Իտալիայում բողոքի ալիք է բարձրացել ոստիկանության բերման ենթարկած մարոկկացու մահվանից հետո

Բոլոնիայի դատախազությունը հետաքննում է 42-ամյա Աբդերրահիմ Ֆաքիրի մահվան հանգամանքները։ Նա մահացել է հուլիսի 19-ին Պիլաստրո թաղամասում՝ ոստիկանների կողմից բերման ենթարկվելիս, հայտնում է The Guardian-ը:

Ականատեսների վկայությամբ՝ երկու ոստիկան նրան գետնին գամած են պահել, ինչից հետո տղամարդը դադարել է շնչել։ Այդ ընթացքում բուժաշխատողներ են եղել դեպքի վայրում։ Միջադեպի տեսանյութի տարածումը բողոքի ալիք է բարձրացրել Բոլոնիայում և Հռոմում:

Ծնունդով մարոկկացի Ֆաքիրը մանկուց ապրում էր Իտալիայում և փոքր բիզնես ուներ: Ոստիկանության պնդմամբ՝ իրենք ահազանգ էին ստացել տղամարդու ոչ ադեկվատ ու ագրեսիվ վարքագծի մասին, ինչից հետո շտապօգնություն էին կանչել: Դիահերձման նախնական եզրակացության համաձայն՝ մահը կարող էր վրա հասնել թոքերի ճնշման հետևանքով, թեև փորձաքննության վերջնական արդյունքները դեռևս հայտնի չեն:

Դատախազությունը քննում է երկու ոստիկանների և չորս բուժաշխատողների գործողությունները՝ անզգուշությամբ մահ պատճառելու հնարավոր հատկանիշներով։ Իրավապահները հերքում են ուժի ապօրինի կիրառումը՝ պնդելով, որ գործել են հրահանգներին համապատասխան, իսկ բուժծառայողները վստահեցնում են, որ հետևել են անհետաձգելի բուժօգնության բոլոր կանոններին։

Սա առաջին անգամն է, որ պրակտիկայում փորձարկվում է Իտալիայի նոր օրենքը, որն ապահովում է պետական ծառայողների ապահովագրումը քրեական պատասխանատվությունից, եթե վերջիններս գործել են ծառայողական պարտականությունների կամ ինքնապաշտպանության սահմաններում։ Միջադեպի մասնակիցներին դեռևս կասկածյալի կարգավիճակ չի տվել․ դա տեղի կունենա միայն այն պարագայում, երբ քննությունը հաստատի կիրառված ուժի ոչ համաչափությունը։

Ֆաքիրի ընտանիքի շահերը ներկայացնող փաստաբան Ֆաբիո Անսելմոյի կարծիքով՝ նոր օրենսդրական նորմը կարող է խոչընդոտել օբյեկտիվ հետաքննությանն ու անպատժելիության մթնոլորտ ստեղծել իրավապահ համակարգում։

Միջադեպը նաև քաղաքական սուր քննարկումների առիթ է դարձել Ջորջիա Մելոնիի կառավարության վարած անվտանգության և միգրացիոն քաղաքականության շուրջ: Քննադատների պնդմամբ՝ վերջին օրենսդրական փոփոխություններն ընդլայնում են ոստիկանության լիազորությունները՝ էապես բարդացնելով ուժայիններին պատասխանատվության ենթարկելու գործընթացը:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *