ՀՀ Սահմանադրության 151-րդ հոդվածի համաձայն՝ Կառավարության կազմավորումից հետո՝ քսանօրյա ժամկետում, վարչապետն Ազգային ժողով է ներկայացնում Կառավարության ծրագիրը: ԱԺ-ի կողմից հավանության արժանանալուց հետո Կառավարությունը եռամսյա ժամկետում կհաստատի գործունեության միջոցառումների հնգամյա ծրագիրը:
BanksNews.am-ն ուսումնասիրել է փաստաթուղթը, որում ընդգրկված են արտաքին քաղաքականության, ենթակառուցվածքների, հոգևոր անվտանգության և պետական համակարգի բարեփոխումների առանցքային ուղղությունները:
1. Արտաքին քաղաքականություն. «Հավասարակշռված և հավասարակշռման» կուրս
Կառավարությունը նախատեսում է վարել «հավասարակշռված և հավասարակշռման» արտաքին քաղաքականություն՝ խորացնելով հարաբերությունները միջազգային հիմնական գործընկերների հետ.
- Ադրբեջան և Թուրքիա. Շարունակվելու են «ՀՀ-ի և Ադրբեջանի միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» համաձայնագրի ստորագրման, սահմանազատման, քաղաքացիական հասարակությունների ու առևտրի ակտիվացման աշխատանքները: Թուրքիայի հետ նախատեսվում է հաստատել դիվանագիտական հարաբերություններ, բացել սահմանը (առնվազն 2 արդիական անցակետով) և վերագործարկել ենթակառուցվածքները:
- Եվրոպական Միություն. Ակտիվանալու է ոլորտային ինտեգրումը՝ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի (CEPA) և 2025 թվականի «Եվրոպական միությանը Հայաստանի Հանրապետության անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին» օրենքի հիման վրա: Նախատեսվում է ավարտին հասցնել վիզաների ազատականացման գործողությունների ծրագիրը:
- ԱՄՆ և Ֆրանսիա. ԱՄՆ-ի հետ ռազմավարական գործընկերությունը խորացվելու է 2025 թ. օգոստոսի հուշագրերի և համապարփակ կանոնադրության հիման վրա (ներառյալ TRIPP նախագծի իրագործումը էներգետիկ և երկաթուղային ոլորտներում): Ֆրանսիայի հետ հարաբերությունները կբարձրացվեն նոր մակարդակի՝ հիմնվելով 2026 թ. մայիսի 5-ի Ռազմավարական գործընկերության հռչակագրի վրա:
- ՌԴ, Չինաստան, Իրան, Վրաստան, Հնդկաստան. ՌԴ-ի հետ նախատեսվում է փոխշահավետ հարաբերությունների վերափոխում և խորացում: Իրանի և Վրաստանի հետ կշարունակվեն ռազմավարական ու ենթակառուցվածքային ծրագրերը: Չինաստանի հետ հարաբերությունները կբարձրացվեն ռազմավարական մակարդակի (ըստ 2025 թ. օգոստոսի պայմանավորվածությունների): Հնդկաստանի հետ կընդլայնվի տնտեսական և պաշտպանական համագործակցությունը:
- Բազմակողմ հարթակներ. ՀՀ-ն կշարունակի ակտիվ անդամակցությունը ԵԱՏՄ-ում, ՄԱԿ-ում, ԵԽ-ում, ԵԱՀԿ-ում, ԱՊՀ-ում, Ֆրանկոֆոնիայի կազմակերպությունում: ՀՀ-ն ներգրավված է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի նախաձեռնած Խաղաղության խորհրդում և քայլեր կձեռնարկի Շանհայի համագործակցության կազմակերպությանն (ՇՀԿ) անդամակցելու ուղղությամբ:
2. Տրանսպորտ, լոգիստիկա և «Խաղաղության խաչմերուկ»
Տրանսպորտային ոլորտի առանցքը տարածաշրջանային կապերի վերականգնումն է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնության շրջանակում.
- Երկաթուղիներ. Նախատեսվում է վերակառուցել և գործարկել «Գյումրի-Ախուրիկ-Թուրքիայի սահման», «Երասխ-Նախիջևանի սահման» հատվածները և TRIPP ուղու երկաթուղային ենթակառուցվածքը:
- Անցակետեր և կամուրջներ. Վերակառուցվելու են Մեղրիի և Բագրատաշենի անցակետերը, ընդլայնվելու է Մարգարայի անցակետը, կառուցվելու են Ախուրիկի և Երասխի անցակետերը, Մարգարայի և Մեղրիի կամուրջները, ինչպես նաև Երևանի ու Սյունիքի լոգիստիկ կենտրոնները:
- Ճանապարհաշինություն. Կվերականգնվի 2500 կմ պետական նշանակության ճանապարհ (ներառյալ 40 կամուրջ, Պուշկինի և Դիլիջանի թունելները): «Հյուսիս-հարավ» միջանցքի շրջանակում կավարտվի Քաջարան-Ագարակ (32 կմ) հատվածը և կկառուցվի Սիսիան-Քաջարան (60 կմ) նոր ճանապարհահատվածը:
3. «Հոգևոր անվտանգություն» և Հայ Առաքելական Եկեղեցու բարենորոգում
Ծրագրում հատուկ «Հոգևոր անվտանգություն» բաժնով ամրագրվել է Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու բարենորոգման օրակարգը, որի նպատակն է Եկեղեցին կանոնականության դաշտ բերելը, քաղաքականացումը և արտաքին ուժերի կողմից այն «հիբրիդային պայքարի հենակետ» դարձնելը բացառելը:
- Ապահովվելու է Կաթողիկոսական տեղապահի ընտրությունը:
- Ընդունվելու է Եկեղեցու նոր կանոնադրություն՝ ֆինանսական թափանցիկության և հոգևորականների բարեվարքության մեխանիզմներով:
- Սահմանված կարգով կանցկացվի Ամենայն Հայոց Կաթողիկոսի ընտրություն: Հոգևոր ծառայողները կներառվեն սոցիալական երաշխիքների պետական համակարգում:
4. Նոր Սահմանադրության ընդունում
Կառավարության կարևորագույն նպատակներից է նաև նոր Սահմանադրության ընդունումը: Այն դիտարկվում է որպես Հայաստանի ժողովրդի միասնական քաղաքական պայմանավորվածություն՝ պետության ապագայի շուրջ:
Նոր Սահմանադրությունը միտված է լինելու պետականության ամրապնդմանը, իշխանությունների տարանջատման ու հակակշիռների համակարգի զարգացմանը, դատական իշխանության անկախության բարձրացմանն ու պետական ինստիտուտների հաշվետվողականությանը: Նախագիծը վերջնականացվելուց և հանրային քննարկումներ անցնելուց հետո կդրվի հանրաքվեի: