Ամերիկյան S&P 500 և Nasdaq Composite ֆոնդային ինդեքսները կարողացել են տեխնոլոգիական հատվածի վերելքի շնորհիվ թարմացրել իրենց պատմական առավելագույն ցուցանիշները, մինչդեռ Dow Jones-ը նվազում է գրանցել։
«Շարունակական գնաճի պայմաններում տեխնոլոգիական ոլորտը պահպանում է կայունությունը», — կարծում է Carson Group-ի շուկայական գծով գլխավոր վերլուծաբան Ռայան Դետրիկը։ — «Իսկ երեքշաբթի օրվա որոշակի անկումից հետո չիպեր արտադրող ընկերությունների բաժնետոմսերը կտրուկ աճ են գրանցել»։
ԱՄՆ-ում արտադրողների գների աճը (PPI ինդեքս) ապրիլին տարեկան կտրվածքով արագացել է՝ հասնելով 6%-ի։ Այս թռիչքը պայմանավորված է Իրանում պատերազմի սկսվելուց հետո էներգակիրների գնի բարձրացմամբ, օրը չորեքշաբթի հայտնել է Աշխատանքի նախարարությունը։ Աճի նման տեմպերն ամենաբարձրն են 2022 թվականի դեկտեմբերից ի վեր։
Trading Economics-ի հարցմանը մասնակցած վերլուծաբաններն ակնկալել են ավելի համեստ աճ՝ մինչև 4,9%։
Բացի այդ, վերանայվել են նաև մարտ ամսվա տվյալները. նախկինում հայտարարված 4%-ի փոխարեն գրանցվել է 4,3% աճ։
Ապրիլին արտադրողների գների ինդեքսի (PPI) կտրուկ աճը հիմնականում պայմանավորված է եղել Հորմուզի նեղուցի փակման հետևանքով էներգակիրների մատակարարման խափանումներով, սակայն գերատեսչության զեկույցը ցույց է տվել, որ նավթի գների թռիչքն արդեն սկսում է ազդել տարբեր ոլորտների վրա։ Սա նշանակում է, որ գնաճն, ամենայն հավանականությամբ, կտարածվի նաև ողջ տնտեսության վրա։
Վերջին տվյալները փոշիացնում են Դաշնային պահուստային համակարգի (ԴՊՀ) կողմից տոկոսադրույքների շուտափույթ նվազեցման վերջին հույսերը։ Ավելին, Բոստոնի Դաշնային պահուստային բանկի նախագահ Սյուզան Քոլինզը չորեքշաբթի օրը հայտարարել է, որ տոկոսադրույքի բարձրացումը լիովին հավանական է, եթե գնաճային ճնշումը չթուլանա։
Միևնույն ժամանակ, Morgan Stanley-ի վերլուծաբանները բարելավել են S&P 500 ինդեքսի կանխատեսումը տարեվերջի համար՝ նախկին 7800-ի փոխարեն սահմանելով 8000 կետ։ Սա պայմանավորված է ինդեքսի զամբյուղում ներառված ընկերությունների բարձր ֆինանսական ցուցանիշներով։ Բանկի փորձագետներն ակնկալում են, որ մեկ բաժնետոմսին բաժին ընկնող շահույթը 2026 թվականին կաճի միջինը 23%-ով։
Առաջին եռամսյակում արդեն հաշվետվություն ներկայացրած 440 ընկերություններից 83,2%-ի շահույթը գերազանցել է կոնսենսուս-կանխատեսումները, ըստ LSE GIBES-ի։
Nebius Group-ի բաժնետոմսերի արժեքը չորեքշաբթի օրը թռիչքաձև աճել է 15,7%-ով՝ այն լուրի ֆոնին, որ ամպային ծառայություններ մշակող ընկերության առաջին եռամսյակի հասույթն ավելացել է 7,8 անգամ։
Morgan Stanley-ի փորձագետները Ford Motor-ի և մարտկոցների չինական արտադրող CATL-ի գործընկերությունն անվանել են թերագնահատված մրցակցային առավելություն: Սա հանգեցրել է ավտոարտադրողի բաժնետոմսերի 13,2% աճին, ինչը վերջին վեց տարվա ընթացքում մեկ օրվա կտրվածքով ամենաբարձր ցուցանիշն է։
Չիպեր արտադրող ընկերությունների արժեթղթերը նույնպես թանկացել են. ON Semiconductor Corp.-ի բաժնետոմսերն աճել են 11,1%-ով, Micron Technology-ինը՝ 4,8%-ով, Texas Instruments-ինը՝ 3,8%-ով, Nvidia Corp.-ինը՝ 2,3%-ով, իսկ Qualcomm Inc.-ինը՝ 1,4%-ով։
Apple Inc.-ի բաժնետոմսերը թանկացել են 1,4%-ով, Johnson & Johnson-ը, 3M Co.-ն և Tesla-ն՝ 2,7%-ով, Alphabet Inc.-ը՝ 3,9%-ով, Amazon.com Inc.-ն և Boeing Co.-ն՝ 1,6%-ով։
Մինչդեռ International Business Machines-ի բաժնետոմսերը էժանացել են 2,1%-ով, Visa Inc.-ինը՝ 1,9%-ով, Microsoft Corp.-ինը՝ 0,6%-ով, American Express Co.-ինն ու JPMorgan Chase & Co.-ինը՝ 1,5%-ով։
Dow Jones Industrial Average-ը չորեքշաբթի օրը նվազել է 67,36 կետով (0,14%-ով) և կազմել 49693,2 կետ։
Միևնույն ժամանակ Standard & Poor’s 500-ի արժեքը առևտրի արդյունքում աճել է 43,29 կետով (0,58%-ով)՝ մինչև 7444,25 կետ։
Nasdaq Composite ինդեքսը աճել է 314,14 կետով (1,2%-ով) և նիստն ավարտել է 26402,34 կետի վրա։