Նախարարը և IISD նախագահը քննարկել են ՀՀ-ում կենսաբազմազանության ուղղությամբ ֆինանսավորման հնարավորությունները

Շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանը հանդիպել է Կայուն զարգացման միջազգային ինստիտուտի (IISD) նախագահ և գլխավոր գործադիր տնօրեն Պատրիսիա Ֆուլերի հետ։

Նախարարությունից հայտնում են, որ նախարարը շնորհակալություն է հայտնել Երևանում կայացած COP17-ին և հայկական նախագահության նախաձեռնություններին ցուցաբերած աջակցության համար՝ առանձնացնելով կենսաբազմազանությանը վնասող խթանների վերափոխման և դրական խթանների խրախուսման ուղղությամբ համատեղ աշխատանքը։

«Այս համագործակցության կարևոր արդյունքներից են «Կենսաբազմազանության համար դրական խթանների վերաբերյալ Երևանի կոչը», «18-րդ թիրախի բարեկամներ» նախաձեռնությունը և «Կենսաբազմազանության ֆինանսավորման Երևանի մարտահրավերը»։

Համբարձում Մաթևոսյանն անդրադարձել է նաև Earth Negotiations Bulletin-ի թիմի աշխատանքին՝ ընդգծելով, որ դրա ամենօրյա մասնագիտական լուսաբանումը կարևոր աջակցություն է եղել պատվիրակությունների և շահագրգիռ կողմերի համար՝ բանակցությունների ընթացքին և տարբեր դիրքորոշումներին հետևելու տեսանկյունից։

Հանդիպման ընթացքում քննարկվել են Երևանում մեկնարկած նախաձեռնությունները գործնական արդյունքների վերածելու, երկրների միջև փորձի փոխանակման, ինչպես նաև Հայաստանում կենսաբազմազանության ֆինանսավորման ուղղությամբ համագործակցության հնարավորությունները»,- ասվում է հաղորդագրության մեջ:

ՌԴ-ն և Ուկրաինան համաձայնել են եվրոպացիներին ներառել բանակցությունների հաջորդ փուլում. Քուշներ

Ռուսաստանն ու Ուկրաինան պայմանավորվել են ընդլայնել հաջորդ բանակցային փուլի կազմը և այնտեղ ներառել Եվրոպայի ներկայացուցիչներին։

Այս մասին հայտարարել է ամերիկացի բանագնաց Ջարեդ Քուշները, հայտնում է ՏԱՍՍ-ը:

«Երկու կողմերն էլ այժմ համաձայնել են ընդլայնել բանակցությունների հաջորդ փուլը՝ այնտեղ ներառելով եվրոպացի գործընկերներին։ Դա մեզ թույլ կտա դիտարկել Եվրոպայում անվտանգության ոլորտի ավելի լայն հետպատերազմյան պայմանավորվածությունները՝ Ուկրաինայի և Ռուսաստանի միջև տարածքային տարաձայնությունների հետ մեկտեղ»,- գրել է նա։

Հարձակում թիվ 2 տրոլեյբուսի վրա. թքել են վարորդի ուղղությամբ, փորձել հաշվեհարդար տեսնել. քաշքշոց է սկսվել

Թիվ 2 տրոլեյբուսի վարորդի վրա հարձակում է տեղի ունեցել։

NEWS.am-ի թղթակիցը հայտնում է, որ «Հայրենիք» կինոթատրոնի խաչմերուկ չհասած «Chevrolet» մակնիշի մարդատար ավտոմեքենայի վարորդը այնպես է կանգնել, որ փակել է տրոլեյբուսի ճանապարհը։ Տրոլեյբուսի վարորդն ասել է՝ մի քիչ այն կողմ գնա, որ անցնեմ։ Սա դուր չի եկել մարդատարի վարորդին, որը ագրեսիվ տոնով ասել է, թե՝ «խի՞ ես մուննաթ գալիս»։

Երբ տրոլեյբուսի վարորդն արձագանքել է, թե մուննաթ չի գալիս, խնդրում է, որ ճանապարհ տա իրեն, «Chevrolet»-ի վարորդը սկսել է վիրավորանքներ հասցնել տրոլեյբուսի վարորդին։ Ավելին՝ նա իջել է մեքենայից, վազել տրոլեյբուսի ուղղությամբ, թքել վարորդի վրա և փորձել դուռը քաշքշելով բացել, որ հաշվեհարդար տեսնի։ Ուղևորները փորձել են հանգստացնել տրոլեյբուսի վարորդին՝ հորդորելով շարունակել վարել մեքենան։

Երկու մեքենաներն էլ, անցնելով խաչմերուկը, կանգնեցրել և իջել են մեքեննաներից վարորդները: Այդտեղ քաշքշոց է սկսվել երկու վարորդների և մի շարք այլ քաղաքացիների մասնակցությամբ։

Ուղևորների ակտիվ միջամտության արդյունքում տրոլեյբուսի վարորդը շարունակել է իր ընթացքը, սակայն նա տևական ժամանակ չի կարողացել հանգսատանալ և զսպել հուզմունքը։

Թիվ 22 երթուղին սպասարկող հանրային տրանսպորտի վարորդը ճանապարհին մահացել է, այնուհետև վթարի ենթարկվել

 «Երևանի ավտոբուս»-ից տեղեկացնում են, որ առավոտյան ժամը 06:30-ի սահմաններում ցավալի դեպք է տեղի ունեցել։

Թիվ 22 երթուղին սպասարկող հանրային տրանսպորտի վարորդը հավաքակայանից վերջնակետ գնալու ճանապարհին մահացել է։ Ըստ ժամանած  Շտապօգնության ծառայության բժիշկների` վարորդը մահացել է, այնուհետև վթարի ենթարկվել։

Ցավակցում ենք մեր աշխատակցի ընտանիքին և հարազատներին։

Վլադիմիր Կիրակոսյանն ու Սեդրակ Թևոնյանը քննարկել են Արարատի մարզում բնապահպանական հսկողության հարցերը

ՇՄՆ Էկոպարեկային ծառայության պետ Վլադիմիր Կիրակոսյանն Արարատի մարզպետարանում աշխատանքային հանդիպում է ունեցել Արարատի մարզպետ Սեդրակ Թևոնյանի հետ։

Հանդիպման ընթացքում Վլադիմիր Կիրակոսյանը տեղեկացրել է, որ հայտարարվել են Էկոպարեկային ծառայության Արարատի և Վայոց ձորի մարզային վարչության համալրման նպատակով մրցույթները՝ ընդգծելով, որ վարչության ամբողջական համալրումն ու անհրաժեշտ տեխնիկական միջոցներով հագեցումը կարևորագույն նշանակություն կունենան մարզում բնապահպանական հսկողության արդյունավետության բարձրացման գործում։

Մարզպետ Սեդրակ Թևոնյանը կարևորել է Էկոպարեկային ծառայության մարզային վարչության գործունեությունը՝ առանձնահատուկ ընդգծելով մարզի տարածքում գտնվող «Խոսրովի անտառ» պետական արգելոցի պահպանության գործում ծառայության կարևոր դերակատարությունը։

Վլադիմիր Կիրակոսյանի խոսքով՝ մարզային վարչության ամբողջական համալրումն ու տեխնիկական վերազինումը հնարավորություն կտան առավել արդյունավետ իրականացնել անտառների և բնության հատուկ պահպանվող տարածքների պահպանությունը, ժամանակին բացահայտել և արձանագրել իրավախախտումները, ինչպես նաև զարգացնել հանրության հետ շարունակական համագործակցությունը՝ նպաստելով բնապահպանական իրազեկվածության և պատասխանատվության բարձրացմանը։

Հանդիպման ավարտին կողմերը վերահաստատել են համագործակցությունն ամրապնդելու և բնապահպանական խնդիրների լուծման ուղղությամբ համատեղ աշխատանքը շարունակելու պատրաստակամությունը։

Դուբլինում Ալեն Սիմոնյանն ու Հիքմեթ Հաջիևը շփումներ են ունեցել․ ԱԽ քարտուղարի գրասենյակ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած պատվիրակության կազմում Դուբլինում գտնվող ԱԽ քարտուղար Ալեն Սիմոնյանը շփումներ է ունեցել Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիեւի հետ։

