
Իր համար ճիշտ է վարվում Նիկոլ Փաշինյանը․ պատերազմից հետո մնացած դատարկ պահեստների ֆոնին հիմա ցուցադրություններ է անում՝ նոր գնված տեխնիկայի փայլով։ Քաղաքական տեխնոլոգիա է․ երբ իրական անվտանգությունը փլվում է, սկսում են բեմականացնել անվտանգության տեսարանը։ Որպեսզի մարդը չզգա, թե պետության ողնաշարը քանի տեղից է ճաքել։ Ընտրություն է, գուցե դեռ գտնվեն մարդիկ, որ կմտածեն՝ մինչև ատամները զինված ենք։ Նման այն մարդուն, որ պրոտեզներ է կրում ու փորձում համոզել, որ ատամ չի կորցրել։ Այո, լավ է, էսթետիկ է, երբ բերանդ դատարկ չէ, պրոտեզներ կան, բայց դա ուժի, երիտասարդության, զորության նշան չէ։ Դա զառամյալ մարդու պատրանք է ընդամենը։
Մի ժամանակ բանակը զենք ուներ՝ ոչ միայն մետաղի, այլև հոգեբանական ազդեցության իմաստով։ Թշնամին գիտեր, որ այս կողմում գին կա վճարելու։ Հիմա մեզ փորձում են համոզել, թե նոր ներկված մեքենաները, շքերթի ուղիղ շարքերը, դռոնների ցուցադրական թռիչքները նույն ուժն են։ Բայց ուժը ցուցափեղկով չի չափվում։ Ուժը չափվում է այն հարցով, թե պետությունը ոնց է պահում իր սահմանը, հողը, տարածքը։
Պրոտեզների մասին համեմատությունը նույնիսկ մեղմ է։ Որովհետև պրոտեզ կրող մարդը գոնե ընդունում է, որ կորուստ է ունեցել։ Իսկ այստեղ փորձում են կորուստը ներկայացնել որպես «վերափոխում»։ Ասում են՝ բանակը փոխվում է, արդիականանում է, վերազինվում է։ Բայց ոչ ոք ամբողջ թվերով չի ասում՝ ինչքա՞ն կորցրինք, ո՞ր ուղղություններով դարձանք խոցելի, քանի՞ տարվա ռազմավարական ռեսուրս մսխվեց մի քանի ամսում։ Չեն ասում, որովհետև թվերը երբեմն ավելի դաժան են, քան պարտության մասին ցանկացած խոստովանություն։
Երբ պետությունը կորցնում է իր «ատամները», ամենավտանգավորը ոչ թե անատամ մնալն է, այլ հայելու առաջ կանգնելն ու ինքն իրեն համոզելը, թե ժպիտը դեռ նույնն է։ Այդ պահին սկսվում է ազգային ինքնախաբեությունը։ Իսկ ինքնախաբեությունը պատերազմից էլ ծանր հետևանք ունի․ այն մարդուն զրկում է իրականությունը տեսնելու ունակությունից։
Ու ամենացավալին այն է, որ հասարակության մի հատված էլ արդեն սովորել է այդ փայլին։ Կնայի նոր տեխնիկային, գեղեցիկ կադրերին, բարձր երաժշտությանը ու մոռանա, որ երբ բանակը իսկապես ուժեղ էր, դրա մասին ամեն օր գովազդ չէին անում։ Ուժը սովորաբար աղմուկ քիչ է սիրում։ Աղմկում են հիմնականում նրանք, ովքեր փորձում են լռեցնել կորստի արձագանքը։ Բայց խոստովանենք, ինչքան էլ լավը լինի պրոտեզը, մարդը երազում է՝ երանի՜ ունենայի սեփական ատամներս, երանի՜ երբեմնի մեր Բանակը վերադառնար․․․