Հոկտեմբերի 1-ին, ժամը 14:00-ի սահմաններում, Ադրբեջանի Հանրապետության քաղաքացի, զինծառայող Նասիմի Մուսաևը, ապօրինի մուտք է գործել Սյունիքի մարզի Սիսիան համայնքի Շաքի բնակավայրի 6-րդ փողոցի 20-րդ տուն, հայտնաբերվելուց հետո զենքից արձակել է կրակոցներ:
Ըստ գլխավոր դատախազության հաղորդագրության` սահմանն ապօրինի հատելու հոդվածով վարույթ, այնուամենայնիվ, չի նախաձեռնվել։
«Դեպքի առթիվ Քննչական կոմիտեի Սյունիքի մարզային վարչության Սիսիանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 166-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով, 335-րդ հոդվածի 1-ին մասով և 207-րդ հոդվածի 1-ին մասով»,–հայտնել են Դատախազությունից:
Նշենք՝
1. 166-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետ – Առողջությանը ծանր վնաս պատճառելը՝ զենքի կամ մարմնական վնասվածք պատճառելու համար նախապես պատրաստված կամ հարմարեցված առարկայի կամ միջոցի գործադրմամբ։ Պատժվում է ազատազրկմամբ՝ 5-10 տարի ժամկետով։
2. 335-րդ հոդվածի 1-ին մաս – Հրազենի, դրա հիմնական բաղկացուցիչ մասերի, ռազմամթերքի, պայթուցիկ նյութերի կամ պայթեցման սարքերի ապօրինի շրջանառությունը՝ ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը, առաքելը կամ կրելը։ Պատժվում է ազատության սահմանափակմամբ՝ առավելագույնը 3 տարի ժամկետով, կարճաժամկետ ազատազրկմամբ՝ առավելագույնը 2 ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը 5 տարի ժամկետով։
3. 207-րդ հոդվածի 1-ին մաս – Բնակարանի անձեռնմխելիությունը խախտելը՝ մարդու կամքին հակառակ կամ նրա կամքն անտեսելով բնակարան ապօրինի մուտք գործելը։ Պատժվում է տուգանքով, հանրային աշխատանքներով, ազատության սահմանափակմամբ կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը 2 տարի ժամկետով։
ՀՀ ԱԱԾ-ն ավելի վաղ հայտնել էր, որ հոկտեմբերի 1-ին Սյունիքի Շաքի բնակավայրում ՀՀ քաղաքացին հրազենային վնասվածք է ստացել, իսկ դեպքի վայրում պարզվել է, որ կրակողը ադրբեջանցի զինծառայող է։ Նա ձերբակալվել է, դեպքի առթիվ Քննչական կոմիտեում քրեական վարույթ է նախաձեռնվել։