Ուկրաինան քննարկում է Եվրամիության 90 մլրդ եվրո վարկի հաջորդ տրանշը հակահրթիռային պաշտպանության համակարգերի գնմանն ուղղելու հնարավորությունը։ Այս մասին Euronews-ին հայտնել է Եվրահանձնաժողովի մի ներկայացուցիչ, որը ծանոթ է հարցի քննարկմանը։
Պաշտոնյայի խոսքով՝ Կիևն առաջարկել է պաշտպանական ֆինանսավորման հերթական փաթեթն օգտագործել, մասնավորապես, բալիստիկ հրթիռներ որսալու համակարգեր ձեռք բերելու համար։ Խոսքը կարող է վերաբերել ինչպես ամերիկյան Patriot համալիրներին, այնպես էլ եվրոպական SAMP/T NG համակարգին, որը մշակվել է Ֆրանսիայի և Իտալիայի կողմից։ Վերջնական որոշում դեռ չի ընդունվել, սպառազինության կոնկրետ ցանկը դեռ չի ձևավորվել։
Ակնկալվում է, որ նոր պատվերը կձևակերպվի մինչև սեպտեմբեր։ Հակահրթիռային համալիրներից բացի՝ Ուկրաինան նաև մտադիր է խնդրել հրթիռներ և անօդաչու թռչող սարքեր։
Patriot-նե՞ր, թե՞ եվրոպական համակարգեր
Ամերիկյան Patriot-ի և եվրոպական SAMP/T NG-ի միջև ընտրությունը կարող է դառնալ քաղաքականորեն զգայուն հարց ԵՄ ներսում։ Որոշ երկրներ, մասնավորապես՝ Ֆրանսիան, կողմ են այն բանին, որ եվրոպական ֆինանսական միջոցները նախևառաջ օգտագործվեն եվրոպական արտադրության սպառազինություն գնելու և մայրցամաքի պաշտպանական արդյունաբերությանն աջակցելու համար։
Այլ պետություններ կարծում են, որ առաջնահերթ պետք է լինեն Ուկրաինայի անմիջական կարիքները և Կիևի՝ հենց այն սպառազինությունները ձեռք բերելու հնարավորությունը, որոնք անհրաժեշտ են պաշտպանության համար։
Միևնույն ժամանակ, Կիևն արդեն պայմանավորվել է եվրոպական համակարգերի օգտագործման ընդլայնման շուրջ։ Հուլիսին Զելենսկին հայտարարել էր, որ Ուկրաինան կդառնա առաջին երկիրը, որը SAMP/T NG-ն կկիրառի մարտական պայմաններում։
Հրապարակված հայտարարության համաձայն՝ Կիևը մտադիր է այդ համալիրները գնել ԵՄ վարկի՝ 2026 և 2027 թվականների տրանշների հաշվին։ Մատակարարումները պետք է սկսվեն «հնարավորինս շուտ»՝ 2027 թվականից։
ԵՄ 90 մլրդ եվրո ընդհանուր վարկի մոտ 60 մլրդ եվրոն նախատեսված է պատերազմի պայմաններում Ուկրաինայի պաշտպանունակությունն ամրապնդելու համար։ Մնացած միջոցները պետք է աջակցեն երկրի պետական բյուջեին։
2026 թվականին Ուկրաինային նախատեսվում է տրամադրել 28,3 մլրդ եվրո՝ պաշտպանական արդյունաբերական ներուժի զարգացման համար։ Այդ միջոցների մի մասն արդեն փոխանցվել է։
Միաժամանակ, գործում է «Made in Europe» սկզբունքը. պաշտպանական փաթեթի միջոցների հնարավորինս մեծ բաժինը պետք է ուղղվի սպառազինության եվրոպացի արտադրողներին, այլ ոչ թե երրորդ երկրների մատակարարներին։