
Երբ առաջին անգամ 2021-ի օգոստոս-սեպտեմբեր ամիսներին Նիկոլ Փաշինյանն, անդրադառնալով Գորիս-Կապան միջպետական ճանապարհն առանց մեկ կրակոցի Ադրբեջանին հանձնելու հարցին, բացատրեց, թե` այդ ճանապարհի մի մասն անցնում էր Ադրբեջանի տարածքով եւ առաջին անգամ օգտագործեց ադրբեջանական անվանումներ, որոնք մեր հանրության 99 տոկոսը մինչ այդ չէր լսել` Էյվազլի, Չայզամի, չգիտեմինչսեւցավ, մենք շոկ ապրեցինք։
Ոչ ոք չէր սպասում, որ տասնամյակներով հայկական համարվող ճանապարհը, որի` Խորհրդային Հայաստանի մաս կազմելու մասին հարյուրավոր գրավոր ապացույցներ կան եւ փորձագետները, բարձր պաշտոն զբաղեցրած անձինք դրանք հատ-հատ ներկայացնում էին հանրությանը, կարող է որեւէ հայկական ղեկավար անվանել ադրբեջանական եւ հլու- հնազանդ զիջել հարեւան պետությանը:
Առավել եւս չէինք սպասում, որ պատերազմից հետո Հայաստանը կառավարող անձը կարող է ադրբեջանական տեղանուններ հնչեցնել բարձր ամբիոնից` չգիտակցելով դրա անթույլատրելիությունը, այն, որ դա զոհվածների ընտանիքների եւ առհասարակ` հայ ժողովրդի հանդեպ մեծ վիրավորանք է:
Իսկ ինչ վերաբերում է ճանապարհին, նույնիսկ եթե այդ հարեւան պետությունը լիներ մեզ բարեկամ ու դաշնակից` ոչ մի պետություն, ոչ մի իշխանություն իր տարածքը կամովին` առանց կռվի ու պայքարի չէր զիջի ուրիշին, հատկապես որ միակ միջպետական ճանապարհից էր զրկվում: Կպայքարեր ու կդիմադրեր` անգամ եթե չզիջելու արդյունքում նոր պատերազմ ծագեր: Ի դեպ, այդ զիջելն ու մյուս բոլոր զիջումներն էլ չօգնեցին` միեւնույնն է դրանից հետո մենք կրկին ու կրկին պատերազմական իրավիճակներում հայտնվեցին եւ կորուստներ ունեցանք:
Բայց 2020-ին մեր երկիրը խայտառակ պարտության տարած մարդը 21-ին արդեն ներքուստ հաշտվել էր հավերժ պարտվողի ու հանձնողի կարգավիճակի-հոգեբանության հետ ու գտել էր հայ հանրությանը կոտրելու, իր քայլերի հետ հաշտեցնելու նենգ ուղին: Եւ դա ընդամենը սկիզբն էր: Հետո հազարավոր նման, անգամ ավելի վատթար հայտարարություններ հնչեցին նրա շուրթերից… Որ Արցախը թոկ էր: Որ վաղուց էր հանձնված: Որ երբեք հայկական չի եղել… Արցախի իշխանություններին ուղղված անբարո մեղադրանքներ հնչեցին, թե նրանք են հանձնել հողը, չխնայելով անգամ Բաքվի բանտում գտնվող գերիներին:
Հետո պարզվեց ոչ միայն Արցախն էր «թոկ», այլ նաեւ Ջերմուկի ու Սիսիանի սարերը: Իսկ երբ Կիրանցը երկու մասի էր բաժանում` թշնամուց հայ բնակչությանը պաշտպանող պատն անվանելով մեծ ձեռքբերում, մեզ համոզում էր, որ շուտով սահմանազատումը կշարունակվի եւ մեզ պատկանող տարածքները կվերադարձվեն. Ջերմուկի, Սոթքի, Սեւ լճի, Ներքին Հանդի, Բերքաբերի հողերը:
Ոչ մի սանտիմետր հող այս տարիներին չվերադարձվեց, սահմանազատումը չշարունակվեց: Հիմա արդեն խոսում է Տիգրանաշենը, իր հարազատ լեզվով` Քյարքին, հանձնելու մասին, ինչը փրփրաբերան հերքում էին ժամանակին:
Նրանք, ովքեր բացառապես հայհոյանքով ու անեծքով են խոսում այս իշխանությունների ու նրանց հայակործան քաղաքականության մասին, դրա լիարժեք իրավունքը, կարծում եմ, ձեռք են բերել, որովհետեւ ոչ մի նորմալ մարդ` նորմալ հայ մարդ, ոչ մի նորմալ իշխանություն` իր պետությանը չդավաճանած իշխանություն, չէր անի այն ամենը, ինչ անում է Նիկոլ Փաշինյանի իշխանությունը Հայաստանի ու հայ ժողովրդի գլխին:
Չէր անի: Այլ ուղղակի 2021-ի ընտրություններով կհեռանար, կամ գոնե` 2026-ին կհեռանար: Որովհետեւ, եթե չես կարողանում պահել, չես կարողանում պայքարել ու դիմադրել` պետք է հեռանաս, որ ուրիշները գան ու փորձեն ինչ որ բան անել:
Որովհետեւ հանձնել բոլորը կարող են, դրա համար ոչ մեծ խելք է հարկավոր, ոչ մեծ ունակություններ: Դրա համար ընդամենը մի բան է հարկավոր` չսիրել այն երկիրն ու հողը, որի վրա ծնվել ես, որը քեզ ժառանգություն են թողել նախկին իշխանությունները:
Չսիրել այն ազգը, որի ծնունդն ես դու, եւ որը մեծ դժբախտություն է ունեցել մեկ անգամ` 2018 թվականին քեզ հետ հույս կապելու եւ հենց այդ հույսն է հիմա թոկ դարձել այս ազգի վզին, որից ոչ մի կերպ չի կարողանում ազատվել` առնվազն 6 տարի շարունակ:
Նկարում` Գորիս-Կապան ճանապարհի հանձնված հատվածը….