Ռոբերտ Քոչարյանը կալանավորվել է երկու ամսով

Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը կկալանավորվի երկու ամսով։

Քոչարյանը գիշերը Հակակոռուպցիոն դատարանից տեղափոխվել էր հիվանդանոց, կալանքի միջնորդությունը շարունակել էին քննել առանց նրա.

«Բժիշկների ցուցումով որոշվեց, որ հայրս պետք է հիվանդանոց գնա, բայց փաստաբանները մնալու են և նիստը շարունակվելու է: Բժիշկները ճիշտ համարեցին, որ ինքը հիվանդանոցում լինի, դահլիճում չգտնվի»,- լրագրողների հետ զրույցում ասել էր Քոչարյանի կրտսեր որդին՝ Լևոն Քոչարյանը:

Նախօրեին Հակակոռուպցիոն կոմիտեն Ռոբերտ Քոչարյանին երկու ամսով կալանավորելու միջնորդություն ներկայացրեց։ Երկրորդ նախագահը երեկ դատարան էր տարվել հիվանդանոցից:

Այժմ Քոչարյանը գտնվում է հիվանդանոցում: Լևոն Քոչարյանը տեղեկացրել էր, որ մոտ երկու շաբաթ առաջ երկրորդ նախագահը վիրահատվել է, սրտի ստենտավորում է իրականացվել:

Ռոբերտ Քոչարյանը 2018-ից մինչև օրս արդեն երեք անգամ կալանավորվել է՝ սահմանադրական կարգի տապալման մեղադրանքով։ Այս անգամ երկրորդ նախագահը մեղադրվում է պաշտոնեական լիազորությունները չարաշահելով խոշոր չափերի կաշառք ստանալու և փողերի լվացման հոդվածներով։ Այս նույն մեղադրանքներով կալանավորվել է նրա ավագ որդին՝ Սեդրակ Քոչարյանը։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *