«Մոլորակը սպանում են, և մենք գիտենք՝ ով է դա անում». Գրետա Թունբերգը՝ Թուրքիայում ՄԱԿ-ի կլիմայական գագաթնաժողովում

Շվեդուհի կլիմայական ակտիվիստ Գրետա Թունբերգը Թուրքիայի Անթալիա քաղաքում անցկացվող ՄԱԿ-ի COP31 կլիմայական համաժողովում խիստ քննադատության է ենթարկել համաշխարհային առաջնորդներին, գրում է The Guardian-ը։

Նրա գնահատմամբ՝ մոլորակը պարզապես չի կործանվում. այն ոչնչացնում են մարդիկ, այդ թվում՝ նրանք, ովքեր խոստանում են պաշտպանել այն։

«Մոլորակը չի մահանում, այն սպանում են, և մենք գիտենք՝ ով է դա անում»,- հայտարարել է Թունբերգը մեծ թվով մասնակիցների հավաքած մամուլի ասուլիսում։

«Այն սպանում են հենց այն մարդիկ, որոնցից ակնկալում են, որ կգան մեզ օգնության։ Ոչ ոք չի գալու մեզ փրկելու»,- ընդգծել է ակտիվիստը։

Նա նաև կոչ է արել պաշտպանել մարդու իրավունքները, երբ դրանք վտանգվում են պետությունների և այլ ինստիտուտների կողմից։

Թունբերգի համոզմամբ՝ նման հանգամանքներում մարդիկ պարտավոր են պատասխանատվություն ստանձնել և պայքարել բոլորի իրավունքների համար։

Նրա հետ մամուլի ասուլիսին Նեպալից, Ավստրալիայից, Պաղեստինից և Կանադայից ակտիվիստներ են մասնակցել։ Նրանք կառավարություններին մեղադրել են կլիմայական ճգնաժամի պայմաններում անգործության մեջ և կոչ արել դադարեցնել թուրքական էներգակիրների մատակարարումներն Իսրայել։ Թունբերգը հայտարարել է, որ այդ մատակարարումներն ուղղակիորեն կապված են Պաղեստինում տեղի ունեցող իրադարձությունների հետ, որտեղ, իր բնորոշմամբ, ցեղասպանություն է իրականացվում։

Ակտիվիստը նախազգուշացրել է, որ աշխարհը շարժվում է դեպի մի ապագա, որտեղ ավելի շատ ցեղասպանություններ և բնապահպանական աղետներ կլինեն, մարդկանց հիմնարար իրավունքները վտանգի տակ կհայտնվեն, իսկ առաջին անհրաժեշտության ապրանքները կվերածվեն շքեղության։

Թունբերգը չի մասնակցել ՄԱԿ-ի կլիմայական գագաթնաժողովներին 2021 թվականից ի վեր, երբ Գլազգոյում անցկացված համաժողովում քննադատել էր բանակցությունները՝ դրանք անվանելով դատարկ խոսակցություններ։ Վերջին տարիներին նա ընդլայնել է իր հասարակական գործունեության թեմաների շրջանակը՝ ավելի մեծ ուշադրություն դարձնելով, մասնավորապես, պաղեստինցիների վիճակին։

COP31-ին նրա ներկայությունը զգալի հետաքրքրություն է առաջացրել համաժողովի մասնակիցների շրջանում. մամուլի ասուլիսի ավարտից հետո շատերը փորձել են մոտենալ ակտիվիստին և զրուցել նրա հետ։

Վաշինգտոնում՝ Սպիտակ տան մոտ տեղի ունեցած հրաձգության հետևանքով կա զոհ․ կասկածյալը, ենթադրաբար, ինքնասպան է եղել

Վաշինգտոնի Լոգան Սըրքլ թաղամասում՝ Սպիտակ տնից ոչ հեռու գտնվող Vida Fitness ֆիթնես ակումբում տեղի ունեցած հրաձգության հետևանքով մեկ մարդ զոհվել է, ևս չորսը՝ վիրավորվել։ Տուժածներից մեկի վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր։ Հրաձգության մեջ կասկածվող անձը նույնպես մահացել է, հայտնում է NBC News-ը՝ վկայակոչելով դաշնային իրավապահ մարմինների աղբյուրները։

Ոստիկանության տվյալներով՝ հրաձգությունից հետո տղամարդը պատսպարվել է մոտակայքում գտնվող բնակարանում։ Իրավապահները նրա հետ հեռախոսային կապ են պահպանել, սակայն ինչ-որ պահի կրակոցի ձայն են լսել և կորցրել կապը։ Երբ ոստիկանները մտել են բնակարան, կասկածյալին հայտնաբերել են հրազենային վնասվածքով, որը նա, ենթադրաբար, ինքն է իրեն հասցրել։

Մայրաքաղաքի ոստիկանության վարչության պետի պաշտոնակատարը հայտնել է, որ քննությունը ուսումնասիրում է հարձակման հնարավոր դրդապատճառները։ Նախնական տվյալներով՝ կասկածյալը ընդհարվել է ունեցել բնակելի շենքի բնակարանների սեփականատերերի միության հետ։ Տղամարդու անունը դեռ չի հրապարակվում։ Ոստիկանության տվյալներով՝ ինչ-որ պահի նրա մոտ ատրճանակ է եղել։ Այլ զենքի առկայությունը դեռ պետք է պարզել։

Vida Fitness ֆիթնես ակումբը, որտեղ տեղի է ունեցել հրաձգությունը, փակ է անորոշ ժամկետով։ Տնօրինությունն այցելուներին խնդրել է չմոտենալ շենքին և հարակից տարածքին ու հետևել իրավապահ մարմինների ցուցումներին։

ՆԳՆ–ն առաջարկում է արգելել մանկապիղծներին քրեական պատասխանատվությունից ազատելու հնարավորությունը

Նոյեմբերի 12-ին ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ՀՀ ներքին գործերի նախարարի տեղակալ Արմեն Մկրտչյանն առաջին ընթերցմամբ քննարկման է ներկայացրել «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը։

«ՆԳՆ քաղաքական առաջնահերթություններից են անչափահասների նկատմամբ հանցավորության կանխարգելումն ու նրանց իրավունքների պաշտպանությունը։ Այս նախագիծը միտված է երեխաների սեռական անձեռնմխելիության պաշտպանությանը և այդ իրավահարաբերություններում որոշակի փոփոխություններ կատարելուն»,- նշել է նախարարի տեղակալը։

Արմեն Մկրտչյանի խոսքով՝ ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ դատական պրակտիկայում քիչ չեն այնպիսի դեպքերը, երբ ՀՀ քրեական օրենսգրքի 200-րդ (սեքսուալ բնույթի գործողություններ կատարելը տասնվեց տարին չլրացած անձի նկատմամբ) և 201-րդ (անառակաբարո արարք կատարելը) հոդվածներով նախատեսված հանցանքների համար մեղադրվող անձինք քրեական պատասխանատվությունից ազատվում են տուժողի հետ հաշտվելու կամ գործուն զղջալու հիմքերով։

Նախարարի տեղակալն ընդգծել է, որ այս հանցագործություններից տուժում են տասնվեց տարին չլրացած երեխաները, որոնք առանձնապես անպաշտպան կարգավիճակ ունեն և մշտապես պետության հատուկ հոգածության ներքո են։ Ուստի նախագծով առաջարկվում է արգելել երեխաների սեռական ազատության և սեռական անձեռնմխելիության դեմ հանցագործություններ կատարած անձանց՝ հաշտվելու կամ գործուն զղջալու հիմքերով քրեական պատասխանատվությունից ազատելու հնարավորությունը։

«Սա բխում է բացառապես երեխայի լավագույն շահերի պաշտպանությունից, քանի որ յուրաքանչյուր երեխայի անվտանգ, առողջ և արժանապատիվ մանկության երաշխավորումը պետության բացարձակ առաջնահերթությունն է»,- ասել է Արմեն Մկրտչյանը։

Ներկայացնելով հաջորդ փոփոխությունը՝ նախարարի տեղակալը պարզաբանել է, որ Քրեական օրենսգրքի 81-րդ հոդվածով նախատեսված՝ գործուն զղջալու հիմքով քրեական պատասխանատվությունից ազատելու արգելքը չի տարածվում 189-րդ հոդվածով սահմանված՝ երեխայի կամ անօգնական վիճակում գտնվող անձի թրաֆիքինգի կամ շահագործման դեպքերի վրա, մինչդեռ չափահաս անձի թրաֆիքինգի կամ շահագործման դեպքում նման արգելք նախատեսված է։ Նախագծով առաջարկվում է լրացնել այդ բացը՝ արգելքը տարածելով նաև երեխայի կամ անօգնական վիճակում գտնվող անձի թրաֆիքինգի կամ շահագործման դեպքերի վրա։

Արմեն Մկրտչյանը ներկայացրել է նաև Քրեական օրենսգիրքը նոր հոդվածով լրացնելու առաջարկը, որի արդյունքում քրեական պատասխանատվություն կսահմանվի նաև պոռնկությամբ զբաղվող երեխայի ծառայություններից օգտվելու համար։

Նրա խոսքով՝ տասնվեց տարին լրացած երեխայի սեռական ազատության առկայությունը դեռևս չի նշանակում, որ նա կարող է ներգրավվել իր համար վտանգ ներկայացնող այնպիսի գործունեության մեջ, ինչպիսին պոռնկությունն է։ Նախարարի տեղակալը շեշտել է, որ առաջարկվող կարգավորումն անձնական կյանքին միջամտություն չէ, քանի որ 16-18 տարեկան երեխայի նման ծառայություններից օգտվելը վնասում է նաև հանրային բարոյականությանն ու սոցիալական հարաբերություններին։ Նախագծով առավել խիստ պատասխանատվություն է նախատեսվում այն դեպքերի համար, երբ անձն օգտվում է 12–16 տարեկան երեխայի այդպիսի ծառայություններից։

Արմեն Մկրտչյանը տեղեկացրել է, որ նախագծի վերաբերյալ ԱԺ աշխատակազմի վերլուծական-փորձագիտական վարչության առաջարկներն ընդունելի են, և հանձնաժողովի անդամներին առաջարկել է կողմ քվեարկել նախագծին։ Նա նաև պատասխանել է պատգամավորների հարցերին։

Հարակից զեկուցող Հասմիկ Հակոբյանը ևս կոչ է արել կողմ քվեարկել նախագծին։

Լրամշակված նախագիծը ստացել է հանձնաժողովի դրական եզրակացությունը

«Փենթագոնը պաշտպանել է պաշտպանության նախարարին նկատողություն արած զինծառայողին». Ռոբերտ Բարսեղյան (տեսանյութ)

«Փենթագոնը պաշտպանել է պաշտպանության նախարարին նկատողություն արած զինծառայողին». Ռոբերտ Բարսեղյան

Օգտատեր Ռոբերտ Բարսեղյանի ֆեյսբուքյան գրառումը. «ԱՄՆ-ի պաշտպանության նախարարին դիտողություն են արել Անհայտ զինվորի շիրիմի մոտ։ Փենթագոնը պաշտպանել է պահակախմբի զինծառայողին
     ԱՄՆ-ի Արլինգթոնի ազգային գերեզմանատանն ուշագրավ միջադեպ է տեղի ունեցել։ ԱՄՆ-ի բանակի 3-րդ հետևակային գնդի պատվո պահակախմբի զինծառայողը դիտողություն է արել պաշտպանության նախարար Փիթ Հեգսեթին և նրան ուղեկցող անձանց՝ Անհայտ զինվորի շիրիմի մոտ սահմանված վարքականոնը խախտելու համար։
     Միջադեպը տեղի է ունեցել Վետերանների օրվան նվիրված արարողությունից հետո։ Ըստ տարածված տեղեկությունների՝ նախարարին ուղեկցող խմբի անդամները հուշահամալիրի տարածքում սկսել են բարձրաձայն խոսել և լուսանկարվել՝ խախտելով այդ վայրում գործող խիստ կանոնները։
     Պատվո պահակախմբի զինծառայողը միջամտել է՝ պահանջելով պահպանել լռությունն ու հարգանքը հուշահամալիրի նկատմամբ։
     Հատկանշական է, որ Փենթագոնը պաշտպանել է զինծառայողի գործողությունները՝ ընդգծելով, որ Արլինգթոնի ազգային գերեզմանատան և Անհայտ զինվորի շիրիմի մոտ գործող կանոնները բոլորի համար նույնն են՝ անկախ զբաղեցրած պաշտոնից։
     Հենց նման իրավիճակներում էլ երևում է, թե որքան կայացած են պետական ինստիտուտները։ Երբ պաշտոնը ոչ մեկին արտոնություն չի տալիս, իսկ կանոնները նույնն են բոլորի համար՝ անկախ նրանից՝ շարքային քաղաքացի ես, թե երկրի պաշտպանության նախարար։ Սա է իրականում գործող համակարգի և ինստիտուցիոնալ մշակույթի կարևոր ցուցիչը»:

Նորագյուղի 46-ամյա բնակչի տանը հայտնաբերել են 4,5 կիլոգրամ կանեփանման զանգված, դեղահաբեր և զենք-զինամթերք

Դիտել YouTube-ում

Համայնքային ոստիկանության Մալաթիայի բաժնի ծառայողները ստացել էին օպերատիվ հավաստի տեղեկություն, որ Նորագյուղի բնակիչ 46-ամյա տղամարդը տանը պահում և իրացնում է թմրանույթ, նաև ապօրինի պահում է զենք-զինամթերք։

Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնում նախաձեռնվեց քրեական վարույթ, որի շրջանակում նոյեմբերի 12-ին դատարանի որոշմամբ խուզարկություն կատարվեց նրա տանը։

Հայտնաբերվեց մեթադոնային լուծույթով ապակե տարա, ավելի քան 4,5 կիլոգրամ կանեփի չոր զանգված, կանեփի երկու թուփ, դեղնականաչավուն զանգվածներով երկու կաթուցիչ և տոպրակ, թմրանյութի նմանվող այլ զանգվածներ, դեղահաբեր, փոշենման հետքերով տարա, երկու աղաց և էլեկտրոնային կշեռքներ, նաև՝ երկփողանի որսորդական հրացան, թմբուկավոր լիցքավորված ատրճանակ, փամփուշտներ ու նռնակ։

Նախաքննությունը շարունակվում է։

Հորմուզի նեղուցի հարցում հասել են համաձայնության


Թեհրանն ու Մասքաթը հասել են փոխըմբռնման՝ Հորմուզի նեղուցով նավագնացության ուղիների հարցում։ Այս մասին հայտարարել է Իրանի խորհրդարանի նախագահ Մոհամադ Բաղեր Ղա…

Հայտնի է Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Կիպրոսի հետ խաղի համար


Քիչ անց Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում կմեկնարկի Հայաստանի և Կիպրոսի ազգային հավաքականների ֆուտբոլային հանդիպումը։ Հանդիպումից առա…

Դուբլինում Փաշինյանը հանդիպել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի հետ

Դուբլինում գտնվող՝ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի հետ:

Զրուցակիցները քննարկել են Հայաստան-Վրաստան հարաբերությունների օրակարգային հարցեր: Կարևորվել են երկկողմ ինտենսիվ քննարկումները՝ փոխշահավետ համագործակցության շարունակական զարգացման նպատակով:

Մտքեր են փոխանակվել նաև տարածաշրջանային նշանակության այլ թեմաների շուրջ:

Նշենք, որ Դուբլինում գտնվող Նիկոլ Փաշինյանը կարճատև զրույց է ունեցել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և Լիտվայի նախագահ Գիտանաս Նաուսեդայի հետ։

Կալանքի պայմաններում անձի ցանկացած առողջական խնդրի թիվ մեկ մեղավորն իշխանությունն է․ Արամ Վարդևանյան

Դիտել Reel-ը

Հայաստանում քաղաքական իշխանությունն ամեն գնով պահանջում է կալանքի կիրառում՝ չնայած ինտենսիվ այլ խափանման միջոցների առկայությանը, գրում է ԱԺ փոխնախագահ Արամ Վարդևանյանը։

։«Միջազգային փորձում նման երկրորդ դեպք չեք գտնի, քանի որ իշխանությունը պարտավոր է պաշտպանել ազատության կանխավարկածը, իսկ կալանքը ծայրահեղ միջոց է։

Կալանքի պայմաններում անձի ցանկացած առողջական խնդրի թիվ մեկ մեղավորն ու պատասխանատուն իշխանությունն է»,– հավելել է նա։