Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը կրկին նախազգուշացրել է օտարերկրյա քաղաքացիներին, այդ թվում՝ դիվանագիտական առաքելությունների աշխատակիցներին, Ուկրաինայում գտնվելու և երկիր այցելելու վտանգների մասին։
«Ռուսաստանի ԱԳՆ-ն կրկին նախազգուշացնում է օտարերկրյա քաղաքացիներին, այդ թվում՝ դիվանագիտական ներկայացուցչությունների աշխատակիցներին, Ուկրաինայում գտնվելու և երկրի տարածք մեկնելու վերաբերյալ։ Հնարավոր բացասական հետևանքների համար պատասխանատվությունն ամբողջությամբ կրում են նրանք, ովքեր կանտեսեն այս նախազգուշացումը», – ասվում է Ռուսաստանի ԱԳՆ-ի հայտարարության մեջ, որը շաբաթ օրը հրապարակվել է գերատեսչության կայքում։
Նշվում է, որ «ռուսական կողմը նախապես կոչ էր արել Կիևում գտնվող օտարերկրյա քաղաքացիներին և դիվանագետներին լքել քաղաքը, հրաժարվել Ուկրաինա այցելելուց, իսկ երկրի բնակիչներին՝ չմոտենալ ռազմական և վարչական ենթակառուցվածքների օբյեկտներին»։
ՌԴ ԱԳՆ-ում պարզաբանել են, որ համապատասխան նախազգուշացումը պարունակվել է 2026 թվականի մայիսի 25-ի ԱԳՆ հայտարարության մեջ, արտասահմանյան գործընկերներին ուղղված բանավոր նոտաներում, ինչպես նաև հնչել է 2026 թվականի մայիսի 27-ին Ռուսաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Միխայիլ Գալուզինի՝ դիվանագիտական կորպուսի համար անցկացված ճեպազրույցի ժամանակ։
ԱԳՆ-ում նշել են, որ «Ուկրաինա չմեկնելու վերաբերյալ խորհուրդներ իրենց քաղաքացիներին բազմիցս տվել են նաև մի շարք պետությունների իշխանություններ, այդ թվում՝ ԱՄՆ-ը, Մեծ Բրիտանիան, ԵՄ երկրները, Նորվեգիան և Շվեյցարիան»՝ «վերջին անգամ՝ այս տարվա օգոստոսին»։
«Արձանագրում ենք, որ ոչ բոլորն են ականջալուր եղել այս նախազգուշացումներին և գիտակցաբար վտանգի են ենթարկում իրենց կյանքը։ Կիևում աշխատում են բազմաթիվ դեսպանատներ, իսկ օտարերկրյա պաշտոնատար անձինք այցերով մեկնում են Ուկրաինա», – եզրափակել են ՌԴ ԱԳՆ-ում։