ՆԱՏՕ-ն դե՞մ է գնում ԱՄՆ-ին․ ռազմական կոմիտեն 8 տարի անց Կիևում է

ՆԱՏՕ-ի ռազմական կոմիտեի ներկայացուցիչները պաշտոնական այցով ժամանել են Կիև։ Պատվիրակության կազմում են դաշինքի բոլոր 32 անդամ երկրների ռազմական ներկայացուցիչներ։

Սա 8 տարվա ընթացքում Ուկրաինա կատարված առաջին նմանատիպ այցն է։ Այցի մեկնարկի մասին հայտարարել է ՆԱՏՕ-ի ռազմական կոմիտեի նախագահ, ծովակալ Ջուզեպպե Կավո Դրագոնեն։

Այցի հիմնական նպատակը կլինեն Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբի ղեկավարության հետ բանակցությունները։ Կողմերը մտադիր են քննարկել առաջնագծում տիրող իրավիճակը և ՆԱՏՕ-ի կողմից Ուկրաինային շարունակական ռազմական և ռազմավարական աջակցությունը։

«Ութ տարվա ընդմիջումից հետո ՆԱՏՕ-ի ռազմական կոմիտեն վերադառնում է Կիև՝ պաշտոնական այցով», – հայտարարել է Կավո Դրագոնեն։

Նրա խոսքով՝ այցը ցույց է տալիս Ուկրաինայի և դաշինքի միջև համագործակցության ամրապնդումը։

Ռազմական կոմիտեի նախագահը նաև մեղադրել է Ռուսաստանին դիվերսիայի, կիբեռհարձակումների և ՆԱՏՕ-ի օդային տարածքի խախտումների մեջ։

«Ռուսաստանի կողմից Ուկրաինայի նկատմամբ շարունակվող ագրեսիայի և ՆԱՏՕ-ի երկրներում նրա անխոհեմ հիբրիդային գործողությունների դեմ առերեսվելով՝ մենք անսասան կանգնած ենք Ուկրաինայի կողքին՝ նրա ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և իր ժողովրդի ապագայի հերոսական պաշտպանության գործում», – ասել է Կավո Դրագոնեն։

Ավելի վաղ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հայտարարել էր, որ Ուկրաինայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցությունը ներկայումս հանված է օրակարգից։ Նա հավելել է, որ Վաշինգտոնը կենտրոնացած է պատերազմի դադարեցման և այն դադարեցնելու ուղիներ գտնելու վրա։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *