ՌԴ միջամտությունը ՀՀ ընտրություններին, աճող տնտեսական ճնշումները․ ԵՄ-ն պատրաստ է աջակցել ՀՀ-ի տնտեսական և էներգետիկ անկախությանը. հայտարարություն

Եվրոպական մի շարք երկրների ղեկավարներ և ներկայացուցիչներ, ինչպես նաև Եվրամիության ղեկավարները Դուբլինում ընթացող Եվրոպական քաղաքական համայնքի 9-րդ գագաթնաժողովի շրջանակներում համատեղ հայտարարություն են ընդունել՝ աջակցություն հայտնելով Հայաստանին։ Հայտարարությունը հրապարակվել է Եվրոպական խորհրդի կայքում։ 

«Ֆրանսիայի, Լատվիայի, Լիտվայի, Էստոնիայի, Լեհաստանի և Միացյալ Թագավորության ղեկավարներն ու ներկայացուցիչները, ինչպես նաև Եվրոպական խորհրդի նախագահը, Եվրոպական հանձնաժողովի նախագահը և Եվրամիության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչը Դուբլինում Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի շրջանակում հանդիպել են Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։

Գերմանիայի, Նորվեգիայի, Լեհաստանի, Նիդերլանդների, Եվրոպական խորհրդի նախագահի և Եվրոպական հանձնաժողովի նախագահի հետ միասին նրանք հանդես են եկել հետևյալ հայտարարությամբ.

Մենք վերահաստատում ենք մեր աջակցությունը Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությանը, տարածքային ամբողջականությանը, կայունությանը, անկախությանն ու դիմակայունությանը:

Հինգ ամիս առաջ Հայաստանում տեղի ունեցան խորհրդարանական ընտրություններ։ Չնայած Ռուսաստանի բազմաբնույթ միջամտություններին՝ դրանք հնարավորություն տվեցին հայ ժողովրդին հստակ ընտրություն կատարել հօգուտ խաղաղության, ժողովրդավարության և Եվրոպայի հետ սերտ կապերի։

Այդ ժամանակից ի վեր Ռուսաստանի կողմից Հայաստանի նկատմամբ գործադրվող ուղղակի քաղաքական և տնտեսական ճնշումները շարունակաբար ուժեղանում են։ Ռուսաստանը Հայաստանի արտահանման նկատմամբ աննախադեպ սահմանափակումներ է կիրառել և այժմ սպառնում է էներգակիրների մատակարարումները որպես ահաբեկման միջոց օգտագործել։

Ի պատասխան՝ մենք քայլեր ենք ձեռնարկում՝ հնարավորություն տալու Հայաստանին պաշտպանել իր ինքնիշխանությունը և ազատորեն ընտրել սեփական ապագան։

Մենք կշարունակենք աջակցել Հայաստանին տնտեսական գործընկերությունների դիվերսիֆիկացման հարցում, մասնավորապես առևտրի և էներգետիկայի ոլորտներում՝ հիմնվելով Եվրամիության որոշման վրա, որով կասեցվել են դեպի ԵՄ արտահանվող հայկական ապրանքների 80 տոկոսի նկատմամբ մաքսատուրքերը։

Մենք ճանաչում ենք հայ ժողովրդի եվրոպական ձգտումները և շարունակելու ենք աջակցել Հայաստանի ջանքերին՝ կառուցելու կենսունակ ու դիմակայուն ժողովրդավարություն, ինչպես նաև զարգացնելու բարեկեցիկ տնտեսություն, որը լիարժեքորեն ինտեգրված կլինի տարածաշրջանային հաղորդակցային ցանցերին և միջազգային առևտրային հոսքերին։

Մենք նաև աջակցում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին և 2025 թվականի օգոստոսին Վաշինգտոնում կայացած հանդիպումից ի վեր արձանագրված նշանակալի առաջընթացին, ինչպես նաև Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին։

Մենք խրախուսում ենք այդ ուղղությամբ շարունակական ջանքերի գործադրումը՝ ի շահ հայ և ադրբեջանցի ժողովուրդների, ինչպես նաև ամբողջ տարածաշրջանի»,- ասվում է հայտարարության մեջ։ 

Պայթյուն գազալցակայանում․ տուժածներ չկան

Նոյեմբերի 13-ին Լոռու մարզի Թումանյան համայնքում գտնվող գազալցակայանում պայթյուն է տեղի ունեցել, որի հետևանքով շինությունը մասամբ փլուզվել է։ 

Տուժածներ չկան։ ՆԳՆ ՓԾ հաղորդագրությունը՝ ստորև․ Նոյեմբերի 13-ին, ժամը 10։35-ին Լոռու մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Թումանյան համայնքում գտնվող գազալցակայանում տեղի է ունեցել պայթյուն, տուժածներ չկան։ 

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ։

 Նախնական տվյալներով՝ պայթյունը տեղի է ունեցել ԱԳԼՃԿ-ի առանձնացված տարածքում գտնվող օդաճնշումային համակարգում, ինչի հետևանքով տեղի է ունեցել շինության մասնակի փլուզում։ Հրդեհը մարվել է տեղի ուժերով։ Տուժածներ չկան։ Դեպքի հանգամանքները պարզվում են։

Պատերազմի ավարտի հույս կա. Զելենսկին՝ ԱՄՆ-ՌԴ բանակցությունների արդյունքների մասին

Ուկրաինայի
նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ ԱՄՆ-Ռուսաստան վերջին
բանակցությունները պատերազմի ավարտի հույս են ներշնչում: Նրա խոսքով՝
Եվրամիությունը կդառնա խաղաղության գործընթացի լիարժեք մասնակից, իսկ
բանակցությունների հաջորդ փուլը կարող է տեղի ունենալ ԱՄԷ-ում կամ Շվեյցարիայում:

 Մոսկվա կատարած այցից հետո Դոնալդ Թրամփի հատուկ
բանագնացներ Ջարեդ Քուշները և Սթիվ Ուիթքոֆը ժամանել են Դուբլին, որտեղ հանդիպել
են Զելենսկու հետ:

Ուկրաինայի
առաջնորդը անդրադառնալով ՌԴ-ԱՄՆ բանակցությունների արդյունքներին՝ մասնավորապես
ասել է. «Առաջին արդյունքը. մարդասիրական՝ տեղի կունենա գերիների ազատ արձակում, և
մենք ակնկալում ենք այս պատերազմի ամբողջ ընթացքում գերիների ամենամասշտաբային
փոխանակում։ Երկրորդ արդյունք. մենք ավելի ակտիվորեն ենք ներգրավում եվրոպացի
ներկայացուցիչներին դիվանագիտության
​​մեջ, որպեսզի նրանք հավասար պայմմաններով մասնակցեն բանակցություններին։ Ուկրաինան միշտ պաշտպանում է ամբողջ Եվրոպայի շահերը։ Երրորդ
արդյունք. մենք նախապատրաստում ենք ապագա բազմակողմ հանդիպումներ։
Դիվանագիտությունը հետագայում ևս ակտիվ կլինի»:

 

 

Ամանորյա ձևավորման աշխատանքներով պայմանավորված՝ ժամանակավոր կփակվեն «Հաղթանակ» կամուրջն ու Աբովյան փողոցը

Երևանի քաղաքապետարանից հայտնում են, որ ամանորյա տոնական ձևավորման միջոցառումներով պայմանավորված՝ նոյեմբերի 13-ին՝ ժամը 23:00-ից մինչև նոյեմբերի 14-ը՝ ժամը 06։00-ը, ժամանակավորապես կդադարեցվի «Հաղթանակ» կամրջի և Աբովյան փողոցի երթևեկությունը:

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր է. որ դեպքում մեքենայի շահագործումը կարգելվի

ՆԳՆ-ից հիշեցնում են, որ նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է։

«Մասնավորապես տրանսպորտային միջոցի շահագործումը կարգելվի, եթե․

  • թեթև մարդատար ավտոմոբիլների և մինչև 3,5 տոննա թույլատրելի առավելագույն զանգված ունեցող բեռնատար ավտոմոբիլների վրա տեղադրված չեն ձմեռային անվադողեր,
  • սառցակալած կամ ձյունածածկ ճանապարհային պայմաններում շահագործման համար նախատեսված ձմեռային անվադողերի նախշանկարի մնացորդային բարձրությունը նշված ճանապարհային պայմաններում երթևեկության ժամանակ 4 միլիմետր և դրանից պակաս է:

Նախատեսված պահանջների խախտման համար գործում են վարչական պատասխանատվության միջոցներ:

ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է պահպանել երթևեկության անվտանգության կանոնները, ձեռք բերել ձմեռային անվադողեր՝ թույլատրելի պահպանաշերտով, ցուցաբերել գիտակից ու օրինապահ վարքագիծ։

Ձմեռային անվադողերով երթևեկելու պարտադիր պահանջը գործում է մարտի 31-ը ներառյալ»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Նախարարը և IISD նախագահը քննարկել են ՀՀ-ում կենսաբազմազանության ուղղությամբ ֆինանսավորման հնարավորությունները

Շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանը հանդիպել է Կայուն զարգացման միջազգային ինստիտուտի (IISD) նախագահ և գլխավոր գործադիր տնօրեն Պատրիսիա Ֆուլերի հետ։

Նախարարությունից հայտնում են, որ նախարարը շնորհակալություն է հայտնել Երևանում կայացած COP17-ին և հայկական նախագահության նախաձեռնություններին ցուցաբերած աջակցության համար՝ առանձնացնելով կենսաբազմազանությանը վնասող խթանների վերափոխման և դրական խթանների խրախուսման ուղղությամբ համատեղ աշխատանքը։

«Այս համագործակցության կարևոր արդյունքներից են «Կենսաբազմազանության համար դրական խթանների վերաբերյալ Երևանի կոչը», «18-րդ թիրախի բարեկամներ» նախաձեռնությունը և «Կենսաբազմազանության ֆինանսավորման Երևանի մարտահրավերը»։

Համբարձում Մաթևոսյանն անդրադարձել է նաև Earth Negotiations Bulletin-ի թիմի աշխատանքին՝ ընդգծելով, որ դրա ամենօրյա մասնագիտական լուսաբանումը կարևոր աջակցություն է եղել պատվիրակությունների և շահագրգիռ կողմերի համար՝ բանակցությունների ընթացքին և տարբեր դիրքորոշումներին հետևելու տեսանկյունից։

Հանդիպման ընթացքում քննարկվել են Երևանում մեկնարկած նախաձեռնությունները գործնական արդյունքների վերածելու, երկրների միջև փորձի փոխանակման, ինչպես նաև Հայաստանում կենսաբազմազանության ֆինանսավորման ուղղությամբ համագործակցության հնարավորությունները»,- ասվում է հաղորդագրության մեջ:

ՌԴ-ն և Ուկրաինան համաձայնել են եվրոպացիներին ներառել բանակցությունների հաջորդ փուլում. Քուշներ

Ռուսաստանն ու Ուկրաինան պայմանավորվել են ընդլայնել հաջորդ բանակցային փուլի կազմը և այնտեղ ներառել Եվրոպայի ներկայացուցիչներին։

Այս մասին հայտարարել է ամերիկացի բանագնաց Ջարեդ Քուշները, հայտնում է ՏԱՍՍ-ը:

«Երկու կողմերն էլ այժմ համաձայնել են ընդլայնել բանակցությունների հաջորդ փուլը՝ այնտեղ ներառելով եվրոպացի գործընկերներին։ Դա մեզ թույլ կտա դիտարկել Եվրոպայում անվտանգության ոլորտի ավելի լայն հետպատերազմյան պայմանավորվածությունները՝ Ուկրաինայի և Ռուսաստանի միջև տարածքային տարաձայնությունների հետ մեկտեղ»,- գրել է նա։

Հարձակում թիվ 2 տրոլեյբուսի վրա. թքել են վարորդի ուղղությամբ, փորձել հաշվեհարդար տեսնել. քաշքշոց է սկսվել

Թիվ 2 տրոլեյբուսի վարորդի վրա հարձակում է տեղի ունեցել։

NEWS.am-ի թղթակիցը հայտնում է, որ «Հայրենիք» կինոթատրոնի խաչմերուկ չհասած «Chevrolet» մակնիշի մարդատար ավտոմեքենայի վարորդը այնպես է կանգնել, որ փակել է տրոլեյբուսի ճանապարհը։ Տրոլեյբուսի վարորդն ասել է՝ մի քիչ այն կողմ գնա, որ անցնեմ։ Սա դուր չի եկել մարդատարի վարորդին, որը ագրեսիվ տոնով ասել է, թե՝ «խի՞ ես մուննաթ գալիս»։

Երբ տրոլեյբուսի վարորդն արձագանքել է, թե մուննաթ չի գալիս, խնդրում է, որ ճանապարհ տա իրեն, «Chevrolet»-ի վարորդը սկսել է վիրավորանքներ հասցնել տրոլեյբուսի վարորդին։ Ավելին՝ նա իջել է մեքենայից, վազել տրոլեյբուսի ուղղությամբ, թքել վարորդի վրա և փորձել դուռը քաշքշելով բացել, որ հաշվեհարդար տեսնի։ Ուղևորները փորձել են հանգստացնել տրոլեյբուսի վարորդին՝ հորդորելով շարունակել վարել մեքենան։

Երկու մեքենաներն էլ, անցնելով խաչմերուկը, կանգնեցրել և իջել են մեքեննաներից վարորդները: Այդտեղ քաշքշոց է սկսվել երկու վարորդների և մի շարք այլ քաղաքացիների մասնակցությամբ։

Ուղևորների ակտիվ միջամտության արդյունքում տրոլեյբուսի վարորդը շարունակել է իր ընթացքը, սակայն նա տևական ժամանակ չի կարողացել հանգսատանալ և զսպել հուզմունքը։

Թիվ 22 երթուղին սպասարկող հանրային տրանսպորտի վարորդը ճանապարհին մահացել է, այնուհետև վթարի ենթարկվել

 «Երևանի ավտոբուս»-ից տեղեկացնում են, որ առավոտյան ժամը 06:30-ի սահմաններում ցավալի դեպք է տեղի ունեցել։

Թիվ 22 երթուղին սպասարկող հանրային տրանսպորտի վարորդը հավաքակայանից վերջնակետ գնալու ճանապարհին մահացել է։ Ըստ ժամանած  Շտապօգնության ծառայության բժիշկների` վարորդը մահացել է, այնուհետև վթարի ենթարկվել։

Ցավակցում ենք մեր աշխատակցի ընտանիքին և հարազատներին։

Վլադիմիր Կիրակոսյանն ու Սեդրակ Թևոնյանը քննարկել են Արարատի մարզում բնապահպանական հսկողության հարցերը

ՇՄՆ Էկոպարեկային ծառայության պետ Վլադիմիր Կիրակոսյանն Արարատի մարզպետարանում աշխատանքային հանդիպում է ունեցել Արարատի մարզպետ Սեդրակ Թևոնյանի հետ։

Հանդիպման ընթացքում Վլադիմիր Կիրակոսյանը տեղեկացրել է, որ հայտարարվել են Էկոպարեկային ծառայության Արարատի և Վայոց ձորի մարզային վարչության համալրման նպատակով մրցույթները՝ ընդգծելով, որ վարչության ամբողջական համալրումն ու անհրաժեշտ տեխնիկական միջոցներով հագեցումը կարևորագույն նշանակություն կունենան մարզում բնապահպանական հսկողության արդյունավետության բարձրացման գործում։

Մարզպետ Սեդրակ Թևոնյանը կարևորել է Էկոպարեկային ծառայության մարզային վարչության գործունեությունը՝ առանձնահատուկ ընդգծելով մարզի տարածքում գտնվող «Խոսրովի անտառ» պետական արգելոցի պահպանության գործում ծառայության կարևոր դերակատարությունը։

Վլադիմիր Կիրակոսյանի խոսքով՝ մարզային վարչության ամբողջական համալրումն ու տեխնիկական վերազինումը հնարավորություն կտան առավել արդյունավետ իրականացնել անտառների և բնության հատուկ պահպանվող տարածքների պահպանությունը, ժամանակին բացահայտել և արձանագրել իրավախախտումները, ինչպես նաև զարգացնել հանրության հետ շարունակական համագործակցությունը՝ նպաստելով բնապահպանական իրազեկվածության և պատասխանատվության բարձրացմանը։

Հանդիպման ավարտին կողմերը վերահաստատել են համագործակցությունն ամրապնդելու և բնապահպանական խնդիրների լուծման ուղղությամբ համատեղ աշխատանքը շարունակելու պատրաստակամությունը։