Այս մասին հայտնում են ԱԽ քարտուղարի գրասենյակից։

Դուբլինում Միրզոյանն ու Կալասը քննարկել են Հայաստան-ԵՄ գործընկերության զարգացման հարցեր

Իռլանդիայի մայրաքաղաք Դուբլինում ընթացող Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի շրջանակում Հայաստանի արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանը կարճատև քննարկում է ունեցել Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ, ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասի հետ։

Այս մասին հայտնում են ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարությունից։

Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են Հայաստան-Եվրոպական միություն գործընկերության զարգացման օրակարգային հարցերին։

Լոռու մարզում դադարեցվել է երկու էլեկտրատեղակայանքի շահագործումը․ ՔՏՀԱՏՄ

ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի հանձնարարագրերի հիման վրա Տեսչական մարմնի էներգետիկայի և էներգասպառման ոլորտի մասնագետների կողմից ստուգում է իրականացվել Լոռու մարզի Ալավերդի համայնքի Շնող բնակավայրի 9-րդ փողոցի 33 հասցեում գտնվող «Կայծոնգազ» ՍՊ ընկերությունում, ինչպես նաև ստուգում և վերստուգում են իրականացվել նույն մարզի Գյուլագարակ համայնքի Ամրակից գյուղի Կենտրոնական 36 հասցեում գտնվող «Մերարա» ՍՊ ընկերությունում։

Տեսչական մարմնի Լոռու տարածքային ստորաբաժանման էներգետիկայի և էներգասպառման ոլորտի մասնագետների կողմից իրականացված ստուգման և վերստուգման արդյունքում հայտնաբերվել և արձանագրվել են էլեկտրական տնտեսության շահագործմանն ու էլեկտրասարքավորումների տեխնիկական սպասարկմանն առնչվող այնպիսի կոպիտ խախտումներ, որոնք անմիջական և ուղղակի սպառնալիք են ստեղծում մարդկանց կյանքի, առողջության, ֆիզիկական և իրավաբանական անձանց գույքի պահպանման, ինչպես նաև հրդեհային անվտանգության համար։

Ելնելով վերագրյալից՝ Տեսչական մարմնի ղեկավարի կողմից կայացվել է որոշում՝ ամբողջությամբ դադարեցնել վերը նշված հասցեներում էներգատեղակայանքների շահագործումը՝ մինչև հայտնաբերված խախտումների ամբողջական վերացումը։

Լիտվայի նախագահը` Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների մասին

Լիտվայի նախագահ Գիտանաս Նաուսեդան ողջունել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ջանքերը Հարավային Կովկասում խաղաղություն հաստատելու գործում։

Դուբլինում Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի շրջանակում լրագրողների հետ զրույցում նա նշել է, որ այդ ջանքերը շատ դրական արդյունքներ են տվել, և այժմ երկու երկրների միջև խաղաղություն է հաստատվել։

«Հուսով եմ, որ ապագայում նրանց միջև հարաբերությունները կշարունակեն բարելավվել։ Սա շատ կարևոր է երկու երկրների եվրոպական ձգտումների համար»,– ընդգծել է Լիտվայի նախագահը։

Անդրադառնալով Հայաստանի հետ հարաբերություններին՝ Նաուսեդան նշել է, որ խորհրդարանական ընտրություններում վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջնորդած քաղաքական ուժի հաղթանակը ցույց տվեց, որ հայ ժողովուրդն ընտրել է խաղաղության, բարգավաճման և եվրոպական ապագայի ուղին։

Նա հավելել է՝ Լիտվան Հայաստանի վաղեմի և մտերիմ դաշնակիցն է և իր փորձն ու գիտելիքները կօգտագործի եվրաինտեգրման ճանապարհին Հայաստանին աջակցելու համար։

Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները կարճատև զրույց են ունեցել Դուբլինում

Դուբլինում՝ Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի շրջանակներում Հայաստանի ԱԳՄԱ նախարար Արարատ Միրզոյանը և Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը կարճատև զրույց են ունեցել:

Այս մասին հայտնում են ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարությունից։