Ամերիկա-իրանական հակամարտությունը կարող է շատ ձգվել

Մերձավոր Արեւելքում ամերիկա-իրանական հակամարտության կողմերից եւ ոչ մեկն ի վիճակի չէ վճռական հաղթանակ տանել, եւ դա բարդացնում է այդ հակամարտության կարգավորումը։ Այս մասին հայտարարել է Bloomberg լրատվական գործակալության վերլուծաբան Բեքա Վասերը։ Նա նշել է, որ այդ հակամարտությունը կարող է երկար ձգվել ու դառնալ «հավերժական պատերազմ»։ Փորձագետի կարծիքով, այն, ինչ հիմա է տեղի ունենում, մեկ այլ՝ շատ ավելի մեծ հակամարտության մի մասն է միայն, որն առկա է երկու երկրների միջեւ։ Ո՛չ Թեհրանը եւ ո՛չ էլ Վաշինգտոնը ռազմական առումով ի վիճակի չեն հաղթել այդ հակամարտությունում։ Իսկ այն, ինչ թվում է հակամարտության ավարտ, ընդամենը դադար է՝ նոր շիկացման պատրաստվելու համար։ Խնդիրների մի մասը, ըստ Վասերի, կապված է այն բանի հետ, որ Միացյալ Նահանգների նպատակներն անընդհատ փոփոխվում են։

Վաշինգտոնը մե՛կ հայտարարում է, որ ուզում է փոխել Իրանում գործող վարչակարգը, մե՛կ հայտարարում է, որ ուզում է կարգավորել միջուկային խնդիրը, մե՛կ բարձրացնում է Հորմուզի նեղուցի վերահսկման հարցը։ Իրանը կենտրոնացած է գոյաբանական պայքարի եւ գոյապահպանության վրա։ Փորձագետը կարծում է, որ հակամարտության յուրաքանչյուր նոր բռնկում էլ ավելի արյունալի է։ Կտրուկ էսկալացիաների սպասել պետք չէ, սակայն նոր տակտիկաների կիրառությունը եւ յուրաքանչյուր նոր պոռթկման արդյունքում ստեղծված իրավիճակին հարմարվելը հակամարտությունն ավելի են խորացնում, իսկ կարգավորումը՝ հեռացնում։ Վասերը նկատել է, որ Միացյալ Նահանգները պատմության մեջ հայտնի է նրանով, թե որքան «մեծ թափով» է սկսում պատերազմը։ Սակայն նաեւ հայտնի է, թե որքան տխուր հետեւանքներով է ավարտում դրանք։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *