
Թուրքիայում ոստիկանությունը կրոնական աղանդներից մեկի ղեկավար Ալիխան Քուրիշի ներգրավվածությամբ հետաքննվող փողերի լվացման գործով խուզարկություններ է իրականացրել այդ կրոնական աղանդի գրասենյակում եւ հայտնաբերել է ու առգրավվել 200 կգ ոսկյա ձուլակտորներ։ Ոսկու ձուլակտորների ընդհանուր արժեքը կազմում է 28 միլիոն դոլար։ Այս մասին հայտնում է TRT Haber-ը։ Ոսկու ծագումը դեռ անհայտ է։ Գործով ձերբակալվել է 38 անձ։ Նրանցից 32-ը կալանավորված են։ Կալանավորված է նաեւ աղանդի ղեկավարը։
Ձերբակալվածները եւս աղանդում ներգրավված անձինք են։ Վեց անձ ազատ է արձակվել, սակայն գտնվում է դատական հսկողության ներքո։ Թուրքիայի ՆԳ նախարարությունը հայտնել է, որ Անկարայի դատախազությունը 43 անձի ձերբակալության սանկցիա է տվել։ Մի մասի նկատմամբ հայտարարվել է հետախուզում։ Գործում ներգրավվածների մեջ կան նաեւ արտասահմանում գտնվողներ։