«Անթույլատրելի է Բագրատ սրբազանին համեմատել Բեն Լադենի հետ», «Ես մեծ տարբերություն չեմ տեսնում նրանց միջև»․ ԱԺ-ում կրքերը լարվեցին

Երևանի փողոցներում «աստղիկներ» շաղ տալ պլանավորողներին արդար եք անվանում, առաջին հարցս, տիկին Գալստյան, ըստ Ձեզ՝ արդյո՞ք Ուսամա Բեն Լադենին ևս, եթե Հայաստանում դատապարտված լիներ, կանվանեիք արդար․ այսօր ԱԺ նիստում, դիմելով «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու Լիլիթ Գալստյանին, հարցրեց ԱԺ փոխնախագահ Վահագն Ալեքսանյանը։

«Ես ուղղակի անթույլատրելի եմ համարում Բագրատ սրբազանի կոնտեքստում Ուսամա բեն Լադենի հիշատակումը։ Այս երկուսի համեմատությունը, կարծում եմ, բացարձակապես կոռեկտ չէ, և Դուք նաև վիրավորում եք ինձ՝ որպես Հայ առաքելական եկեղեցու հավատավորի, հավատացյալի։ Եվ ես ուղղակի անթույլատրելի եմ համարում»,-ասաց ընդդիմադիր պատգամավորը։

«Ես առանձնապես մեծ տարբերություն չեմ տեսնում այդ երկու անձանց միջև, ու իմ՝ որպես քրիստոնյայի կրոնական զգացմունքները վիրավորվում են նրանով, երբ Հայ առաքելական եկեղեցու սպասավորն իրեն պահում է մոջահեդի պես, քիչ է մնում մի հատ էլ ջիհադիստի ժիլետ հագնի»,-ասաց Վահագն Ալեքսանյանը, ինչը հարուցեց ընդդիմության զայրույթը։

 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *