Թրամփը նշել է Իրանի՝ ԱՄՆ-ի խաղաղ առաջարկին արձագանքելու ժամկետները

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ուրբաթ օրը լրագրողներին հայտնել է, որ սպասում է Իրանից «այս երեկո» ստանալ տարածաշրջանում ռազմական գործողությունները դադարեցնելու առաջարկ, հաղորդում է The New York Post-ը։

«Ըստ ամենայնի, այսօր երեկոյան ես նամակ կստանամ։ Տեսնենք՝ ինչ կստացվի դրանից», – ասել է Թրամփը՝ պատրաստվելով Սպիտակ տնից մեկնելու՝ Հյուսիսային Վիրջինիայում գտնվող իր գոլֆի դաշտում ընթրելու համար։

Երբ նրան հարցրել են՝ արդյոք նա կարծում է, որ Իրանը ձգձգում է գործընթացը, ԱՄՆ նախագահը պատասխանել է. «Չգիտեմ։ Մենք դա շուտով կպարզենք»։

Ինչպես նշում է The New York Post-ը, փոխըմբռնման մեկ էջանոց հուշագիրը, որը Թրամփը սպասում է ստանալ ի պատասխան, ենթադրաբար կդառնա ավելի լայն համաձայնագրի հիմք, որի շուրջ բանակցությունները կանցկացվեն ավելի ուշ։

ԱՄՆ-ն առաջարկել է Իրանին, որ ինքը կմեղմի պատժամիջոցները՝ փոխարենը ուրանի հարստացումը դադարեցնելու և Հորմուզի նեղուցով առևտրային ծովային երթուղիները վերականգնելու համար, հայտնել են բանակցությունների ընթացքին ծանոթ աղբյուրները։

«Այսօր մենք պետք է ինչ-որ բան իմանանք, – լրագրողներին ասել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն Հռոմում ԱՄՆ դեսպանատանը։ – Ես նկատի ունեմ, որ մենք նրանց պատասխանի ենք սպասում։ Տեսնենք, թե ինչ կպատասխանեն նրանք։ Հույս կա, որ դա կարող է մեզ մղել լուրջ բանակցային գործընթացի»։

Ռուբիոն նշել է, որ Իրանի կառավարությունը «դեռևս խիստ պառակտված է և քիչ գործունունակ», ինչը «կարող է խոչընդոտ հանդիսանալ»։ Նա նաև նախազգուշացրել է, որ Թեհրանի ջանքերը Հորմուզի նեղուցում նավերի շարժը վերահսկելու ուղղությամբ «անընդունելի» կլինեն։

«Հրապարակ»․ Ղուլունցները խայտառակվել են շեֆի մոտ

Երեկ Սյունիքը, մեծ հաշվով, մերժեց Նիկոլ Փաշինյանին, որը նախընտրական քարոզարշավի մեկնարկը տվեց Հայաստանի հարավից: Սյունիքի համայնքներում Փաշինյանի քարոզչական թիմը խայտառակ ընդունելության է արժանացել:

Հիմնականում պարտադրանքով բերված համայնքապետարանի, դպրոցների աշխատակիցներ են եղել հանդիպումներին, իսկ Տեղ համայնքում առհասարակ` ամենախայտառակ պատկերն է գրանցվել: Չնայած համայնքապետ Ղուլունցը եւ նրա քեռի` Սյունիքի նախկին մարզպետ Մելիքսեթ Պողոսյանն ամեն ինչ արել են, որ գյուղացիներին բերեն գյուղամեջ` Փաշինյանի հետ հանդիպման, բայց չի ստացվել։

Այդ փաստը գազազեցրել է Նիկոլ Փաշինյանին, նա ստիպված է եղել մի քանի դպրոցականի առջեւ ելույթ ունենալ ու հեռանալ:

Ի դեպ, Դավիթ Ղուլունցն ամբողջ գյուղում ազատ պատ չի թողել` բոլորը պաստառապատել է ՔՊ պլակատներով, բայց, միեւնույն է` վիճակը դրանից չի փոխվել:

«Հրապարակ»․ Փարամազյանն ու Առուշն իրենց «ընտրությունը» կատարել են

Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանը երեկ վերջնականապես բացեց խաղաքարտերը եւ Խնձորեսկում դիմավորելով քարոզարշավի մեկնած Նիկոլ Փաշինյանին ու խոնարհվելով նրա առաջ` փարատեց բոլոր կասկածներն ու պատասխանեց հարցին՝ ինքն աշխատելո՞ւ է, թե՞ ոչ ՔՊ-ի օգտին։

Երբեմնի ընդդիմադիր համայնքապետ Առուշանյանի դեպքում այլեւս կասկած չկա, որ նա ամբողջությամբ անցել է ՔՊ շարքերը եւ ընտրություններին էլ աշխատելու է իշխանության համար։

Ինչ վերաբերում է Քաջարանի համայնքապետ Մանվել Փարամազյանին, չնայած նա որոշ ընդդիմադիր շրջանակների խոստացել է, որ նրանց համար է աշխատելու, սակայն ՔՊ-ական շրջանակներից վստահեցրին, որ Փարամազյանն իրենց կոնտրոլի տակ է` չի կարող իրենց գլխից թռնել, քանի որ նրա գլխին քրեական գործեր կան կախված, ու եթե մինչեւ այս պահն ազատության մեջ է, միայն այն բանի շնորհիվ, որ իրենց «պետք է»։

Իսկ ընդդիմությանը տված խոստումներն ընդամենը նախկին ընկերներին մոլորեցնելու նպատակով են արվում, որ չասեն` դավաճանել է իրենց:

Մերձավոր Արևելքի գլխավոր իրադարձությունները՝ մայիսի 9-ի առավոտվա դրությամբ

Մերձավոր Արևելքում իրավիճակը շարունակում է մնալ լարված և անկայուն։ Իրան-ԱՄՆ բանակցությունների մասին լուրերը Իսլամաբադում միայն արտացոլում են երկխոսություն հաստատելու փորձերը. շփումները ունեն անկանոն բնույթ և մինչ այժմ արդյունք չեն տվել։

Միևնույն ժամանակ, Իսրայելը՝ չնայած հայտարարված զինադադարին, շարունակում է հարվածներ հասցնել Լիբանանի տարածքին, ինչը վկայում է հրադադարի ռեժիմի փաստացի խախտման մասին։ Ընդհանուր առմամբ, տարածաշրջանը շարունակում է մնալ երկարատև էսկալացիայի վիճակում, և հետագա սրման ռիսկերը պահպանվում են։

 NEWS.am ներկայացնում է շաբաթ օրվա գիշերը Մերձավոր Արևելքում տեղի ունեցած հիմնական իրադարձությունների համառոտ ամփոփումը։

• ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նախագահ Սի Ցզինպինը պատրաստվում են Պեկինում կայանալիք լայնամասշտաբ գագաթնաժողովի, որի ֆոնին աճում են խոսակցությունները Մերձավոր Արևելքում հակամարտության կարգավորման շուրջ ԱՄՆ-ի և Չինաստանի միջև հնարավոր գործարքի մասին։ Այս մասին գրում է Bild-ը։

Թրամփը, հիասթափված լինելով ՆԱՏՕ-ի դաշնակիցների դիրքորոշումից, փաստացի ճանապարհ է բացել Չինաստանի համար՝ որպես գլխավոր միջնորդի։

Պեկինի հիմնական շահը շարունակում է մնալ Հորմուզի նեղուցի ապաշրջափակումը, քանի որ ՉԺՀ-ն սպառում է Իրանի նավթի արտահանման մինչև 90 տոկոսը, իսկ այդ երթուղու կայունությունը կենսական նշանակություն ունի չինական տնտեսության համար։

• ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչ, դեսպան Ամիր Սաիդ Իրավանին նամակ է ուղարկել Գլխավոր քարտուղարին և Անվտանգության խորհրդի նախագահին։ Նա կոչ է արել նրանց հստակ և միանշանակ դատապարտել ԱՄՆ-ի ապօրինի գործողությունները, այդ թվում՝ Իրանի ծովային շրջափակումը։

• ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հայտարարել է, որ Վաշինգտոնը սպասում է Իրանի պատասխանին հակամարտության կարգավորման վերաբերյալ ԱՄՆ-ի առաջարկներին։

«Մենք այսօր որևէ պահի նրանցից պատասխան ենք սպասում… Հուսով եմ, որ դա լուրջ առաջարկ կլինի, ես իսկապես հույս ունեմ դրա վրա», — ասել է Ռուբիոն։

• ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը NBC News հեռուստաալիքին տված հարցազրույցում «Ոչ» է պատասխանել այն հարցին, թե արդյոք Իրանի հետ հակամարտությունն ավարտվել է։

«Ամեն ինչ կավարտվի, երբ ավարտվի։ Բայց մենք, անկասկած, ռազմական հաղթանակ ենք տարել։ Մենք պետք է ստիպենք մարդկանց դուրս գալ [Իրանի] քարանձավներից և ինչ-որ բան ստորագրել։

Մենք իրականում վերահսկում ենք Հորմուզի նեղուցը։ Եվ մենք նրանցից խլել ենք այդ բիզնեսը։ Իրան նավակներ չեն հասնում», — հավելել է նա։

Նրա կարծիքով՝ հակամարտության անհապաղ ավարտից ավելի կարևոր է ԱՄՆ-ի համար լավագույնս շահավետ համաձայնագրի կնքումը։

«Հրապարակ»․ Ընտրություններն արդեն իսկ կեղծվել են

Նիկոլ Փաշինյանի հրահանգով, իրավապահները շարունակում են մասսայաբար ապօրինի գաղտնալսել ընդդիմադիրներին։

Նախօրեին Հակակոռուպցիոն կոմիտեն հաղորդեց «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամների ձերբակալության մասին, որն իրականացվել էր ոստիկանության Սյունիքի մարզային վարչության կողմից։

Մենք տեղեկացանք, որ ձերբակալվել, ապա կալանավորվել է ընդդիմադիր ուժի երեք համակիր` ձեռագիրը նույնն է, ձայնագրել են մարդկանց մասնավոր զրույցները եւ գտել, որ դրանցում ընտրակաշառքի մասին ակնարկներ են արվել։

Երեկ էլ Շիրակի մարզում կատարված խուզարկությունների արդյունքում չորս հոգու էին ձերբակալել։ Ընդդիմադիրների որսը, ըստ մեր աղբյուրների, առաջիկայում էլ է շարունակվելու, փորձում են դրանով վախեցնել ժողովրդի աչքը։ Այս ձերբակալություններն ու գաղտնալսումները բավարար են, որ արդեն իսկ ընդդիմությունը հայտարարի, որ «ընտրությունները կեղծվել են», որովհետեւ ընտրությունների կեղծումը միայն քվեարկության օրը չի կատարվում, այլ շատ ավելի վաղ է սկսվում:

ՀՀԿ-ի տարիներին էլ քվեարկությունը չէին կեղծում, բայց դա չէր խանգարում, որ Նիկոլ Փաշինյանը շարունակ հայտարարի, թե Հայաստանում մինչեւ 2018 թվականը երբեք մաքուր ընտրություն չի կայացել:

«Հրապարակ»․ Չէին սպասում, որ Սամվել Կարապետյանն անգլերեն կխոսի

«Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանի առաջին ծավալուն ասուլիսը, որը նաեւ ուղիղ հեռարձակմամբ ցուցադրվեց, խելագարության ու կատաղության նոպաներ է առաջացրել իշխանական թիմում:

Փաշինյանն ափերից դուրս է եկել՝ իրեն ուղղված կոշտ գնահատականներից եւ դեռ ասուլիսի ժամանակ եթեր մտավ ու հայտարարեց, որ դատի է տալու Սամվել Կարապետյանին։

Ասուլիսը դեռ չավարտված, նաեւ հրահանգել է իրավապահներին` առավել ինտենսիվ զբաղվել «ուժեղներով», եւ երեկ արդեն Շիրակի մարզում խուզարկություններ արեցին, մարդկանց ձերբակալեցին` նույն անհեթեթ բացատրությամբ, թե աշխատավարձի անվան տակ ընտրակաշառք են բաժանել։

Ի դեպ, աշխատավարձը ձեւակերպվում է, դրանից հարկեր են վճարում, թե ինչ է «աշխատավարձի անվան տակ» արտահայտությունը նշանակում, երեւի միայն նիկոլական իրավապահները գիտեն:

Մեզ պատմեցին, որ ՔՊ-ում ասուլիսից հետո համատարած «մանթրաշ» վիճակ է եղել։ Բանն այն է, որ ամիսներ շարունակ ՔՊ-ն Սամվել Կարապետյանին ներկայացնում էր որպես չխոսկան, արհեստական բանականության հույսին մնացած առաջնորդ, մինչդեռ ասուլիսում նրա հայտարարությունները հակառակ տպավորությունը թողեցին։

Ավելին, ոմանք շոկահարվել են` լսելով, թե ինչպես է Սամվել Կարապետյանն անգլերենով պատասխանում «Նուվել դը Արմենիի» թղթակցի հարցերին, որն անգլերենով էր հարցերը տալիս, եւ Կարապետյանը, չսպասելով թարգմանությանը, անգլերենով պատասխանեց: Հետո ասաց, որ, հավանաբար, ճիշտ է մայրենիով պատասխանելը։

«Ժողովուրդ». 43 տոկոս աղքատություն, 4 տոկոս ծայրահեղ աղքատություն Շիրակում, որտեղ 620 հազար դոլարի համերգ կազմակերպվեց

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Մինչ Շիրակի մարզը շարունակում է մնալ Հայաստանի ամենաաղքատ մարզերից մեկը, ԿԳՄՍ նախարարությունը հարյուրավոր միլիոնավոր դրամներ է ուղղել մեկ համերգային ծրագրի կազմակերպմանը՝ կառավարության պատվերով։ «Ժողովուրդ» օրաթերթի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ միայն «Գրավիթի Փրոդաքշն» ՍՊԸ-ն ստացել է 242 միլիոն 134 հազար դրամ դրամաշնորհ, իսկ ֆինանսական հաշվետվության փաստաթուղթը հրապարակված է դատարկ՝ չլրացված վիճակում։ Եվ սա դեռ ամբողջը չէ։

Կառավարության որոշմամբ նախատեսվել էր 2026 թվականի պետական բյուջեի վերաբաշխման միջոցով շուրջ 393 միլիոն դրամ հատկացնել ԿԳՄՍ նախարարությանը՝ համերգի կազմակերպման ծախսերը հոգալու համար։

«Ժողովուրդ» օրաթերթը ուսումնասիրել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության պաշտոնական հրապարակումները և արձանագրել հերթական աղմկահարույց ֆինանսական պատկերը։

Պարզվում է՝ ԿԳՄՍ նախարարությունը «Գրավիթի Փրոդաքշն» ՍՊԸ-ին տրամադրել է 242 միլիոն 134 հազար դրամ դրամաշնորհ։ Այս գումարը ներկայիս փոխարժեքով կազմում է մոտ 620 հազար դոլար։

Սակայն ամենաուշագրավը ոչ միայն գումարի չափն է, այլ այն, որ հրապարակված ֆինանսական հաշվետվության փաստաթուղթը, ըստ էության, դատարկ է՝ առանց բովանդակային լրացման։ Այլ կերպ ասած՝ հարյուրավոր միլիոնավոր դրամների պետական միջոցներ են հատկացվել, բայց հանրությանը չի ներկայացվում, թե կոնկրետ ինչի վրա և ինչպես են ծախսվել այդ գումարները։

Ըստ պաշտոնական տվյալների՝ «Գրավիթի Փրոդաքշն» ՍՊԸ-ն գրանցված է Կոտայքի մարզի Աբովյան քաղաքում, սակայն ընկերությունը Գյումրիում կազմակերպել է շուրջ 4000 մարդու համար նախատեսված «Երաժշտական կամուրջ» խորագրով համերգը՝ նվիրված հայ-ֆրանսիական բարեկամությանը։

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ միաժամանակ «Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբ» ՊՈԱԿ-ին տրամադրվել է 150 միլիոն 763 հազար 700 դրամ դրամաշնորհ։ Այսպիսով, միայն հայտնի դարձած ֆինանսավորումների հանրագումարը մոտենում է կես միլիարդ դրամին։

Եվ սա այն պայմաններում, երբ Շիրակի մարզը տարիներ շարունակ համարվում է Հայաստանի սոցիալ-տնտեսական ամենածանր վիճակում գտնվող մարզերից մեկը։ Գործազրկություն, արտագաղթ, աղքատություն, կիսաքանդ ենթակառուցվածքներ՝ սրանք Գյումրիի ու Շիրակի առօրյա խնդիրներն են, որոնց մասին իշխանությունները սովորաբար հիշում են միայն պաշտոնական այցերի ժամանակ։ Աղքատության ցուցանիշը այս մարզում 43 տոկոս է, իսկ ծայրահեղ աղքատությունը՝ 4 տոկոս։

Բայց, երբ խոսքը վերաբերում է շքեղ համերգների կազմակերպմանը, հարյուրավոր միլիոններ միանգամից գտնվում են։

Իհարկե, մշակութային միջոցառումները կարևոր են, և որևէ մեկը չի վիճարկում արվեստի ու միջազգային մշակութային կապերի անհրաժեշտությունը։ Սակայն այստեղ խնդիրը առաջնահերթությունների մեջ է։

Առավել մտահոգիչ է նաև թափանցիկության հարցը։ Եթե պետական միջոցները ծախսվել են արդյունավետ և նպատակային, ապա ինչո՞ւ է հրապարակված ֆինանսական հաշվետվությունը դատարկ։ Ինչո՞ւ հանրությունը չի կարող տեսնել ծախսերի ամբողջական կառուցվածքը։

Ժաննա Անդրեասյանի ղեկավարած նախարարությունում, կարծես, արդեն սովորական երևույթ է դարձել միլիոնավոր դրամների ծրագրերի իրականացումը՝ նվազագույն հաշվետվողականությամբ»։

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Փորձարարական անօդաչու XRQ-73-ն իրականացրել է առաջին թռիչքը

Northrop Grumman ընկերության կողմից ԱՄՆ պաշտպանության նախարարության առաջադեմ պաշտպանական հետազոտական նախագծերի գործակալության (DARPA) ծրագրի շրջանակում մշակված XRQ-73 հիբրիդային անօդաչուն առաջին անգամ բարձրացել է օդ։

Northrop Grumman-ի տվյալներով՝ XRQ-73-ը նախատեսված է թեթև ինքնավար թռչող սարքերի համար նոր սերնդի էներգակայանների զարգացման համար։ Նրա հիբրիդային համակարգը համադրում է վառելիքի տնտեսումը, ջերմային և ձայնային նկատելիության նվազեցումը, ինչպես նաև նոր մարտավարական հնարավորություններ։

Առաջին թռիչքը նախատեսվում էր իրականացնել դեռևս մինչև 2024 թվականի վերջը, սակայն ծրագիրը բախվել է անհայտ տեխնիկական դժվարությունների, փոխանցում է Naked Science-ը։ Այժմ արդեն ակնհայտ է, որ սարքը ենթարկվել է մի շարք լուրջ փոփոխությունների։

Դրանցից ամենաակնառուն՝ թևի վերին մակերեսին, ծայրամասերին ավելի մոտ տեղադրված երկու ուղղաձիգ կիլերի հայտնվելն է։ Չի բացառվում, որ հետագայում դրանք կհեռացվեն՝ փորձարկումների ծրագրի ընդլայնմանը զուգընթաց։ Նմանատիպ տարրեր կիրառվել էին նաև նախորդ XRQ-72A-ում։

XRQ-73-ի մանրամասն բնութագրերը դեռ չեն հրապարակվել, սակայն DARPA-ն այն դասում է Group 3 անօդաչուների շարքին։ Սարքի զանգվածը մոտ 560 կիլոգրամ է։ ԱՄՆ զինվորականների դասակարգմամբ՝ նման ԱԹՍ-ները կարող են գործել 1000-ից մինչև 5500 մետր բարձրություններում և զարգացնել ժամում 180-ից 450 կիլոմետր արագություն։

Lexus-ի շարքում հայտնվել է խոշոր էլեկտրական քրոսովեր

Toyota-ն Lexus-ի շքեղ ենթաբաժնի շարք է ավելացրել նոր լիաչափ քրոսովեր TZ-ը — դրա պրեմիերան տեղի է ունեցել մայիսի 7-ին։

Lexus TZ-ը մաքուր էլեկտրամոբիլ է, այն կառուցված է փետրվարին ներկայացված նոր սերնդի Toyota Highlander-ի հետ միասնական հարթակի վրա։ Մեքենաները միավորված են ոչ միայն հարթակով և ուժային ագրեգատներով, այլև թափքի կրող կառուցվածքով։ Ճիշտ է, Lexus-ի բոլոր արտաքին տարրերն ու լուսատեխնիկան ինքնատիպ են, և հենց դրանք են TZ-ին տալիս սեփական արտաքինը։

Lexus TZ-ի ընդհանուր երկարությունը՝ 5100 մմ, անիվային բազան՝ 3050 մմ։ Անիվների չափը՝ 20 կամ 22 դյույմ, փոխանցում է Drom.ru-ն։

Սրահն ունի երեք շարքով վեցտեղ դասավորություն, երկրորդ շարքում՝ բարձր հարմարավետության անհատական նստատեղեր։

Lexus TZ-ի սրահի ձայնամեկուսացման համար, ի թիվս այլնի, օգտագործվում է ակտիվ աղմուկի չեզոքացման NVH համակարգը։ Toyota-ում ասում են, որ նոր մոդելը ուղևորների համար ամենալուռ ամենագնաց Lexus-ն է ողջ պատմության ընթացքում։

Քրոսովերը կհամալրվի պանորամային ապակյա տանիքով, բարձրակարգ Mark Levinson աուդիոհամակարգով՝ 21 բարձրախոսով, UltraSuede արհեստական թավշով պատված նստատեղերով, կիսաավտոպիլոտով, սրահի մեջ սեղմված բամբուկից դեկորատիվ ներդիրներով և շատ այլ բաներով։

Lexus TZ-ը կարտադրվի միայն լիաքարշակ տարբերակով՝ երկու քարշիչ էլեկտրաշարժիչով (յուրաքանչյուր առանցքի վրա՝ մեկը)։ Ընդհանուր հզորությունը՝ 402 ձ․ուժ, ոլորող մոմենտը՝ 500 Նմ։ Արագացումը 0-ից մինչև 100 կմ/ժ տևում է ընդամենը 5,4 վայրկյան։ Թույլատրվում է մինչև 1588 կգ զանգվածով կցորդի քարշակումը։

Քարշիչ մարտկոցի տարողությունը՝ 77 կՎտ*ժ կամ 96 կՎտ*ժ (կախված գնորդի ընտրությունից)։ Մեկ լիարժեք լիցքավորմամբ ընթացքի պաշարը՝ մինչև 530 կմ։

3 օտարերկրացիներ Արմավիրում փորձել են առանձնապես խոշոր չափերի թմրամիջոց իրացնել

ՆԳՆ-ից հայտնում են.

«Առանձնապես խոշոր չափերի թմրամիջոց իրացնելու վերաբերյալ տեղեկությունը համատեղ իրացրին ԱԱԾ Արմավիրի մարզային վարչության, Քրեական ոստիկանության Արմավիրի մարզային վարչության և Համայնքային ոստիկանության Բաղրամյանի բաժնի ծառայողները։ Ըստ տեղեկության՝ 46, 43 և 48 տարեկան երեք օտարերկրացի Լեռնագոգ գյուղում գտնվող շինությունում հերոին ու մեթամֆետամին տեսակի թմրամիջոց են իրացրել Արմավիրի մարզի Դալարիկ գյուղում բնակվող 39-ամյա տղամարդու, և պատրաստվում են հատել պետական սահմանը։

Իրավապահների ձեռնարկած օպերատիվ միջոցառումների արդյունքում մայիսի 2-ին՝ կեսգիշերն անց, Եղեգնաձոր քաղաքի Երևանյան մայրուղում կանգնեցվեց Արմավիրի մարզի մի բնակչի վարած մեքենան։ Վարորդն ու երեք օտարերկրացի ուղևորները ձերբակալվեցին և մեքենայով հանդերձ տեղափոխվեցին Քրեական ոստիկանության Արմավիրի մարզային վարչություն։

Կազմված փաստաթղթերի հետ նրանք ներկայացվեցին Արմավիրի մարզային քննչական վարչություն, որտեղ նախաձեռնվեց քրեական վարույթ։

Վարույթի շրջանակում կատարված զննությամբ Լեռնագոգ գյուղի շինությունում հայտնաբերվեց 276 գրամ հերոին, նաև՝ առանց փաստաթղթի որսորդական հրացան։ 43-ամյա տղամարդու բժշկական զննությամբ էլ հայտնաբերվեց հերոինի և մեթամֆետամինի զանգվածով 12 փաթեթ՝ ընդհանուր 84 գրամ։ Ըստ օտարերկրացու՝ սրանք նույնպես նախատեսված էին Հայաստանում իրացնելու համար։

Երեք օտարերկրացիները կալանավորվել են։ Դալարիկի բնակիչ 39-ամյա տղամարդը ձերբակալվել և ներկայացվել է նախաքննական մարմին։

Նախաքննությունը շարունակվում է»։