Շաքի բնակավայրում ադրբեջանցի զինծառայողի կողմից վիրավորում ստացած Անի Ավետիսյանն այս պահին վիրահատվում է։ Նրա քույրը՝ Արփի Ավետիսյանը, «Փաստինֆո»-ի հետ զրույցում պատմեց, որ հեմոգլոբինը շատ ցածր է, ճնշումը 90-40 է եղել, երեկ մի պահ ասել են, որ լավ չի զգացել իրեն, ճնշումը ցածր է եղել, ասել էին՝ երկուշաբթի պետք է վիրահատվի, բայց հիմա է վիրահատվում։
«Ազդրի բազմաբեկորային կոտրվածք ունի, անոթն էլ է վնասված եղել, կապել էին Սիսիանում, որ արնահոսություն չլինի․․․ շատ է արյուն կորցրել։ Հիմա, որ փշրված է ոսկորը, պետք է իմպլանտ դնեն, ասացին ոտքը կարճանալու է, վեց ամիս անց ևս պետք է վիրահատվի ինչ-որ ձգող սարքերով, գա իր չափին»,- ասաց Ավետիսյանը։
Ավետիսյանը նշեց, որ երեկ ամբողջ օրն այնտեղ է եղել, բայց մեկ հոգու են թողնում Անիի մոտ, քույրն է եղել, ով պատմել է, որ գիշերը վատացած է եղել, լավ չի եղել․ «Ջուր է ուզել, ջուր են տվել՝ սրտխառնոց է ունեցել»։ Երեխաները դեռևս չեն տեսակցել մորը, երեկ երեխաներին հայրը բերել էր, բայց չեն տեսել, այսօր ժամը 13։00-ին պետք է տեսնեին, բայց վիրահատությունը երկար է տևելու։ Երեխաներից մեկ ձեռքը հարվածից վնասվել է, վիրահատել են՝ երկաթներով, ձեռքը գիպսի մեջ է։
«Երեխաները ծնողներիս մոտ են, ամուսինը Սիսիանից բերել է»,- պատմեց Անիի քույրը։