզորը հերքել է նաև Իրկուտսկում հիվանդության երկրորդ դեպքի վերաբերյալ տեղեկությունը՝ նշելով, որ այն չի համապատասխանում իրականությանը։ Նշվում է, որ Իրկուտսկի մարզում, ինչպես նաև Իրկուտսկ և Շելեխով քաղաքներում սանիտարահամաճարակային իրավիճակը հանգիստ է։



ՊԵԿ-ը ներկայացրել է էլեկտրամոբիլների ներմուծման արտոնության քվոտայի մնացորդը


Ավտո


ՀՀ պետական եկամուտների կոմիտեն ներկայացնում է ԱՏԳ ԱԱ 8703 80 000 3 և 8703 80 000 5 ծածկագրերին դասվող էլեկտրաշարժիչով շարժիչային տրանսպորտային միջոցների զրո տոկոս ներմուծման մաքսատուրքի դրույքաչափի կիրառման պայմանով սակագնային արտոնության քվոտայի մնացորդը` 2026թ. հոկտեմբերի 7-ը ներառյալ.

  • դիլեր-դիստրիբյուտոր հանդիսացող սուբյեկտների քվոտայի մնացորդը` 872 հատ կամ օգտագործվել է 75%-ը,

  • դիլեր-դիստրիբյուտոր չհանդիսացող սուբյեկտների քվոտայի մնացորդը` 386 հատ կամ օգտագործվել է 98%-ը։



Արհեստական բանականություն և խորը տեխնոլոգիաներ․ հետազոտությունից մինչև լայնածավալ նորարարություն


Գիտություն


ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության և արհեստական բանականության նախարար Դավիթ Թադևոսյանը հոկտեմբերի 6-ին մասնակցել է «Հայաստան–Միացյալ Թագավորություն բիզնես համաժողով 2026»-ի շրջանակում անցկացված «Արհեստական բանականություն և խորը տեխնոլոգիաներ․ հետազոտությունից մինչև լայնածավալ նորարարություն» խորագրով պանելային քննարկմանը։

Նախարարն ընդգծել է, որ համաշխարհային տեխնոլոգիական մրցակցության մեջ Հայաստանի հաջողության գրավականը ոչ թե բոլոր ուղղություններով միաժամանակ զարգանալն է, այլ այն ոլորտների նպատակային ընտրությունը, որտեղ երկիրն ունի միջազգային մակարդակով մրցունակ արդյունքներ ապահովելու ներուժ։

Որպես Հայաստանի համար հեռանկարային ուղղություններ՝ Դավիթ Թադևոսյանն առանձնացրել է համակարգչային տեսողությունն ու ընկալումը (Computer Vision & Perception), ինչպես նաև ֆիզիկական արհեստական բանականությունը (Physical AI)՝ կարևորելով գիտական հետազոտությունների, ինժեներական կարողությունների և տեխնոլոգիական ձեռներեցության փոխկապակցված զարգացումը։

Անդրադառնալով պետական քաղաքականության գործնական քայլերին՝ նախարարը նշել է, որ պետությունը Firebird AI ընկերությունից ձեռք է բերել 25 միլիոն ԱՄՆ դոլարի հաշվարկային ռեսուրսներ։ Դրանք նախատեսվում է օգտագործել պետական կառավարման համակարգում արհեստական բանականության կիրառման, հայկական տեխնոլոգիական ընկերությունների հաշվարկային ծախսերի սուբսիդավորման և գիտահետազոտական թիմերին անհրաժեշտ հզորությունների հասանելիության ապահովման նպատակով։

Խոսելով միջազգային համագործակցության և Հայաստանի երկարաժամկետ հավակնությունների մասին՝ Դավիթ Թադևոսյանն ընդգծել է, որ առաջիկա հինգ տարիների նպատակներից է «Researched in Armenia» գաղափարը միջազգային տեխնոլոգիական համայնքում բարձրորակ և հուսալի գիտահետազոտական ու ինժեներական աշխատանքի հետ նույնականացնելը։

Այդ նպատակին հասնելու համար պետությունը կարևորում է հետազոտական ենթակառուցվածքների զարգացումը, գիտության և բիզնեսի համագործակցությունը, վարչարարական խոչընդոտների նվազեցումը և միջազգային ներդրումների համար բարենպաստ միջավայրի ձևավորումը։



Կարևորվել է Կատարի և Հայաստանի Հանրապետության միջև օդային կապերի ընդլայնումը


Բիզնես


Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանն ընդունել է Հայաստանում Կատարի Պետության դեսպան Մանսուր Աբդուլլա Սաադ Ալ-Սուլայթինին։

Զրուցակիցները քննարկել են երկու երկրների միջև տրանսպորտային համագործակցության ընդլայնման հնարավորությունները, այդ թվում՝ ավտոմոբիլային տրանսպորտով ուղևորների և բեռների միջազգային փոխադրումների մասին համաձայնագրի ստորագրման գործընթացը և օդային հաղորդակցության ոլորտում համագործակցության զարգացումը։

Նախարարը կարևորել է երկկողմ օդային կապերի ընդլայնումը։

Քննարկվել է նաև Կատարի փորձը ջրային ռեսուրսների կառավարման և ենթակառուցվածքների զարգացման ոլորտում։

Անդրադարձ է կատարվել նաև վերականգնվող էներգետիկայի ոլորտում համագործակցության հնարավորություններին։