Քննչական կոմիտեն 44-օրյա պատերազմի զոհերի թիվ է հրապարակել

ՀՀ քննչական կոմիտեն հարկ է համարում տեղեկացնել, որ 2020 թվականի 44-օրյա պատերազմի հետևանքով զոհվել է 3833 անձ, որոնցից 3755-ը՝ զինծառայողներ, 78-ը՝ քաղաքացիական անձինք:

Այս մասին պարզաբանել են Քննչական կոմիտեից:

Անհայտ է 191 անձի գտնվելու վայրը, որոնցից 172-ը՝ զինծառայող, 19-ը՝ քաղաքացիական անձ։

Քոչարյանի պաշտպանական թիմը դիտարկում է միջազգային ատյաններ դիմելու հնարավորությունը

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական թիմը դիտարկում է միջազգային ատյաններ դիմելու հնարավորությունը։

Այսօր հրավիրած ասուլիսի ժամանակ այս մասին ասաց փաստաբան Հովհաննես Խուդոյանը։

«Գուցե դիմենք ՄԻԵԴ կամ գուցե ՄԱԿ, որովհետև երկուսն իրար բացառող բաներ են։ Պարտադիր բոլոր իրավական գործիքներն օգտագործվելու են»,- ասուլիսի ժամանակ պատասխանելով Sputnik Արմենիայի հարցին` ասաց Հովհաննես Խուդոյանը։

Նա նշեց, որ միջազգային ատյաններ դիմելը միանշանակ իրավական գործընթացի պարտադիր բաղկացուցիչ է։ Որոշ դեպքերում նախապայմաններ կան, օրինակ` եթե հրատապության խնդիր չկա, կյանքին, առողջությանը սպառնացող, խոշտանգման վտանգներ չկան, ենթադրվում է, որ ներպետական ատյանները պետք է սպառել, հետո նոր հասնել եվրոպական դատարան կամ որևէ այլ միջազգային կառույց։

Բացառություններ կան այն դեպքում, երբ հիմնավորվում է, որ ներպետական ատյաններն արդյունավետ չեն։

Խուդոյանը նշեց, որ տվյալներ են հավաքագրվում, թե դատական և իրավապահ համակարգերն ինչպես են գործում, ուստի հնարավոր է՝ արտահերթ դիմեն։

Մետրոյում սարսափելի վիճակ է, չեն տեղավորվում մարդիկ, օդափոխության համակարգ չկա. Իզաբելլա Աբգարյան

Փաստ է, որ Երևանի մետրոպոլիտենն իր հնարավոր հզորության կեսով է աշխատում, պատճառը շարժակազմի սակավությունն է: Որոշակի ժամերին, կարծում եմ՝ տեղյակ եք, որ մետրոյում նույնիսկ սարսափելի վիճակ է, չեն տեղավորվում մարդիկ, հատկապես ուսանողությունը բողոքում է, որ առավոտյան նույնիսկ բաց է թողնում մի քանի շարժակազմ, որ կարողանա նստել:

Այս մասին Երևանի ավագանու նիստի ժամանակ ասաց ավագանու անդամ Իզաբելլա Աբգարյանը՝ հարց ուղղելով փոքաղաքապետ Սուրեն Գրիգորյանին:

Նա նշեց, որ տեղյակ է՝ կառավարությունը գումարներ հատկացրել է այս խնդրի լուծման համար:

«Ե՞րբ կունենանք շարժակազմ, ե՞րբ կունենանք լիարժեք գործող մետրոպոլիտենի գնացքներ, ոչ թե այսօրվա պես գրեթե մի երկու երթուղայինի ուղևոր տանող հզորություն ունեցող գնացքներ»,- ասաց նա:

Տեսանյութ:

Վանաձորում սուպերմարկետի անվտանգության աշխատակիցը կանխել է գողության փորձը․ կան վիրավորներ

Այսօր՝ սեպտեմբերի 7-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 17։10-ի սահմաններում Վանաձոր քաղաքի «Դանիելյան» սուպերմարկետից մի քաղաքացի փորձել է գողություն կատարել, սակայն անվտանգության աշխատակիցը կանխել է գողության փորձը, և կասկածյալը հարվածել է անվտանգության աշխատակցին։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, կասկածյալը և անվտանգության աշխատակիցը տեղափոխվել են «Վանաձոր» բժշկական կենտրոն։

Դեպքի փաստով ոստիկանության Տարոնի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչություն։

Ոստիկանությունն ու քննչական վարչությունը պարզում են կասկածյալի և անվտանգության աշխատակցի ինքնությունը, ինչպես նաև դեպքի հանգամանքները։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում

Թրամփը սպառնացել է արգելել Bombardier ինքնաթիռների վաճառքը ԱՄՆ-ում

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կանադական Bombardier ընկերությունն այլևս չի կարողանա իր ինքնաթիռները վաճառել ԱՄՆ-ում, եթե արտադրությունը չտեղափոխի Միացյալ Նահանգներ։

«Bombardier-ի վաճառքն ԱՄՆ-ում այլևս չի լինի։ Եթե նրանք ցանկանում են մուտք գործել մեր շուկա, պետք է այստեղ արտադրեն և դադարեն Ամերիկային վերաբերվել որպես խոզուկի»,– գրել է Թրամփը Truth Social-ում։

Ինչպես հայտնում է BBC-ն, հայտարարությունը հնչել է ԱՄՆ-ի և Կանադայի միջև առևտրային լարվածության սրման ֆոնին։ Թրամփի հայտարարությունից ընդամենը մի քանի ժամ անց Կանադան հայտարարել է ամերիկյան շուրջ 20 միլիարդ դոլարի ապրանքների նկատմամբ պատասխան մաքսատուրքեր սահմանելու մասին։

ԱՄՆ-ն և Կանադան մինչ այժմ չեն կարողացել համաձայնության գալ առևտրային պայմանների շուրջ։ Սպիտակ տունը մի շարք կանադական ապրանքների նկատմամբ սահմանել է մինչև 50% մաքսատուրք։

Միաժամանակ, դեռևս հստակ չէ, թե ինչ մեխանիզմով է Թրամփի վարչակազմը նախատեսում արգելել Bombardier-ին գործունեություն ծավալել ԱՄՆ շուկայում։ Սպիտակ տունը չի հստակեցրել նաև, թե ինչ քայլեր կարող են ձեռնարկվել ԱՄՆ Դաշնային ավիացիոն վարչության կողմից հաստատված ինքնաթիռների մատակարարումները սահմանափակելու համար։

Մոնրեալում գտնվող Bombardier-ը մասնագիտացած է բիզնես ինքնաթիռների արտադրության ոլորտում։ Ընկերությունն արդեն գործարան ունի ԱՄՆ-ի Կանզաս նահանգում, որտեղ արտադրում է հատուկ նշանակության ռազմական ինքնաթիռներ և աշխատում է շուրջ 3500 ամերիկացի։

Ընկերության տվյալներով՝ Bombardier-ի ինքնաթիռներն արտադրվում են Կանադայի, ԱՄՆ-ի և Մեքսիկայի գործարաններում։ Bombardier-ը Կանադայի խոշորագույն ընկերություններից է և Քվեբեկ նահանգի խոշորագույն արտադրական գործատուներից մեկը։


Թամարա Քալանթարյան

Միրզոյանն ու Լատվիայի խորհրդարանի նախագահը քննարկել են ՀՀ-ԵՄ գործընկերության ռազմավարական օրակարգը

ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Լատվիայի Հանրապետության Սաեյմայի նախագահ Դայգա Միերինյայի հետ։

Հանդիպմանը մասնակցել է նաև Հայաստանի խորհրդարանի հետ համագործակցության խթանման՝ բարեկամական խմբի ղեկավար Գունար Կուրտիսը։

Զրուցակիցները գոհունակությամբ նշել են Հայաստանի և Լատվիայի միջև հարաբերությունների զարգացման աճող դինամիկան։ Ընդգծվել է երկու երկրների կայուն զարգացման համար կարևոր ոլորտներում, այդ թվում՝ տնտեսություն, էներգետիկա, համագործակցության խթանման հարցում առկա մեծ պատրաստակամությունը։

Ֆրանսիան և ՄԱԿ-ը փոխում են աշխարհի քարտեզը․ Լևոն Ազիզյան

Ֆրանսիան և ՄԱԿ-ը փոխում են աշխարհի քարտեզը․ հրաժեշտ Մերկատորի պրոյեկցիային, գրել է ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանը։

«Դպրոցից մեզ ծանոթ աշխարհի քարտեզները զգալիորեն աղավաղում են մայրցամաքների և երկրների իրական չափերը։ Դրանց վրա հյուսիսային լայնություններում գտնվող երկրները չափազանց մեծ են երևում, իսկ հասարակածային շրջանները՝ փոքր։ Օրինակ՝ Գրենլանդիան գրեթե Աֆրիկայի չափ է թվում, մինչդեռ իրականում Աֆրիկան մոտ 14 անգամ մեծ է։
Ֆրանսիայի արտգործնախարար Ժան-Նոել Բարոն հայտարարել է, որ «քարտեզը երբեք լիովին չեզոք չի լինում» և ժամանակն է վերականգնել «ճանաչողական արդարությունը»։

Ի՞նչ է փոխվում։

Ֆրանսիական դիվանագիտությունը պաշտոնապես անցնում է Էկերտ IV (Eckert IV) պրոյեկցիային։ Այս քարտեզներում Ֆրանսիան, ԱՄՆ-ը և Ռուսաստանը համեմատաբար ավելի փոքր կերևան, իսկ Աֆրիկան և Լատինական Ամերիկան՝ իրենց իրական տարածքային համամասնություններին շատ ավելի մոտ։

Միաժամանակ ՄԱԿ-ում ընդունվել է «Ուղղել քարտեզը» («Correct the Map») պատմական բանաձևը, որին աջակցել է 164 երկիր։ ՄԱԿ-ը անցնում է Equal Earth («Հավասար Երկիր») քարտեզագրական պրոյեկցիային»,-գրել է նա։

Ուկրաինայի գլխավոր դատախազը հրաժարական է տվել կոռուպցիոն սկանդալի ֆոնին

Ուկրաինայի գլխավոր դատախազ Ռուսլան Կրավչենկոն հայտարարել է, որ հրաժարական է տվել պաշտոնից։ Որոշումը հաջորդել է կոռուպցիոն սկանդալին, որի շրջանակում գլխավոր դատախազության միջազգային համագործակցության վարչության պետ Սերգեյ Կրապիվան մեղադրվել է կոռուպցիայի մեջ։

Ինչպես հայտնում է Meduza-ն, Ուկրաինայի ազգային հակակոռուպցիոն բյուրոն (NABU) և Կոռուպցիայի դեմ պայքարի մասնագիտացված դատախազությունը (SAPO) հայտարարել են հանցավոր կազմակերպության բացահայտման մասին։

Ըստ քննիչների՝ այն ղեկավարել է գլխավոր դատախազության բարձրաստիճան պաշտոնյա։ Քննության համաձայն՝ կազմակերպության անդամները կաշառքներ են ստացել խարդախ զանգերի կենտրոններից և զբաղվել ապօրինի ստացված միջոցների լվացմամբ։

NABU-ի հրապարակած ձայնագրություններում հիշատակվում է որոշակի ղեկավար, որը, ըստ ուկրաինացի լրագրողների, կարող է լինել Կրավչենկոն։ Վերջինս, սակայն, բազմիցս հերքել է մեղադրանքները՝ հայտարարելով, որ կապ չունի զանգերի կենտրոնների գործունեության հովանավորման հետ և որևէ հանցագործություն չի կատարել։

«Սա քաղաքական որոշում է, և ես այն կայացրել եմ գիտակցաբար։ Չեմ ցանկանում, որ գլխավոր դատախազի պաշտոնը օգտագործվի որպես քաղաքական բախման գործիք։ Մեղադրանքների վերաբերյալ իմ դիրքորոշումը մնում է անփոփոխ»,– երկուշաբթի երեկոյան գրել է Կրավչենկոն։

Գլխավոր դատախազին պաշտոնից ազատելու համար անհրաժեշտ է Ուկրաինայի Վերխովնա Ռադայի որոշումը։


Թամարա Քալանթարյան

Հրապարակվել է ՄԻՊ գործունեության 2026 թ. առաջին կիսամյակի տեղեկատվական զեկույցը

Հրապարակվել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գործունեության ցուցանիշների վերաբերյալ 2026 թվականի առաջին կիսամյակի տեղեկատվական զեկույցը։

Այն ներկայացնում է հաշվետու ժամանակահատվածում Մարդու իրավունքների պաշտպանի գործունեության հիմնական ուղղությունները, իրականացված աշխատանքների արդյունքները, անձանց կողմից բարձրացված խնդիրները, դրանց լուծման նպատակով ձեռնարկված միջոցները և արձանագրված արդյունքները։

2026 թվականի առաջին կիսամյակում էական աճ է գրանցվել Մարդու իրավունքների պաշտպանի գործունեության մի շարք ցուցանիշների առումով։

Զգալիորեն աճել է դրական լուծում ստացած դիմում-բողոքների թիվը։ Եթե 2025 թվականի առաջին կիսամյակում դրական լուծում էր ստացել 665 դիմում-բողոք, ապա 2026 թվականի նույն ժամանակահատվածում՝ 1047։

Հաշվետու ժամանակահատվածում Մարդու իրավունքների պաշտպանի թեժ գիծը ստացել և սպասարկել է 9754 հեռախոսազանգ, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ 3389-ով ավելի է։

Միաժամանակ, եթե 2025 թվականի առաջին կիսամյակում Պաշտպանին հասցեագրվել էր 10279 գրավոր և բանավոր դիմում-բողոք, ապա 2026 թվականի նույն ժամանակահատվածում դրանց թիվը հասել է 13467-ի։

Հաշվետու ժամանակահատվածում Պաշտպանի կարծիքին է ներկայացվել 181 իրավական ակտի նախագիծ, որոնցից 121-ի վերաբերյալ ներկայացվել է 273 նկատառում։
2026 թվականի առաջին կիսամյակի ընթացքում իրականացվել է 127 այց՝ ներառյալ մշտադիտարկման և փաստահավաք աշխատանքները։

Զեկույցում ներկայացված են նաև Պաշտպանին հասցեագրված դիմում-բողոքների հիմնական ուղղությունները։ Դրանք վերաբերել են առողջության պահպանման, սոցիալական ապահովության, պատշաճ վարչարարության, երեխաների, հաշմանդամություն ունեցող անձանց, զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների իրավունքների պաշտպանությանը, աշխատանքային և կրթության իրավունքներին, ինչպես նաև ոստիկանության, քրեակատարողական հիմնարկների, քննչական մարմինների և տեղական ինքնակառավարման մարմինների գործունեությանն առնչվող և մի շարք այլ հարցերի։

2026 թվականի առաջին կիսամյակում ստացվել է 594 դիմում-բողոք՝ առողջության պահպանման իրավունքի, 445՝ սոցիալական ապահովության, 313՝ հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների, 216՝ երեխաների իրավունքների, իսկ 557 դիմում-բողոք՝ զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների իրավունքների վերաբերյալ և այլն։
Առանձին ուշադրության կենտրոնում են եղել նաև իրավապահ համակարգերում մարդու իրավունքների երաշխավորման հարցերը։

Հաշվետու ժամանակահատվածում Ոստիկանության դեմ ստացվել է 606, քրեակատարողական հիմնարկներին վերաբերող՝ 417, իսկ քննչական մարմինների գործունեությանն առնչվող՝ 210 գրավոր և բանավոր դիմում-բողոք։ Բողոքների մի մասը դրական լուծում է ստացել Պաշտպանի միջամտությամբ, ՄԻՊ մանդատին վերաբերելի բողոքների մյուս մասը գտնվում է ուսումնասիրության և քննարկման փուլում։

Մարդու իրավունքների պաշտպանի հաստատությունը ստացված դիմումների և ահազանգերի շրջանակում ուսումնասիրել է ներկայացված խնդիրները, իրավասու մարմիններից պահանջել պարզաբանումներ, անհրաժեշտության դեպքում իրականացրել արագ արձագանքման այցեր, ինչպես նաև ներկայացրել առաջարկություններ և կազմակերպել քննարկումներ՝ խնդիրների լուծման նպատակով։

Բազմաթիվ այլ դեպքերում անձանց տրամադրվել է իրավական խորհրդատվություն և անհրաժեշտ աջակցություն՝ ինչպես թեժ գծի, այնպես էլ աշխատակազմում իրականացված ընդունելությունների և հաղորդակցության այլ եղանակներով։

Զեկույցը փաստում է, որ անձանց դիմում-բողոքների ուսումնասիրությունը հնարավորություն է տվել բացահայտելու ոչ միայն անհատական, այլև համակարգային խնդիրներ և դրանց լուծման նպատակով գործադրելու Մարդու իրավունքների պաշտպանի մանդատով նախատեսված գործիքակազմը։

Մարդու իրավունքների պաշտպանը շարունակելու է իր պրոակտիվ գործունեությունը՝ ապահովելով անձանց իրավունքների արդյունավետ պաշտպանությունն ու խթանումը, ինչպես նաև հատուկ ուշադրություն դարձնելով Պաշտպանի աշխատակազմի կարողությունների և կիրառվող կառուցակարգերի շարունակական կատարելագործմանը։

Զեկույցն ամբողջությամբ հրապարակված է մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնական կայքէջում։