«Սիմփսոնների» սցենարիստը հայտարարել է 2028 թվականի ԱՄՆ նախագահական ընտրություններին մասնակցելու որոշման մասին

«Սիմփսոններ»-ի սցենարիստը, որը «կանխատեսել» էր Դոնալդ Թրամփի նախագահությունը, հայտարարել է, որ առաջադրվելու է 2028 թվականի ԱՄՆ նախագահի պաշտոնում․ գրում է Euronews-ը։

Դեն Գրինին գրել է մուլտֆիլմերի հայտնի շարքի մի քանի դրվագների սցենարը։ Նրա հեղինակած դրվագներից մեկը հենց այն դրվագն է, որի շնորհիվ շոուն ձեռք բերեց ապագան կանխագուշակող իր համբավը։ Խոսքը «Bart to the Future» հայտնի դրվագի մասին է, որտեղ գլխավոր հերոսներից Լիզան ներկայացված է որպես Միացյալ Նահանգների նախագահ։

Դրվագում, որը ցուցադրվել էր Թրամփի նախագահությունից 16 տարի առաջ, դիմելով իր խորհրդականին, Լիզան ասում է․ «Ինչպես գիտեք, մենք նախագահ Թրամփից բավական լուրջ բյուջետային ճգնաժամ ենք ժառանգել»։ Այժմ Գրինին փորձում է գնալ Թրամփի հետքերով։ Instagram-ում հրապարակված տեսանյութում «Էմմի» մրցանակի քառակի դափնեկիրը ներկայացել է կախարդի կերպարանքով և իրեն անվանել «ինքնահռչակ մարգարե»։

«Ամերիկայում կառավարությունը պետք է աշխատի բոլորի համար․ ժողովրդավարություն՝ բոլորի համար, պատասխանատվություն՝ բոլորի համար, բարեկեցություն՝ բոլորի համար։ Մենք պետք է սա վերականգնենք։ Կցանկանայի օգնել, բայց ես իրավաբան չեմ։ Ես պարզապես ինքնահռչակ մարգարե եմ, որը սովորել է իրավաբանական դպրոցում, ավարտել է այն և հաջողությամբ հանձնել է իրավաբանական քննությունը… Բայց սպասե՛ք, ես իրավաբան եմ», – ասում է Գրինին։

Այնուհետև նա հանում է կախարդի իր հանդերձանքը և ներկայանում կոստյումով՝ պատրաստ Սպիտակ տուն մուտք գործելուն։

«Դե լավ, ես կարող եմ քաղաքական գործիչ լինել։ Ես առաջադրվում եմ նախագահի պաշտոնում։ Իմ ծրագիրն է՝ «Ամերիկան բոլորի համար»։ Եկե՛ք դա կյանքի կոչենք»,- խոսքն ավարտում է Գրինին։

Որքան էլ այս հայտարարությունը ծիծաղելի թվա, այսպիսով Գրինին դարձել է 2028 թվականի ԱՄՆ նախագահական ընտրություններին իր թեկնածության մասին առաջինը հայտարարած անձանցից մեկը։

 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *