Վենեսուելայի արտգործնախարար Իվան Հիլ Պինտոն հայտարարել է, որ Գայանայի հետ տարածքային վեճը պետք է լուծվի 1966 թվականի Ժնևյան համաձայնագրի հիման վրա, որը նախատեսում է ուղիղ բանակցություններ երկու երկրների միջև։ Նա այդ մասին հայտարարել է թելեգրամյան ալիքում՝ մեկնաբանելով վենեսուելական պատվիրակության մասնակցությունը Հաագայի ՄԱԿ-ի Միջազգային դատարանի լսումներին՝ Գայանայի հայցով։
Ըստ ԱԳՆ ղեկավարի՝ Կարակասը հավատարիմ է մնում ինքնիշխանության ու դիվանագիտության սկզբունքներին և դեմ է հակամարտության կարգավորմանը երրորդ կողմերի, դրանց թվում՝ ՄԱԿ-ի Միջազգային դատարանի ներգրավմանը։ Նա միաժամանակ Գայանային մեղադրել է «պատմությունը խեղաթյուրելու» և տարածքի գաղութային յուրացումն օրինականացնելու փորձերի մեջ։
Հիլ Պինտոն հերքել է Գայանայի հայտարարությունները մայիսի 4-ին սահմանին տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ, որի ժամանակ իբր վիրավորվել էր գայանացի զինծառայող՝ դրանք անվանելով «բեմադրություններ» դատական գործընթացի ֆոնին։
Երկրների միջև վեճը շուրջ 159,5 հազար քառակուսի կիլոմետր տարածք զբաղեցնող Գայանա-Էսեկիբոյի շուրջ շարունակվում է ավելի քան մեկ դար։ Հակամարտության սրումը կապված է 2015 թվականին նավթի խոշոր հանքավայրերի հայտնաբերման և միջազգային ընկերությունների կողմից դրանց շահագործման մեկնարկի հետ։
Գայանան պնդում է գործը ՄԱԿ-ի Միջազգային դատարանում քննելու անհրաժեշտությունը՝ հիմնվելով 1899 թվականի արբիտրաժային որոշման վրա, մինչդեռ Վենեսուելան պարտադիր է համարում ուղիղ բանակցությունները 1966 թվականի Ժնևյան համաձայնագրի շրջանակում և դատարանի իրավազորությունը չի ճանաչում։