Նա սպասարկում է «արեւմտյան Ադրբեջանի» շահերը

Ֆիզիկայում գոյություն ունի, այսպես կոչված, «գեղեցիկ տեսություն» հասկացությունը: Թվում է, թե այն այնքան ճշգրիտ է համապատասխանում իրականությանը կամ փորձերի արդյունքներին, որ մասնագետները ստիպված են եղել անվանում փնտրել իրենց բնագավառից դուրս: Եվ, տվյալ դեպքում, այն գտել են արվեստի բնագավառում: Թեեւ սովորաբար այդ տեսությունն ունենում է ինչ-որ թերություն: Ու այդ պատճառով պրակտիկ բնագավառից այն տեղափոխվում է գիտության պատմության ոլորտ: Տեղյակ չեմ, թե առկա՞ է, արդյոք, նման հասկացություն հասարակագիտության բնագավառում: Հատկապես որ գեղագիտությունը (էսթետիկան) ինքնին հանդիսանում է հասարակագիտական կատեգորիա՝ ուսումնասիրվելով փիլիսոփայության կամ արվեստաբանության շրջանակներում:
Այդ հարցին, ինձ համար զարմանալիորեն, ԱԲ-ն տվեց հաստատական պատասխան: Պարզվում է, որ այն առկա է սոցիոլոգիայում եւ սոցիալական հոգեբանությունում: Ճիշտ է, որոշակիորեն տարբերվելով ճշգրիտ գիտություններում (ֆիզիկա, մաթեմատիկա) սահմանվող չափանիշներից: Ի՞նչ կապ ունի այդ ամենը մեր իրականության հետ՝ կմտածի ընթերցողը: Պատասխանեմ. եթե հասարակագիտությունում առկա է «գեղեցիկ տեսությունը», ապա ինչո՞ւ չի կարող լինել հակառակը՝ անհեթեթը: Որովհետեւ համարյա բոլոր ոլորտներում մենք բախվում ենք դուալիզմի կամ երկյակ երեւույթների հետ: Օրինակ՝ երկինք-երկիր, հոգի-մարմին, կին-տղամարդ, սառը-տաք եւ այլն: Ուրեմն գոյության իրավունք ունի նաեւ անհեթեթ միտքը կամ գաղափարը: Այս ամենն ընդունենք ի գիտություն:

Իսկ հիմա վերադառնանք հայաստանյան իրականություն: Վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձի շնորհիվ վերջին 8 տարում մեզանում ամեն ինչ վերածվել է բնականին կամ մարդկայինին հակառակ երեւույթի: Ասենք, սովորաբար արտաքին թշնամին է սերմանում երկպառակություն, որպեսզի տիրի որեւէ երկրի: Իսկ դրան դիմագրավելու համար այդ երկրում մարդիկ միաբանվում են: Հիշենք անմահ Չարենցի նույնչափ անմահ պատգամը. «Հայ ժողովուրդ, քո փրկությունը քո միաբանության մեջ է»: Սակայն վեը նշված անձի շնորհիվ 8 տարի շարունակ մենք բախվում ենք դրա հակառակ երեւույթին: Այս մի օրինակը բավարար է, որպեսզի հասկանալի լինի անհեթեթ մտքի պահը, կամ էլ՝ թե ինչպիսին է, այսպես կոչված, «իրական Հայաստանի» իրականությունը, եւ ուր կարող է նա մեզ հասցնել վերջնարդյունքում:

Նիկոլական անհեթեթ գաղափարների վերջին դրսեւորումներից մեկը վերաբերում է Հայաստանի եւ սփյուռքի փոխհարաբերության խնդրին: Ազգային ժողովի ՔՊ-ական Եղոյան Արմանի ասելով, «միֆ է այն, որ ինչքան ավելի ուժեղ է սփյուռքը, այնքան ավելի ուժեղ է Հայաստանը»։ Որպես այդ մտքի հիմնավորում՝ նշում է, որ «զուտ ֆիզիկապես սփյուռքը ժամանակի ընթացքում կարող է հզորանալ միայն ՀՀ-ից նոր արտագաղթի ալիքների հետեւանքով կամ սփյուռքյան այլ գաղթօջախներից ներգաղթի ալիքների հետեւանքով»: Նրա ասելով, հայկական սփյուռքը, անկախ երկրից, երբեք չի աճել եւ չի հզորացել սերունդների բնական հերթափոխի հաշվին։
Տեղյակ չեմ, ՔՊ-ական իրավաբան պատգամավորը խորությա՞մբ է ուսումնասիրել հայկական սփյուռքը, թե՝ ոչ: Սփյուռքի ուծացման դեմն առնելու միջոցներից մեկն էլ, իհարկե, դրան «թարմ արյուն» ներարկելն է, ինչը կարող է կատարվել թե՛ սերունդների բնական հերթափոխի (1) եւ թե՛ հայրենիքից ու այլ գաղթօջախներից գաղթածների (2) շնորհիվ: Բայց այն հանգամանքը, որ ցեղասպանությունից անմիջապես հետո՝ մինչեւ ԽՍՀՄ-ի կազմաքանդումը, ինստիտուցիոնալ առումով գաղթօջախները կազմավորվել են ինքնուրույն, վկայում է, որ եղոյանական բանաձեւը (կամ 2-րդը) միակ լուծումը չէ: Դա՝ մեկ, եւ երկրորդ. սփյուռքի ուժեղ լինելը բնորոշվում է ոչ միայն կոնկրետ այս կամ այն գաղթօջախի անդամների քանակով, այլեւ իրենց բնակության երկրում դրանց ունեցած հեղինակությամբ, ինչը հիմնված է թե՛ ունեցվածքի եւ թե՛ քաղաքական, գիտական կամ մշակութային ակտիվության կամ էլ այդ գործոնների միավորումների վրա:

Անցնենք ՔՊ-ականի երկրորդ անհեթեթ գաղափարին: Տարբերակելով «հայկական շահեր» եւ «Հայաստանի շահեր» հասկացությունները՝ նա փորձում է հակասություն գտնել դրանց միջեւ ու դրանցից մեկին՝ «Հայաստանի շահերին» նախապատվություն տալու խնդիր է առաջադրում: Անմիջապես արձագանքեմ, որ դա նիկոլական՝ «Հայ ժողովրդի պատմություն» թե «Հայաստանի պատմություն» անհեթեթ դուալիզմի հերթական դրսեւորումն է: ԵՊՀ-ն ավարտած իրավաբանը, որը ժամանակին աշխատել է ՀՀ ԳԱԱ հնագիտության եւ ազգագրության ինստիտուտում, երեւի չի պատկերացնում, որ անկախություն ձեռք բերելուց հետո չի կարող լինել հակասություն դրանց միջեւ: Անկախությունը շեշտեցի, քանի որ մինչ այդ Խորհրդային Միության ղեկավարությունը հիմնականում վարում էր նման բնույթի քաղաքականություն, չնայած առկա էր նաեւ սփյուռքյան գործիչներին սիրաշահելու պրակտիկան:
Ասվածը պատկերավոր դարձնելու համար առաջարկում եմ ՔՊ-ականի գաղափարն ածանցել Իսրայել պետության ու հրեական համայնքների փոխհարաբերությունների վրա: Կարծում եմ, որ չի կարող գտնվել առողջ դատողությամբ օժտված որեւէ հրեա, որը կբարձրաձայներ նման դուալիզմի գոյության մասին, որովհետեւ նրանք գիտակցում են, որ աշխարհի բոլոր ծագերում սփռված եւ իրենց ինքնությունը պահպանած հրեաների հայրենիքն Իսրայելն է: Ինչը նշանակում է, որ հրեական բոլոր կազմակերպությունները գործում են հանուն իրենց հայրենիքի: Ու, որքան տեղյակ եմ, Իսրայելի իշխանություններն էլ արհեստական խնդիրներ չեն ստեղծում հայրենիքի ու սփյուռքի միջեւ: Փոխանակ օրինակ վերցնենք հրեաներից՝ Նիկոլի իշխանությունն անում է ճիշտ հակառակը, ու, բնականաբար, դրանից շահում է ոչ թե Հայաստանը, այլ՝ մեր թշնամին, որն իր երկրում անընդհատ գովաբանում է ՀՀ վարչապետի աթոռից կառչած անձին:

Իսկ ինչ է նշանակում թշնամու երկրի ղեկավարին գովաբանելը՝ կասեք: Նշանակում է, որ այդ անձն իր միահեծան իշխանությամբ սպասարկում է ոչ թե Հայաստանի, այլ, այսպես կոչված, «արեւմտյան Ադրբեջանի» շահերը:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *