Բրիտանացի պատգամավորներն Իսրայելի դեմ պատժամիջոցների խստացման կոչ են արել Գազայի հիվանդանոցի հարվածի հետաքննությունից հետո

The Independent-ի հետաքննության հրապարակումից հետո բրիտանացի պատգամավորները կառավարությունից պահանջել են «ամենախիստ միջոցները ձեռնարկել» Իսրայելի նկատմամբ։ Հետաքննությունը վերաբերում է Գազայի վերջին գործող հիվանդանոցներից մեկին հասցված «կրկնակի հարվածի» հետևանքով լրագրողների, փրկարարների ու բուժաշխատողների սպանությանը։

Նրանք Լոնդոնից պահանջել են խստացնել պատժամիջոցները և լիովին դադարեցնել Իսրայելի հետ առևտուրը՝ հնարավոր ռազմական հանցագործությունների և միջազգային մարդասիրական իրավունքի խախտումների վերաբերյալ թույլ արդարացումներ ընդունելու փոխարեն։

The Independent-ի և Independent Arabia-ի հետաքննությունը վերաբերում է 2025 թվականի օգոստոսի 25-ի միջադեպին, որի հետևանքով զոհվել են Գազայում Independent Arabia-ի թղթակից Մարիամ Աբու Դաքան և առնվազն ևս 19 մարդ։ Դեպքերի վերականգնումը հիմնվել է 17 ականատեսների, ինչպես նաև իսրայելցի 2 իրազեկիչների, զինատեսակների 3 մասնագետների և միջազգային իրավունքի փորձագետների ցուցմունքների վրա։

Մարիամն իսրայելական տանկային կրակից զոհված ավելի քան 20 անձանց (այդ թվում՝ հինգ լրագրողի) թվում է եղել։ Նա շտապել է դեպքի վայր՝ նախորդ հարվածի հետևանքները լուսաբանելու համար։ Իսկ առաջին հարձակումը տեղի է ունեցել ընդամենը ութ րոպե առաջ՝ խլելով Reuters-ի օպերատոր Հուսամ ալ-Մասրիի կյանքը, որն այդ պահին ուղիղ հեռարձակում է ապահովել Խան Յունիսի «Նասեր» բժշկական համալիրից։

Հետաքննության տվյալներով՝ առկա ապացույցները, միջազգային իրավունքի մասնագետների գնահատմամբ, կարող են վկայել ռազմական հանցագործությունների մասին։ Խոսքը քաղաքացիական անձանց թիրախավորելու և անհամաչափ հարված հասցնելու մասին է, ինչը հատկապես ակնհայտ է երկրորդ գրոհի պարագայում։

Իսրայելական զինուժն այն ժամանակ հայտարարել էր, թե «ցավում է անմեղ անձանց պատճառված ցանկացած վնասի համար» և ընդգծել, որ «նպատակաուղղված չի թիրախավորում լրագրողներին»։

Իսրայելի բանակն ավելի ուշ պնդել է, որ իրենց զինվորները դեպքի վայրում ՀԱՄԱՍ-ի տեղադրած հետախուզական տեսախցիկ են գտել, իսկ հարվածից զոհվածների շարքում նույնականացրել են վեց «ահաբեկչի»։

Սակայն հետաքննությունը պարզեց, որ խոսքը Reuters-ի ուղիղ հեռարձակման մասին էր։ Տեսախցիկը տեղադրված էր արտաքին աստիճանավանդակի չորրորդ հարկում, որտեղից հարյուրավոր լրագրողներ (այդ թվում՝ Մարիամը) պարբերաբար տեսանյութեր էին նկարահանում, ուղիղ եթեր մտնում և օգտվում ինտերնետից ու կապից։

Հարձակումից շաբաթներ առաջ Մարիամն ինքն էր լուսանկարվել այդ տեսախցիկի ու Հուսամ ալ-Մասրիի հետ։ Ավելին, հարվածից երեք օր առաջ նա հայտնվել էր իսրայելական զինուժի հետախուզական տեսանյութերում։

Ըստ հետաքննության՝ իսրայելցի զինվորականները, ունենալով հիվանդանոցի աշխատակիցների հեռախոսահամարները, չէին կապվել նրանց հետ տեսախցիկի հարցով և չէին զգուշացրել սպասվող հարվածի մասին։ The Independent-ի հարցված միջազգային իրավունքի մասնագետները նշել են, որ զինվորականները պարտավոր էին անել դա։

Բացի այդ, պարզվել է, որ առաջին գրոհի ընթացքում արձակվել է, ամենայն հավանականությամբ, երկու տանկային արկ։ Դրանցից մեկը սպանել է Հուսամ ալ-Մասրիին ու ոչնչացրել արևելյան աստիճանների մոտ գտնվող տեսախցիկը։

Մյուս արկն ընկել է հիվանդանոցի բոլորովին այլ հատված՝ վիրահատարանի կողքին գտնվող «Տիտանիկ» կոչվող սենյակը, որտեղ հանգստանում էին բուժաշխատողները։

Ութ րոպե անց, երբ լրագրողները, բուժաշխատողները, փրկարարներն ու տեղահանված անձինք հավաքվել էին աստիճանների մոտ՝ տուժածներին օգնելու և տեղի ունեցածը լուսաբանելու համար, իսրայելցի զինվորականները, գտնվելով տեսախցիկների ուղիղ հեռարձակման տիրույթում, արձակել են ևս երկու տանկային արկ․ արդյունքում զոհվել է ավելի քան 20 մարդ։

The Independent-ին հաջողվել է պարզել իսրայելական կողմի հիշատակած վեց «ահաբեկիչներից» երկուսի ինքնությունը։ Հետաքննության տվյալներով՝ նրանցից մեկը հիվանդանոցի աշխատակից էր, իսկ մյուսը՝ փրկարարական աշխատանքներին մասնակցող քաղաքացիական պաշտպանության ծառայող։

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն այն ժամանակ տեղի ունեցածն անվանել էր «ողբերգական սխալ»։

Աղբյուրների պնդմամբ՝ միջազգային իրավունքով պաշտպանված օբյեկտի՝ հիվանդանոցի վրա նման մասշտաբի հարձակումը պետք է թույլատրված լիներ առնվազն գումարտակի մակարդակով և նախնական պլանավորում էր պահանջում։

The Independent-ն իր հետաքննության բոլոր արդյունքները փոխանցել է իսրայելական զինուժին՝ խնդրելով մեկնաբանել յուրաքանչյուր փաստ։ Բանակը հրաժարվել է ըստ էության պատասխանելուց՝ սահմանափակվելով նրանով, որ «Գլխավոր շտաբի փաստերի հաստատման և գնահատման մեխանիզմի շրջանակում ստուգումը դեռ շարունակվում է»։

Ի պատասխան հետաքննության՝ Միջազգային զարգացման հանձնաժողովի նախագահ, Լեյբորիստական կուսակցության պատգամավոր Սարա Չեմպիոնը բրիտանական կառավարությանը կոչ է արել ապահովել Ժնևյան կոնվենցիայի պահպանումը։

«Ո՞ւր է մեր վրդովմունքը այն փաստից, որ լրագրողները, ըստ ամենայնի, օրինական թիրախ են դառնում։ Մի՞թե սա նոր իրականություն է, երբ խաղաղ բնակիչների, բուժաշխատողների ու մարդասիրական ծառայողների սպանությունն այլևս հետևանքներ չի ունենում»,— երկրի իշխանություններին հարց է ուղղել նա The Independent-ի միջոցով։

Լիբերալ-դեմոկրատական կուսակցության պատգամավոր Լեյլա Մորանը նշել է, որ այս հետաքննությունը «ևս մեկ ապացույց է, թե ինչու է անհրաժեշտ Միջազգային քրեական դատարանում շարունակել Նեթանյահուի և նրա նախարարների դեմ քրեական գործը»։

Նրա խոսքով՝ հիվանդանոցների, ինչպես նաև լրագրողների վրա հարձակումները «ցավոք, սովորական երևույթ են դարձել», իսկ Իսրայելի պաշտպանության բանակի գործողություններում համաչափության բացակայությունը հիմա լիովին փաստագրված է։

Մորանը նաև կոչ է արել Միջազգային քրեական դատարանին շարունակել գործի քննությունը, իսկ ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանին՝ հնարավոր ռազմական հանցագործությունների ու ցեղասպանության հետաքննությունը։ Նա ընդգծել է, որ վերջնական գնահատականը պետք է տան միջազգային դատարանները։

Լեյբորիստ պատգամավոր Ռեյչել Մասկելն էլ հայտարարել է, որ Իսրայելը պետք է պատասխանատվություն կրի միջազգային ատյաններում, իսկ Բրիտանիայի կառավարությունը «պետք է ամենախիստ քայլերին դիմի» Իսրայելի իշխանությունների նկատմամբ։

Բրիտանիայի կառավարության ներկայացուցիչը նշել է, որ մեկ տարի առաջ «Նասեր» հիվանդանոցի վրա Իսրայելի հարձակումը «սարսափելի» էր՝ ընդգծելով քաղաքացիական անձանց պաշտպանելու, ինչպես նաև աշխատանքն իրականացնելիս լրագրողների ու հումանիտար աշխատողների անվտանգությունն ապահովելու անհրաժեշտությունը։

Կառավարության ներկայացուցիչը նաև հավելել է, որ Իսրայելը պարտավոր է պահպանել միջազգային իրավունքի նորմերը, հետաքննել հնարավոր խախտումներն ու ապահովել մեղավորների պատասխանատվությունը։

Նա նշել է, որ Գազայի վերաբերյալ Բրիտանիայի դիրքորոշումը հստակ է. Մեծ Բրիտանիան ճանաչել է Պաղեստին պետությունը, սառեցրել Իսրայելի հետ առևտրային համաձայնագրի շուրջ բանակցությունները, իսկ արտգործնախարար Էդ Միլիբենդն անցյալ շաբաթ Իսրայելի ԱԳ նախարարի հետ քննարկել է հումանիտար իրավիճակը։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *