Ֆեյսբուքյան գրառման համար՝ 220 էջանոց քրեական գործ․ գյումրեցի ակտիվիստին Երևանում են դատելու

​Խոսքի ազատության դարաշրջանում սոցիալական ցանցում արված սովորական գրառումը կարող է հիմք դառնալ ծավալուն քրեական հետապնդման համար։ Գյումրեցի քաղաքացիական ակտիվիստ Մհեր Խաչատրյանի դեմ դեռ անիսներ առաջ ՀՀ քրեական օրենսգրքի 490-րդ հոդվածի 2-րդ մասով (դատավորի, դատախազի, քննիչի, քննչական մարմնի ղեկավարի, օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող անձի կամ դատական ակտերի հարկադիր կատարողի վերաբերյալ զրպարտչական կամ վիրավորական տեղեկություններ տարածելը) հարուցվել է շուրջ 220 էջանոց քրեական գործ։ Ինչի՞ մասին էր աղմկահարույց գրառումը։

Պարզվում է` ​քրեական հետապնդման առիթ է դարձել ակտիվիստի ֆեյսբուքյան հրապարակումը, որտեղ նա քննադատության էր ենթարկել ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի տեղակալ Արմեն Ասատրյանին։

​Մհեր Խաչատրյանն իր գրառման մեջ մասնավորապես գրել էր․

«Այս անսկզբունք ծաղրածուն դեռ 2025 թվականի հունիսի 30-ին հրապարակայնորեն ապացուցեց, որ ծառայում էոչ թե օրենքին ու ժողովրդին, այլ մոլագար նեոնի քմահաճույքներին։ Նրա գլխավորած կառույցն այժմ գործի է անցել և, ստացված հրահանգով, ամեն գնով փորձում է խոչընդոտել առաջիկա Եպիսկոպոսաց ժողովը․․․»։

​Ուշագրավ է, որ ֆեյսբուքյան այս գրառման մեջ «հանցակազմ» է նկատել և դատախազություն համապատասխան գրություն ուղարկել նույն ոստիկանը, որը ժամանակին հայց էր ներկայացրել նաև Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Արքեպիսկոպոս Աջապահյանի նկատմամբ։

​Hraparak.am-ը տեղեկացավ, որ ​ակտիվիստին ամիսներ շարունակ տանել-բերելուց և դատավարական ձգձգումներից հետո որոշում է կայացվել գործի քննությունն ու դատական նիստերը Գյումրիից տեղափոխել Երևան։ Ինքը` Մհեր Խաչատրյանը սա գնահատում է որպես քաղաքական ենթատեքստ ունեցող ճնշման միջոց և խոսքի ազատության ոտնահարման հերթական դեպք։Ի դեպ, Մհերի հայրը`Դավիթ Խաչատրյանը արցախյան առաջին պատերազմում զոհված գյումրեցի ազատամարտիկներից է։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *