«Փաշինյանն ու իր թիմը, Արցախը կործանելուց հետո, աշխատում են ՀՀ ժողովրդի ստրկացման և ադրբեջանացման հեռանկարի համար»․ Լևոն Զուրաբյան

«Փաշինյանն ու իր թիմը, Արցախը կործանելուց հետո, աշխատում են ՀՀ ժողովրդի ստրկացման և ադրբեջանացման հեռանկարի համար»․ Լևոն Զուրաբյան

ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանի ուղերձը․ «Սիրելի հայրենակիցներ, շնորհավորում եմ մեր Մեծ Հաղթանակների օրվա կապակցությամբ և փառաբանում մեզ դրանք պարգևած Մեծ Հերոսներին:
     Մեր անկախ պետությունը ստեղծվեց հաղթանակներով: Մեր անկախացումը և 1990-ականներին Լեռնային Ղարաբաղի ժողովրդին սպառնացող ցեղասպանությունից և վտարումից փրկությունը շաղկապված գործընթացներ էին, որոնց գլխավոր խորհուրդը հայ ժողովրդի երկու հատվածների ազատությունն էր և սեփական ճակատագիրը տնօրինելու անօտարելի իրավունքն և ձգտումը:
     Այսօր, ցավոք Արցախն ընկած է այն բանից հետո, երբ ենթարկվեց ցեղասպանության և վտարման: Այն մարդիկ, ովքեր իրենց բախտախնդիր և ոճրագործ քաղաքականությամբ մեր հայ ժողովրդին ներքաշեցին 2020-2023 թվականների կործանարար պատերազմների մեջ, մարդիկ, ովքեր դարձան հայ ժողովրդի պարտությունների և նվաստացման խորհրդանիշը, այսօր փորձում են ծածկել իրենց հանցավոր անկարողությունը, ողորմելիությունը և դավաճանությունը, վարկաբեկելով մեր փառապանծ Հաղթանակները, ներկայացնելով դրանք որպես «թակարդ», իսկ պարտության ահավոր հետևանքները որպես մեր պետությունը «թակարդից հանելու» բարեբախտություն:
     Նիկոլ Փաշինյանն ու իր թիմը, Արցախը կործանելուց հետո, հիմա էլ ջանասիրաբար աշխատում են Հայաստանի ժողովրդի ստրկացման և ադրբեջանացման հեռանկարի համար: Նրանց համար Հաղթանակը ոչ թե սրբություն է, այլ «թակարդ», իսկ պարտությունը` «ազատագրում կապանքներից»:
     Հայ ժողովրդի պատվի և կյանքի հարց է ազատվել նման ճղճիմ «գաղափարներ» կրող ղեկավարներից և գոնե Հայաստանի Հանրապետությունը փրկել ինքնիշխանության և ազատության կորստից:
     Մենք տոնում ենք Հաղթանակը և հաստատում ինքնիշխան ազատության մեր կամքը»։

Երկրաշարժ Սպիտակ քաղաքից 6 կմ հյուսիս-արևելք․ ցնցման ուժգնությունը կազմել է 2 բալ

Երկրաշարժ Սպիտակ քաղաքից 6 կմ հյուսիս-արևելք․ ցնցման ուժգնությունը կազմել է 2 բալ

Երկրաշարժ Սպիտակ քաղաքից 6 կմ հյուսիս-արևելք․ ցնցման ուժգնությունը կազմել է 2 բալ

Երկրաշարժ Սպիտակ քաղաքից 6 կմ հյուսիս-արևելք․ ցնցման ուժգնությունը կազմել է 2 բալ

«Հրապարակ»․ Ի՞նչն է խանգարում Ադրբեջանի ՄԻՊ-ին Անահիտ Մանասյանին` միջազգային երաշխիքներով, հրավիրել Բաքու

«Հրապարակի» զրուցակիցը ՄԻԵԴ-ում հայ ռազմագերիների ներկայացուցիչ, իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանն է:

– Բաքվի բանտից Ռուբեն Վարդանյանն ու Դավիթ Իշխանյանը ուղերձ են հղել` բավականին տխուր եւ հուսահատ նոտաներով: Վարդանյանի ուղերձից ակնհայտ է դառնում, որ Հայաստանի իշխանությունները ոչինչ չեն անում գերիների հայրենադարձման համար: Ռ. Վարդանյանը նաեւ դիմել է, որ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը մեկնի Բաքու` իրեն այցելության, նա, ըստ էության, մերժել էր: Կա՞ն տեղեկություններ, թե ինչ է այժմ տեղի ունենում Բաքվում՝ հայ ռազմագերիների հետ:

– Կա խնդիր, որի մասին բարձրաձայնվում է: Որեւէ մեկի ուշադրությունից չի վրիպել, հավանաբար, որ տեղի են ունեցել հանդիպումներ Ադրբեջանի ՄԻՊ-ի հետ: Մենք հասկանում ենք, որ նմանատիպ հանդիպումները կարող են լինել բացառապես ՄԻՊ-ի ցանկության արդյունքում: Հայ պատանդները տարբեր ժամանակներում բարձրաձայնել են տարբեր հարցերի, խնդիրների մասին, սակայն դրանց ականջալուր չեն լինում ադրբեջանցի պաշտոնյաները: Հայ գերիները Ադրբեջանի ՄԻՊ-ի հետ հանդիպման ժամանակ բարձրաձայնել են այնպիսի հարցեր, որոնք հենց ՄԻՊ-ի տիրույթում են: Օրինակ` Ադրբեջանի դատարանները չեն տալիս դատավճիռներ, ես չեմ պատկերացնում, թե այստեղ ինչ աշխատանք կարող է անել Հայաստանի ՄԻՊ-ը, որպեսզի դատավճիռները տրամադրվեն: Օրինակ` Հայաստանում կան դատական ակտեր, որոնք հասցեատերերին չեն տրամադրվում, եւ ես լավ չեմ պատկերացնում, թե, օրինակ, Բելգիայի կամ ՌԴ-ի ՄԻՊ-ն ինչպես կարող է լուծել այդ համակարգային խնդիրը: Իմ գիտելիքները եւ փորձը ցույց են տալիս, որ մարդու իրավունքների պաշտպանները միտված են սեփական երկրում, սեփական իշխանության գործողություններից պաշտպանելու համար: Այս պահին հայ ռազմագերիների իրավունքները խախտվում են Ադրբեջանում, ուստի լավ չեմ պատկերացնում, թե Հայաստանի ՄԻՊ-ն ինչ կարող է անել: Ադրբեջանի ՄԻՊ-ը, իր աշխատանքը անելու փոխարեն, Հայաստանի ՄԻՊ-ի այցելությունն Ադրբեջան կարեւոր է համարում: Ինձ համար՝ որպես ոլորտի մասնագետի, որն ամեն օր արձանագրում է տարբեր ադրբեջանական օրինաչափություններ, խիստ հետաքրքիր է, թե Անահիտ Մանասյանն ինչ հարց կարող է լուծել Ադրբեջանում: Եթե դա ուղղակի շրջայց է, ապա մենք կտեսնենք լուսանկարներ, որոնք ուղղակի կվիզուալիզացնեն խաղաղությունը, այն նույն տրամաբանությամբ, ինչպես քաղհասարակության ներկայացուցիչների այցերի պարագայում է լինում: Բայց եթե ՄԻՊ-ն իսկապես պատասխանատու է իր զբաղեցրած պաշտոնի եւ ստանձնած առաքելության համար, ապա ինձ համար առնվազն հստակ չէ, թե ինչ երաշխիքներով ու կանոններով, ինչ կարգերով նա ունակ կլինի արձանագրել առկա խնդիրները եւ դրանց մասին բարձրաձայնել միջազգայնորեն: Հայաստանի ՄԻՊ-ը չունի նման գործիքներ, նա դառնալու է ընդամենը ադրբեջանական ՄԻՊ-ի կցորդը, որն առայսօր դատարաններին փորձում է համոզել, որ հայերը չեն խոշտանգվում, դեռ մի բան էլ` ապահով վայրում են։ Այս պարագայում ես ավելի վտանգավոր այցելություն, քան կարող է լինել ՄԻՊ-ի այցն Ադրբեջան, ուղղակի չեմ պատկերացնում:

