Հռոմի պապ Լևոն XIV-ը հրապարակել է իր առաջին խոշոր փաստաթուղթը՝ կոչ անելով միջազգային կարգավորում սահմանել արհեստական բանականության (AI) զարգացման տեմպերը դանդաղեցնելու համար․ գրում է Reuters գործակալությունը։
Կաթոլիկ աշխարհի առաջնորդի խոսքով՝ AI համակարգերն ապատեղեկատվություն են տարածում և կարող են աշխարհը տանել անվերջ պատերազմների ճանապարհով։
«Magnifica Humanitas» («Հիանալի մարդկություն») վերնագրված փաստաթղթում Հռոմի պապը նշում է, որ AI համակարգերի «զարգացման հիմնական շարժիչ ուժերն են մասնավոր, հաճախ անդրազգային դերակատարները, որոնք օժտված են այնպիսի ռեսուրսներով և միջամտելու կարողություններով, որոնք գերազանցում են բազմաթիվ կառավարությունների հնարավորությունները»։
«Այսպիսով, տեխնոլոգիական իշխանությունը ստանում է աննախադեպ, գերազանցապես «մասնավոր» բնույթ, ինչն էլ ավելի է դժվարեցնում նման ուժը տարբերակելը, կառավարելը և ուղղորդելը դեպի ընդհանուր բարօրություն», – ասվում է փաստաթղթում։
Հռոմի պապի խոսքով՝ թվային հեղափոխությունը փոխում է հակամարտությունների բնույթը․ ավանդական պատերազմներին զուգահեռ՝ ի հայտ են գալիս հիբրիդային պատերազմներ՝ կիբեռհարձակումները, տեղեկատվական մանիպուլյացիան, ազդեցության արշավները և ռազմավարական որոշումների ավտոմատացումը։
«Այն, ինչ ստեղծվում է պաշտպանության նպատակով, կարող է արագորեն վերափոխվել հարձակման գործիքի, իսկ պաշտպանության և ագրեսիայի միջև նուրբ սահմանը՝ մշուշոտ դառնալ», – ասել է Լևոն XIV-ը։
Անդրադառնալով աշխատաշուկայի վրա AI-ի ազդեցությանը՝ կաթոլիկ աշխարհի առաջնորդն ասել է, որ ավտոմատացումը, ռոբոտաշինությունը և AI-ն արագորեն վերափոխում են աշխատանքի կառուցվածքը։
«Աշխատանքային հնարավորությունների պաշտպանությունն ու անհատի անփոխարինելի դերը պետք է մնան գերակա սկզբունք», – ասվում է փաստաթղթում։