
Այսօր տեղեկացանք, որ Չարենցավանի համայնքապետ Հակոբ Շահգալդյանն աշխատանքից ազատել է իր տեղակալ Գայանե Գիրգորյանին, քանի որ վերջինս ԲՀԿ ցուցակով պատգամավորի թեկնածու է առաջադրվել։ Հակոբ Շահգալդյանը, հիշեցնենք, Կոտայքի նախկին մարզպետ, ՀՀԿ-ական Կովալենկո Շահգալդյանի որդին է եւ ինքն էլ ՀՀԿ-ի տարիներին է քաղաքապետ դարձել ու մինչ օրս պահպանել պաշտոնը: «Հրապարակ» -ի հետ զրույցում Չարենցավանի համայնքապետարանի մամուլի պատասխանատու Սաթենիկ Բալաբեկյանը հաստատեց տեղեկությունը, որ Գրիգորյանն ազատվել է պաշտոնից, սակայն հերքեց, որ պատճառը քաղաքական հայացքներն են․ «Տեղակալի պաշտոնը հայեցողական է, բացակայությունների հետ կապված նման որոշում է կայացվել»։
Մեզ հետ զրույցում Գայանե Գրիգորյանը նշեց, որ աշխատանքից ազատել են մայիսի 12-ին, բայց որոշումն իրեն հանձնել են այսօր․ «Ինձ աշխատամնքից ազատելու խոսակցությունը մեկ ամսից ավել է գնում է, երբ ես դեռ իմ հերթական արձակուրդում էի։ Այս թեման հատկապես սրվեց ԲՀԿ ցուցակով առաջադրվելուց հետո։ Ինձ ասում էին, որ պետք չէ մասնակցեմ, որ դուրս գամ, կամ դիմում գրեմ դուրս գամ աշխատանքից, թե չէ կհեռացնեն»։
Հարցին՝ աշխատանքից հեռացումը կապ ունի՞ բացակայության հետ՝ Գրիգորյանը նշեց․ «Սուտ են ասում, իրենքպետք է կարողանան դա ապացուցել։ Ես եղել եմ իմ հերթական արձակուրդի մեջ, հետո եկել եմ, իմ հաշվին եմ արձակուրդ վերցրել։ Իմ իրավունքները խախտված է, ես դիմելու եմ դատարան»։