
ԱՄՆ իշխանությունները կարծում են, որ մոտ են Իրանի հետ մեկ էջանոց փոխըմբռնման հուշագիր ստորագրելուն, որով պետք է ավարտվեն ռազմական գործողությունները, հայտնում է Axios-ը՝ հղում կատարելով աղբյուրներին։
ԱՄՆ-ն առաջիկա 48 ժամվա ընթացքում ակնկալում է Իրանի պատասխանը առանցքային կետերի վերաբերյալ: Լրատվամիջոցի տվյալներով՝ «առայժմ ոչինչ համաձայնեցված չէ», սակայն աղբյուրները վստահեցնում են, որ «սա ռազմական գործողությունների սկզբից ի վեր համաձայնության ամենամոտ պահն է»։ Ինչպես նշում է Axios-ը, ԱՄՆ-ն կարծում է, որ Իրանի ղեկավարությունը բաժանված է, և տարբեր խմբակցությունների միջև կոնսենսուսի հասնելը կարող է դժվար լինել։ Երկու անանուն պաշտոնյաների խոսքով՝ Դոնալդ Թրամփի երեկվա որոշումը՝ Հորմուզի նեղուցում «Ազատության նախագիծ» գործողությունը ժամանակավորապես դադարեցնելու մասին, «հիմնված էր բանակցություններում գրանցված առաջընթացով»։
Հուշագիրը բաղկացած է 14 կետից։ Դրանց թվում են՝ տարածաշրջանում պատերազմի դադարեցում և 30-օրյա բանակցային շրջանի մեկնարկ՝ Հորմուզի նեղուցը երկու երկրների կողմից բացելու վերաբերյալ մանրամասն համաձայնագրի համար, Իրանի պարտավորությունը՝ սահմանել ուրանի հարստացման մորատորիում (քննարկվում է 12 տարվա ժամկետ), հարստացված ուրանի դուրսբերում Իրանից (քննարկվում է այն ԱՄՆ-ին փոխանցելու տարբերակը), Իրանի հրաժարումը միջուկային զենք ունենալու ձգտումից, ինչպես նաև ստորգետնյա միջուկային օբյեկտների շահագործման դադարեցումը, ԱՄՆ-ի համաձայնությունը՝ վերացնել պատժամիջոցները: