ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի հատկացումների հանձնաժողովը հաստատել է ազգային անվտանգության, պետդեպարտամենտի եւ հարակից ծրագրերի ֆինանսավորման 2027 ֆինանսական տարվա օրինագիծը, որը նախատեսում է նաեւ ավելացնել Հայաստանին եւ Հարավային Կովկասին տրամադրվող աջակցությունը, հայտնում են Ամերիկայի հայկական խորհրդից։
Հարավային Կովկասի երկրների համար նախատեսված աջակցությունը, ըստ հատկացումների հանձնաժողովի, բխում է Միացյալ Նահանգների ռազմավարական շահերից՝ տարածաշրջանային խաղաղության, կայունության, ինտեգրման եւ կապակցվածության ամրապնդման միջոցով։ Այդ գումարների շրջանակում հանձնաժողովը հանձնարարում է, որ Միջազգային ռազմական կրթության եւ ուսուցման (IMET) եւ Օտարերկրյա ռազմական ֆինանսավորման (FMF) ծրագրերի շրջանակում Հայաստանի համար տրամադրվող միջոցները նախորդ տարվա համեմատ ավելացվեն։