Բելգիայի արքայազն Լորանը պաշտոնապես իր որդի է ճանաչել 26-ամյա նախկին ավտոմեքենաների վաճառող Կլեման Վանդենկերկխովեին, որը ծնվել է բելգիացի երգչուհի Վենդի Վան Վանտենի հետ նրա հարաբերությունների արդյունքում, հայտնում է BBC News-ը։
Որոշումը ձևակերպվել է դեռևս կես տարի առաջ քաղաքապետարանում տեղի ունեցած արարողության ժամանակ, սակայն մանրամասները հայտնի են դարձել միայն հիմա։
Վանդենկերկհովեն ստացել է արքայազնի տիտղոս, սակայն պետական բյուջեից ֆինանսավորում չի ստանա, չի մտնի գահաժառանգման հաջորդականության մեջ և չի մասնակցի թագավորական ընտանիքի պաշտոնական միջոցառումներին։
Հայրն ու որդին ծանոթացել են դեռևս 2013 թվականին, երբ Կլեմանը առևտրի կենտրոնում պատահաբար հանդիպել է Լորանին՝ չիմանալով, թե ով է նա։ 16 տարեկանում մայրը նրան պատմել է իր ծագման մասին։ Ավելի ուշ նրանք սկսել են շփվել, իսկ Լորանի նախաձեռնությամբ անցել են ԴՆԹ-թեստ, որը 99,5% հավանականությամբ հաստատել է ազգակցական կապը։
Կլեմանը դեռևս չի որոշել՝ կկրի՞ արդյոք հոր Սաքսեն-Կոբուրգ ազգանունը։ Նրա խոսքով՝ ինքը հպարտանում է Վանդենկերկհովե ազգանվամբ և չի ցանկանում հրաժարվել դրանից։
Այս պատմությունը հիշեցնում է Լորանի հոր՝ Բելգիայի նախկին թագավոր Ալբերտ II-ի հետ կապված իրավիճակը, որը 2020 թվականին բազմամյա դատական քաշքշուկից հետո իր դուստր էր ճանաչել նկարչուհի Դելֆին Բյոելին։