– Այդ դեպքում ինչո՞ւ է Ռուբեն Վարդանյանը նման ցանկություն հայտնել:

– Ռուբեն Վարդանյանն իրավական նյուանսներին կարող է չտիրապետել: Մենք պետք է հաշվի առնենք, որ հայերի կամարտահայտությունները կարող են փոփոխությունների ենթարկվել՝ պայմանավորված Բաքվի բանտերում գտնվելու հանգամանքով: Եթե Ադրբեջանում խոշտանգումների կանխարգելման գործառույթ է անհրաժեշտ, ապա դա պետք է լինի միջազգային ձեւաչափով, քանի որ կան դրա գործառույթները: ՀՀ ՄԻՊ-ը, ի տարբերություն Ադրբեջանի ՄԻՊ-ի, Խոշտանգումների կանխարգելման եվրոպական կոմիտեի անդամ է: Ի՞նչն է խանգարում Ադրբեջանի ՄԻՊ-ին՝ Անահիտ Մանասյանին հրավիրել Բաքու հենց այդ կոմիտեի հովանու ներքո, որպեսզի ՀՀ ՄԻՊ-ն ունենա միջազգայնորեն երաշխավորված գործիքակազմ: Ադրբեջանական կողմը կարող է խոստանալ, որ ցանկացած զեկույց, որը կկազմվի այդ այցի շրջանակում, ենթակա է հրապարակման: Հրապարակված ուղերձներում պետք է արձանագրենք մարդու իրավունքների խախտումների հետ կապված խնդիր` դատավճիռների չտրամադրում, ընտանիքի անդամների հետ շփման, տեսակցությունների հետ կապված հարցեր եւ այլն: Ի դեպ, տեսակցությունների մասով հասցեատերերը ՀՀ պետական որոշ մարմիններ են, սակայն ո՛չ ՄԻՊ-ը: ՄԻՊ-ի այցելությունն Ադրբեջան, իմ կարծիքով, ունի քաղաքական կոմպոնենտ, այլ ոչ թե մարդու իրավունքների հետ կապված խնդիրների: Մենք նաեւ խոսել ենք հյուպատոսական այցերի մասին: Հայաստանը՝ որպես սուվերեն պետություն, ունի իր քաղաքացիներին տեսակցելու իրավունք, ինչպես նաեւ՝ հյուպատոսական ծառայություններ տրամադրելու, որոնց արդյունքում կարող են արձանագրվել մարդու իրավունքների հետ կապված մի շարք խնդիրներ: Եթե այցելությունը լիներ միջնորդավորված, իսկ դրա համար այցը պետք է կատարեր ՀՀ հյուպատոսարանի աշխատակից կամ ՀՀ պատվիրակ, որը Բաքվում հավատարմագրված այլ հյուպատոսության աշխատակից կարող է լինել, ապա նրանք կարող էին մուտք գործել, ծանոթանալ բոլոր խնդիրներին, եւ դիվանագիտական խողովակով խնդիրները կբարձրաձայնվեին: Մենք բարձրաձայնում ենք այն խնդիրը, որ Հայաստանը պետք է գործիքակազմեր մշակի` Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների խոցելիությունը վերացնելու նպատակով, քանի որ Կարմիր խաչն Ադրբեջանում այլեւս չի ծավալում գործունեություն: Իսկ ինչ վերաբերում է պետական մարմինների այցելություններին, ապա դրանք պետք է միտված լինեն խոշտանգումների բացահայտումներին, դրանց կանխարգելմանը: Մենք չպետք է հարմարվենք մի իրավիճակի, որ Բաքվում հայերը պետք է բանտարկված մնան, իսկ մենք ընդամենը պետք է նրանց տեսակցության հարցն ապահովենք` կարոտը մեղմելու համար, այլ մենք պետք է զբաղվենք նրանց անհապաղ ազատ արձակման հարցով, քանի որ վերջիններս Բաքվի բանտում են հայտնվել ապօրինաբար:

– Եվրոպացի մի շարք բարձրաստիճան պաշտոնյաներ Հայաստան էին այցելել, օրինակ` Ֆրանսիայի նախագահը խոստացավ հայ ռազմագերիների հարցով միջնորդել Ալիեւին: Ի՞նչ եք կարծում, Երեւանում կայացած եվրոպական համայնքի գագաթնաժողովի շրջանակներում այս թեման բարձրաձայնվե՞լ է:

– Եվրախորհրդարանն ընդունեց բանաձեւ, որտեղ հստակ ձեւակերպում կար այն մասին, որ ադրբեջանական կողմն անհապաղ պետք է ազատ արձակի հայ ռազմագերիներին: Իհարկե, սա քաղաքական ճնշում ապահովող գործիք է, որն իրականում դեռեւս չի տվել արդյունք, սակայն շատ կարեւոր է, որ քաղաքական քայլեր էլ արվեն այս ամենի համատեքստում: Ադրբեջանական կողմը շատ սուր արձագանքեց դրան, ինչը նշանակում է, որ այդ պահանջն Ադրբեջանի պետական քաղաքականությանը դեմ էր: Ադրբեջանի նախագահը նշեց, որ հայ բանտարկյալներն իր բանտարկյալներն են, եւ եվրոպացիները ոչ մի գործ չունեն իր բանտարկյալների հետ: Նա փորձեց ցույց տալ, որ դա ներպետական խնդիր է, ներքին հարց է, իսկ միջազգային կառույցները չպետք է միջամտեն այդ հարցերին: Մենք տեսանք, որ այդ բանաձեւի ընդունումն ադրբեջանական իշխանությունները ցավագին ընդունեցին: Կողմերի քաղաքական հարաբերությունների կասեցումը եւս դեմարշ է հիշեցնում: Ադրբեջանական կողմը, ամեն դեպքում, վերջնականապես չի խզի իր կապերը, քանի որ դա իր շահերից չի բխում, այն ունի նաեւ առեւտրային տարրեր:

Հաղթանակի օրը պետք է հիշեցնի հանուն ազգի, հայրենիքի ու խաղաղության հերոսների զոհողության մասին․ Գարեգին Վահափառ

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Հաղթանակի և խաղաղության օրվա առիթով Հայրապետական Մեր օրհնությունն ենք բերում մեր ժողովրդին ի Հայաստան և ի սփյուռս․ Հաղթանակի օրվա առթիվ ուղերձ է հղել Ամենայն Հայոց Կաթողիկոսը։

«Մայիսի 9-ը մեզ համար թանկ հիշատակների օր է, երբ պանծացնում ենք մեր ժողովրդի զավակների սխրանքները Երկրորդ համաշխարհային պատերազմում և արցախյան հերոսամարտում։ Այս մասին ասվում է Ամենայն Հայոց Կաթողիկոսի ուղերձում։

«Հայրենական մեծ պատերազմում կերտված փառավոր հաղթանակը վկայությունն է ժողովուրդների համախմբյալ և միասնական պայքարի ընդդեմ ֆաշիզմի, ընդդեմ անարդարության և չարիքի։ Մեր ժողովուրդն իր կարևոր ավանդն է ունեցել այս հաղթության մեջ։

Տասնամյակներ շարունակ այս օրը մեզ համար նշանավորվել է նաև արցախյան գոյամարտի հաղթանակով։ Այսօր, երբ բռնազավթված և հայաթափված է Արցախը, պարտավոր ենք շարունակել հետամուտ լինել հայրենազրկված արցախահայության իրավունքների պաշտպանությանը։ Անցյալի այս իրադարձությունները մեզ պետք է ամուր և հաստատակամ պահեն զորեղ ու անվտանգ պետության կերտման մեր տեսիլքների իրագործման ճանապարհին։

Հաղթանակի և խաղաղության օրը մեզ պետք է հիշեցնի դժվարին այդ օրերին մեր ժողովրդի դրսևորած միասնականության, քաջարի ոգու և հանուն ազգի ու հայրենիքի, հանուն խաղաղության մեր հերոսների զոհողության մասին։ Այս նվիրական օրն իր խորհրդով նաև պետք է ամրապնդի մեզանում նախանձախնդրությունն ու պարտավորությունը հոգատարություն դրսևորելու պատերազմի վետերանների, զոհվածների և անհայտ կորածների ընտանիքների հանդեպ։

Աղոթում ենք Մեծ հայրենականում և արցախյան հերոսամարտում իրենց կյանքն ընծայած հայորդիների հոգիների համար, որոնց հայրենասիրությունն այսօր էլ ոգեշնչող օրինակ է սերունդների համար՝ նույն պատասխանատվությամբ ու նվիրումով ապրելու, արարելու և պայքարելու ի սեր հայրենի մեր երկրի։

Առ Բարձրյալն աղոթքով հայցում ենք աշխարհին խաղաղություն և ժողովուրդներին՝ բարօրություն: Թող Հարուցյալ Տերն Իր Աջի հովանու ներքո անվտանգ ու ապահով պահպանի մեր հայրենիքն ու համայն ժողովրդին՝ հույսով և հավատով ամուր ու սիրով՝ միասնական:

Շնորհք, սէր և խաղաղութիւն Տեառն մերոյ Յիսուսի Քրիստոսի եղիցին ընդ ամենեսեանս. Ամէն»,- ասված է Վահեափառի ուղերձում։

 

Ռուսաստանի հետ հարաբերություններում առկա դժվարությունները ես ճգնաժամ չէի անվանի. ԱԳ փոխնախարար

Հայ-ռուսական հարաբերությունները ունեն երկար պատմություն, ներկայիս դրությամբ որոշ խնդիրներ կան, որոշ հարցեր կան, որոնք մենք քննարկում ենք մեր ռուս գործընկերների հետ, ես դ չէի անվանի ճգնաժամ։ Այս մասին, այսօր՝ մայիսի 9–ին, Հաղթանակի օրը, «Հաղթանակ» զբոսայգում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԳ փոխնախարար Մնացական Սաֆարյանը։

«Բոլոր այսպիսի իրավիճակներում, երբ աշխարհում կան այսպիսի զարգացումներ, նորմալ է, երբ առաջանում են հարցեր միմյանց նկատմամբ, և մենք փորձում ենք երկխոսության միջոցով հասցեագրել այդ բոլոր հարցերը»,–ասաց նա։

Անդրադառնալով ռուսական լրատվամիջոցների լուրերը, ըստ որոնց Հայաստանի դեսպանը կանչվել է Ռուսաստանի ԱԳՆ, որտեղ կոշտ զրույց է եղել նրա հետ՝ կապված Հայաստանում Զելենսկիին հարթակ տալու հետ, փոխնախարարն ասաց. «Դա իրենց մեկնաբանությունն է, դեսպանը կանչվել է, փոխանցել են հայտագիր։ Եթե կարիք լինի, մենք դրան կպատասխանենք։ Դա կապված էր այստեղ կայացած գագաթաժողովի հետ։

Եթե կարիք լինի, մենք այդ հայտագրի բովանդակությունը կփոխանցեք, այս պահի դրությամբ ես չեմ ուզում մեկնաբանել»։

Մեր պարտքն է արժևորել անցյալի դասերը և ամեն օր նպաստել խաղաղ, անվտանգ և արժանապատիվ ապագայի կերտմանը. նախագահ

Մայիսի 9-ը մեր պատմության ու հավաքական հիշողության կարևորագույն օրերից է՝ միավորող հաղթանակի, հիշողության և խաղաղության գաղափարները։ Այս մասին իր ուղերձում ասել է ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը։

«Այս օրը մենք հարգանքի տուրք ենք մատուցում բոլոր նրանց, ովքեր Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին անձնվիրաբար պայքարեցին մարդկությունը ֆաշիզմից ազատագրելու համար։ Նրանց խիզախությունն ու տոկունությունը դարձան պատմության ընթացքը փոխած հաղթանակի հիմքը։

Հայ ժողովուրդը պատվով է մասնակցել այդ պայքարին։ Տասնյակ հազարավոր հայեր կռվել են տարբեր ճակատներում, կրել ծանր կորուստներ, սակայն անսասան կամքով շարունակել պայքարը հանուն խաղաղ և անվտանգ աշխարհի։ Հայ զինվորների ու զորահրամանատարների սխրանքները կարևոր էջ են համաշխարհային հաղթանակի պատմության մեջ։

Մայիսի 9-ը նաև առիթ է վերաիմաստավորելու խաղաղության արժեքը։ Այսօր ևս աշխարհը կանգնած է բազմաթիվ մարտահրավերների առաջ, և առավել քան երբևէ անհրաժեշտ է պահպանել ժողովուրդների միջև համերաշխությունը, փոխադարձ հարգանքն ու խաղաղ գոյակցության սկզբունքները։

Մեր պարտքն է արժևորել անցյալի դասերը և ամեն օր նպաստել խաղաղ, անվտանգ և արժանապատիվ ապագայի կերտմանը։

Խոնարհում և երախտագիտություն բոլոր վետերաններին ու պատերազմի զոհերի հիշատակին։

Թող խաղաղությունն ու բարօրությունը մշտապես ուղեկցեն մեր ժողովրդին և հայրենիքին։

Շնորհավոր Հաղթանակի և խաղաղության տոնը»,- ասված է նախագահի ուղերձում։

 

Նախընտրական քարոզարշավով Սյունիք այցելող Նիկոլ Փաշինյանին․ ընտրողին հաշվետվություն տալու ժամանակը

Նախընտրական քարոզարշավով Սյունիք այցելող Նիկոլ Փաշինյանին․ ընտրողին հաշվետվություն տալու ժամանակը
—————————–
Պարոն Փաշինյան

Տեղեկացանք՝ այսօր (նախընտրական քարոզարշավով) Սյունիքում եք։

Անշուշտ, մեզ հետաքրքիր է ԱԺ ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերից յուրաքանչյուրի (այդ թվում՝ ՔՊ–ի) նախընտրական ծրագիրը և հատկապես Սյունիքին առնչվող ծրագրային դրույթները։

Սյունեցիներիս մտահոգող հիմնախնդիրներից մի քանիսն օրեր առաջ հրապարակել ենք, և արդեն իսկ կան արձագանքներ․ քաղաքական որոշ ուժեր ներկայացնում են իրենց պատկերացումները սյունիքյան մտահոգությունների վերաբերյալ։

Հույս ունենք, որ Ձեր գլխավորած կուսակցությունը ևս՝ մեզ մտահոգող խնդիրների վերաբերյալ կարտահայտի իր դիրքորոշումը։

Սակայն, ի տարբերություն ընտրություններին մասնակցող մյուս կուսակցությունների և դաշինքների, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը (որպես հանրապետությունն ութ տարի ղեկավարած քաղաքական ուժ) պարտավոր է հանգամանալից հաշվետվություն տալ իր արած–դրածի, ՀՀ կառավարության սյունիքյան մի քանի՝ առավել մտահոգող հարցերի վերաբերյալ։

Ինչո՞ւ ենք հենց այս ձևաչափն ընտրել Ձեզ դիմելու համար։

Պատասխանը մեկն է՝ ուրիշ տարբերակ պարզապես չունենք։

Կառավարության նիստերից հետո լրագրողների հետ Ձեր ճեպազրույցին, որ վերջերս ավանդույթ եք դարձրել, հեռավորության պատճառով չենք կարող մասնակցել ու ՀՀ վարչապետին հարցեր ուղղել։

Սյունիք այցելելիս Ձեզ հետ հանդիպելն ու հարցեր ուղղելը նույնպես անհնար է, քանզի ամեն ինչ՝ մանրամասնորեն, ինչպես տեսնում ենք, ծրագրված է նախապես, Ձեզ մոտեցող քաղաքացիների ցանկը և նրանց կողմից հնչեցվող խոսքերը՝ նույնպես։

Ձեզ գրավոր դիմում ուղղելն էլ անիմաստ է, քանզի դրանց (փորձն է ցույց տալիս) չեք պատասխանում կամ գուցե նույնիսկ չեք էլ ընթերցում։

Ձեզ մոտ ընդունելության հերթագրվելն էլ իզուր է, ինչպես տարիների փորձն է ցույց տալիս։

Տարածքային իշխանության ներկայացուցչի և սյունեցի իշխանական պատգամավորների միջոցով ինչ–որ հարցեր Ձեզ փոխանցելը նույնպես անօգուտ է, քանզի նրանք, որպես կանոն, հազիվ իրենց անձնական խնդիրներն են (փաթեթավորված պետական շղարշով) Ձեզ հրամցնում կամ իրենց անձը մերժողների ու իրենց տկարությունը նկատողների վերաբերյալ զրպարտող տեղեկություններ հաղորդում՝ վարչապետի զորավոր ձեռքով նրանց վնասներ հասցնելու միտումով։

Եվ Դուք, ինչպես տեսնում ենք, ընդառաջ եք գնում նրանց․․․

Այնպես որ՝ Ձեզ դիմելու միակ ուղին այս է, թեև քիչ հավանական է, որ բարձրացվող հարցերի վերաբերյալ հաշվետվություն կամ պարզաբանում կներկայացնեք (նախորդ դեպքերում, օրինակ, չեք արձագանքել մեր հարցերից որևէ մեկին, հավանաբար պատասխան չեք ունեցել)։

Այդքանով հանդերձ՝ կամենում ենք այսկերպ ճեղքել ՀՀ վարչապետի ու հազարավոր սյունեցիների միջև՝ Ձեր ու հետևորդներիդ կողմից կառուցված պատնեշը և ընտրողի իրավունքով հաշվետվություն պահանջել իշխող քաղաքական ուժի առաջնորդից, ով ուզում է վերստին ստանձնել երկրի կառավարումը։

Ստորև՝ հարցերը, որոնց վերաբերյալ հաշվետվություն կամ պարզաբանում ենք ակնկալում։

1. 2020 թ․ նոյեմբերի 9 (10)-ին հայտնի եռակողմ փաստաթղթով, որով իբր վերջ դրվեց 44 օր տևած պատերազմին, «Հայտարարվում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում ամբողջական հրադադարի և բոլոր ռազմական գործողությունների դադար…»։

Հայտարարվեց նաև՝ «Կողմերը կանգ են առնում իրենց զբաղեցրած դիրքերում»։

Սակայն հետագայում պարզվեց, որ եռակողմ հայտարարության ընդունումից օրեր անց՝ 2020 թ․ դեկտեմբերի սկզբին, Հայաստանի և Ադրբեջանի միջև կնքվել է ինչ–որ գաղտնի հուշագիր (Меморандум), որի համաձայն՝ 2020 թ․ դեկտեմբերի 18-ին Սյունիքի արևելյան սահմանի մեր դիրքերը հանձնվել են Ադրբեջանին, որի համաձայն որոշվել է Գորիս–Կապան և Կապան–Ճակատեն ճանապարհների ճակատագիրը՝ դրանք հանձնելով Ադրբեջանի տիրապետությանը։

ԱԳ նախկին նախարար Արա Այվազյանը «Ազատություն» ռ/կ–ին տված հարցազրույցում ժամանակին ասել է, թե ԱԳ նախարարությունը նույնիսկ տեղյակ չի եղել՝ ինչ հուշագիր է ստորագրվել։

2020-ի պատերազմական օրերին՝ հոկտեմբերին, Դուք այցելեցիք Գորիս, հանդիպեցիք մարզի համայնքապետերի հետ և հանձնարարություն տվեցիք՝ Սյունիքի պաշտպանությունն ամրապնդելու ուղղությամբ։

Եվ համայնքապետերը կատարեցին Ձեր հանձնարարությունը, մեծ ծախսերի գնով ինժեներական կառույցներ պատրաստեցին ու էականորեն ամրապնդեցին Սյունիքի արևելյան պաշտպանական գիծը։

Եվ հանկարծ՝ 2020 թ․ դեկտեմբերյան այդ հուշագիրը․․․ Ու Սյունիքի պաշտպանական գիծը՝ մոտ 20 կմ–ով, հետ քաշվեց…

Գուցե հիմա պատասխանեք՝ ինչո՞ւ շրջանցեցիք 2020 թ․ նոյեմբերի 9 (10)–ի եռակողմ հայտարարության 1-ին կետը և զիջումների գնացիք Սյունիքի արևելյան սահմանների ամբողջ երկարությամբ՝ այդկերպ խոցելի դարձնելով Սյունիքի անվտանգությունը։

Մեկ հարց ևս՝ վերոգրյալից բխող՝ «Меморандум»–ի 6-րդ կետով կողմերը տվյալ փաստաթղթի գործողության ժամկետ են սահմանել հինգ տարի։

Ժամկետը լրացել է 2025 թ․ դեկտեմբերին։

Հետաքրքիր է՝ 2020 թ․ դեկտեմբերյան այդ հուշագիրն ինչո՞ւ է շարունակում մնալ ուժի մեջ։

2. Մեր երկրի տարածքային ամբողջականության մասին խոսելիս Դուք (գրեթե բոլոր դեպքերում) վկայակոչում եք Ալմա-Աթայի 1991 թ․ հռչակագիրը։

Թեև որևէ քարտեզ կցված չէ այդ փաստաթղթին, բայց հռչակագրի նախաբանում արձանագրված է՝ կողմերը ճանաչում և հարգում են միմյանց տարածքային ամբողջականությունն ու գոյություն ունեցող սահմանների անխախտելիությունը։

Շատ լավ․․․ Այդ դեպքում ինչպե՞ս հասկանալ, որ Ալմա-Աթայի հռչակագրի ընդունման ժամանակ գոյություն ունեցած Հայաստանի Հանրապետության տարածքից մոտ 240 քառ․ կիլոմետրը բռնազավթվել է Ադրբեջանի կողմից։

Եվ չնայած դրան՝ Դուք շարունակում եք վկայակոչել Ալմա-Աթայի հռչակագիրն իբրև հիմնարար ու ելակետային փաստաթուղթ։

Թե բռնազավթված 240 քառ․ կմ–ից որքան են կազմում Սյունիքի օկուպացված տարածքները՝ ոչ ոք դեռևս չի ասել։

Միգուցե Դուք ասեք՝ Ալմա-Աթայի հռչակագրի ժամանակ 4506 քառ․ կմ տարածք ունեցող Սյունիքից որքա՞նն է ներկայումս Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության ներքո։

Միգուցե ասեք՝ ինչպե՞ս է խորհրդային տարիներին Գորիսի վարչական շրջանի մաս կազմող Շուռնուխի արևելյան կեսը (հարակից տարածքներով) 2021 թ․ հունվարին հանձնվել Ադրբեջանին։

Միգուցե ասեք՝ ինչպե՞ս են Սև լճի արևելյան հատվածը, Գլուխ Ձագեձորո լեռնագագաթը, Մեծ Իշխանասարի և Ուխտասարի հարակից տարածքները, Ներքին Հանդի մերձակայքը, Տեղ գյուղի արևելյան դաշտամասերը, Գորայքի ամառային արոտավայրերի հյուսիսային եզերքը կամ Որոտանի ակունքներին հարող տարածքները հայտնվել Ադրբեջանի տիրապետության ներքո։

3. Ձեր գլխավորած կառավարությունն ի՞նչ է արել և ի՞նչ է անում Սյունիքից բռնազավթված տարածքները հետ բերելու ուղղությամբ։

Քանիցս Դուք հայտարարել եք, թե Հայաստանի Հանրապետությունը չի պատրաստվում ռազմական ճանապարհով վերադարձնել օկուպացված տարածքները: Ասել է թե՝ կողմնակից եք խնդիրը խաղաղ ճանապարհով լուծելուն։

Դա, անշուշտ, գնահատելի է, մանավանդ որ սյունեցիներս, առավել քան որևէ մեկը կառավարությունում, իրական խաղաղություն է փափագում, բայց․․․

Դուք իսկապե՞ս հավատում եք, որ օկուպացված տարածքներն Ադրբեջանը վերադարձնելու է (եթե նկատի ունենանք նաև մամուլում ժամանակ առ ժամանակ տարածվող տեղեկատվությունն առ այն, որ այդ տարածքներում Ադրբեջանն ամրաշինական աշխատանքներ է կատարում)։

Իսկ եթե, ասենք, սահմանազատման–սահմանագծման արդյունքում «ապացուցվի», որ օկուպացված տարածքները «պապենական» ադրբեջանական հողեր են, ի՞նչ եք անելու։

Այդ ժամանակ դարձյա՞լ վկայակոչելու եք մեզ ոչինչ չտված Ալմա – Աթայի հռչակագիրը։

Իսկ միգուցե առերեսվե՞ք պատմությանը․․․

1920-ական թվականներին Հայաստանի Զանգեզուր գավառի և Ադրբեջանի Քյուրդիստան գավառի միջև սահմանների ճշգրտում է կատարվել։ Ընդ որում՝ կատարվել է Անդրկենտգործկոմի և Ադրբեջանի ու Հայաստանի իշխանությունների համատեղ որոշմամբ։

Կատարված աշխատանքի արդյունքում ճշգրտվել–վավերացվել են Սիսիան–Քելբաջար, Գորիս–Լաչին, Գորիս–Կուբաթլի, Կապան–Կուբաթլի և Կապան–Զանգելան շրջանների սահմանները։

Այսինքն՝ Որոտանի ակունքներից, Մեծ Իշխանասարից ու Սև լճից մինչև Ճակատեն մեր սահմանները ճշգրտվել են մետր առ մետր։

Հաջորդ անգամ Սյունիքի շրջանների և Ադրբեջանի արևմտյան շրջանների միջև սահմանները վերաճշգրտվել են 1980-ականների 2-րդ կեսին՝ Հայաստանի ու Ադրբեջանի կառավարությունների համատեղ նախաձեռնությամբ։

Եվ ուրեմն՝ եթե երկու անգամ արդեն իսկ (պետական ամենաբարձր մակարդակով) ճշգրտվել են Սյունիքի արևելյան սահմանները, եթե ԽՍՀՄ–ը փլուզվելու պահին Ադրբեջանն ու Հայաստանը միմյանց նկատմամբ (Սյունիքի ուղղությամբ) տարածքային պահանջ չեն ունեցել, ապա ո՞րն է այդ սահմանները երիցս ու վերստին ճշգրտելու իմաստն ու նպատակը։

Արդյո՞ք 1920-ականների հանձնաժողովի և 1980-ականների հանձնաժողովի աշխատանքների հիման վրա ընդունված փաստաթղթերը չեղարկվել են։ Եթե այո, ապա ինչո՞ւ և ի՞նչ պատճառաբանությամբ։

4. Այսպես կոչված Թրամփի ուղու կամ (Իլհամ Ալիևի արտահայտությամբ) Զանգեզուրի միջանցքի վերաբերյալ նախնական փաստաթղթեր ստորագրելուց հետո՝ վերջերս, և՛ Մհեր Գրիգորյանը, և՛ Դուք հայտարարեցիք, թե սահմանազատման–սահմանագծման աշխատանքները (հյուսիսից շարունակելու փոխարեն) նախևառաջ կատարվելու են Մեղրու տարածաշրջանում։ Պատճառաբանում եք, թե «արտահերթ» սահմանազատումը կկատարվի, որպեսզի TRIPP–ի ենթակառուցվածքային զարգացմանը նպաստ բերեք։

Չգիտեմ՝ տեղյա՞կ եք, թե՞ ոչ, ինչի համար էլ ուզում եմ տեղեկացնել՝ 1922 թվականից մինչև 1929 թվականի հուլիս, Սյունիքում՝ Զանգեզուրի գավառից բացի, գոյություն է ունեցել նաև Մեղրու գավառը։

Մեղրու գավառի գոյության ողջ ընթացքում խնդրահարույց էր Ադրբեջանի Կարյագինոյի (Ջաբրաիլ) գավառի հետ ունեցած սահմանը։

Տարիներ տևած քննարկումներից հետո Անդրկովկասյան Դաշնության Կենտգործկոմի նախագահությունը 1928 թ․ փետրվարի 18-ի որոշմամբ՝ վիճելի համարվող տարածքները փոխանցել է Մեղրու գավառին՝ այդկերպ վերջնականապես փակելով վեճի թեման։

Դրանից հետո հայ–ադրբեջանական սահմանի Մեղրու հատվածում կատարվեցին սահմանագծման աշխատանքներ։

Հիմա ինչո՞ւ եք ուզում ճշտված–ճշգրտված այդ սահմանները վերստին ճշտել։

5. Անպայման պետք է անդրադառնաք Սյունիքի ժողովրդագրական վիճակին…

Հատկապես վերջին 15 տարում Սյունիքից մարդկանց արտագաղթ է նկատվում՝ վտանգավոր չափերի հասնող։ Եթե, օրինակ, 2008-ին մարզի բնակչությունը 163 հազար էր, 2017-ին՝ 138,9 հազար, ապա հիմա…

Քաղաքական ուժերից մեկի ներկայացուցիչը վերջերս հայտարարեց, թե միայն անցած յոթ տարում Սյունիքի բնակչությունը նվազել է 21.7 հազար մարդով:

Քանի որ վիճակագրական ծառայությունից հնարավոր չէ մարզի ժողովրդագրական վիճակի մասին ստույգ պատկերացում կազմել և վերոնշյալ ասեկոսեների հավաստիությունը ճշտել, ապա կուզենայինք, որ Դուք կամ կառավարության համապատասխան օղակները (ըստ մարզի բնակավայրերի) ներկայացնեիք Սյունիքի ժողովրդագրական պատկերը վերջին 10-15 տարվա կտրվածքով՝ մինչև 2026 թ․ հունվարի 1-ը։

Եվ, իհարկե, ի՞նչ է արել և ի՞նչ է անում Ձեր գլխավորած կառավարությունը Սյունիքի բնակչության արտագաղթը կանխելու, երկրամասում ժողովրդագրական վիճակը կայունացնելու համար, որը Սյունիքի լինելության թիվ 1 խնդիրն է:

6. 2022 թ․ հոկտեմբերի 6-ից Դուք պարբերաբար պնդում եք, թե Արցախն Ադրբեջանի մաս է։

Նկատի ունենալով հանգամանքը, որ, Ձեր իսկ խոստովանությամբ, հետևողականորեն ծանոթանում եք հայ ժողովրդի պատմությանը՝ կարո՞ղ եք ներկայացնել պատմական–միջազգային գոնե մեկ փաստ, փաստաթուղթ կամ քարտեզ, որ Արցախը երբևէ եղել է Ադրբեջանի մաս։

Բացի պատմական հայտնի խայտառակությունը, որ սովորական առևտրի հետևանքով՝ 1921 թ․ հուլիսի 4-ին՝ Ռուսաստանի բոլշևիկյան կուսակցության՝ թուրքերի կողմից վարձակալված Կովկասյան բյուրոյի որոշմամբ Արցախը (ինքնավար մարզի կարգավիճակով) հայտնվեց Խորհրդային Ադրբեջանի կազմում։

7. 2020 թվականից հետո պարբերաբար Սյունիք այցելող միջազգային կազմակերպությունների, ինչպես և եվրոպական երկրների ներկայացուցիչները տեղացիներիս խոստացել են ներդրումներ…

Տեղեկատվության բաց աղբյուրներում հնարավոր չեղավ ճշտել այդ խոստումների ամբողջական պատկերը՝ գումարային արտահայտությամբ, թեև որոշ աղբյուրների պնդմամբ՝ խոսքը մի քանի հարյուր մլն դոլարի ներդրումային ծրագրերի մասին է եղել։

Կուզենայինք կառավարության համապատասխան մարմինների օգնությամբ իմանալ՝ անցած հինգ տարում ո՞ր միջազգային կազմակերպությունները և ո՞ր երկրներն են Սյունիքում ներդրումներ կատարելու խոստումներ տվել կամ պատրաստակամություն հայտնել և դրանցից (կոնկրետ) ո՞ր մասն է կյանքի կոչվել ու մարզի ո՞ր բնակավայրում։

8. Ակնկալում ենք պարզաբանում այսպես կոչված «Թրամփի ուղու» կամ «Թրիփփի» շուրջ։

Նախ՝ աշխարհագրական տեսակետից կամ ֆիզիկական իմաստով ի՞նչ է իրենից ներկայացնելու այդ ուղին։

Ավելի պարզ՝ քանի՞ քառակուսի կիլոմետր է տրամադրվելու «Թրամփի ուղուն» և խոսքը ո՞ր տարածքների մասին է (ադրբեջանական և թուրքական քարտեզներում Սյունիքի մարզի ամբողջ տարածքն այլևս մատնանշվում է «Զանգեզուրի միջանցք» անվամբ)։

Ի՞նչ ասել է «անխոչընդոտ» ճանապարհ Ադրբեջանի երկու հատվածի միջև։

Կամ՝ որքանո՞վ է «Թրիփփը» առնչվում Սյունիքի անվտանգության ապահովմանը, այն էլ՝ իրանական վերջին պատերազմից հետո տարածաշրջանում ստեղծված ռազմաքաղաքական նոր իրավիճակում:

Որքանո՞վ և ինչպե՞ս է պահպանվելու հայոց ինքնիշխանությունը Սյունիքի այդ հատվածում։

Չափազանց կարևոր մի հանգամանք ևս․ Սյունիքի տարածքի մի մասը մոտ 100 տարով տրվում է այլ երկրի, որն էլ (ըստ հրապարակված փաստաթղթերի) կարող է հետագայում փոխանցվել 3-րդ երկրի, բայց տեղաբնակներիս կարծիքը Դուք չեք հարցնում՝ թեկուզև տեղական հանրաքվե կազմակերպելով։

