Ղրղզստանը 19 ընկերություն է լուծարում պատժամիջոցային ռիսկերի պատճառով

Ղրղզստանի իշխանությունները նախաձեռնում են 19 ընկերությունների հարկադիր լուծարման ընթացակարգ, որոնց գործունեությունը կապված է միջազգային պատժամիջոցների շրջանցման բարձր ռիսկի հետ։ Այս մասին հայտնում է «Ինտերֆաքսը»՝ հղում անելով հանրապետության էկոնոմիկայի և առևտրի նախարարությանը։

Հունիսի վերջից միջգերատեսչական խումբը հայտնաբերել է պատժամիջոցային բարձր ռիսկեր պարունակող շուրջ 40 ընկերություն։ Դրանց նկատմամբ անցկացված ստուգումների արդյունքներով որոշվել է դադարեցնել 19 իրավաբանական անձանց գործունեությունը՝ կանխելով երկրում միջազգային պատժամիջոցային ռեժիմների խախտման հնարավոր հետևանքները։

Հարկադիր լուծարման ընթացակարգ սկսելու համար դիմումը կուղարկվի արդարադատության մարմիններին։

Մյուս ընկերությունների գործունեության ստուգումները շարունակվում են․ դրանց ավարտից հետո իշխանությունները կհստակեցնեն հետագա քայլերը։

Զուգահեռաբար, Ղրղզստանի պետական բանկերը խստացնում են ֆինանսական գործարքների վերահսկողությունը։ Հուլիսից մինչև օգոստոսի 14-ը «Էլդիկ բանկը» դադարեցրել է շուրջ 109 ընկերության հետ համագործակցությունը, իսկ ևս 20-ի հաշիվները փակման փուլում են։ Բանկը նաև մշտադիտարկում է վճարումները, որպեսզի հայտնաբերի ու արգելափակի պատժամիջոցների շրջանցման հետ կապված գործարքները։

Մեկ այլ պետական բանկ՝ «Աբանկը», խզել է մոտ 35 ընկերության հետ ունեցած հարաբերությունները, իսկ ևս 40-ի մասով ստուգումներ են ընթանում։

Էկոնոմիկայի նախարարությունից հայտնել են, որ բանկերը շարունակելու են խստացնել վերահսկողությունը․ մասնավորապես՝ ուսումնասիրելու են վճարումների հիմքում ընկած փաստաթղթերը, պարզելու են ապրանքների ու ծառայությունների վերջնական ստացողներին և ուղարկման վերջնակետ հանդիսացող երկրները։

Ավելի վաղ Ղրղզստանի մի շարք բանկեր ու ֆինանսական կազմակերպություններ հայտնվել էին ԱՄՆ-ի, Եվրամիության և Մեծ Բրիտանիայի պատժամիջոցների տակ։ Սահմանափակումների պատճառը Ռուսաստանի հետ ունեցած կապերն են։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *