Հովտաշատի բնակիչներն ավելի քան 20 օր է՝ զրկված են խմելու ջրից, հարցը դեռ չի լուծվել

Արարատի մարզի Մասիս խոշորացված համայնքի Հովտաշատ բնակավայրի Պարույր Սևակ փողոցի բնակիչների համար խմելու ջրի խնդիրը դեռ լուծված չէ։

Ինչպես ավելի վաղ հայտնել էր Shamshyan․com-ը, ավելի քան 250 բնակիչ շուրջ 20 օր զրկված է խմելու ջրից։

Այսօր խնդրի վերաբերյալ զրուցեցինք Հովտաշատի վարչական ղեկավար Նարեկ Տիգրանյանի հետ։ Նա հաստատեց, որ ջրամատակարարումը դեռևս չի վերականգնվել։

Տիգրանյանի խոսքով՝ այս պահին առանց ջրի շարունակում է մնալ 250-ից ավելի բնակիչ:

«Պատճառը մոտ 700 մետր երկարությամբ ջրատար խողովակի նորոգման աշխատանքներն են։ Հեշտ չէ։ Փորման աշխատանքներն արդեն ավարտվել են, իսկ այժմ ընթանում է վերականգնման և կառուցման փուլը»,- ABC Media-ին ասաց Տիգրանյանը։

Վարչական ղեկավարի փոխանցմամբ՝ աշխատանքներն ավարտելու և ջրամատակարարումն ամբողջությամբ վերականգնելու համար դեռ որոշակի ժամանակ է անհրաժեշտ։

Միաժամանակ, բնակիչները բարձրաձայնում են այլ խնդրի մասին։ Պարույր Սևակ փողոցում, նրանց խոսքով, կոյուղի չկա, իսկ գազատարի անցկացումն էլ խնդիրներ է ստեղծել։ Բնակիչները պնդում են, որ գազախողովակների տեղադրման հետևանքով որոշ հատվածներում անգամ դժվարացել է տներ մուտքն ու ելքը։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *