G7-ի երկրները երեք անգամ շնորհավորել են Թրամփին՝ Իրանի հարցով որոշման համար․ Politico

«Մեծ յոթնյակի» (G7) երկրների ղեկավարները Ֆրանսիայում կայացած գագաթնաժողովի արդյունքներով ընդունված համատեղ հայտարարության մեջ երեք անգամ շնորհավորել են ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին իրանական հակամարտության կարգավորման կապակցությամբ՝ նպատակ ունենալով շահել ամերիկյան առաջնորդի բարեհաճությունը։ Այս մասին հայտնում է «Politico» պարբերականը՝ հղում անելով իր աղբյուրներին։

Ըստ անանուն դիվանագետի՝ սա «միտումնավոր ժեստ» էր՝ «յոթնյակի» ներսում «փխրուն հավասարակշռությունը չխախտելու» համար։ Նա հավելել է, որ այդպիսով G7-ի ղեկավարները «իրենց աջակցությունն են հայտնել նրան»։

ԱՄՆ-ի, Իրանի և որպես միջնորդ հանդես եկող Պակիստանի պաշտոնատար անձինք հունիսի 14-ին հաստատել են Վաշինգտոնի և Թեհրանի միջև համաձայնության ձեռքբերումը, որի նպատակն է վերջ դնել Մերձավոր Արևելքում ընթացող պատերազմին։ Իրանի փոխարտգործնախարար Քազեմ Ղարիբաբադիի խոսքով՝ 60-օրյա զինադադարի ընթացքում կողմերը կքննարկեն նաև Թեհրանի միջուկային ծրագիրը, հունիսի 15-ից հայտարարվում է ԱmodifyՆ-ի կողմից Իրանի ծովային շրջափակման ավարտը, ինչպես նաև բոլոր ճակատներում, այդ թվում՝ Լիբանանում, ռազմական գործողությունների անհապաղ ու մշտական դադարեցումը։ ԱՄՆ-ն ու Իսրայելը Իրանի դեմ պատերազմը սկսել են փետրվարի 28-ին։ Հունիսի 17-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, Վերսալի պալատում Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ հանդիպումից հետո, հաստատել է Վաշինգտոնի և Թեհրանի միջև հուշագրի ստորագրումը։

G7-ի գագաթնաժողովն անցկացվել է հունիսի 15-17-ը ֆրանսիական ալպիական Էվիան լե Բեն առողջարանային քաղաքում։

«Հրապարակ». Դիլիջանի համայնքապետի նկատմամբ գործ է հարուցվել՝ Վահե Ղազարյանի եղբորը պետական հող օտարելու համար

Նախկինում գրել էինք, որ Տավուշի մարզի դատախազի տեղակալ Հ․ Աղասարյանը Դիլիջանի ավագանուն առաջարկություն է արել՝ Դիլիջանում ապօրինի օտարված հողամասի մասին դատական հայց ներկայացնելու վերաբերյալ։ Դիլիջան համայնքի ղեկավար Դավիթ Սարգսյանը, առանց պետական լիազոր մարմնի դրական եզրակացությունը ստանալու, հաստատել է 2025 թ․ սեպտեմբերի 6-ին կայացած հողամասի աճուրդի արդյունքները եւ ՀՀ սեփականություն հանդիսացող1350․4 քմ հողամասը հանգստի նշանակության օբյեկտի կառուցման նպատակով 9 մլն 452 հազար 800 դրամով օտարել է Հայկ Ռոբերտի Ղազարյանին, կատարվել է վերջինիս սեփականության իրավունքի գրանցում։

Դատախազի տեղակալը համայնքի ավագանուն առաջարկել է պետական (համայնքային) շահերի պաշտպանության հայց ներկայացնել իրավասու դատարան եւ հարուցված հայցի մասին նույն օրը հայտնել Տավուշի մարզի դատախազություն, չհարուցելու դեպքում եւս տեղեկացնել Տավուշի դատախազություն։ Հ․ Աղասարյանն ավագանուն հայտնել է նաեւ, որ մեկամսյա ժամկետում հարուցված հայցի մասին տեղեկատվության բացակայության դեպքում դատախազությունն ինքը ձեռնամուխ կլինի հայց հարուցելու իր լիազորության իրացմանը։

Դիլիջանի ավագանու 2026թ․ հունվարի 19-ի նիստում պետք է քննվեր Աղասարյանի առաջարկը, սակայն քվորում չլինելու պատճառով ավագանու նիստը չի կայացել։ Դիլիջանի բնակիչներից տեղեկացել էինք, որ նշված հողամասը թեեւ գրանցված է ՆԳ նախկին նախարար Վահե Ղազարյանի եղբոր անունով, այն փաստացի Վահե Ղազարյանին է պատկանում։ Այնտեղ՝ Դիլիջանի կոմպոզիտորների տուն տանող ճանապարհի մոտ կառուցվել է հանգստի գոտի, փայտե 6 քոթեջներ են գործարկվել։ Մայիսի 11-ին գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանին տեղեկատվական հարցում էի արել․

«1․ Տավուշի մարզի դատախազի տեղակալ Հ․ Աղասարյանը Դիլիջան համայնքի ավագանուն հայց ներկայացնելու վերաբերյալ առաջարկություն է արել, որով հայտնել է Դիլիջանում Հայկ Ռոբերտի Ղազարյանին ապօրինի օտարված հողամասի մասին։ Համայնքի ավագանու 2026թ․ հունվարի 19-ի նիստում քվորում չի եղել, ավագանին այդ խնդրին վերաբերմունք չի ցուցաբերել։ Ամիսներ են անցել, դատախազությունն այդ խնդրով, օրենքով սահմանված կարգով դիմե՞լ է դատարան, որպեսզի անօրինական կերպով օտարված պետական հողը վերադարձվի պետությանը։ Եթե դիմել է, ե՞րբ, ո՞ր դատարանում է քննվում այդ հայցը։
2․ Դիլիջան համայնքում Հայկ Ռոբերտի Ղազարյանին ապօրինի օտարված պետական հողամասի կապակցությամբ քրեական գործ հարուցվե՞լ է Դիլիջան համայնքի ղեկավար Դավիթ Սարգսյանի նկատմամբ։ Եթե այո՝ ե՞րբ, ի՞նչ հոդվածով է հարուցվել, այդ գործով ի՞նչ կարգավիճակ ունի Դ․ Սարգսյանը։
3. 2018 եւ 2025 թվականներին ՀՀ-ում քրեական հետապնդման ենթարկված քանի՞անձ է եղել, դրանցից քանի՞սի նկատմամբ է դատարանների կողմից կալանք ընտրվել՝ որպես խափանման միջոց։
4. 2018 եւ 2025 թվականներին ՀՀ-ում քանի՞ հանցագործություն է արձանագրվել, դրանցից քանի՞սն է եղել ծանր եւ առանձնապես ծանր։
5․ Իջեւանում Աղստեւ գետի հունի ավերման, այդ հունում Իջեւանի գինու-կոնյակի գործարանի կողմից ապօրինի մեծ պատ կառուցելու կապակցությամբ 2021թ․ հոկտեմբերի 15-ին ՀՀ քրեական օրենսգրքի 308 հոդվածի 1-ին մասով եւ 290 հոդվածի 1-ին մասով քրեական վարույթ է նախաձեռնվել։ Այդ վարույթը քննվում է Հակակոռուպցիոն կոմիտեում։ Գլխավոր դատախազությունն այդ վարույթով դատախազական հսկողություն իրականացնո՞ւմ է, չի՞ խախտվում վարույթը ողջամիտ ժամկետում քննելու պահանջը։ Այդ քրեական վարույթով որեւէ անձի մեղադրանք առաջադրվե՞լ է»։

Հունիսի 16-ին Գլխավոր դատախազությունից ստացել եմ հետեւյալ պատասխանը․

«Ի պատասխան Ձեր՝ 2026 թվականի մայիսի 11-ի 11560282-2026 հարցմանը՝ տեղեկացնում եմ, Դիլիջանի համայնքապետարանի իրավասու պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական անփութություն կատարելու դեպքի առթիվ Տավուշի մարզի դատախազության կողմից դեռեւս 21․01․2026թ․ ներկայացվել է առերեւույթ հանցագործության մասին հաղորդում, որի համար ՀՀ քրեական օրենսգրքի 446-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ, որի նախաքննությունը կատարվում է ՀՀ ՔԿ ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում։ Քրեական վարույթով նախաքննությունը շարունակվում է»։
Քրեական օրենսգրքի 446-րդ հոդվածի 2-րդ մասը վերաբերում է «Պաշտոնեական անփութությանը» (Պաշտոնատար անձի կողմից իր ծառայողական պարտականությունների կատարման նկատմամբ անբարեխիղճ կամ անփույթ վերաբերմունքի հետեւանքով դրանք չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ կամ առողջությանը ծանր վնասի պատճառում, կամ առանձնապես խոշոր չափերի գույքային վնաս, կամ այլ ծանր հետեւանք)։

Դիլիջան համայնքի ՔՊ-ական ղեկավար Դ․ Սարգսյանը չէր կարող Դիլիջանի ազգային պարկի տարածքում այն ժամանակ ՆԳ նախարար Վահե Ղազարյանի եղբորը պաշտոնեական անփութությամբ պետական սեփականություն հանդիսացող հողամաս օտարել։ Գլխավոր դատախազությունը չի պատասխանել այն հարցերին, թե դատախազությունն այդ խնդրով օրենքով սահմանված կարգով դիմե՞լ է դատարան, որպեսզի անօրինական կերպով օտարված պետական հողը վերադարձվի պետությանը, եւ Դիլիջան համայնքի ղեկավարին մեղադրանք առաջադրվե՞լ է։ Երեւի Գլխավոր դատախազությունը մայիսի 11-ից մինչեւ հունիսի 16-ը մտածել է, թե ինչպես պատասխանի այդ հարցերին։ Իսկ տեղեկատվական հարցման մյուս 4 հարցերը պարզապես անտեսել է։

Արարատի մարզը նոր տրանսպորտային համակարգ ունի. նոր ավտոբուսները կգործեն օգոստոսի կեսերից (վիդեո)

Արարատի մարզը նոր տրանսպորտային համակարգ ունի. օգոստոսի կեսերից նոր օպերատորը կսկսի սպասարկել մարզի միասնական երթուղային ցանցը՝ նոր ավտոբուսներով, թվային լուծումներով։ Այս մասին NEWS.am–ը տեղեկանում է Կառավարությունից, որը նաև տեսանյութ է պատրաստել։

Հայտարարված մրցույթում հաղթելուց հետո ընկերությունը անհրաժեշտ շարժակազմի մի մասն արդեն ներկրել է։

«Վեդու ԲՈՒԱՏ»–ի ներկայացուցիչ Գարիկ Մանուկյանը նշել է. «Ունենք արդեն իսկ 40 տրանսպորտային միջոց 87 հատից։ Այս պահին 10 մեքենա գտնվում է Երևանում, անցնում է տեխնիկական սպասարկում, որ հանձնվի մեզ։ Հունիսի վերջին արդեն իսկ կունենանք մոտ 65-70 մեքենա տեղում։

Բանակցություններ ենք վարում տեղորոշման ծրագրի հետ, որպեսզի բնակիչները կարողանան իրենց տնից կամ աշխատանքի վայրից տեսնել, թե տրանսպորտը որտեղ է հասել, որպեսզի ավելորդ ժամանակ չծախսեն կանգառներում սպասելու համար»։

Ավտոբուսները կապելու են մարզի փոքր ու մեծ բնակավայրերը, նաև համայնքները՝ Երևանին։ Մեքենաներում օդափոխման համակարգ կա։

Ընկերությունը պարտավորվել է սպասարկել բոլոր երթուղիները, նաև նրանք, որոնք եկամտաբեր չեն։

Նշենք, որ այս պահին միասնական երթուղային ցանցով ապահովված է Կոտայքի մարզը, Արագածոտնի մարզը, Արմավիրի մարզի Վաղարշապատ տարածաշրջանը և Գեղարքունիքի մարզի Գավառ տարածաշրջանը։

Առավել մանրամասն՝ տեսանյութում

«Առաջիկա օրերին մի փոքր շոգելու ենք»․ Գագիկ Սուրենյան (տեսանյութ)

«Առաջիկա օրերին մի փոքր շոգելու ենք»․ Գագիկ Սուրենյան

Հանրապետության գլխավոր հիդրոօդերևութաբան Գագիկ Սուրենյանը հայտնում է. «Առաջիկա օրերին հանրապետության հատկապես տաք գոտիներում՝ Սյունիքի հովիտներում, Արարատյան դաշտում, նաև Երևանում մի փոքր շոգելու ենք։ Հունիսի 18-20-նն ընկած ժամանակահատվածում հանրապետության ողջ տարածքում օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-4 աստիճանով։ Ամենաբարձր ջերմաստիճանները կգրանցվեն հունիսի 20-ին՝ Արարատյան դաշտում հասնելով մինչև 36-37 աստիճանի, Երևանում՝ մինչև 35, Սյունիքի հովտային գոտում՝ մինչև 36 աստիճանի։ Չնայած օդի ջերմաստիճանի բարձրացմանը՝ հատկապես հանրապետության հյուսիսային շրջաններում, գիշերը և երեկոյան ժամերին ամպրոպային բնույթի կարճատև անձնրևները կպահպանվեն։ Հունիսի 21-ից սկսած օդի ջերմաստիճանը կրկին աստիճանաբար կսկսի նվազել»։