Իսկապես՝ իսկ Սյունիքի բնակիչներն ուզո՞ւմ են, որ Թուրքիան ու Ադրբեջանը մարզի տարածքով միմյանց կապվեն «անխոչընդոտ» ճանապարհով։

Կամ՝ եթե Ադրբեջանի երկու հատվածը տրանսպորտային ուղիով միմյանց կապելու խնդիրն աշխարհին այդպես մտատանջում է, ապա ինչո՞ւ նույն մտահոգությունը չենք տեսնում Կապան-Գորիս, Կապան-Ճակատեն, Կապան-Եղվարդ, Վերիշեն-Սև լիճ ճանապարհների ապաշրջափակման հարցում։

Ինչո՞ւ Մեղրու բնակիչը չպետք է կարողանա Նախիջևանով՝ «անխոչընդոտ», հասնել մայրաքաղաք։

9. Ի՞նչ եք կարծում՝ ինչո՞ւ էին Հայաստանի վերջին հարյուր տարվա կառավարիչները դեմ արտահայտվում Մեղրիի տարածքով Ադրբեջանի ու Թուրքիայի միջև «անխոչընդոտ» ճանապարհ ստեղծելու ադրբեջանաթուրքական երազանքի իրականացմանը, իսկ Դուք՝ ընդհակառակը։

Եվ ինչո՞ւ ենք մենք լռությամբ ի գիտություն ընդունում հրամցվող սուտը, թե իբր Ադրբեջանի արևմտյան շրջանների ու Նախիջևանի միջև կապ չկա։ Չէ՞ որ, իրականում, Նախիջևանը հետխորհրդային շրջանում երբեք էլ շրջափակման մեջ չի եղել, ու Ադրբեջանի երկու հատվածի միջև գործել ու գործում են և՛ տրանսպորտային, և՛ օդային հաղորդակցության ուղիներ։

10. Դուք ի սկզբանե կարևորել եք հրապարակայնությունը և Ձեր առօրյայի կենցաղային որոշ դրվագներ անգամ սփռել ու սփռում եք համացանցով։

Միևնույն ժամանակ այդպես էլ չկարողացանք իմանալ՝ չորս տարի շարունակ ինչո՞վ էր զբաղված Սյունիքի մարզպետի պաշտոնը զբաղեցնող անձնավորությունը։

Նախորդ երկու դեպքում հրապարակավ ներկայացրիք, թե ինչու եք Հունան Պողոսյանին կամ Մելիքսեթ Պողոսյանին նշանակում Սյունիքի մարզպետ (նրանք, ի դեպ, շարունակում են վայելել տեղացիներիս հարգանքն ու վստահությունը)։

Հիմա, գոնե ուշացումով, կարո՞ղ եք ասել՝ ո՞ր մի արժանիքի համար եք գործող մարզպետին կարգել այդ պաշտոնին և ինչո՞ւ եք հանդուրժում նրա բացակա ներկայությունը:

11. Սյունիքի ռազմավարական բացառիկ նշանակությունը հաշվի առնելով՝ և՛ Հայաստանի առաջին հանրապետության օրերում, և՛ Խորհրդային Հայաստանի ժամանակ, և՛ անկախության տարիներին մեր երկրամասի հանդեպ Հայաստանի իշխանությունները տարբերակված քաղաքականություն են վարել։

Կարեն Դեմիրճյանից մինչև Վազգեն Սարգսյան ու Անդրանիկ Մարգարյան, օրինակ, մի քանի որոշում է ընդունվել Սյունիքի մարզի և հատկապես Մեղրու շրջանի հիմնախնդիրների վերաբերյալ։

ՀՀ առաջին նախագահն էլ նույնիսկ ՀՀ պետնախարարի ինստիտուտ հիմնեց՝ Սյունիքի հարցերով զբաղվող՝ Վազգեն Սարգսյանի գլխավորությամբ, որի գործառույթներից մեկն էլ «Սյունիք–Զանգեզուր» պետական ռազմավարական ծրագրի մշակումն էր։

Հիմա, երբ (գրեթե ամեն օր), այն էլ՝ թմբկահարվող խաղաղության պայմաններում, Ադրբեջանից սպառնալիքներ ենք լսում, նաև տարածքային հավակնությունների բարբաջ, երբ Սյունիքը 2020-ից ի վեր դարձել է աշխարհաքաղաքական գործոն, չե՞ք կարծում, որ պետք է մշակվի և գործողության մեջ դրվի սյունիքյան նոր քաղաքականության ռազմավարություն, ստեղծվի տարածաշրջանի կառավարման նոր մոդել կամ ինստիտուտ։

12. Չգիտեմ՝ տեղյա՞կ եք, որ մարզի բազմաթիվ բնակավայրեր (հատկապես լեռնային և բարձր լեռնային գոտում) հոգեվարք են ապրում ու կանգնած են լինել–չլինելու ստույգ վտանգի առջև։

Այդ ամենին զուգահեռ, որքան էլ տարօրինակ է, Տաթև համայնքում, օրինակ, մարդիկ տարիներով չեն կարողանում ձեռք բերել տնամերձ հողամաս և շինթույլտվություն՝ իրենց իսկ բնօրրանում, իրենց իսկ միջոցներով սեփական բնակարան (առանձնատուն) կառուցելու համար։

Ընդ որում՝ Ձեզ դիմելուց հետո անգամ սառույցը չի ջարդվել։

Փորձեք պարզաբանել՝ ինչո՞վ է պայմանավորված նման իրավիճակը՝ համայնքապետի ու համայնքապետարանի անձեռնհասությա՞մբ, կամայականությա՞մբ, թե՞ այդ գործելակերպը կառավարության կողմից ուղղորդված գիծ է։

Եվ ընդհանրապես՝ ութ տարվա ընթացքում ի՞նչ է արել ՀՀ կառավարությունը լեռնային ու բարձրադիր գոտու գյուղերի ամրապնդման ուղղությամբ։

13. 2025 թվականին չորս կամ հինգ անգամ այցելեցիք Սյունիք, ՀՀ նախագահն էլ՝ երկու կամ երեք անգամ։

Եթե գաղտնիք չէ՝ ի՞նչ հարցեր են Սյունիքում լուծվել երկրի բարձրագույն իշխանավորների մեծաթիվ այդ այցելությունների արդյունքում։

14. Վերջին հարցը. ի տարբերություն մայրաքաղաքում հանգրվանած փոքրաթիվ եվրոպամետների ու թուրք-ադրբեջանամետների, ինչպես և օրեր առաջ Հայաստան ժամանած եվրոպացի առաջնորդներից մի քանիսի հակառուսական ու հակաիրանական պահվածքի, հազարավոր սյունեցիների համար (հասկանալի պատճառներով) էական նշանակություն ունի քաղաքական ուժերի վերաբերմունքը հայ-իրանական և հայ-ռուսական հարաբերությունների ներկա ընթացքի և ապագայի հանդեպ:

Ուստի և հետաքրքիր է Ձեր գլխավորած քաղաքական ուժի դիրքորոշման վերջնական հստակեցումն այդ հարցում:

***

Եվ, իհարկե, մի քանի դիտարկում․․․

Թե ինչ արդյունքներ կունենան հունիսի 7-ի ընտրությունները՝ կիմանանք ժամանակին, թեև պարբերաբար անցկացվող սոցհարցումները որոշակի պատկերացում են արդեն տալիս։

Ձեր գլխավորած քաղաքական ուժը, եթե նույնիսկ նոր կառավարություն ձևավորելու հնարավորություն ստանա (վարչական ռեսուրսի և այլ ուժերի աջակցությամբ), միևնույնն է, առնվազն սյունիքյան դաշտում՝ բարոյական տեսակետից, հաղթող լինել չի կարող։

Ե՛վ ՔՊ–ի, և՛ անձամբ Ձեր կերպարի ներկայիս հանրային ընկալումները նախկինի հետ հեռավոր աղերս անգամ չունեն։

Ու նման կացության մեջ հայտնվել եք ոչ թե ընդդիմության, ոչ թե լրատվամիջոցների հակառակությամբ, այլև Ձեր իսկ գլխավորած քաղաքական ուժի՝ այսպես կոչված երևելիների և, իհարկե, Ձեր հետևողական ջանքերով։

Տասնյակ մարդիկ Սյունիքում, օրինակ, թաքնվել են Ձեր անձրևանոցի ներքո և ընդամենը պաշտոն են զբաղեցնում, փող աշխատում… Բայց այդ փաղանգում չկա գոնե մեկը, որ կարողանա կամ ի վիճակի լինի հրապարակավ ու գրագետ ներկայացնել Նիկոլ Փաշինյանի որդեգրած քաղաքական ու գաղափարական գիծը (այլ հարց է, թե այդ գիծը որքան է նույնական ժողովրդի շահերին)։

Որքան էլ ցավալի է ու տարօրինակ՝ այդպես էլ չկամեցաք Սյունիքում լինել բոլորի վարչապետը, ինչը սկզբնապես շատերն էին ցանկանում։ Եվ եղաք սոսկ մի քանի հոգու վարչապետը Գորիսում, Սիսիանում, Կապանում ու Մեղրիում։

Ձեզ հետ հանդիպելու համար մոբիլիզացվող մարդկանց միջոցով (նաև վերջին 2-3 օրվա ընթացքում) կազմակերպվող տեսարանները, հավատացեք, որևէ նշանակություն չեն ունեցել և չեն ունենա Ձեր քաղաքական ուժի վարկանիշի բարձրացման գործում։

Սյունիքյան քաղաքականության ոլորտում Դուք ոչ միայն ձախողվեցիք։ Հազարավորները՝ մեր լեռնաշխարհի հանդեպ Ձեր որդեգրած քաղաքականությունը (ներող եղեք անկեղծության համար) համարում են ոչ բարեկամական և ոչ տրամաբանական:

Եվ այդ մասին՝ այստեղ Ձեզ հետ լուսանկարվողներն ու Ձեր հետևից շնչակտուր վազողները, Ձեզ չեն տեղեկացնում, որովհետև ՔՊ-ի հովանու ներքո են հայտնվել այլ քաղաքական ուժերից փախչելով, ու վաղն էլ մեկ ուրիշ քաղաքական ուժի ուրթում են հայտնվելու։

Դուք այդպես էլ սթափ հայացք չձգեցիք սյունիքյան կադրային քաղաքականությանը և տպավորություն թողեցիք, որ ատում–մերժում եք կարող ուժերին, աշխատող մարդկանց, հայրենի եզերքին նվիրված անձանց։ Այդ սկզբունքով էլ կատարել ու կատարում եք կադրերի ընտրություն՝ դրանից բխող հետևանքներով։

Գյուղերից մեկի (ոչ Սյունիքի մարզից) մանկապարտեզի վարիչի նշանակման հարցում Ձեր հրապարակավ հանձնարարականը ենթադրելու տեղ թողեց, որ Սյունիքում կատարվող կադրային ամենափոքր փոփոխություններն անգամ Ձեր ուղղակի հանձնարարությամբ են կատարվում:

Դա էլ մի կողմ։ Գոնե տեղյա՞կ եք, թե Սյունիքում անհամերաշխությունն ու հանրության պառակտվածությունն ինչ աստիճանի են հասել, այն էլ՝ Ձեր իշխանության ներկայացուցիչների ակտիվ դերակատարությամբ։

Քվեարկության գնալուց առաջ, անշուշտ, մեզանում ուրիշ հարց ևս կառաջանա՝ քվեարկել նախընտրական ծրագրե՞րը հիմք ընդունելով, թե՞ կոնկրետ գործերը հաշվի առնելով։

Ձեր քաղաքական ուժի պարագայում նախընտրական ծրագիրը հիմք ընդունելը դժվար թե ողջամիտ լինի, քանզի (ինչպես փորձն է ցույց տալիս) ծրագրից հետագայում հեռացել եք։

Իսկ եթե հիմք ընդունենք գործերը, ապա այդ տեսակետից ուրիշ հարցեր կարող են առաջանալ։ Օրինակ, մարդիկ հարց են տալիս՝ գնանք ՔՊ–ի օգտին քվեարկենք որ ի՞նչ լինի․․․ Որ Ռոբերտ Ղուկասյանն ու Արմեն Խաչատրյանը նորից իշխանության մե՞ջ լինեն՝ հանուն ոչնչի, որ Ժաննա Անդրեասյանը նախարար մնա և իրագործի Սյունիքում 48 դպրոց «օպտիմալացնելու» ծրագի՞րը, որ այդ նախարարը դրամաշնորհային մրցույթներ և անհատական իրավական ակտե՞ր կեղծի ու 7 մլն դրամ պարգևավճա՞ր ստանա, որ․․․

Պարոն Փաշինյան

Հին ժամանակներում, երբ վարչապետ չէիք, մեր թերթի բարեկամն էիք, մենք էլ Ձեր սակավ բարեկամներից էինք Սյունիքում, բայց դա վաղուց հուշիկ է դարձել։

Այդքանով հանդերձ չեմ կարող չասել՝ բարի գալուստ, Սյունիք։

Կարծում եմ՝ Դուք անկեղծանալու, իրականության հետ առերեսվելու վերջին հնարավորությունն ունեք, բայց չգիտեմ՝ կգնա՞ք այդ ճանապարհով, թե՞…

Իսկ անկեղծանալու և իրականության հետ առերեսվելու առաջին քայլը կլինի Ձեր հաշվետվությունը կամ պարզաբանումն անցած տարիներին Սյունիքում կատարած ու չկատարած գործերի մասին։

Սամվել Ալեքսանյան
Աղբյուրը՝ syuniacyerkir.am