Nvidia-ի հիմնադիր Ջենսեն Հուանգը համաձայնել է մինչև նոյեմբերի 26-ը ցուցմունք տալ ԱՄՆ Կոնգրեսում, ուր օրենսդիրները նրան հրավիրել են մի աղջկա հետ նրա արտամուսնական կապի շուրջ սկանդալի ֆոնին։ Աղջիկը, ենթադրաբար, Չինաստանի իշխանությունների իրազեկիչն է եղել, հայտնում է CBS հեռուստաալիքը։
Nvidia-ն հինգշաբթի հայտարարել է նախագահի և գլխավոր տնօրենի պաշտոններից Հուանգի հրաժարականի մասին՝ ոմն Էլիս Հուանգի հետ նրա մտերիմ հարաբերությունների շուրջ սկանդալի ֆոնին։ Վերջինս, ենթադրաբար, աշխատել է Չինաստանի իշխանությունների համար։ Բացի դրանից, տեղեկություններ են ի հայտ եկել նաև Nvidia-ի ղեկավարի այլ կապերի մասին։
«Ջենսեն Հուանգը, որը հինգշաբթի լքել է Nvidia-ի գլխավոր տնօրենի պաշտոնը, համաձայնել է մինչև Գոհաբանության օրը (նոյեմբերի 26-ը) Վաշինգտոնում դռնփակ կարգով երդման ներքո ցուցմունք տալ օրենսդիրներին»,- ասվում է հեռուստաալիքի նյութում։
ԱՄՆ առևտրի նախարար Հովարդ Լատնիկը ևս համաձայնել է սկանդալի առնչությամբ Կոնգրեսում ցուցմունք տալ՝ Չինաստան Nvidia-ի չիպերի մատակարարումների նկատմամբ արտահանման սահմանափակումների պահպանման հարցերով։
Մինչ այդ հանրապետական սենատոր Թիմ Սքոթը Լատնիկին և Հուանգին առաջարկել էր կամավոր ելույթ ունենալ Կոնգրեսի հանրային լսումներում։
Axios պորտալն ավելի վաղ հայտնել էր, որ ԱՄՆ ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթը դժգոհություն է հայտնել Լատնիկին այն հանգամանքի համար, որ Էլիս Հուանգի ղեկավարած Megaspeed ընկերությունը, որը Nvidia-ի հաճախորդն էր, չի ընդգրկվել գերատեսչության պատժամիջոցների ցանկում։
Պորտալի տվյալներով՝ Լատնիկը նախապես նախազգուշացվել էր չինական հետախուզության համար աշխատելու մեջ կասկածվող կնոջ հետ Հուանգի կապի մասին, սակայն ձգձգել էր սահմանափակումների սահմանումը՝ մտավախություն ունենալով, որ ՉԺՀ-ի հետ առևտրային հակամարտությունը կսրվի։