Քրդական վարչակազմում հայտարարել են Սիրիայի պետական ինստիտուտներում իրենց կառույցների ինտեգրման ավարտի մասին

Սիրիացի քրդերի առաջնորդ Մազլում Աբդին հայտարարել է քրդական վարչակազմի՝ Սիրիայի պետական ինստիտուտներին ինտեգրման գործընթացի ավարտի մասին։ Սա տեղի է ունենում կողմերի միջև համապատասխան համաձայնագրի կնքումից ամիսներ անց, հայտնում է AFP-ն:

«Ցանկանում եմ հայտնել, որ ռազմական, ուժային և վարչական ինստիտուտները ազգային պետական կառույցներին ինտեգրելու փուլն ավարտված է։ Այս պահից մենք սկսում ենք նոր փուլ», — Սիրիայի հյուսիս-արևելքում գտնվող Քամիշլի քաղաքում տեղի ունեցած միջոցառման ժամանակ հայտարարել է քրդական «Սիրիական դեմոկրատական ուժերը» ղեկավարող Աբդին:

2011 թվականին ծավալված քաղաքացիական պատերազմից հետո ԱՄՆ-ի աջակցությամբ քրդերը Սիրիայի հյուսիսում և հյուսիս-արևելքում ձևավորել էին քաղաքացիական և ռազմական կառավարման սեփական համակարգը։

Քրդական ուժերը նաև առանցքային դեր են խաղացել «Իսլամական պետություն» խմբավորման դեմ պայքարում և մասնակցել 2019 թվականին Սիրիայում վերջինիս տարածքային ներկայության ջախջախմանը:

Աբդիի հայտարարությանը նախորդել էին քրդական վարչակազմի և սիրիական իշխանությունների միջև ամիսներ տևած բանակցությունները։ Ձեռք բերված համաձայնագիրը նախատեսում է Սիրիայի պետական ինստիտուտներին քրդական քաղաքացիական և ռազմական կառույցների լիակատար ինտեգրում։ Վաշինգտոնում ավելի վաղ այս համաձայնագիրն անվանել էին պատմական։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *