Թողեք՝ Գարիկը որքան ուզում է թքելու մասին խոսի

Վիքիպեդիայում, թեև գրված է, որ Գարիկ Սարգսյանը քաղաքական գործիչ է, բայց, անկեղծ ասած, սույն երիտասարդից քաղաքական գործչի հոտ էլ չի գալիս։ Մարդ էր՝ իր համար աշխատում էր, կոկորդիլոսներ էր բուծում։ Թողնեիք՝ կոկորդիլոսների հետ իր քաղաքականությունն աներ։ Բայց բերեցիք Ազգային ժողով, պատգամավոր դարձրիք, որ վերջում ամբիոնից մեզ «թքած լինելու նուրբ արվեստը» դասավանդի։

Գարիկ Սարգսյանը փորձում է համոզել, թե ՔՊ-ն թքած ունի Սամվել Կարապետյանի փողերի վրա։ Ուղղությունը զգալի էր, մոռանալով, որ ՔՊ-ն ուղիղ կերպով սնվում է այդ փողերից։ Ականջդ կանչի, Ռոմանոս։ Բայց այստեղ մի փոքրիկ դետալ կա․ երբ քաղաքական ուժը տարիներով իշխանության է, հարկատուների ու բիզնեսի փողերի թեմաներով հայտարարություններ է անում, իսկ հետո հանկարծ սկսում է «թքած ունենալու» մասին փիլիսոփայել, քաղաքացին իրավունք ունի հիշելու ՀՀ քաղաքացու վրա թքելու ողջ պրոցեսը։
Որքան Գարիկ Սարգսյանը կրկնում է «թքած ունենք»-ը, այնքան քաղաքացիների հիշողությունը, չգիտես ինչու, աշխատում է հակառակ ուղղությամբ։ Հիշում են այն հայտնի միջադեպը, երբ քաղաքացու ձեռքերը բռնել էին ու նրա երեսին թքել։ Մենք այդ պատմությունը գուցե մի պահ փորձում էինք մոռանալ, բայց այս տղան կարծես որոշել է քաղաքական հիշողության արխիվը բացել, փոշին մաքրել ու նույնիսկ թքելու մասին բանաստեղծություն արտասանել։

Հիմա էլ հարց է առաջանում՝ ո՞ւմ օգտին է աշխատում Գարիկ Սարգսյանը։ ՔՊ-ի՞, թե՞ ընդդիմության։ Որովհետև ամեն անգամ, երբ նա ամբիոնից ասում է «թքած», քաղաքացին ոչ թե մոռանում է, այլ հիշում է բարձրաստիճան պաշտոնյայի թքելը։

«Ուժեղ Հայաստանը», չհասկացա, ինչու է բորբոքվում։ Թողեք՝ Գարիկը որքան ուզում է՝ թքելու մասին խոսի։ Որքան շատ խոսի, այնքան շատ մարդիկ կհիշեն այն միջադեպը, որն իշխանության համար, երևի, ավելի լավ կլիներ՝ ընդհանրապես չհիշվեր։ Սա թքելու մասին գովազդ է, հանրության հիշողության վերաթարմացում։ Ինքնահրկիզման նման մի բան է։

Այսպես որ, Գարիկ ջան, շարունակիր։ Միայն մի բան հաշվի առ․ քաղաքականության մեջ երբեմն չափից շատ «թքած ունենալը» կարող է հակառակ արդյունքը տալ։ Քաղաքացին սկսում է հիշել այն թուքը, որը պատմությունը դժվար թե կարողանա մոռացնել տա։ Դու անընդհատ հիշեցրու։

Դա արդեն քաղաքականության մեջ ամենավտանգավոր զենքերից մեկն է։ Փոցխը առել ու ՔՊ-ի տակն ես քանդում։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *