Ռուսաստանի տրանսպորտի նախարարի հասարակական հիմունքներով խորհրդական Ալեքսեյ Չադաևը հայտարարել է, որ որոշել է վայր դնել լիազորությունները, երբ Ադրբեջանի իշխանությունները հետախուզում են հայտարարել նրա նկատմամբ։ Այս մասին նա հայտնել է իր Telegram-ալիքում։
Չադաևն ընդգծել է, որ իր հանրային հայտարարությունները, փոդքասթերում ելույթները և հրապարակումներն արտացոլում են բացառապես իր անձնական փորձագիտական դիրքորոշումը, մասնավորապես՝ անօդաչու թռչող սարքերի, տեխնոլոգիական ինքնիշխանության և դրանց հետ կապված քաղաքական գործընթացների վերաբերյալ։
«Ճիշտ չեմ համարում, երբ որևէ մեկի անձնական փորձագիտական դիրքորոշումը կամ հանրային հայտարարությունները բացասաբար են անդրադառնում միջպետական փոխգործակցության վրա և խոչընդոտներ ստեղծում պետությունների համատեղ աշխատանքի համար»,- գրել է նա։
Չադաևի խոսքով՝ Ռուսաստանի տրանսպորտի նախարարությունը պետական խնդիրներ է լուծում, այդ թվում՝ «Հյուսիս-Հարավ» միջազգային տրանսպորտային միջանցքի զարգացումն ու տարանցիկ փոխադրումների ապահովումը (այդ թվում՝ ադրբեջանական ուղղությամբ)։
Նա նշել է, որ պաշտոնից իր հեռանալը դրամատիկ իրադարձություն չի համարում և մտադիր է շարունակել անօդաչու տեխնոլոգիաների, ռազմաքաղաքացիական ինտեգրման և այլ ուղղություններով տարվող աշխատանքը։
Ավելի վաղ Ադրբեջանի գլխավոր դատախազությունը միջազգային հետախուզում էր հայտարարել Չադաևի, լրագրող Իվան Կնյազևի և քաղաքական խորհրդատու Սեմյոն Ուրալովի նկատմամբ։ Նրանց մեղադրանք է առաջադրվել «ահաբեկչության», «սահմանադրական կարգի բռնի փոփոխության» և «Ադրբեջանի տարածքային ամբողջականության խախտման հրապարակային կոչերի» հոդվածներով։