
«Հրապարակի» զրուցակիցն է ԱԺ նախկին պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը:
– Ի՞նչ տպավորություն եք ստացել այս նոր Ազգային Ժողովից: Թվում է, թե ամեն ինչ լավ էր սկսվում՝ ՔՊ-ի կարկառուն ներկայացուցիչները կոչ էին անում լինել զուսպ և զերծ մնալ վիրավորական բառերից ու բնորոշումներից:
– Գրեթե բոլորը՝ մասնավորապես իշխող խմբակցության պատգամավորները, խոսում են էթիկայից, էթիկական նորմերի պահպանությունից, Ազգային Ժողովում կանոնակարգ օրենքից, այսինչից, այնինչից, բայց արդեն որերորդ օրն է, ինչ սկսվել է նստաշրջանը, յուրաքանչյուր պատգամավոր, ով ելել է ելույթի, խոսքը իշխող կուսակցության պատգամավորների մասին է, բոլորն անխտիր ձևակերպել են վիրավորական արտահայտություններ, ընդդիմությանը նսեմացնող արտահայտություններ, և սա տպավորությունն է, ստեղծում, ոնց որ ասեն՝ իմացեք, որ դուք այս մարդն եք ու դուք այլընտրանք չունեք: Միևնույն ժամանակ կոչ են անում, որ դիմացիները հակադարձող ինչ-որ բաներ չասեն: Բնականաբար, հակադարձող միշտ լինում է, և երկու կողմից էլ հակադարձումները շատ սուր են, գոնե հանրության համար տհաճ են: Ինչպես ասում են, բոլորս էլ հասկանում ենք, թե ինչ է տեղի ունեցել և բոլորս էլ անցել ենք իրենց հետ այդ ճանապարհը, թե այս 8 տարվա, թե ընտրությունների, թե ընտրություններից հետո, թե հիմա: Պարզապես կասեմ, որ այս պահին գեթ մեկ արդյունավետ ելույթ չեմ համարում, իհարկե կան քաղաքական որակյալ ելույթներ, որոնք պետք են և ժամանակ առ ժամանակ սթափեցնող ելույթներ են, որոնցից մեկը վերջերս Էդգար Ղազարյանի ելույթն էր, որը, ցավոք, երկու կողմից էլ չհասկացվեց:
– Իսկ ՔՊ-ականները ինչո՞ւ են այդքան ցավոտ տանում ընդհանրական ձևով ասված սրիկայաբար բառը, երբ թե իրենք, թե իրենց քաղաքական առաջնորդը ամենավիրավորական բառերն էին օգտագործում ընդդիմադիրների նկատմամբ՝ կփռեմ ասֆալտին, կծեփեմ պատերով, և այլն:
– Գիտեք, իրենք ուզում են ասել, բայց չլսել: բայց այդպես չի լինում. իրենց քաղաքական առաջնորդը Արթուր Օսիպյանին ասեց՝ «տականք, ինչո՞ւ չես զոհվել»: Հիմա այդ մարդիկ ուղղակիորեն ուզում են մենակ ասել, բայց երբ որ իրենց հակադարձող հարց է տրվում, բա ինչու քո հայրն ու եղբայրը չեն զոհվել, իրենք արդեն քաղաքական լացուկոծ են դնում, որ մենք մորգերում փնտրել ենք մեր եղբայրներին: Չէ, եղբայր, քո քաղաքական առաջնորդը քեզ հարցրե՞լ է` քո եղբայրը և հայրը ինչի՞ չեն զոհվել, ինչի՞ են վերադարձել: Բնականաբար, սրիկայաբար բառը չեմ կարծում իրենց այդքան խոցել է, որովհետև իրենց ասվել է կապիտուլյանտ, դավաճան, հողատու, հայհոյանքներն ու վիրավորանքները բնականաբար չեմ ցիտի: Ու այդ որևէ մեկ արտահայտություն իրենց այդքան չի խոցել, որքան սրիկայաբար բառը: Խնդիրն այստեղ իրականում սրիկայաբար բառը չի, այլ ելույթի բովանդակությունն է, որը հատիկ առ հատիկ իր տեղն է դնում այս անցած ճանապարհը՝ սկսած 2018 թվականի մայիսի 8-ից մինչև հիմա:
– Այսինքն, Էդգար Ղազարյանն իրենց ցավոտ տեղի՞ն կպավ:
-Եվ ավելի շատ բովանդակային մասն է նրանց խոցել, քան այդ սրիկայաբար բառը: Իհարկե, իրենք սրիկայաբար բառից կառչեցին, բայց կներես, եթե դու քեզ սրիկայաբար չես պահել՝ մի վերցրու քեզ վրա, հակադարձիր, ասա, սա ձեր գնահատականն է, բայց ես ինձ սրիկայաբար չեմ պահել, ես որպես այդպիսին Արցախի հանձնումը չեմ ուզել: Իսկ եթե դու վիրավորվում ես սրիկայաբար բառից ու համաձայնվել ես, որ Արցախը պետք է Ադրբեջանի մաս լինի, որ Արցախը պիտի շրջափակված լինի, որ բանակցությունները զրոյական կետից են և այլն, և այլն, ապա մտնում ես էդ օրակարգի մեջ:
– Էդգար Ղազարյանի այդ ելույթի մասով շատերը քննադատեցին «Ուժեղ Հայաստանի» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանի դիրքորոշումը, այն բանից հետո, երբ նա այդ արտահայտությունը խնդրահարույց էր որակել:
– Ես չեմ կարծում, թե «հորթը» շատ ավելի քիչ վիրավորական է, քան սրիկայաբար գնահատականը: Ի վերջո, Ղազարյանը չի ասել՝ դուք սրիկա եք, ասել է ՝ սրիկայաբար: Եվ ընդհանրացված էր ասված, և ոչ ոքի չէր վիրավորում, և երևույթն էր գնահատում: Այստեղ այնքան մետաֆորային էր խոսքը, մետաֆորան դրեցին մի կողմ, վերցրեցին կեղտոտ խալաթը իրանց վրա. ախպեր, ուզում եք վերցնել` վերցրեք: Բայց ես չեմ կարծում՝ «չտես գյոռմամիշ» լինելը, «հորթ» լինելը, «կապիտուլյանտ» արտահայտությունները շատ ավելի մեղմ են, որ տեղատարափի պես այս օրերին թափվել էին Ազգային Ժողով:
– Շատերն ասում են՝ Ազգային ժողովում շուտով կմեկնարկեն ծեծ ու ջարդի տեսարանները:
-Իհարկե, լինելու է…Ձեզ թվում է Վահե Ղալումյանի նման հետևից գլխներին խփողը չի՞ շարունակելու: Երկու օր առաջ տեսանք ինչպես է նորից հորդուբորդ անում, փորձում էլի հետևներից գլխներին, ուսերին խփել: Այնտեղ կան մարդիկ, որոնք հենց միայն դրա համար էլ շարունակաբար պաշտոն են ստանում: Իհարկե, ծեծ ու ջարդ լինելու է, և որևէ կերպ չի տարբերվելու անցած նստաշրջանից: Մենք այն ժամանակ շոկի մեջ էինք Էդմոն Մարուքյան- Սասուն Միքայելյան կոնֆլիկտից, բայց արի ու տես, արդեն ութերորդ գումարման Ազգային Ժողովը շատ ավելի բուռն ու ճոխ ստացվեց: Այսինքն, ինչի՞ց ենք մենք զարմանում, որ պետք է իններորդ գումարման Ազգային Ժողովում չշարունակվի:
– Թվում է, թե Ալեն Սիմոնյանին վերջնական «քաղաքական» արձակուրդ էր ուղարկել Փաշինյանը: Այդ ինչո՞ւ հանկարծ որոշեց Արմեն Գրիգորյանին փոխարինել Սիմոնյանով:
– Ես ի սկզբանե չեմ հավատացել, որ Ալեն Սիմոնյանին կուղարկի արձակուրդի և չսխալվեցի: Եթե անկեղծ, մտածում էի երկրից դուրս կգնա մի խաղաղ տեղ իր արածները վայելելու, բայց փաստացի երևի դեռ գործեր ունի անելու, մնացել է մնացած գործերը շարունակելու համար: Բայց, կներեք, Ալեն Սիմոնյանից որքան ստացվեց Ագային Ժողովի նախագահ, այնքան էլ կստացվի Անվտանգության խորհրդի քարտուղար: Պաշտոն է, ժամանակ է, վատնելու է: Ի՞նչ արեց Արմեն Գրիգորյանը, որ պիտի անի Ալեն Սիմոնյանը:
– Իսկ Արմեն Գրիգորյանին կուղարկի պահեստայինների նստարա՞ն:
– Կարծում եմ, ինքը բավականին լավ ծառա եղավ և հաստատ կգտնի գործ՝ խորհրդական կամ մի այլ բան, Արմեն Գրիգորյան տեսակներն իրեն պետք են: