Նիկոլ Փաշինյանի պատճառով երկիրը նահանջում է։ Օրեր առաջ հետընթաց է արձանագրվել նաև մամուլի ազատության ասպարեզում։
«Լրագրողներ առանց սահմանների» (RSF) կազմակերպության 2026 թվականի զեկույցը փաստում է՝ Հայաստանը զգալի նահանջ է գրանցել մամուլի ազատության համաշխարհային ինդեքսում, այս տարի 180 երկրների շարքում 67,02 միավորով զբաղեցրել է 50-րդ հորիզոնականը մինչդեռ 2025-ին 73,96 միավորով 34-րդ տեղում էր։
Ի՞նչ մասին է վկայում այս հետընթացը, և ինչպե՞ս կարելի է բարելավել վիճակը։
Հետընթացի ակունքային պատճառը ՔՊ-ականների ատելությունն է լրագրողների և ազատ մամուլի նկատմամբ։ Ուստի՝ առաջին հերթին անհրաժեշտ է, որ ՔՊ-ականները դադարեն ատել լրագրողներին։ ՔՊ-ական մեծ ու փոքր գործիչների համար անհրաժեշտ է կազմակերպել դասընթացներ մամուլի ազատության նշանակության մասին։ Հետո այդ դասընթացներով կրթվածները կարող են գրառումներ անել, իրենց հետևորդներին բացատրել, թե ինչու է կարևոր մամուլի ազատությունը քաղաքացիական հասարակության համար, ինչու չի կարելի լրագրողների վրա հարձակվել, նրանց հանդեպ թշնամանալ և այլն։
Իսկ ինչո՞ւ են ՔՊ-ականներն ատում լրագրողներին ու ազատ մամուլը։
Վերջին շրջանում Նիկոլ Փաշինյանի բազմաթիվ արարքներ՝ եկեղեցու և հոգևորականների դեմ սադրանքները, հակասական քաղաքական որոշումները, հանրային համարժեք արձագանք են ստացել, որն արտացոլվել է նաև մամուլում։ ՔՊ-ականներն թյուրիմացաբար բարկացել են մամուլի անդրադարձներից։ Արդյունքում՝ տպավորություն է ստեղծվել, թե ժողովուրդն ազատ մամուլ չի ուզում, լրագրողներին ատում է։
Այսպիսի վերաբերմունք կար խորհրդային բռնազավթման շրջանում։ Մեկ-երկու լրատվամիջոցներ զբաղվում էին բացառապես իշխանությունների գովքով ու արդարացմամբ։ Ներկայումս Հայաստանն անկախ է ու ժողովրդավար։ Քաղաքացիական հասարակությունում մամուլը չորրորդ իշխանությունն է։ Մեծ ու փոքր պաշտոնյաները կարող են արժանանալ մամուլի քննադատությանը։
Ազատ մամուլը ժողովրդավարական մեծագույն նվաճումն է, որի արդյունքում իշխանությունները դառնում են հաշվետու, գիտակցում են, որ եթե սխալ բաներ անեն, ապա կարժանանան քննադատության, ինչն էլ երեմն կարող է ամոթալի լինել։
ՔՊ-ականները, հավանաբար, կարծում են, թե մամուլը պետք է միայն գովերգի ու քծնի պաշտոնյաներին, նույնիսկ այն դեպքում, երբ նրանք աղետալի, սխալ բաներ են անում կամ ասում։
Սա է պատճառը, որ նրանք լրագրողներին վերաբերվում են անբարյացակամորեն, նրանց ներկայացնում որպես չուզողներ, չուզող հարևաններ, չհասկանալով, որ լրագրողների քննադատության արդյունքում են պակասում իշխանությունների սխալները, պաշտոնյաները սաստվում են, վախենում են խախտել օրենքները, ոտահարել մարդու իրավունքները, զբաղվել կոռուպցիայով, քանի որ լրագրողները կարող են նկատել, արձանագրել, քննադատել, խայտառակել, որ նա ուղղվի, նորմալ աշխատի, պետությանն ու ժողովրդին վնաս չպատճառի։
Ի վերջո լրագրողների դերն անփոխարինելի է, երբ ժողովրդի մի մասը վարակվում է ժխտման հիվանդությամբ։ Այսպիսի հիվանդը իրականությունը համարում է պատրանք, իսկ ինչ-որ հորինված պատրանք ներկայացնում որպես իրականություն։ Այսպիսի վարակ տարածվում է, երբ քաղաքականություն որոշողը մանիպուլյացիա ու սպեկուլյացիա է անում, մոլորեցնում ու վախեցնում ժողովրդին։ Այսպիսի իրավիճակում ժողովուրդը կարող է հոգեկան խանգարում ստանալ, ինչպես օրինակ՝ բոլշևիկյան Ռուսաստանում, Չինաստանում մշակութային հեղափոխության շրջանում, բռնապետություններում և այլն։ Իսկ ազատ մամուլի, ազնիվ ու անկեղծ լրագրողների շնորհիվ մարդիկ տեսնում են իրականությունը, ոչ թե միայն այն, ինչը նրանց մատուցում է քաղաքականություն որոշողը։
Կարճ ասած՝ մամուլի ազատության ինդեքսում Հայաստանի հետընթացը մտավախություն է առաջացնում, որ երկիրը կարող է հրաժարվել ժողովրդավարությունից, քաղաքացիական հասարակությունից, իսկ հանրությունը կարող է Նիկոլ Փաշինյանի մանիպուլյացիաների ու սպեկուլյացիաների ազդեցությամբ կտրվել իրականությունից, հոգեկան խնդիրներ ձեռք բերել, սխալ ընտրություն կատարել՝ վնաս պատճառելով իրեն ու հայրենիքին։ Այնպես որ՝ մամուլի ազատությունը ոչ միայն քաղաքակրթական, այլև ազգային անվտանգային խնդիր է։ Եվ այն ոչ միայն մամուլի, լրագրողների խնդիրն է, այլև բոլոր նրանց, ում համար թանկ են անկախությունն ու ժողովրդավարությունը։ Ուստի՝ պաշտոնյան պետք է մարդասիրական խիզախությամբ լցվի ու ուշադրությամբ կարդա իր հասցեին քննադատությունը, դաս քաղի, չգործի օրենքի, պետության, ժողովրդի դեմ, լրագրողի դեմ ատելություն չգեներացնի ու չգցի պետության միջազգային վարկը։
Թաթուլ Մկրտչյան