Դպրոցներում և բուհերում քաղաքական քարոզչության և հակաքարոզի 3 ահազանգ ենք ստացել. ԿԳՄՍ նախարար

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը մայիսի 11-ի դրությամբ ստացել է երեք ահազանգ ուսումնական հաստատություններում քաղաքական գործունեության, քարոզչության կամ հակաքարոզի մասին։ Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը։

«Սիրելի քաղաքացիներ, այսօրվա դրությամբ ստացել ենք երեք ահազանգ ուսումնական հաստատություններում՝ դպրոցներում և բուհում քաղաքական գործունեության, քարոզչության կամ հակաքարոզի մասին։

Երեք ահազանգն էլ վաղը կուղարկվեն դատախազություն։ Նմանատիպ խնդիրներ նկատելու դեպքում խնդրում եմ գրել ինձ կամ նախարարության էլեկտրոնային փոստին։

Կրթական հաստատությունները կրթության համար են։ Ով չի հասկացել՝ կհասկացնենք»,- գրել է նախարարը։

Հիշեցնենք, որ Հայաստանում հունիսի 7-ին տեղի կունենան խորհրդարանական հերթական ընտրությունները։ Մայիսի 8-ից մեկնարկել է նախընտրական քարոզարշավը, որը կշարունակվի մինչև հունիսի 5-ը։ Ընտրություններին մասնակցելու համար Կենտրոնական ընտրական հանձնաժողովում գրանցվել է 19 քաղաքական ուժ՝ 2 դաշինք և 17 կուսակցություն։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *