ՀՀ-ում իշխող կուսակցությունը կպահպանի խորհրդարանի վերահսկողությունը, սակայն, ըստ նախնական արդյունքների, նրա ազդեցությունը բավարար չէ սահմանադրական փոփոխությունների համար։ Դա Բաքվի հիմնական պահանջն է Երևանի հետ խաղաղության պայմանագիր կնքելու համար։ Հարևան Ադրբեջանի հետ խաղաղության հաստատումն ու ամրապնդումը՝ խաղաղության պայմանագիր կնքելու և երկու երկրների միջև հաղորդակցություններն ապաշրջափակելու միջոցով, Փաշինյանի ու նրա թիմի գլխավոր խոստումն էր այս ընտրություններում․ գրում է Deutsche Welle-ի ռուսական ծառայությունը։
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը չկարողացավ ապահովել խորհրդարանական տեղերի երկու երրորդի մեծամասնություն ընտրություններում, ինչն, ըստ դիտորդների, տեսականորեն կարող է վտանգել Բաքվի հետ խաղաղության ճարտարապետությունը, որը ենթադրաբար հիմնված է 2025 թվականի օգոստոսին Վաշինգտոնում նախաստորագրված խաղաղության համաձայնագրի վրա։
DW-ի հետ զրույցում Գերմանիայի արտաքին հարաբերությունների խորհրդի (DGAP) վերլուծաբան Շտեֆան Մայստերը նշել է, որ ընտրությունների օրն ընտրական գործընթացին միջամտելու հնարավորությունը նվազագույն էր։ Նրա խոսքով՝ միևնույն ժամանակ, հայ հասարակության մեջ պառակտումը հասել է նոր մակարդակի, ինչը հանգեցրել է ընտրողների այդքան բարձր մասնակցության: Մի կողմից՝ մարդիկ հասկանում էին, թե ինչն էր վտանգված, մյուս կողմից՝ հասարակությունն այնքան պառակտված էր, որ մարդիկ գնացին ընտրատեղամասեր:
Փորձագետի կարծիքով՝ Հայաստանը մոտ ապագայում ամբողջությամբ դուրս չի գա Ռուսաստանի ազդեցության ոլորտից: Բայց կնկատվի հայկական քաղաքականության և տնտեսության դիվերսիֆիկացում: Եվ Եվրոպան էական դեր կխաղա այս հարցում, եթե պատրաստ լինի երկարաժամկետ հեռանկարում բացել իր շուկան Հայաստանի համար: Այս դեպքում Հայաստանը կընթանա դեպի Եվրոպա: Բայց այն միշտ ստիպված կլինի համագործակցել տարածաշրջանի իր հարևանների, մասնավորապես՝ Թուրքիայի, Իրանի և Ադրբեջանի հետ՝ իր անվտանգությունն ու տնտեսությունը դիվերսիֆիկացնելու համար:
РБК-ն գրում է, որ Հայաստանի կառավարությունը ներկայում հետաքրքրված չէ Ռուսաստանի կողմից ավելի խիստ թշնամանքով։
Փորձագետ Նիկոլայ Սիլաևը նշել է․ «Եթե Հայաստանի ղեկավարությունը հոգ է տանում ազգային տնտեսության վիճակի մասին, ապա նրանք պետք է կշռադատեն իրենց խոսքերն ու գործողությունները։ Ի վերջո, մենք չենք կարող ավելի շատ հոգ տանել Հայաստանի տնտեսության մասին, քան Նիկոլ Փաշինյանը»։
КоммерснтЪ-ը գրում է, որ Փաշինյանի կուսակցությունը պահպանեց իշխանությունը, բայց կորցրեց իր նախկին դիրքերը խորհրդարանում, ինչը լրջորեն սահմանափակում է նրա լիազորությունները։ Վարչապետն ինքը չի թաքցնում, որ չի ցանկանում հաշվի առնել իր հակառակորդների դիրքորոշումները, առավել ևս՝ բանակցել նրանց հետ փոխզիջման շուրջ։
Известия-ն գրում է, որ ընտրություններից հետո հետաքրքիր է նաև, թե ինչպես է կառավարությունը լուծելու իր տարաձայնությունները Ռուսաստանի հետ։ Չնայած ակնհայտորեն սրվող ճգնաժամին՝ Նիկոլ Փաշինյանը և նրա կաբինետի անդամները պնդում էին, որ Մոսկվան ու Երևանը հեշտությամբ կլուծեն բոլոր դժվարությունները ընտրություններից հետո։
Կրեմլը չի շտապում շնորհավորել Նիկոլ Փաշինյանին հաղթանակի կապակցությամբ։ Կայքի հետ զրույցում ֆրանսիացի եվրապատգամավոր Թիերի Մարիանին նշել է, որ Եվրամիությունը միջամտում է Հայաստանի քաղաքական գործընթացներին՝ եվրոպամետ կուրսին օգնության և աջակցության քողի տակ։ Նա նշել է, որ Բրյուսելը ֆինանսավորում և ինտեգրման հեռանկարներ է խոստանում նրանց, ովքեր աջակցում են իր օրակարգին, սակայն այս քաղաքականության հիմնական նպատակը տարածաշրջանում Ռուսաստանի ազդեցությունը թուլացնելն է։
Свободная Пресса-ն, մեջբերելով փորձագետ Ալեքսեյ Մուրավյովի խոսքերը, գրում է, որ Հայաստանում ընտրողների որոշակի զանգված վախեցած է եղել, ինչը չի կարելի անտեսել խորհրդարանական ընտրությունների արդյունքները վերլուծելիս։
«Շատ հզոր քարոզարշավ է անցկացվել, որին մասնակցել են հասարակայնության հետ կապերի մասնագետներ, այդ թվում՝ արևմտյան… Հետևաբար, ընտրողների մեծ մասը պարզապես վախեցած էր», – նշել է Մուրավյովը։
Պետդումայի ԱՊՀ հարցերով, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Լեոնիդ Կալաշնիկովը համարում է, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հաղթանակից հետո Հայաստանի խորհրդարանական ընտրություններում Նիկոլ Փաշինյանը կարող է փոխել իր հակառուսական հռետորաբանությունը։