Կամերունի նախագահ Փոլ Բիյան ավելի քան երկու ամսվա բացակայությունից հետո վերադարձել է երկիր․ նրա բացակայությունը հարցեր էր առաջացրել 93-ամյա պետության ղեկավարի առողջական վիճակի և հնարավոր քաղաքական վակուումի վերաբերյալ, հայտնում է Associated Press-ը:
Բիյան հինգշաբթի օրը Ժնևից ժամանել է մայրաքաղաք Յաունդեի միջազգային օդանավակայան: Արտերկրում նա անցկացրել է ավելի քան 10 շաբաթ:
Բիյան, ով աշխարհի ամենատարեց գործող նախագահն է, Կամերունը ղեկավարում է 1982 թվականից։ Հոկտեմբերին կայացած ընտրություններում հաղթելուց հետո նա նոյեմբերին ստանձնել էր նախագահի իր ութերորդ ժամկետը։
Երկրի ղեկավարը Կամերունից մեկնել էր հունիսի 7-ին: Նրա աշխատակազմից այն ժամանակ հայտնել էին, որ խոսքը «Եվրոպայում կարճատև մասնավոր գտնվելու» մասին է: Այնուամենայնիվ, նրա բացակայությունն ի վերջո դարձել է ամենաերկարն իր ողջ նախագահության ընթացքում: