Քաղաքի կառավարումը ոտքին գցած. Երևանը՝ տրանսպորտային քաոսի մեջ. Էդմոն Մարուքյան

ԼՀԿ առաջնորդ Էդմոն Մարուքյանը տեսանյութ է հրապարակել՝ կից գրելով.

Երևանում տրանսպորտային համակարգը կաթվածահար վիճակում է, ու դա ամեն օր զգում է իր վրա յուրաքանչյուր քաղաքացի, ով փորձում է տեղ հասնել ավտոբուսով։ Խնդիրն այն է, որ վճարումների հսկողությունը թողել են վարորդների հույսին, ինչի պատճառով կանգառներում իսկական քաոս է սկսվում։

Ավտոբուսները րոպեներով կանգնում են, առաջանում են արհեստական հերթեր ու հսկայական խցանումներ, որոնք ջղայնացնում են թե՛ ուղևորներին, թե՛ վարորդներին՝ հրահրելով անիմաստ բախումներ ու վիճաբանություններ։

Քաղաքապետարանի կոշտ հրահանգները՝ կանգնեցնել տրանսպորտը կամ իջեցնել չվճարողներին, իրավիճակն ավելի են սրում։ Մարդիկ պարզապես ֆիզիկապես չեն կարողանում մոտենալ վճարման սարքերին գերծանրաբեռնվածության պատճառով, բայց նրանցից «քաղաքակիրթ» վարք են պահանջում այն դեպքում, երբ տրանսպորտը մարդավայել չէ։

Բացի տրանսպորտից, քաղաքն այսօր ողողված է քանդված փողոցներով, փոշով ու անկանոն կառուցապատմամբ, որոնք կոմունալ ու բնապահպանական իրական ճգնաժամ են ստեղծել։ Փոխանակ իրական լուծումներ գտնելու, իշխանությունը զբաղված է պարգևավճարներ բաժանելով ու մեղքը քաղաքացիների վրա բարդելով։ Սա կառավարման բացակայություն է, որին վերջ տալու միակ ճանապարհը ընտրություններն են ու մեր գիտակից քվեն։

Մանրամասները՝ տեսանյութում:

Ծախսատար ու ժամանակատար պահանջներ և ոչ միայն․ ԱԹՍ ոլորտի զարգացումը խեղդելու արվեստը

«Ավտոմատի դար չի»․ պատերազմում կրած աղետալի պարտությունից հետո սա հռչակվեց որպես պաշտոնական արդարացում և նորագույն տեխնոլոգիաների, հատկապես՝ անօդաչու թռչող սարքերի բացակայությունը կրկնակի ընդգծումով կախվեց նախկիններից։

Թեպետ «ավտոմատի դար չի, սակայն պարտված, միևնույն ժամանակ չկոտրված հայերը սկսեցին փնտրել լուծումներ՝ բաց հարթակներում ուսումնասիրելով, թե ինչ է իրականում այդ անօդաչու սարքը, որ բազմագլուխ վիշապի կերպարով կարգվել էր պարտության հիմնական պատճառ։

Պարզվեց՝ սարքի ընդհանուր կոնցեպտը շատ բարդ չէ․ հասանելի է անգլերեն իմացող երիտասարդին, նույնիսկ՝ պատանուն, կարելի է պատվիրել սարքի մասերն ու անձամբ ստանալ տարբեր ձևերի, փոքր ու միջին չափերի ԱԹՍ-ներ։ Հարյուրավոր-հազարավոր պատանիներ, երիտասարդներ քչփորեցին գիտահանրամատչելի կայքերն ու պատրաստեցին իրենց սարքերը։ Բացվեցին դպրոցներ, խմբակներ, որտեղ ուսուցանում են այդ ամենն ու օգնում պատրաստել փոքր ու միջին չափերի ԱԹՍ-ներ։ Ոլորտը խթանելու համար տարբեր հասարակական կազմակերպություններ, այնուհետև՝ ԲՏԱ նախարարությունը կազմակերպեցին մրցույթներ, որոնց մասնակցում էին տասնյակ թիմեր․ հայտարարված նպատակներից մեկն էլ տաղանդավորներին գտնելը և նրանց միջոցով ոլորտն արագ զարգացնելն էր։ Բայց, ինչպես պարզվեց հաջորդիվ, ԲՏԱՆ-ն ոչ միայն հետաքրքրված չէ տաղանդավոր թիմերի հետ հետագա աշխատանքով, այլև մշակել է մեխանիզմ, որով հազարից մեկը կարող է համագործակցել պետության հետ։ Խոսենք փաստերով։

Առաջին խնդիրը, որին բախվում է ոլորտով հետաքրքրված երիտասարդը կամ ճարտարագիտական թիմը, Քաղաքացիական ավիացիայի Անօդաչու Թռչող Սարքերի (ԱԹՍ) Գործունեությունը համակարգող օրենքն է, որի համաձայն՝ ամեն թռիչք համարվում է ռիսկ և պահանջում է նախնական համաձայնեցում․ եթե, դիցուք, սարքի փորձարկման համար անհրաժեշտ է 100 թռիչք, ապա ամեն թռիչքի համար անհրաժեշտ է լրացնել համապատասխան ձևաթուղթն ու փորձել թույլտվություն ստանալ (ձևաթուղթը ներառում է տասնյակ տվյալներ, կարող են պահանջել նաև հավելյալ տվյալներ ոստիկանությունից, համայնքապետարանից, պատասխանը տրվում է երկուսից հինգ աշխատանքային օրվա, երբեմն՝ երկու շաբաթվա ընթացքում)։

Այս խնդրի մասին արդեն իսկ բազմաթիվ հրապարակումներ կան, լուծումներն էլ՝ այլ երկրների օրինակով, ներկայացված են, շատ պարզ են՝ պետության կողմից արտոնված տարածքների (test zones) սահմանումից մինչև թռիչքային քարտեզների մշակում, որոնց վրա նախընտրելի տարածք նշելով՝ թույլտվություն ես ստանում վայրկյանների ընթացքում։

Դե իսկ մենք միանգամից անցնենք հաջորդ խնդրին՝ ենթադրելով, որ վերոնշյալ հարյուրավոր երիտասարդներից ոմանք իրենց ինժեներական մտահղացումներն իրականացնելիս ունեցել են երկաթե նյարդեր ու բարեհաջող անցնելով փորձարկման փուլերը ու հաջողել են ստանալ լավ սարք։ Սարքը ներկայացրել են մասնագետների, մասնակցել են վերոնշյալ մրցույթներին, ԲՏԱ նախարարության ներկայացուցիչները տեսել են նրանց ինքնատիպ միտքն ու առկա սարքը/սարքերը, և հիմա նրանք մեծ ոգևորությամբ մտածում են, որ կհամագործակցեն պետության հետ, կպատրաստեն բազմաթիվ այսպիսի սարքեր՝ իրենց հայրենակիցների կյանքը խնայելու, փրկելու կամ գոնե մի քիչ հեշտացնելու համար։

Ցավոք սրտի, պետք է հիասթափեցնենք նրանց․ նախարարությունից չեն փնտրելու իրենց, չեն դիմելու, հանդիպման չեն կանչելու։ Պետք է լինել նախաձեռնող։ Պատանիների ու երիտասարդների ոչ մեծ մասն է պատկերացնում, թե ինչպես է կարելի սկսել պետության հետ համագործակցություն․ նման հմտություններ մեր կրթական համակարգը չի էլ ենթադրում։ Եվ որոշ ժամանակ անպտուղ սպասելուց հետո արդեն մարած ոգևորությամբ երիտասարդ ճարտարագետները փնտրում են այլ հետաքրքրություններ։ Սա պետության կողմից ԱԹՍ ոլորտում մտավոր ներուժի պասիվ անտեսմամբ կրճատման փուլն է։

Ոմանք, սակայն՝ «սա ավտոմատի դար չի» պատկերացման արդեն սակավաթիվ կրողներ, հասնում են ԲՏԱՆ, ՊՆ, նամակներ են գրում, հանդիպումներ խնդրում, ցուցադրում իրենց սարքերը։ Լավագույն դեպքում նրանք ստանում են մասնագիտական պատասխան, թե իրենց սարքը ո՛ր դեպքում, ինչպիսի՛ հնարավորություններ ունենալու պարագայում կարող է ծառայել բանակի կարիքներին (քանի որ երիտասարդները չգիտեն, թե մեր բանակին ինչ է պետք, ամենքն իր սարքը մշակում է մեր և միջազգային փորձի իր պատկերացումների հիման վրա)։ Կրկին, ուժերն ուղղորդելու և անիմաստ չվատնելու նպատակ ունենալու դեպքում պետական գերատեսչության մի ծրագրի շրջանակում կհավաքեին այս երիտասարդներին և համակարգելով նրանց աշխատանքը՝ կտային ցանկալի ուղղությամբ մտորելու առաջադրանքներ։ Բայց ուժերը չվատնելու նպատակ, ինչպես տեսնում ենք, չկա։

Այսպես, երիտասարդները գնում են կրկին սեփական ուժերով իրենց սարքերը մասնագետների նշած չափանիշներին համապատասխանեցնելու։ Նշենք, որ մեկ սարք ստանալու համար անհրաժեշտ է ոչ թե այդ մեկ սարքի գինը, այլ մի քանի անգամ ավելին, քանի որ նախնական փուլում պետք են նաև գործիքներ, զոդման սարքեր, և ուսումնական գործընթացում փչացված նյութը ևս քիչ չի լինում։ Նաև՝ որքան էլ պարապեն մարզասարքերի օգնությամբ, թռիչքները տարբեր պատճառներով կարող են ավարտվել ոչ թե փափուկ վայրէջքով, այլ՝ սարքի անկումներով, կոտրվածքներով ու նորոգման անհրաժեշտությամբ։ Եթե ամեն դեպքում ինքնուրույն անցնում են նաև այս փուլը, գտնում են անհրաժեշտ միջոցներ՝ սարքերը լավարկելու, ու համառորեն կրկին գալիս ԲՏԱՆ, ապա պարզվում է, որ սա դեռ սկիզբն է, դիմացը շատ ավելի շատ չափանիշներ, ծախսեր ու պահանջներ կան, որը կրկին բացառապես երիտասարդ մասնագետների խնդիրն է։

Այսպես․ պայմանական «լավ սարքը» պետք է անցնի պետական փորձարկում․ դրա համար անհրաժեշտ է ունենալ այս նույն սարքից ևս մի քանիսը․ կրկին ծախսեր, ջանք, ժամանակ, փորձարկումներ, թույլտվություններ և այլն։ Սակայն շատ ավելի մեծ, և շատերի համար անհաղթահարելի խոչընդոտ է արտադրական տարածք ձեռք բերելու պահանջը․ այս տարածքը պիտի լինի ռազմական արդյունաբերության համալիրի չափանիշներին համապատասխան։ Այստեղ հարկ է նշել, որ պետությունը մեկ օրենքով է դիտարկում թե՛ հսկայական արկերի և թե՛ փոքր ԱԹՍ-ների արտադրության համար նախատեսված տարածքները, դրանք պիտի լինեն բնակավայրից որոշակի հեռավորության վրա, պարսպապատ, երկաթաճաղեր, տեսախցիկներ, չհրկիզվող պահարանիկ, շուրջօրյա տեսագրություն, հրդեհային անվտանգություն, երկաթե դուռ, մագնիսական փական և այլն։ Փորձեք հաշվել, թե ինչ է արժենում նման տարածք ձեռք բերելն ու կահավորելը։ Լավագույն դեպքում 50 մլն դրամ։ Քանի՞ երիտասարդ ինժեներ կարող է նման ներդրում անել։ Նույնիսկ նման գումարի առկայության դեպքում քանի՞ տարի կտևի նման տարածքի ձեռքբերումը, սեփական աշխատանքին զուգահեռ ենթակառուցվածքների անցկացման կազմակերպումը, նշված չափանիշներին համապատասխան կահավորումն ու լիցենզավորման գործընթացն անցնելը։ Կարող եք նայել ԱԹՍ մրցույթների մասնակից թիմերի ցուցակներն ու ցավով փաստել․ ինչպես մաթեմատիկներն են ասում՝ թիվն անվերջ ձգտում է զրոյի։

Նաև՝ այդ ընթացքում, մինչ ենթադրյալ մասնագետները (այս նյութի սկզբում ոգևորված աշխատող հազար երիտասարդից մեկ-երկուսը) սկսում են այդ՝ ծախսատեր և ճարտարագիտության ու ԱԹՍ-ների հետ ոչ մի կապ չունեցող աշխատանքը, որքան նորամուծություններ են լինում ԱԹՍ ոլորտում, որը զարգանում է ամեն օր։

Իսկ կարո՞ղ է պետությունն ինքն ունենա այս չափանիշներին համապատասխան տարածքներ մեր երկրի տարբեր հատվածներում, ստեղծի այդ բջիջները, որտեղ կարող են սենյակներ վարձակալել ու աշխատել ոգևորված, ինքնուրույն ահագին ճանապարհ անցած երիտասարդ մասնագետները, ու որքան ավելի արդյունավետ կլինի, եթե հենց ինքը՝ հիմնական պատվիրատուն ուղղորդի նրանց աշխատանքն ու հետազոտություններն՝ ըստ իր կարիքների։ Որքա՜ն ժամանակ ու ջանք կխնայվի և կուղղվի ԱԹՍ-ների արտադրությանը մեր դարում, որն այլևս «ավտոմատի չէ»։

Եթե ճանապարհը կիսատ թողած ամեն ճարտարագետ ափսոսանքով նշում է խնդրի լուծման նվազագույնը մի քանի տարբերակ, մի՞թե պետությունն ինքը չի տեսնում այդ տարբերակներից որևէ մեկը։ Կարծես կրկին մոտեցանք քաղաքական կամքի բացակայության խնդրին․ ու բնավ կարևոր չէ՝ դրա պատճառը սակավամտությո՞ւնն է, թե՞ դավադիր թուլապաշտությունը։ Սա նշանակում է ԱԹՍ-ի զարգացման ոլորտը խեղդել՝ թիկունքից հարվածելով մեր երկրին չավարտված պատերազմում, որի տաք փուլում՝ դաշտում, երկնքում, սահմանին, թիկունքում գերակայում են՝ հետախուզում են, բեռներ են տանում, խոցում են անում ԱԹՍ-ները։

Տեսանյութ:

Մարտիկ Մինասյան

Գոհար Ղումաշյանին Հակակոռուպցիոն կոմիտեից տեղափոխել են դատարան

«Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Գոհար Ղումաշյանին Հակակոռուպցիոն կոմիտեից տեղափոխել են դատարան։

Նշենք, որ այսօր բերման էր ենթարկվել «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Գոհար Ղումաշյանը։ Նա մեղադրվում է Ազգային ժողովի առաջիկա ընտրությունների համատեքստում բարեգործության անվան տակ աջակցություն տրամադրելու դեպքով հարուցված քրեական վարույթով։

ՔՊ-ին կարելի՞ է բացահայտ բարեգործություն. կարող եք սա հանցագործության մասին հաղորդում համարել. Մելոյան

ՔՊ-ի 24-րդ համարը ևս բարեգործությամբ է զբաղվում. Գոհար Մելոյանն ու Ալեքսանյանը մանրամասներ ներկայացրին Հակակոռուպցիոն կոմիտեի բակում:

«Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամներ Գոհար Մելոյան ու Ալիկ Ալեքսանյանը ներկայացրեցին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական ցուցակի 24-րդ համար Լուսինե Ավետիսյանի՝ մարտի 2-ին կատարած գրառումը։ Հրապարակման մեջ Ավետիսյանը նշում է, թե հերթական տունն է գազաֆիկացվել Սպիտակի գյուղերից մեկում՝ «Փեթակ» բարեգործական հիմնադրամի ֆինանսավորմամբ, որի նախագահը հենց Լուսինե Ավետիսյանն է։

«Այսինքն՝ ՔՊ-ին կարելի է բացահայտ բարեգործություն․․․ Սա երկակի ստանդարտների հերթական դրսևորումն է։ Հարգելի հակակոռուպցիոն կոմիտեի գործընկերներ, կարող եք սա հանցագործության մասին հաղորդում համարել, գնալու՞ եք, բերմա՞ն եք ենթարկելու տիկնոջը»,- ասաց Մելոյանը։

Մանրամասները՝ տեսանյութում:

Ամո՛թ, ամո՛թ. կաթի շշերով ակցիա՝ Հակակոռուպցիոն կոմիտեի մոտ

«Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամներն ու աջակիցները քաղաքական ակցիա են իրականացնում Հակակոռուպցիոն կոմիտեի մոտ՝ իրենց ձեռքերում ունենալով կաթով լի մանկական շշեր։

«Մեր երկիրն իրավական, ժողովրդավար պետություն է և կոնկրետ դեպքերում հաշվի են առնվում կոնկրետ իրավիճակն ու մեղմացուցիչ հանգամանքները։ Այս դեպքում համաչափությունը խախտված է»,- ասաց կուսակցության անդամ Գոհար Մելոյանը՝ հիշեցնելով, որ Գոհար Ղումաշյանի երրորդ երեխան նորածին է, կերակրվում է կրծքով։

Ակցիայի մասնակիցները կաթի շշերը և մանակական ծծակները դրեցին Հակակոռուպցիոն կոմիտեի մուտքի մոտ՝ վանկարկելով «ամոթ»։

Տեսանյութ:

Դատախազությունը գույքային հայց է ներկայացրել Սեյրան Օհանյանի դեմ

Դատախազությունը գույքային հայց ներկայացրեց ՀՀ պաշտպանության նախկին նախարար, ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սերյան Օհանյանի դեմ:

Ըստ հանրային մեղադրողի` խախտվել է ՀՀ-ի սեփականության իրավունքը:

Հանրային մեղադրողը հայցով պահանջեց Սերյան Օհանյանից հօգուտ ՀՀ-ի բռնագանձել 13 մլն. դրամ՝ որպես պետությանը պատճառված վնասի հատուցում:

Դատարանը վարույթ ընդունեց ներկայացված հայցը և նշեց, որ այն կլուծի վերջնական դատական ակտով:

Գոհար Ղումաշյանը բերման է ենթարկվել բարեգործության արգելքը խախտելու կասկածանքով

Գոհար Ղումաշյանը բերման է ենթարկվել բարեգործության արգելքը խախտելու կասկածանքով: Այս մասին հայտնել է Գոհար Մելոյանը:

«Ես համոզված եմ, որ այդ տեսանյութը չի լինելու այս գործընթացի հիմքը, որովհետև տեսանյութում ընդհանրապես հանցակազմի առկայություն բացակայում էր, որովհետև Գոհար Ղումաշյանը տեսանյութում խոսել է արդեն իսկ դեկտեմբեր ամսին հրավիրված բարեգործության վերաբերյալ, և ասել է, որ այն ժամանակավորապես առկախվում է, հազարավոր ուսանողներ դիմել էին, և թիրախում ուսանողներ են, բայց ինչ անենք:

Տեսանյութի օրը իմ գործընկերուհին ոչ թե իրավապահ մարմիների կողմից է թիրախավորվել, այլ իշխանամետ լրատվամիջոցների կողմից, և իր մոտ՝ ըստ էության, սթրեսից վաղաժամ ծննդաբերություն եղավ: Տեսանյութը հանցակազմի հետ որևէ կերպ աղերս չէր կարող ունենալ»,- ասել է Մելոյանը:

Գոհար Ղումաշյանը բերման է ենթարկվել բարեգործության արգելքը խախտելու կասկածանքով

Գոհար Ղումաշյանը բերման է ենթարկվել բարեգործության արգելքը խախտելու կասկածանքով: Այս մասին հայտնել է Գոհար Մելոյանը:

«Ես համոզված եմ, որ այդ տեսանյութը չի լինելու այս գործընթացի հիմքը, որովհետև տեսանյութում ընդհանրապես հանցակազմի առկայություն բացակայում էր, որովհետև Գոհար Ղումաշյանը տեսանյութում խոսել է արդեն իսկ դեկտեմբեր ամսին հրավիրված բարեգործության վերաբերյալ, և ասել է, որ այն ժամանակավորապես առկախվում է, հազարավոր ուսանողներ դիմել էին, և թիրախում ուսանողներ են, բայց ինչ անենք:

Տեսանյութի օրը իմ գործընկերուհին ոչ թե իրավապահ մարմիների կողմից է թիրախավորվել, այլ իշխանամետ լրատվամիջոցների կողմից, և իր մոտ՝ ըստ էության, սթրեսից վաղաժամ ծննդաբերություն եղավ: Տեսանյութը հանցակազմի հետ որևէ կերպ աղերս չէր կարող ունենալ»,- ասել է Մելոյանը:

Ներառականությունը մշակութային կրթության ոլորտում․ ծրագիրը մեկնարկել է Արարատի մարզից


Մշակույթ


ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ «Երեխաների հատուկ ստեղծագործական կենտրոնը» ազդարարում է «Ներառականությունը մշակութային կրթության ոլորտում» ծրագրի 2026 թվականի մեկնարկը։ Այս մասին տեղեկացնում են ԿԳՄՍՆ-ից։ Նախաձեռնությունը տարեցտարի ավելի մեծ կարևորություն է ձեռք բերում, քանի որ մշակութային կրթություն ստանալու ցանկություն ունեցող հատուկ կարիքով երեխաների թիվն աճել է, ինչը ենթադրում է մանկավարժների պատրաստվածության նոր մակարդակ։

Ծրագիրը նպատակ ունի մանկավարժներին փոխանցել կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների հետ աշխատելու մեթոդական գիտելիքներ և գործնական հմտություններ, որոնք թույլ կտան յուրաքանչյուր երեխայի համար ստեղծել հավասար և որակյալ կրթական միջավայր։

Այս տարվա ծրագիրը մեկնարկել է Արարատի մարզից, որտեղ ապրիլի 13-18-ը կանցկացվեն մասնագիտական դասընթացներ՝ ուղղված մարզի երաժշտական և արվեստի դպրոցների մանկավարժների հմտությունների զարգացմանը։

«Ներառականությունը մշակութային կրթության ոլորտում» 2026 թվականի ծրագիրը կընդգրկի նաև Վայոց ձորի, Արմավիրի, Սյունիքի մարզերն ու Երևանը։ Տեսական և գործնական դասընթացների իրականացմանը, ինչպես նաև մասնագիտական դասալսումներին իրենց անմիջական մասնակցությունը կունենան հայաստանյան 6 առաջատար մասնագետներ և 3 փորձագետներ արտերկրից։ Շուրջ 20 ուսումնական հաստատությունների ավելի քան 180 մանկավարժներ ձեռք կբերեն ներառական դասավանդման նոր կարողություններ՝ նպաստելով կարծրատիպերի վերացմանը և յուրաքանչյուր երեխայի ստեղծագործական ներուժի լիարժեք բացահայտմանը։

Միջազգային փորձի և նոր մեթոդների ներգրավումը հնարավորություն կտա մանկավարժներին ծանոթանալ ներառականության ոլորտի լավագույն փորձին և ստացած տեսական գիտելիքները կիրառել գործնականում: Դասընթացների ընթացքում առանձնահատուկ տեղ է հատկացվելու նաև մասնագիտական քննարկումներին։



Տնտեսվարողի հարկային խախտման դեպքում քրեական գործի հարուցման շեմը 10 միլիոն դրամից կդառնա 30 միլիոն. նախագիծ


ՊԵԿ-ն առաջարկում է Հարկային, Քրեական և Քրեական դատավարության օրենսգրքերում փոփոխություններ կատարել: Այդ մասին նախագիծն առաջին ընթերցմամբ Ազգային ժողովի՝ ապրիլի 14-ի նիստին ներկայացրեց ՊԵԿ նախագահ Էդուարդ Հակոբյանը:

Անդրադառնալով Հարկային օրենսգրքում առաջարկվող փոփոխություններին՝ ՊԵԿ նախագահը պարզաբանեց՝ ՊԵԿ-ը հարկեր չվճարելու ենթադրյալ հանցանքի վերաբերյալ տեղեկատվություն ձեռք բերելիս ոչ թե պետք է միանգամից ձեռնամուխ լինի հանցանքի վերաբերյալ հաղորդում ներկայացնելուն, այլ ներքին վերլուծական գործիքներով մշակի տեղեկատվությունը և հարկ վճարողին ծանուցելով՝ փորձի հիմնավոր բացատրություններ ստանալ կատարածի մասին:

«Հիմնավոր բացատրությունների բացակայության դեպքում հարկային մարմինը հնարավորություն կունենա թեմատիկ ուսումնասիրությամբ արձանագրելու իրավախախտումը և կազմելու համապատասխան վարչական ակտ, որն էլ կարող է բողոքարկվել համապատասխան ընթացակարգերով, որից հետո ՊԵԿ-ը որոշում կկայացնի հաղորդում ներկայացնելու մասով: Բացառություն են կազմելու այն դեպքերը, որոնք ենթադրում են անհապաղ գործողություններ, որպեսզի փաստերն ու ապացույցները չկորչեն: Եվ սրա համար կարիք կա օրենսգրքում թեմատիկ ուսումնասիրության կարգավորումներից հանել գործարքի հիմքը, ինչպես նաև ուսումնասիրությունը հարկային տարվա ընթացքում միայն 1 անգամ իրականացնելու պայմանները: Արդյունքում տարվա մոտ 600 նախնական հաշվարկներից առնվազն կեսը կանցնեն վարչական պրոցեսներով, և հարկ վճարողների իրավունքն ամբողջությամբ կիրացվի»,- ասաց նա:

Հաջորդը Քրեական օրենսգրքում առաջարկվող փոփոխությունն է, որը վերաբերում է հարկային հանցագործությունների հետ կապված շեմերին: Խոշոր չափի դեպքում 10 մլն շեմն է գործում՝ հարկեր-տուրքերը չվճարելու, իսկ առանձնապես խոշոր չափը՝ 20 մլն:

«Պատմական մեծ քայլ ենք կատարում՝ առաջարկելով խոշորը 3 անգամ բարձրացնել՝ հասցնելով 30 միլիոնի, ընդ որում՝ 2 հաջորդող տարվա համար՝ 45 միլիոնի, իսկ առանձնապես խոշորը առաջարկում ենք բարձրացնել 2 անգամ՝ 25-50 մլն, իսկ 2 հաջորդող տարվա պարտավորությունների համար՝ արդեն 75 մլն դրամ: Արդյունքում ի՞նչ է տեղի ունենալու: Մոտ 600 քրեական գործեր կապաքրեականացվեն, իհարկե, հարկ վճարողների համաձայնությամբ, իսկ նախաձեռնված չլինելու դեպքում չի նախաձեռնվի: Իսկ առանձնապես խոշորի դեպքում սանկցիան կդառնա միջին ծանրության»,- ասաց նա:

Երրորդ փոփոխությունը Քրեական դատավարության օրենսգրքին է վերաբերում: Քննարկումների արդյունքում հարցեր էին բարձրացնում՝ քրեական վարույթի շրջանակում կիրառվող արգելադրման գործիքակազմի հետ կապված: Ըստ այդմ՝ առաջարկվում են լավարկումներ՝ ներդնելով այլընտրանքային մեխանիզմ, որպեսզի հարկ վճարողը քրեական վարույթի ընթացքում ֆինանսական կորուստներ չկրի: Տվյալ դեպքում խոսքը գույքն արգելադրելու փոխարեն դրան համարժեք բանկային երաշխիք տրամադրելու մասին է, որը կիրառելու հնարավորություն գործող քրեադատավարական օրենսդրությունը չի նախատեսում:

«Առաջարկում ենք վարույթի ընթացքում հսկող դատախազի հաստատմամբ քննիչի կամ դատարանի որոշմամբ արգելադրված գույքն արգելանքից հանելու հնարավորություն, եթե գույքի սեփականատերը կամ տիրապետողը ներկայացնում է արգելադրված գույքին համարժեք բանկային երաշխիք»,- ասաց նա:

Հարակից զեկուցող, ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանը պարզաբանեց՝ այս փոփոխություններով մեղմացվում են կանոնները, և տնտեսվարողներին հարկային խախտումների դեպքում քրեական դաշտ տանելու համար ավելի բարձր նշաձողեր են դնում: «Այսինքն՝ եթե գործող կարգավորումներով քրեական գործի հարուցման շեմը 10 մլն դրամ է, նախ շեմի չափն է էապես վերանայվում, և երկրորդ կարևոր հարցը, որ լուծվում է, ինստիտուցիոնալ առումով մեխանիզմ ենք դնում, որպեսզի գործերը ՊԵԿ-ից մինչև գնան ՔԿ, մանրամասն ֆիլտր անցնեն»,- նշեց նա: